ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-711-18.08.2020-ՊԻ-011/0)  վերաբերյալ


Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
 
 

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների  պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) վերնագիրը իր մեջ ներառող չակերտները առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը՝ սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը:

2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

(…)

3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ եւ 8-րդ մաերի համաձայն՝ «2. Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:

(…)

8. Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:(…)»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 35-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելիս նախատեսել նաեւ նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի հերթական համարը, «Հոդված» բառը եւ հոդվածի բովանդակությանը համապատասխանող վերնագիրը:

3.«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի մասեր հանդիսացող պարբերությունները համարակալել: Սույն առաջարկը հիմնավորվում է նաեւ նրանով, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում հղում է կատարվում նույն հոդվածի 3-րդ մասին. «Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի կողմից, վերջնական տույժը նշանակվում է նվազ խիստ տույժն ավելի խիստ տույժով կլանելու միջոցով: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված վարչական իրավախախտումներից յուրաքանչյուրի համար սույն օրենսգրքով սահմանված լրացուցիչ տույժերից մեկը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի:»:

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 35-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ. «Անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի կողմից, վերջնական տույժը նշանակվում է  նվազ խիստ տույժն ավելի խիստ տույժով կլանելու միջոցով: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված վարչական իրավախախտումներից յուրաքանչյուրի համար սույն օրենսգրքով սահմանված լրացուցիչ տույժերից մեկը, բացառությամբ սույն  հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի:

Անձի կողմից տուգանային միավորի ձեւով վարչական տույժ նախատեսող՝ ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում լրացուցիչ վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

4.1.    Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 35-րդ հոդվածով մինչեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-300-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունումը նախատեսվում էր հետեւյալ կարգավորումը. «Մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:

Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված իրավախախտումներից ցանկացածի համար պատասխանատվության վերաբերյալ հոդվածներով նախատեսված լրացուցիչ տույժերից մեկը:»:

Օրենքի 7-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվել Օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը, որի վերաբերյալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ դիտարկումները բացակայում են: Միաժամանակ հարկ է նկատել, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով Օրենսգրքում լրացվել են տուգանային միավորին վերաբերելի իրավակարգավորումները:

4.2.   Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի անհրաժեշտության վերաբերյալ ներկայացվում են միայն հետեւյալ դիտարկումները՝ «Գործող կարգավորումը էական խոչընդոտ է ստեղծում հատկապես տնտեսվարողների համար, որոնք հարկային մարմիններին ինչ-ինչ պատճառներով ամսական հաշվետվությունները չներկայացնելու պատճառով ենթարկվում են մի քանի վարչական տույժերի:

Նախագծով առաջարկվում է բացառությամբ Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքերի, եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի կողմից, վերջնական տույժը նշանակվի նվազ խիստ տույժն ավելի խիստ տույժով կլանելու միջոցով:»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք Օրենսգրքում կատարվող փոփոխությունը ունի լրացուցիչ հիմնավորման կարիք, մասնավորապես՝ անհրաժեշտ է վարչական պատասխանատվության ենթարկելու հարցում որդեգրվող սկզբունքի վերաբերյալ նախատեսել՝ դրա նպատակահարմարությունը եւ արդյունավետությունը հիմնավորող դիտարկումներ:

4.3.   Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի առաջին պարբերությունում նշում է կատարվում նույն հոդվածով նախատեսված բացառություն համարվող դեպքերի մասին, մինչդեռ, հարկ է նկատել, որ բացառություն նախատեսվում է միայն Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում:

4.4.   Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսվում է, որ եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի կողմից, վերջնական տույժը նշանակվում է նվազ խիստ տույժն ավելի խիստ տույժով կլանելու միջոցով: Հարկ է նկատել, որ քննարկվող ձեւակերպումը բավարար չափով որոշակի կարգավորում չի նախատեսում այն դեպքերի համար, երբ անձը կատարել է մեկից ավելի նույն կամ նույն տեսակի կամ չափի պատասխամատվությունը նախատեսող վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի կողմից:

Միաժամանակ հարկ է նկատել, որ հնարավոր են իրավիճակներ, երբ մի իրավախախտման համար նախատեսված վարչական տույժ համարվող տուգանքի ստորին սահմանը կարող է համարվել խիստ տույժ, սակայն վերին սահմանի դեպքում այդ իրավախախտման համար նախատեսված տուգանքի չափը՝ մյուս իրավախախտման համար նախատեսված տուգանքի հետ համեմատության դեպքում կարող է դիտարկվել նվազ խիստ տույժ: 

4.5.   Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ նախատեսվում է, որ անձի կողմից տուգանային միավորի ձեւով վարչական տույժ նախատեսող՝ ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում լրացուցիչ վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:

Մինչդեռ հարկ է նկատել, որ վարչական տույժի տեսակ հանդիսացող տուգանային միավորը կարող է կիրառվել ինչպես հիմնական, այնպես էլ իբրեւ լրացուցիչ վարչական տույժ: Մասնավորապես Օրենսգրքի 24-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ «Տուգանային միավորը, առարկաները հատուցմամբ վերցնելը եւ բռնագրավումը կարող են կիրառվել ինչպես իբրեւ հիմնական, այնպես էլ իբրեւ լրացուցիչ վարչական տույժեր. սույն օրենսգրքի 23-րդ հոդվածի առաջին մասում թվարկված մյուս վարչական տույժերը կարող են կիրառվել միայն որպես հիմնական տույժեր»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ նախատեսվող բացառության անհրաժեշտության հիմնավորմամբ կարող է անհրաժեշտ լինել նաեւ վարչական տույժի տեսակ հանդիսացող տուգանային միավորը որպես հիմնական տույժ կիրառելու դեպքում եւս կատարել բացառություն:

5. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է, որ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

2. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը: (…)»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածը նախատեսում է նույն մարմնի կողմից միեւնույն անձի կողմից կատարված մի քանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը միաժամանակ քննելու դեպքում վերջնական տույժ նշանակելու իրավահարաբերություններում նոր կարգավորում, որի համար, կարծում ենք, անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջին: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:
 
 

Եզրահանգում


Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: 

Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ   
  

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

07.09.2020թ.
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ   
  

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

07.09.2020թ.  
  
 



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-711-18.08.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
  

            Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ս. Գաբրիելյանի  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 
 
 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի կողմից, վերջնական տույժը նշանակել նվազ խիստ տույժն ավելի խիստ տույժով կլանելու միջոցով, բացառությամբ տուգանային միավորի ձեւով վարչական տույժ նախատեսող՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար սահմանվող վարչական իրավախախտումների: Կարծում ենք, առաջարկվող մոտեցումը հիմնավորված եւ արդարացված չէ հետեւյալ պատճառներով:

ա) Յուրաքանչյուր վարչական տույժ սահմանվում է կոնկրետ իրավախախտման համար՝ որպես դրա կանխարգելման միջոցներից մեկը: Նախագծով առաջարկվող մոտեցման ընդունման պարագայում ոչ միայն կխախտվի նշված սկզբունքը, այլ նաեւ անձի մոտ կառաջանա օբյեկտիվ, այդ թվում նաեւ ֆինանսական գայթակղություն՝ կատարել վարչական իրավախախտում՝ քանի որ դրա համար օրենսդրությամբ սահմանված վարչական տույժը հետագայում կկլանվի ավելի խիստ տույժով:

բ) Նախագծով առաջարկվող մոտեցումից որպես բացառություն են սահմանվում այն դեպքերը, երբ անձի նկատմամբ կիրառվում է տուգանային միավորի ձեւով վարչական տույժ՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար: Կարծում ենք, որ այս մոտեցումը եւս վիճահարույց է ու անընդունելի, քանի որ կան մի շարք իրավախախտումներ, որոնց համար օրենսդրությամբ նախատեսված է միայն վարչական տույժ: Այս դեպքում եւս օրենսդրությամբ որոշակի անձանց տրվում է իրավախախտում կատարելու եւ չպատժվելու արտոնություն, ինչը, մեր կարծիքով, ոչ միայն ընդունելի չէ, այլ նաեւ խթան կհանդիսանա վարչական իրավախախտումներ կատարելու համար:

գ) Նախագծով սահմանվում է, որ վերջնական տույժը նշանակվում է  նվազ խիստ տույժն ավելի խիստ տույժով կլանելու միջոցով: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված վարչական իրավախախտումներից յուրաքանչյուրի համար սահմանված լրացուցիչ տույժերից մեկը: Կարծում ենք, որ հստակեցման կարիք ունի, թե տույժերից (եթե դրանք երկուսից ավելի են) որ մեկն է (չափի տեսանկյունից) միացվելու հիմնական տույժին: Հակառակ պարագայում անհասկանալի է, թե ում հայեցողությանն է թողնված դրա վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունը:

դ) Նախագիծն ընդունվելու դեպքում նախատեսվում է ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: Կարծում ենք, նման մոտեցումը կարող է ազդակ հանդիսանալ շատ անձանց համար ներկայումս տարբեր տիպի վարչական իրավախախտումներ կատարելու եւ հետագայում դրանց համար չպատժվելու համար:

ե) Նախագծի ընդունումը բացասաբար կանդրադառնա բյուջետային եկամուտների վրա: Ընդ որում, հաշվի առնելով Նախագծի ուժի մեջ մտցնելու ժամկետը, բացասական ազդեցությունը կարտահայտվի 2020 թվականի պետական բյուջեի եկամուտների վրա, ինչը ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում կարող է լրացուցիչ ֆինանսական դժվարություններ ստեղծել: Հաջորդող տարիների համար եւս ազդեցությունը կլինի բացասական, քանի որ վարչական իրավախախտումների համար գանձվող միջոցները բյուջետային եկամուտների որոշակի մաս են կազմում:


Եզրահանգում

Նախագծով առաջարկվող մոտեցումը բավականաչափ խնդրահարույց է, իսկ դրա ընդունումը կարղ է բացասաբար անդրադառնալ բյուջետային եկամուտների վրա:  
  
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝    Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

04.09.2020թ.  
  
 



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-711-18.08.2020-ՊԻ-011/0)  վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
 
 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 

Եզրահանգում

Նախագիծը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը, եւ կթեթեւացնի հատկապես տնտեսվարողների վիճակը, քանի որ ինչ-ինչ պատճառներով ամսական հաշվետվությունները չներկայացնելու արդյունքում ենթարկվում են մի քանի վարչական տույժերի, այս դեպքում վերջնական տույժը կնշանակվի նվազ խիստ տույժն ավելի խիստ տույժով գանձելու միջոցով:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, 

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ  
  

Կատարող`      Մ. Դալլաքյան  (հեռ. 011-513-339)

02.09.2020թ.