ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-710-18.08.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ


Ազգային ժողովի պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի եւ Լիլիթ Ստեփանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները


Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը 

 Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.    Նախագծի 1-ին հոդվածի «ա)» կետով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 89-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք» բառերը, այն հիմնավորմամբ, որ «Սոցիլական ապահովության քարտի մասին» օրենքն ուժը կորցրած է ճանաչվել: Մինչդեռ, հարկ է նկատել, որ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերի համարները համարվում են հանրային ծառայությունների համարանիշներ եւ ամրագրվում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերում դրանք օրենքով սահմանված կարգով առաջին անգամ տրամադրելիս (փոխանակելիս)»: Նույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերը կարող են օգտագործվել սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված նպատակներով»: Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի վերլուծությունից կարող ենք հանգել, որ օրենքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձանց նույնականացման նպատակով կարող է պահանջվել սոցիալական ապահովության քարտ: Այսպիսով, եթե անձին սոցիալական ապահովության քարտը տրվել է մինչը 2012 թվականի հունիսի 1-ը եւ չի ամրագրվել ՀՀ քաղաքացու նույնականացման քարտում կամ օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունում կացության քարտում, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաստաթղթերում, ապա անձի սոցիալական ապահովության քարտը գործում է եւ կարող է օգտագործվել, եթե դա նախատեսված է օրենքով: Բացի այդ «սոցիալական ապահովության քարտի պահանջը սահմանված է մի շարք այլ գործող իրավական ակտերում, օրինակ՝ «Նույնականացման քարտի մասին» օրենքում, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերբերյալ օրենսգրքում եւ այլն: 

2.    Նախագծի 1-ին հոդվածի «բ)» կետում նշված «բառակապակցությունը» բառն առաջարկում ենք փոխարինել «բառերը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը: 

3.    Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում Օրենսգրքի լրիվ անվանումը սահմանելիս նշել վերջինիս հերթական համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: 

4.    Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված լրացումը վերաբերում է աշխատողի դիմումին, մինչդեռ Օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված դրույթները վերաբերում են գրավոր ծանուցմանը, արդյունքում հասկանալի չէ՝ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված աշխատողի դիմումը արդյո՞ք նույն գրավոր ծանուցումն է, թե այլ հասկացություն է կիրառվում, որի կարգավորումը տվյալ հոդվածի բովանդակությունից դուրս է:

5.    Նախագծի 2-րդ հոդվածով նոր լրացվող 112-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն «Գործատուի առարկության բացակայության դեպքում աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել աշխատողի դիմումում նշված օր՝ չպահպանելով սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետները»:  Նախագծին կից ներկաայացված հիմնավորմամբ նշված փոփոխության նախատեսման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրներից: Մինչդեռ, հարկ է արձանագրել, որ հիմնավորմամբ մեջբերված Վճռաբեկ դատարանի թիվ ԿԴ/0740/02/14 քաղաքացիական գործով արտահայտած դիրքորոշումը ինքնին բխում է Օրենսգրքի 112-րդ հոդվածի տրամաբանությունից, այն է. «Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձեւով ծանուցելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձեւակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը եւ աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ»:

            Վճռաբեկ դատարանը վերոնշյալ գործի շրջանակներում արձանագրել է. «Միաժամանակ այն դեպքում, երբ աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրի լուծման ծանուցման մեջ նշվել է կոնկրետ ժամկետ՝ չպահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` ծանուցման երեսնօրյա ժամկետը, գործատուն իրավունք ունի նաեւ աշխատողի կողմից նշված ժամկետում չլուծելու աշխատանքային պայմանագիրը: Այս դեպքում աշխատողն իրավունք չունի դադարեցնելու աշխատանքը՝ մինչեւ ծանուցման երեսնօրյա ժամկետի լրանալը:»:

            Ներկայացված որոշման համատեքստում հարկ է նկատել, որ գործատուն Օրենսգրքի 112-րդ հոդվածով սահմանված կարգով իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը գրավոր ծանուցման մեջ աշխատողի կողմից նշված օրը, եթե՝

1.       աշխատողի կողմից գործատուին ծանուցելու երեսնօրյա ժամկետը պահպանվել է,

2.       աշխատողի կողմից գրավոր ծանուցման մեջ նշված ժամկետը չի գերազանցում երեսնօրյա ժամկետը:

            Վերոգրյալի հաշվառմամբ, հարկ է արձանագրել, որ Օրենսգրքի 112-րդ հոդվածով որեւէ արգելք նախատեսված չէ աշխատողի կողմից գործատուին ծանուցելու երեսնօրյա ժամկետի պայմանը պահպանած լինելու պարագայում գրավոր ծանուցման մեջ իր կողմից նշված օրը, որը ավելի վաղ է քան երեսնօրյա ժամկետը, գործատուի համաձայնության առկայության պարագայում աշխատանքային պայմանագիրը լուծելու: Վերոգրյալի համատեքստում հարկ է շեշտել, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված լրացման նպատակը բավարար չափով հիմնավորված չէ: Միաժամանակ նշենք, որ Օրենսգրքի 110-րդ հոդվածով, այն է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելը, կողմերը կարող են սահմանել պայմանագիրը լուծելու իրենց համար նախընտրելի ցանկացած ժամկետ: Ուստի այսկերպ էլ կարգավորված է աշխատողի կողմից գործատուին աշխատանքային պայմանագիրը լուծելու ցանկության մասին ծանուցելու պարագայում այն ավելի ուշ լուծելու հնարավորությունը:

6.    Առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 5-րդ հոդվածների մասերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի պահանջներին՝ մասերի արաբական թվանշաններով համարակալված համարները տեքստից բաժանելով միջակետերով:

7.    Նախագծի 4-րդ հոդվածում նշված «ենթակետը» բառն առաջարկում ենք փոխարինեկ «կետը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտեր մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը:

8.    Նախագծի 4-րդ հոդվածով սահմանված փոփոխության արդյունքում նոր խմբագրությամբ շարադրված Օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը հակասում է Օրենսգրքի մի շարք հոդվածներով սահմանված կարգավորումներին, այսպես՝

1)            Նախագծի 4-րդ հոդվածով սահմանված փոփոխության արդյունքում աշխատանքից ազատումն արգելող խտրականության հիմքերը նույնացվում են Օրենսգրքի 3.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված խտրականության արգելքի հիմքերին: Միչդեռ Օրենսգրքի 3.1-ին հոդվածը, որպես ընդհանուր կանոն, սահմանում է աշխատանքային ցանկացած հարաբերություններում խտրականության արգելք, ընդ որում սահմանվում է բացառություն առ այն, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումն օբյեկտիվորեն արդարացված են հետապնդվող իրավաչափ նպատակով, եւ այդ նպատակին հասնելու համար կիրառվող միջոցները համաչափ են ու անհրաժեշտ: Այսպիսով, Նախագծի 4-րդ հոդվածով սահմանված փոփոխության արդյունքում, Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրված 114-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը հակասում է Օրենսգրքի ընդհանուր մասով խտրականության արգելք սահմանող 3.1-ին հոդվածի 2-րդ մասին: 

2)            Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում ստացվում է, որ աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել (…) հաշմանդամությունը, տարիքը: Օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն՝ «Մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային խեղման պատճառով աշխատունակությունը կորցրած աշխատողի աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են մինչեւ աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամության կարգի որոշումը: Աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու եւ հաշմանդամության կարգը որոշվելու դեպքում գործատուն սույն գլխով նախատեսված հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը»: Այսինքն Օրենսգրքով նախատեսված է կարգավորում առ այն, որ աշխատողի կողմից այնպիսի հիվանդություն կամ խեղում ստանալը, կամ հաշմանդամության կարգ ստանալը, որը կարող է խոչընդոտել վերջինիս աշխատանքային պարտականությունների կատարմանը կարող է գործատու կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմք հանդիսանալ: Ուստի Նախագծով նախատեված փոփոխությամբ հաշմանդամությունը, որպես աշխատանքային պայմանագիրը լուծելու օրինական պատճառ չհամարելը հակասում է Օրենգրքի 118-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին:

3)            Ինչ վերաբերում է տարիքի սահմանմանը, որպես աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չհամարելուն, ապա Օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով արդեն իսկ սահմանված է տարիքը, որպես աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չհամարելու հիմք, ընդ որում նախատեսելով բացառություն՝ օրենքով սահմանված դեպքերի համար:

4)            Միաժամանակ նշենք, որ Նախագծի 4-րդ հոդվածով սահմանված փոփոխության արդյունքում առանց հիմնավրման դուրս են մնում խտրականության արգելքի հիմքերից ամուսնական վիճակը եւ ընտանեկան դրությունը, կուսակցություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելը.

9.    Նախագծի 5-րդ հոդվածի «ա)» կետով նոր խմբագրությամբ շարադրված դրույթում առկա է վրիպակ, այն է՝ «զնննություն»:

10.              Նախագծի 5-րդ հոդվածի «ա)» կետով Օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում նախատեսվում է զննությունն իրականացնել օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ: Մինչդեռ նշված հղումն անորոշ է եւ հասկանալի չէ, թե որ իրավական ակտով է սահմանվում մինչեւ 18 տարեկան աշխատողների զննության պարբերականությունը:

11.              Նախագծի 5-րդ հոդվածի «բ» կետով կատարված լրացման արդյունքում անհրաժեշտություն է առաջանում Օրենսգրքի 249-րդ հոդվածի 4-րդ մասում եւս «ընդունվելը» բառից հետո լրացնել «նախնական» բառը:

12.              Օրենսգրքի 249-րդ հոդվածի 7-րդ մասում կիրառվում է «պարտադիր նախնական» հասկացությունը, մինչդեռ Նախագծով լրացվում է միայն «նախնական» բառը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը: 

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:
 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248), (118) ,

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

04.09.2020թ.
 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին


   Նախագծի 1-ին  հոդվածի «ա)» կետով սահմանված փորոփոխության արդյունքում համապատասխան փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջանում Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերբերյալ օրենսգրքի 1698-րդ հոդվածում: 

   Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել Օրենսգրքի 119-րդ, 123-րդ, 213-րդ եւ 223-րդ հոդվածներում, որոնցում հղում է կատարվում Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին, որը Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248), (118) ,

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

04.09.2020թ.
 
 



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-710-18.08.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի եւ Լիլիթ Ստեփանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
 
 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 

Եզրահանգում

Նախագծի ընդունման արդյունքում կպարզեցվեն եւ կհստակեցվեն Աշխատանքային օրենսգրքում առկա որոշ դրույթներ, որոնք տարաբնույթ ընկալման տեղիք են տալիս եւ առաջացնում բարդություններ:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343) 

04.09.2020թ.
 
 



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-710-18.08.2020-ԱՍ-011/0)  վերաբերյալ
 
 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի եւ Լիլիթ Ստեփանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
 
 

Սոցիալական փորձաքննության արդյունքները


Նախագիծը ընդհանուր առմամբ կրում է տեխնիկական բնույթ, մասնավորապես, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է հանել «սոցիալական ապահովության քարտ» եւ «սանիտարական գրքույկ» հասկացությունները,  քանի որ 2012 թվականի հունիսի 1-ից «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած է, եւ օրենսդրությունը համապատասխանեցվել է դրան, սակայն որոշ դրույթներում դեռ պահպանվել են: 

Նախագծի 4-րդ հոդվածով էլ Օրենսգրքի 114-րդ հոդվածի 4րդ մասը համապատասխանեցվում է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի դրույթներին, դրանով էլ ավելի հստակեցնելով աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավունքները: 
 
 


Եզրահանգում


Նախագիծը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը, մասնավորապես, Նախագծի ընդունման դեպքում կհեշտանա նորմերի գործնական կիրառումը, աշխատանքային իրավահարաբերություններում կողմերի իրավունքների եւ պարտականությունների իրացումը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, 

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող`      Մ. Դալլաքյան  (հեռ. 011-513-339)

02.09.2020թ.