ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-666-19.06.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարդան Աթաբեկյանի, Համազասպ Դանիելյանի, Երջանիկ Հակոբյանի, Տիգրան Ուլիխանյանի եւ Եղիշե Սողոմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը)՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր՝ 6-րդ կետ, որով նախատեսվում է հաշվեքննիչ պալատի կողմից «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի պահանջների համաձայն եւ պայմանագրով սահմանված կարգավորվող անձանց նկատմամբ ստուգում իրականացնելու հնարավորություն: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ սույն լրացման անհրաժեշտությունը պայմանավորված այն հանգամանքով, որ Հանձնաժողովում հաշվեքննություն իրականացնելիս հաշվեքննողը պետք է հաշվեքննության առարկա դարձնի նաեւ Հանձնաժողովի կողմից հսկողություն իրականացնելու գործընթացը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝«Հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ: Հաշվեքննիչ պալատն իրավաբանական անձանց մոտ ստուգումներ կատարելու իրավունք ունի միայն օրենքով սահմանված դեպքերում»:

«Հաշեքննիչ պալատի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն ՝ հաշվեքննության առարկա կարող է լինել բացառապես ֆինանսատնտեսական գործունությունը (1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ),իսկ ֆինանսատնտեսական գործունեությունն իրենից ներկայացնում է հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացված փոխառությունների եւ վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործում (1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ):

Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ իրավաբանական անձանց նկատմամբ Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացնում հանրային ֆինանսների եւ սեփականության, պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացված փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ իրականացված հաշվեքննության շրջանակներում :

Վերոգրյալ իրավադրույթներից բխում է, որ Հանձնաժողովի նկատմամբ հաշվեքննություն իրականացնելու գործընթացը սահմանափակված է միայն հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում վերջինիս ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննությամբ, ուստի Հանձնաժողովի կողմից Կարգավորվողի նկատմամբ հսկողություն իրականացնելու գործընթացը չի կարող հանդիսանալ հաշվեքննության առարկա: Դրա մասին է վկայում նաեւ, օրինակ, Օրենքի 33-րդ հոդվածի 1-ինմասի 2-րդ կետով նախատեսված հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող համապատասխանության հաշվեքննությունը, որի միջոցով որոշվում է պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման համապատաuխանությունն իրավական ակտերին (…): Այսինքն՝ հաշվեքննություն է իրականացվում՝ ոչ թե հաշվեքննության օբյեկտի ցանկացած գործունեության՝ իրավական ակտերին համապատասխանությունն ստուգելու նպատակով, այլ միայն պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման համապատաuխանությունն իրավական ակտերին պարզելու նպատակով:

Սահմանադրությամբ եւ Օրենքով Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակի սահմանումն ինքնանպատակ չէ, եւ ուղղված է հստակեցնելու, որ զուտ ստուգումների իրականացումը Հաշվեքննիչ պալատի իրավասությունը չէ: Նման եզրահանգումը բխում այն հանգամանքից, որ Կարգավորվող անձանց (որոնք հիմնականում մասնավոր կազմակերպություններ են) նկատմամբ հսկողությունը դուրս է մնում Օրենքով սահմանված Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակի շրջանակներից: Միաժամանակ հասկանալի չէ, ինչով է պայմանավորված Հաշվեքննիչ պալատի կողմից Կարգավորվողի նկատմամբ ստուգումներ իրականացնելու հնարավորության նախատեսումը, երբ վերջիններիս նկատմամբ հսկողության կամ մոնիթորինգի իրավասությունը վերապահված է Հանձնաժողովին (Օրինակ՝ «Գնումների մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մաս):

Ամփոփելով վերոշարադրյալը՝ նշենք, որ Նախագծով հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող անձանց նկատմամբ ստուգում իրականացնելու իրավասություն վերապահելը՝ առանց հստակեցնելու ստուգումների շրջանակն այնպես, որ այն համապատասխանի Սահմանադրությամբ եւ օրենքով Հաշվեքննիչ պալատին վերապահված գործառույթներին, այն է՝ հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում հաշվեքննության իրականացնում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ, հակասում է Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով Հաշվեքննիչ պալատի կողմից որպես ստուգման օբյեկտ լրացվում են այն իրավաբանական անձինք, որոնք իրավական ակտով եւ հավատարմագրային կառավարման պայմանագրով հանդիսանում են պետական եւ(կամ) համայնքային սեփականության (գույքի) հավատարմագրային կառավարիչ, միայն հավատարմագրային կառավարման հետ կապված` սույն կետով նախատեսված իրավական ակտի եւ պայմանագրի պահանջների կատարումն ստուգելու համար: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 957-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «հավատարմագրային կառավարիչը կարող է լինել անհատ ձեռնարկատեր կամ առեւտրային կազմակերպություն ը »:Արդյունքում ստացվում է, որ անհատ ձեռնարկատերը, ով եւս կարող է հանդիսանալ պետական կամ համայքային սեփականության գույքի հավատարմագրային կառավարիչ, սակայն միաժամանակ Օրենքի կարգավորմամբ չի կարող հանդիսանալ ստուգման օբյեկտ, չի ենթարկվում հաշվեքնության՝ սրանով իսկ առաջացնելով խտրական մոտեցում անհատ ձեռնարկատեր հանդիսացող հավատարմագրային կառավարիչների եւ իրավաբանական անձ հանդիսացողհավատարմագրային կառավարիչների միջեւ:

Նույնանման խնդիր առաջանում է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված լրացման արդյունքում, ինչի հետեւանքով, որպես ստուգման օբյեկտ լրացվում են միայն Կարգավորվող անձ հանդիսացող իրավաբանական անձինք՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքով որպես ստուգման օբյեկտ կարող են հանդիսանալ միայն իրավաբանական անձինք: Մինչդեռ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի եւ տվյալ ոլորտի օրենսդրության վերլուծության արդյունքում անհատ ձեռնարկատիրոջ՝ որպես Կարգավորվող անձ հանդիսանալն արգելող նորմ սահմանված չէ, ինչի արդյունքում ստացվում է՝ անհատ ձեռնարկատերը, օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ, եւս կարող է հանդիսանալ Կարգավորվող, իսկ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 5-րդ հոդվածով որեւէ կարգավորվող անձի նկատմամբ խտրականության բացառումը հանդիսանում է Հանձնաժողովի կողմից իրականացվող կարգավորման առաջնային սկզբունքերից:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Օրենք 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում լրացնել նոր նախադասություն՝ «Անձնական տվյալներ պարունակող տեղեկատվությանը հաշվեքննողը կարող է ծանոթանալ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ»: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով եւ ունի բավարար պաշտպանության մակարդակ »: Այսինքն՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկատվությանը հաշվեքննողի կողմից ծանոթանալու հնարավորությունը միայն օրենքով սահմանված լինելը դեռեւս բավարար պայման չէ առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության վերջինիս վերաբերող տվյալները բացահայտելու համար: Անհրաժեշտ է նաեւ, որպեսզի համապատասխան անձնական տվյալների բացահայտումն ունենա բավարար պաշտպանության մակարդակ , հատկապես, որ հրապարակայնությունը հաշվեքննիչ պալատի գործունեության սկզբունքներից: Հիմք ընդունելով վերոգրյալը, կարծում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նպատակահարմար է անձնական տվյալներ պարունակող տեղեկատվության հրապարկման դեպքում ապանձնավորման վերաբերյալ դրույթի նախատեսում՝ ապահովելով համապատասխան անձնական տվյալների բավարար պաշտպանության մակարդակը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով կատարված լրացման մեջ օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով կատարված լրացման մեջ օրենքի վերնագրից հետո նշված «ՀՀ» հապավումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները խնդրահարույց են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կ
ատարող` Զ. Հովասափյան (հե ռ.` 011-513-248), (118)

13.07.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծինառնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծ ին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կ
ատարող` Զ. Հովասափյան (հե ռ.` 011-513-248), (118)

13.07.2020թ.







ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ-666-19.06.2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Մանուկյանի, Վ. Աթաբեկյանի, Հ. Դանիելյանի, Ե. Հակոբյանի, Տ. Ուլիխանյանի եւ Ե. Սողոմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ը ( այսուհետ ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագիծն ուղղված է Հաշվեքննիչ պալատի լիազորությունների հստակեցմանը եւ վերջինիս կողմից իրականացվող հաշվեքննությանն ու ստուգմանը վերաբերող լիազորությունների ընդլայնմանը: Մասնավորապես, նոր իրավակարգավորումներ են առաջարկվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ֆինանսատնտեսական գործունեության լիարժեք հաշվեքննության նպատակով՝ Կարգավորվող անձանց ֆինանսատնտեսական գործունեության ստուգման լիազորություն սահմանելու միջոցով: Նախագծով առաջարկվում է նաեւ վերացնել օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական անձանց մոտ ստուգում իրականանցելիս հաշվեքննությունը ( ստուգումը ) սահմանափակող դրույթները եւ ապահովել հաշվեքննության առարկային վերաբերող անձնական տվյալներ պարունակող տեղեկատվության հասանելիություն:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով նախատեսվում է Հանրային ծառայությունները կարգավորող հ անձնաժողովի ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննությունը դարձնել ամբողջական, պետական եւ համայնքային սեփականության հավատարմագրային կառավարման գործընթացը դարձնել հաշվեքննելի, հաշվեքննողների համար ապահովել հաշվեքննության առարկայի վերաբերյալ անձնական տվյալների հասանելիություն, վերացնել հաշվեքննության ընթացքում առանձին իրավաբանական անձանց մոտ ստուգումներ անելու գործընթացում առկա սահմանափակումները :

3. Նախագիծը ֆինասատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կնպաստի արտաքին պետական հաշվեքննության գործընթացի բարելավմանը, հանրային ֆինասների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագորման թափանցիկության, հրապարակայնության եւ հաշվետվողականության մակարդակի բարձրացմանը :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

01.07.2020թ.






ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-666-19.06.2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Մանուկյանի, Վ. Աթաբեկյանի, Հ. Դանիելյանի, Ե. Հակոբյանի, Տ. Ուլիխանյանի եւ Ե. Սողոմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Հեղինակների կողմից ներկայացված սույն Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հաշվեքննիչ պալատի լիազորությունների հստակեցմամբ, վերջինիս կողմից իրականացվող հաշվեքննությանն ու ստուգմանը վերաբերող լիազորությունների ընդլայնմամբ, ինչպես նաեւ հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում թափանցիկության, հրապարակայնության եւ հաշվետվողականության սկզբունքների ամրապնդմամբ:

Նախագծի ընդունմամբ առաջարկվում է հաշվեքննության գործընթացը կարգավորող օրենսդրության բարելավում` նկատի ունենալով INTOSAI ստանդարտներով Հաշվեքննիչ պալատի անկախության համար սահմանված չափորոշիչները: Ակնկալվում է, որ կբարձրանա հաշվեքննության գործընթացի արդյունավետությունը, ինչն իր հերթին կբարձրացնի հանրային ռեսուրսների կառավարման եւ օգտագործման թափանցիկությունը, հրպարակայնությունն ու հաշվետվողականությունը:

Ելնելով վերոգրյալից, հեղինակներն առաջարկում են հետեւյալ լուծումները.

- Հանձնաժողովի ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննությունը դարձնել լիարժեք եւ ամբողջական:

- Պետական եւ համայնքային սեփականությունը հավատարմագրային կառավարման գործընթացը դարձնել հաշվեքննելի:

- Հաշվեքննության գործընթացում տալ հաշվեքննողներին հաշվեքննության առարկային վերաբերյալ անձնական տվյալների հասանելիություն:

- Հանել հաշվեքննության ընթացքում առանձին իրավաբանական անձանց մոտ ստուգումներ անելու գործընթացում առկա սահմանափակումները (ստուգումն իրականացնել միայն Հաշվեքննիչ պալատի աշխատավայրում, ստուգումն իրականանցել, եթե պայմանագրում նախատեսված է նման հնարավորություն):


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը սոցիալական , կրթական եւ առողջապահական հարցերի տեսանկյունից հիմնախնդիրն ե ր չի պարունակում :


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ
ե րյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկությունն ե ր չկան:


Եզրակացություն

Կարծում ենք, ներկայացված Նախագծի ընդունումը կհանգեցնի արտաքին պետական հաշվեքննության ոլորտի վերաբերյալ ՀՀ օրենսդրության բարելավմանը` այն համապատասխանեցնելով INTOSAI ստանդարտներին, ինչպես նաեւ արտաքին պետական հաշվեքննության գործընթացի կայունացմանը, որի արդյւոնքում կբարձրանա հանրային ֆինասների եւ սեփականության ոլորտում թափանցիկության, հրապարակայնության եւ հաշվետվողականության մակարդակը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա.
Գալստյան (հեռ.` 011 513-235)

26.06.2020 թ .