ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-652-12.06.2020-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքինախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6521 -12.06.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագծերի փաթեթը) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաեւ` Նախագիծ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ նաեւ ` Օրենսգիրք ) կատարվում են մի շարք լրացումներ` արդյունքում Օրենսգրքում նախատեսվում են կարգավորումներ, որոնց համաձայան հարկադիր քննումը, հարկադիր փորձաքննության ենթարկվելը, ինչպես նաեւ համեմատական հետազոտման համար հարկադիր նմուշներ տալն պետք է իրականացվի դատարանի որոշմամբ:

Մասնավորապես` Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության եւ անձնական ազատության սկզբունքին վերաբերող 11-րդ հոդվածում լրացվում է նոր` 10-րդ մաս.

«10. Վարույթն իրականացնող մարմինը որպես բացառիկ միջոց դատարանի որոշման հիման վրա կարող է գործադրել համաչափ ֆիզիկական ուժ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով այնքանով, որքանով դա անհրաժեշտ է քննման, փորձաքննության ենթարկվելու կամ նմուշներ տալու պարտականության կատարումն ապահովելու համար եւ, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումն ապահովելը հնարավոր չէ :»:

Նախագծի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներով Օրենսգրքի համապատասխանաբար 53-րդ, 55-րդ եւ 57-րդ հոդվածներում դատախազի, քննիչի եւ հետաքննության մարմնի լիազորությունների շարքում լրացվում են համապատասխան գործողություններ կատարելու թույլտվություն ստանալու համար միջնորդություններով դատարան դիմելու իրավասության վերաբերյալ կարգավորումներ:

Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասով Օրենսգրքի նախնական քնոււթյան ընդհանուր պայմաններին վերաբերող 1881 -րդ հոդվածում լրացվում է նոր` 2.1-ին մաս. «2.1. Քննման, փորձաքննության ենթարկվելու կամ համեմատական հետազոտման համար նմուշներ տալու պարտականությունը կամովին չկատարելու դեպքում, եթե գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական տվյալները հնարավոր չէ ձեռք բերել դատավարական այլ եղանակով , ապա քննումը, փորձաքննությունը կամ նմուշներ ստանալն օրենքով սահմանված կարգով կատարվում են հարկադրաբար ` դատարանի որոշման հիման վրա ` իրավունքների միջամտության համաչափության սկզբունքի պահպանմամբ:

Արգելվում են հարկադրաբար քննչական գործողություններ կատարելիս այնպիսի միջոցների եւ մեթոդների կիրառումը, որոնք կարող են խոշտանգում կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք պարունակել կամ անձին պատճառել մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք:»:

Նախագծի 10-րդ հոդվածով Օրենսգրքի 279-րդ հոդվածում «խուզարկությունը,» բառից եւ կետադրական նշանից հետո լրացվում են «քննումը, փորձաքննությունը հարկադրաբար կատարելը կամ համեմատական հետազոտման համար նմուշները հարկադրաբար ստանալը » բառերը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի դատարանի որոշմամբ կատարվող քննչական գործողություններին վերաբերող 279-րդ հոդվածում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«Դատարանի որոշմամբ կատարվում են բնակարանի խուզարկությունը , քննումը, փորձաքննությունը հարկադրաբար կատարելը կամ համեմատական հետազոտման համար նմուշները հարկադրաբար ստանալը , ինչպես նաեւ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման հետ կապված քննչական գործողությունները, ինչպես նաեւ բանկային, ապահովագրական, նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար խուզարկությունները եւ առգրավումները» :

Նախագծի 11-րդ հոդվածով Օրենսգրքի 283-րդ հոդվածում կատարվող լրացման արդյունքում նախատեսվում է կարգավորում, որի համաձայն քննարկվող միջնորդությունները դատավորի կողմից պետք է քննվեն անհապաղ :

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում Նախագծով կատարվող լրացումների վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

1.1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ, 63-րդ, 65-րդ եւ 86-րդ հոդվածների կարգավորումների համաձայն համապատասխանաբար տուժողը, կասկածյալը, մեղադրյալը եւ վկան ունեն նմուշներ ներկայացնելու, քննման կամ փորձաքննության ենթարկվելու որոշակի պարտականություններ ` տարբերակված ծավալով:

Օրենագրքի «Քննումը» վերտառությամբ 220-րդ հոդվածի համաձայն` «1. Քննիչն իրավունք ունի կատարել կասկածյալի, մեղադրյալի, վկայի կամ տուժողի քննում ` նրանց մարմնի վրա հանցագործության հետքերի կամ հատուկ նշանների առկայություն հայտնաբերելու համար, եթե դրա համար չի պահանջվում դատաբժշկական փորձաքննություն:

2. Քննում կատարելու մասին քննիչը կայացնում է որոշում: Այդ որոշումը պարտադիր է այն անձի համար, որի նկատմամբ այն կայացվել է:

( … )

5. Քննումն ավարտվելուց հետո քննիչը կազմում է դրա արդյունքները ներկայացնող արձանագրություն : Արձանագրությունն ստորագրվում է քննչական գործողության բոլոր մասնակիցների կողմից, որոնք իրավունք ունեն պահանջել դրա մեջ մտցնելու իրենց դիտողությունները»:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենագրքի 220-րդ հոդվածում լրացվում է նոր` 2.1-ին մաս. «2.1. Քննման ենթարկվելու վերաբերյալ քննիչի որոշման պահանջները կամովին կատարելուց հրաժարվելու դեպքում կազմվում է արձանագրություն եւ պարզաբանվում կամովին քննման ենթարկվելուց հրաժարվելու դեպքում այն դատարանի որոշմամբ հարկադրաբար կատարելու հնարավորության մասին: Վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի կամովին քննմանը ենթարկվելուց հրաժարված անձի նկատմամբ քննումը հարկադրաբար կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ դիմել դատարան»:

Օրենսգրքի փորձաքննություն նշանակելու եւ կատարելու հիմքերին վերաբերող 243-րդ հոդվածի համաձայն` «Փորձաքննությունը կատարվում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի որոշման հիման վրա , երբ քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի, այդ թվում` համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի, բնագավառներում հատուկ գիտելիքներ: Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, մասնագետների, ընթերակաների հատուկ գիտելիքների առկայությունը չի ազատում համապատասխան դեպքերում փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունից »:

Նախագծի 8-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվում է նոր` 243.1-ին հոդված.

«Հոդված 243.1. Հարկադիր փորձաքննության ենթարկելու հիմքերը եւ կարգը

1. Սույն օրենսգրքի 58-րդ, 62-րդ, 64-րդ եւ 86-րդ հոդվածներով նախատեսված անձանց կողմից փորձաքննության ենթարկվելու պարտականությունը կամովին կատարելուց հրաժարվելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն եւ պարզաբանվում` կամովին փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելու դեպքում, այն դատարանի որոշմամբ հարկադրաբար կատարելու հնարավորության մասին: Վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի փորձաքննության ենթարկվելուց հրաժարված անձի նկատմամբ հարկադրաբար փորձաքննություն կատարելու թույլտվություն տալու միջնորդությամբ դիմել դատարան:»:

Օրենսգրքի նմուշներ ստանալու հիմքերին վերաբերող 253-րդ հոդվածի համաձայն` « 1. Քննիչն իրավունք ունի ստանալ մարդու, դիակի, կենդանու, նյութի եւ այլ օբյեկտների հատկությունները բնութագրող նմուշներ, եթե դրանց հետազոտումը գործի համար նշանակություն ունի:

2. Նմուշներ ստանալու մասին քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում, որտեղ մասնավորապես պետք է նշվեն` նմուշներ ստացող անձը, ումից պետք է ստացվի նմուշը, ինչ չափով եւ կոնկրետ ինչ նմուշներ պետք է ստացվեն, երբ եւ ում պետք է ներկայանա անձը նրանից նմուշներ ստանալու համար, որտեղ եւ ում պետք է ներկայացվեն նմուշները` դրանք ստանալուց հետո:

3. Մարդուց նմուշ ստանալը կատարվում է փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ: Սերմնահեղուկի, մաշկի մանրադիտակային քերվածքների, քրտինքի եւ այլ արտաթորանքների նմուշներ ստանալը կատարվում է միեւնույն սեռին պատկանող փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ: Դիակի, կենդանու, նյութի եւ այլ օբյեկտների հատկությունները բնութագրող նմուշների ստացումը կատարվում է փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ եւ (կամ) տեսաձայնագրառմամբ»:

Նախագծի 9-րդ հոդվածով Օրենսգրքի վերոնշյալ հոդվածում լրացվում է նոր` 2.1-ին մաս.

«2.1. Նմուշներ ստանալու վերաբերյալ քննիչի որոշման պահանջները կամովին կատարելուց հրաժարվելու դեպքում կազմվում է արձանագրություն եւ պարզաբանվում կամովին նմուշներ ներկայացնելուց հրաժարվելու դեպքում այն դատարանի որոշմամբ հարկադրաբար վերցնելու հնարավորության մասին: Վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի կամովին նմուշներ տալուց հրաժարված անձի նկատմամբ հարկադրաբար նմուշներ ստանալու թույլտվություն տալու միջնորդությամբ դիմել դատարան»:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի համաձայն` դատարանը քննում է քննչական, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու եւ անձի հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունները :

Օրենսգրքի 282-րդ հոդվածի համաձայն` դատարանում համապատասխան վարույթն սկսելու հիմք է ծառայում հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի պատճառաբանված որոշման մեջ պարունակվող միջնորդությունը ` համապատասխան գործողություններ կատարելու մասին թույլտվություն ստանալու համար: Որոշման պատճառաբանական մասում պետք է նշվեն տվյալներ այն հանցագործության մասին, որի առիթով մտադրություն կա կատարել համապատասխան քննչական գործողություն , ինչպիսի տվյալներ պետք է ստացվեն քաղաքացիների հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման հետ կապված այդպիսի գործողությունների արդյունքում, համապատասխան գործողությունների կատարման ժամկետը, տեղը, անմիջական կատարողները, արդյունքների ամրագրման ձեւը, ինչպես նաեւ այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են դատարանին օրինական եւ հիմնավորված որոշում ընդունելու համար : Եթե այդ նյութերը բավարար չեն, դատավորն իրավունք ունի պահանջել` լրացնել դրանք :

1.2. Այսպիսով` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի մի շարք կարգավորումների համաձայն բնակարանի խուզարկությունը, ինչպես նաեւ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման հետ կապված քննչական գործողությունները, ինչպես նաեւ բանկային, ապահովագրական, նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար խուզարկությունները եւ առգրավումները կատարվում են միայն դատարանի որոշմամբ: Յուրաքանչյուր դեպքում դատարանը կրում է պարտականություն ստուգելու միջնորդության եւ անձանց հիմնական իրավունքների եւ ազատությունների համապատասխան սահմանափակման անհրաժեշտության հիմնավորվածությունը: Այսինքն` քննարկվող քննչական գործողությունների դեպքում դատարանը որոշում է կայացնում քննչական գործողության կատարման անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին` որոշումկայացնելով միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` «անհրաժեշտություն» հասկացությունը ենթադրում է, որ միջամտությունը համապատասխանում է անհետաձգելի հասարակական պահանջին եւ համաչափ է հետապնդվող նպատակին: Միջամտության թույլատրելիությունը պետք է նեղ մեկնաբանվի եւ դրա անհրաժեշտությունը կոնկրետ գործով պետք է համոզիչ կերպով հաստատվի: Այսպիսով` անձի հիմնական իրավունքների գերակայության հիմնադրույթից բխում է, որ հանրային շահի համեմատ մարդու իրավունքի գերակայությունը կանխավարկած է, քանի դեռ կոնկրետ դեպքում, հանրային շահի կարեւորությունից ելնելով, այդ կանխավարկածը պատշաճ ընթացակարգով չի հաղթահարվում : Նշվածից ելնելով անձի իրավունքի սահմանափակման իրավաչափությունը գնահատելու յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել կոնկրետ գործով հանրային շահի կարեւորությունը: Այսպիսով` քննարկվող քննչական գործողությունների դեպքում պատշաճ ըթացակարգ է համարվում դատարանի կողմից հիմնավորված որոշման կայացումը, որով անհրաժեշտ է համարվում քննչական գործողության կատարումը: Հարկ է նկատել, որ այդ քննչական գործողությունները արդեն իսկ պարունակում է հարկադրանքի տարր:

1.3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում առկա` սույն եզրակացության նախորդ կետերում մեջբերված կարգավորումների վերլուծությունից կարող ենք եզրակացնել, որ քննումը, փորձաքննությունը եւ նմուշներ ստանալը կատարվում են վարույթն իրականացնող մարմնի պատճառաբանված որոշման հիման վրա: Այսինքն` տվյալ քննչական գործողությունների դեպքում դրանց անհրաժեշտությունը հիմնավորելու իրավունքը եւ պարտականությունը կրում է վարույթն իրականացնող մարմինը: Հարկ է նկատել, որ Նախագծով կատարվող լրացումների արդյունքում քննարկվող կարգավորումներում քննչական գործողության անհրաժեշտության հարցի լուծման տեսանկյունից որեւէ փոփոխություն չի կատարվում: Քննչական գործողություն կատարելու որոշում ընդունելուց հետո վարույթն իրականացնող մարմինը կարող է անձի համաձայնությամբ կատարել այդ գործողությունները: Սակայն, Նախագծերի փաթեթին կից ներայացված հիմնավորմամբ նշվում է հետեւյալը. ««Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է որպեսզի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվի դրույթ, ըստ որի՝ քննման, փորձաքննության, բժշկական ստուգման ենթարկվելու, ինչպես նաեւ համեմատական հետազոտման համար նմուշներ տալն իրականացվի դատարանի որոշմամբ ՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 25-րդ հոդվածով սահմանված՝ ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունը»:

Միաժամանակ նախատեսվում են կարգավորումներ, որոնք նախատեսում են, որ վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի կամովին քննմանը ենթարկվելուց հրաժարված անձի նկատմամբ քննումը հարկադրաբար կատարելու թույլտվություն ստանալու, փորձաքննության ենթարկվելուց հրաժարված անձի նկատմամբ հարկադրաբար փորձաքննություն կատարելու թույլտվություն ստանալու , կամովին նմուշներ տալուց հրաժարված անձից հարկադրաբար նմուշներ ստանալու թույլտվություն ստանալու միջնորդություններով դիմել դատարան: Բացի այդ Նախագծով Օրենսգրքում կատարվող լրացումների արդյունքում նախատեսվում է նաեւ, որ ք ննման, փորձաքննության ենթարկվելու կամ համեմատական հետազոտման համար նմուշներ տալու պարտականությունը կամովին չկատարելու դեպքում, եթե գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական տվյալները հնարավոր չէ ձեռք բերել դատավարական այլ եղանակով , ապա քննումը, փորձաքննությունը կամ նմուշներ ստանալն օրենքով սահմանված կարգով կատարվում են հարկադրաբար ` դատարանի որոշման հիման վրա ` իրավունքների միջամտության համաչափության սկզբունքի պահպանմամբ:

Այսպիսով` Նախագծով որոշակի խումբ գորոծողությունների դեպքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում նախատեսվում է նախնական դատական վերահսկողության հնարավորություն: Նախագծի 10-րդ հոդվածով կատարվող լրացման վերլուծության արդյունքում եզրակացնում ենք, որ այդ գործողությունները դիտարկվում են որպես քննչական գործողություններ: Այսինքն` հարկադիր քնն ումը , հարկադիր փորձաքննության ենթարկ ելը , ինչպես նաեւ համեմատական հետազոտման համար հարկադիր նմուշներ ստանալը ( անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Նախագծով Օրենսգրքում լրացվող կարգավորումներում կիրառվում են այլ ձեւակերպումներ` քննումը հարկադրաբար կատարել, անձից հարկադրաբար նմուշներ ստանալ ) կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ :

Հիմք ընդունելով Նախագծով Օրենսգրքում լրացվող քննարկվող կարգավորումների ձեւակերպումները` կարծում ենք, որ կարգավորումներն ունեն հստակեցման եւ որոշակիացման կարիք: Մասնավորապես` հասկանալի չէ, թե հարկադիր քնն ում կատարելու, հարկադիր փորձաքննության ենթարկ ելու , ինչպես նաեւ համեմատական հետազոտման համար հարկադիր նմուշներ ստանալու թույլտվություն ստանալու` վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունների դեպքում ինչ խումբ իրավական հարցեր են հանդիսանալու դատարանի քննության առարկա: Այսինքն` արդյո՞ք քննարկվող քննչական գործողությունների դեպքում դատարանը որոշում է կայացնելու քննչական գործողության կատարման անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին, թե՞ միայն հարկադրանքի ( համաչափ ֆիզիկական ուժի գործադրում ) կիրառման անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ` որքանով է դա անհրաժեշտ քննման, փորձաքննության ենթարկվելու կամ նմուշներ տալու պարտականության կատարումն ապահովելու համար, կամ արդյոք այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումն ապահովելը հնարավոր չէ :

Հարկ է նկատել, որ դատարանի կողմից քննչական գործողության կատարման անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին որոշում կայացնելու դեպքում հանգում ենք մի իրավիճակի, երբ համապատասխան քննչական գործողությունը կատարելու անհրաժեշտությունը արդեն իսկ գնահատվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից եւ ստացել դրական պատասխան, սակայն անձի կողմից կամովին չկատարելու դեպքում միայն նորից ենթարկվում է գնահատման դատարանի կողմից: Բոլորովին այլ է իրավիճակը, երբ նախնական դատական վերահսկողության ենթարվվում է հարկադրանքի կիրառման հնարավորությունը, որը պետք է դիտարկել որպես անձի հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոց: Հարկ է նկատել, որ երկրորդ տարբերակի ընդունելի համարելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի դատավարական հարկադրանքի միջոցներին վերաբերող բաժնում, ինչպես նաեւ հստակ սահմանել, թե նախնական դատական վերահսկողութունը ինչպիսի գործողության նկատմամբ է կատարվում:

Հիմք ընդունելով վերգրյալը` առաջարկում ենք որոշակիացնել Նախագծով օրենսգրքում լրացվողդրույթների ձեւակերպումները, ինչպես նաեւ հստակ սահմանել դատարանի կողմց քննության ենթակա հարցերի շրջանակը, ինչը նաեւ հնարավորություն կտա վարույթն իրականացնող մարմնին կողմնորոշվել համապատասխան միջնորդությամբ ներկայացվող հիմնավորումների եւ պատճառաբանությունների հարցում:

2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի դատարանի լիազորություններին վերաբերող 41-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումը. «1. Դատարանը լիազորված է իր նիստերում քննել եւ լուծել ստացված գործերը եւ նյութերը: Արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն անթույլատրելի է:

2. Դատարանի լիազորություններն են, մասնավորապես`

1) որոշումներ կայացնել կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու, նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին, օրենքով նախատեսված դեպքերում քննել եւ լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների եւ գործողությունների (անգործության) դեմ բողոքները.

2) գործը դատական քննության նախապատրաստելու հետ կապված որոշումների ընդունումը.

3) քրեական գործերի քննությունն առաջին ատյանի, վերաքննության եւ վճռաբեկության կարգով.

4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելը.

5) դատավճիռն ի կատար ածելու ուղարկելը.

6) դատավճիռն ի կատար ածելիս ծագող հարցեր լուծելը.

7) դատվածությունը հանելու հետ կապված հարցեր լուծելը.

8) օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը:

3. Գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:»:

Հարկ է նկատել, որ Օրենսգրքում Նախագծով կատարվող` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ լրացումների շրջանակում չի նախատեսվում որեւէ լրացում կամ փոփոխություն Օրենսգրքի 41-րդ հոդվածում:

3. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «քննման» բառից հետո լրացվում են «ինչպես նաեւ համեմատական հետազոտման համար նմուշներ ներկայացնելու համար փորձաքննության» բառերը:

Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում բացակայում է «քննման» բառը, ուստի առաջարկում ենք հղում կատարել Օրենսգրքի 59-րդ հոդվածի համապատասխան մասի կետին: Միաժամանակ հարկ է նկատել, որ Օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում համապատասխան լրացումը կատարելուց հետո նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «3. Վկան պարտավոր է`

( … )

4) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման, ինչպես նաեւ համեմատական հետազոտման համար նմուշներ ներկայացնելու համար փորձաքննության.»:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 243-րդ հոդվածի համաձայն` փորձաքննությունը կատարվում է համապատասխան որոշման հիման վրա, երբ քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի, այդ թվում` համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի, բնագավառներում հատուկ գիտելիքներ:

Օրենսգրքի 250-րդ հոդվածի համաձայն`փորձագետի եզրակացության մեջ պետք է նշված լինի` երբ, որտեղ, ում կողմից եւ ինչի հիման վրա է կատարվել փորձաքննությունը, ովքեր են մասնակցել, քրեական գործի որ նյութերն է փորձագետն օգտագործել, ինչպիսի իրեղեն ապացույցներ, նմուշներ եւ այլ օբյեկտներ են հետազոտվել, ինչպիսի հետազոտություններ են կատարվել, ինչպիսի մեթոդներ են կիրառվել, առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները , գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք պարզվել են փորձագետի նախաձեռնությամբ : Փորձագետի եզրակացությանը պետք է կցվեն հետազոտված իրեղեն ապացույցները, նմուշները եւ այլ նյութեր, ինչպես նաեւ փորձագետի հետեւությունները պարզաբանող լուսանկարները, սխեմաները:

Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումները` առաջարկում ենք հստակեցնել «Վկան պարտավոր է քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել համեմատական հետազոտման համար նմուշներ ներկայացնելու համար փորձաքննության» ձեւակերպումը, մասնավորապես հասկանալի չէ համեմատական հետազոտման համար նմուշներ ներկայացնելու նպատակը որպես փորձաքննության նպատակ նախատեսելը:

4. Նախագծի 7-րդ հոդվածով լրացում է կատարվում Օրենսգրքի 220-րդ հոդվածում, որի արդյունքում Օրենսգրքում նախատեսվում է կարգավորում, որը տալիս է հնարավորություն անձի նկատմամբ քննումը հարկադրաբար կատարելու` դատարանի համապատասխան որոշման առկայության դեպքում:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի քրեական գործի ընթացքի արձանագրման պարտադիր լինելուն վերաբերող 29-րդ հոդվածը` առաջարկում ենք համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ Օրենսգրքի 220-րդ հոդվածի 5-րդ մասում. «Քննումն ավարտվելուց հետո քննիչը կազմում է դրա արդյունքները ներկայացնող արձանագրություն : Արձանագրությունն ստորագրվում է քննչական գործողության բոլոր մասնակիցների կողմից, որոնք իրավունք ունեն պահանջել դրա մեջ մտցնելու իրենց դիտողությունները»: Մասնավորապես` առաջարկում ենք հստակ նախատեսել անձի նկատմամբ քննումը հարկադրաբար կատարելու դեպքում կոնկրետ գործողությունների ընթացքը արտացոլելու պարտականություն:

Միաժամանակ, կարծում ենք, անհրաժեշտ է համապատասխան լրացումներ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատվարության օրենսգրքի փորձաքննության նշանակելուն եւ կատարելուն վերաբերող 35-րդ գլխում: Մասնավորապես, կարծում ենք, անհրաժեշտ է անձին հարկադրաբար փորձաքննության ենթարկելու դեպքերում նախատեսել քննիչի պարտադիր ներկա գտնվելու պարտականություն, որոշակի բացառություններով:

5. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվում է նոր` 339.1-ին հոդված.

«Հոդված 339.1. Քննման, փորձաքննության ենթարկվելուց, ինչպես նաեւ համեմատական հետազոտման համար նմուշներ ներկայացնելուց հրաժարվելը

1. Վկայի կամ տուժողի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով օրենքով սահմանված կարգով համեմատական հետազոտման համար նմուշներ ներկայացնելուց հրաժարվելը , քննման, ինչպես նաեւ փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը `

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով :

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով :

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

1) ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթի կամ մեղադրանքի առնչությամբ,

2) շահադիտական դրդումներով`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով :

4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դատարանի կողմից հարկադրանք կիրառելու որոշումից հետո կամ նախաքննության ընթացքում` մինչեւքրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելը կամ դատական քննության ընթացքում մինչեւ դատարանի կողմից դատավճիռ կամ որոշում կայացնելը, կամավոր ներկայացրել է համեմատական հետազոտման համար նմուշները կամ կամավոր ենթարկվել է քննման, փորձաքննության եւ ժամանակին ներկայացված նմուշները չեն կորցրել կամ չէին կարող կորցնել իրենց ապացուցողական նշանակությունը:»:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող 339.1-ին հոդվածի կապակցությամբ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

5.1. Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ արարքի քրեականացման եւ դրա քրեականացման համար կատարվող այլ փոփոխությունների վերաբերյալ նշվում են հետեւյալ փաստարկներն ու դիտարկումները. « ( … ) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքինախագծով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել նոր 339.1 հոդվածով, համաձայն որի վկան, տուժողը, կասկածյալը կամ մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով օրենքով նախատեսված կարգով քննման, փորձաքննության ենթարկվելուց կամ հետազոտման համար նմուշներ ներկայացնելուց հրաժարվելու ( այն կամավոր չկատարելու ) դեպքում ենթակա է պատասխանատվության: Վերջինս պայմանավորված է նրանով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ, 63-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ եւ 4-րդ, 65-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ եւ 4-րդ, 86-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետերի համաձայն տուժողը, կասկածյալը, մեղադրյալը եւ վկան պարտավոր են քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման, փորձաքննության եւ բժշկական ստուգման, մատնադրոշմման, լուսանկարման, ինչպես նաեւ տալ նմուշներ` համեմատական հետազոտման համար:

Ստացվում է, որ քրեական վարույթի վերոնշյալ մասնակիցներն օրենքով նախատեսված կարգով կրում են քննման, փորձաքննության ենթարկվելու, ինչպես նաեւ նմուշներ ներկայացնելու պարտականություն, մինչդեռ նշված պարտականությունները կատարելուց հրաժարվելու դեպքում պատասխանատվություն նախատեսող նորմ առկա չէ:

( … )

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է որպեսզի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվի դրույթ, ըստ որի՝ քննման, փորձաքննության, բժշկական ստուգման ենթարկվելու, ինչպես նաեւ համեմատական հետազոտման համար նմուշներ տալն իրականացվի դատարանի որոշմամբ՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 25-րդ հոդվածով սահմանված՝ ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունը:

Ընդ որում դատարանի վերահսկողությունը պայմանավորված է ոչ միայն ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի սահմանադրական պաշտպանության, այլ նաեւ հետագայում այդ գործողությունները չկատարելու համար պատասխանատվության նախատեսմամբ :

( … )

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության 2017 թվական (սեպտեմբեր) կարծիքի համաձայն՝ մասնավորապես՝ նախագծի 457-րդ հոդվածի (քննման, փորձաքննության, բժշկական ստուգման ենթարկվելուց կամ նմուշներ տալուց հրաժարվելը կամ խուսափելը) վերաբերյալ դիրքորոշում է հայտնել, որ հանցագործություն կարող է կատարվել միայն, եթե անձը չի ենթարկվել դատարանի կոնկրետ կարգադրությանը:

( … )

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան քննչական պրակտիկայում տեղ գտած մի շարք արարքների քրեականացման եւ դրանց համար քրեական պատասխանատվության սահմանման հարցերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում՝ քննման, փորձաքննության ենթարկվելու կամ նմուշներ տալու դատավարական պարտականության հարկադիր կատարման վերաբերյալ իրավահարաբերությունների ընթացակարգերը :»:

Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագծի 457-րդ հոդվածի (քննման, փորձաքննության, բժշկական ստուգման ենթարկվելուց կամ նմուշներ տալուց հրաժարվելը կամ խուսափելը) վերաբերյալ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինությունը 2017 թվական սեպտեմբերին հայտնել է հետեւյալ կարծիքը. « Այս հոդվածն ի հայտ է բերում մի շարք բարդ հարցեր։ Առաջինը վերաբերում է քրեական պատժամիջոցների հնարավոր սպառնալիքին կասկածյալի կամ պաշտպանյալի նկատմամբ՝ փորձաքննության ենթարկվելուց կամ փաստաթղթեր ներկայացնելուց եւ այլն խուսափելու համար։ ( … ) Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշատակել, որ Եվրոպական դատարանը լուրջ մտահոգություններ ունի ցանկացած գործընթացի առնչությամբ, որով կասկածյալին կամ պաշտպանյալին հարկադրվում է նյութեր ներկայացնել մեղադրող կողմի համար։

Երկրորդը, քրեական պատժամիջոց նշանակելը չհամագործակցելու համար՝ առանց հնարավորություն տալու տվյալ անձին հասկանալ, թե արդյոք այդ պահանջն օրինական է կամ հիմնավորված, ( … ) խնդրահարույց է։

( … )

Այս դրույթը պետք է դուրս թողնվի օրենսգրքի նախագծից կամ փոփոխվի՝ հստակեցնելով, որ այն չի վերաբերում կասկածյալին կամ պաշտպանյալին, երաշխավորելով, որ հանցագործություն կարող է կատարվել միայն, եթե անձը չի ենթարկվել դատարանի կոնկրետ կարգադրությանը եւ որ նա հնարավորություն է ունեցել մասնակցելու նշված վարույթներին , եւ որ այդ վարույթներում հիմնավորումներ բերվեն նշված կարգադրության համար, որ ցանկացած որոշում հիմնված լինի կոնկրետ պատճառների վրա, որոնք կարդարացնեն այդ որոշումը ( … ) ։»:

5.2. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով քրեականացվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով վկայի, տուժողի, կասմածյալի կամ մեղադրյալի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով օրենքով սահմանված կարգով համեմատական հետազոտման համար նմուշներ ներկայացնելուց հրաժարվելը, քննման, ինչպես նաեւ փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը :

Նախագծերի փաթեթեին կից ներկայացված հիմնավորումից հասկանալի է, որ խոսքը վերաբերում է պահանջը կամավոր կատարելուց հրաժարվելուն, միաժամանակ հիմնավորմամբ ընդգծվում է, որ դատարանի վերահսկողությունը պայմանավորված է ոչ միայն ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի սահմանադրական պաշտպանության, այլ նաեւ հետագայում այդ գործողությունները չկատարելու համար պատասխանատվության նախատեսմամբ:

Սակայն հարկ է նկատել, որ քննարկվող քննչական գործողությունները կարող են կատարվել վարույթն իրականացնող մարմնի պատճառաբանված որոշմամբ, եւ դրանց կատարման նկատմամբ նախնական դատական վերահսկողություն Նախագծերի փաթեթով կատարվող լրացումների արդյունքում չի նախատեսվում: Բացի այդ մինչդատական վարույթի նկատմամբ դատարանի նախնական վերահսկողության շրջանակում նախատեսվում է համապատասխան քննչական գործողությունները հարկադրանքի կիրառմամբ կատարելու համար թույլտվություն ստանալու կարգավորումները, ուստի հետագայում «այդ գործողությունները» չկատարելու համար անձի համար պատասխանատվություն չի կարող նախատեսվել` հիմք ընդունելով անձի կողմից դրանք չկատարելու իրավիճակի օբյեկտիվորեն առկա լինելու հանգամանքը` հարկադրանքի անհրաժեշտության դեպքում:

Միաժամանակ, կարծում ենք, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող 339.1-ին հոդվածի ձեւակերպումը այնպիսի հստակեցումների կարիք ունի, որոնք կ երաշխավորեն, որ պատասխանատվության ենթակա անձը հնարավորություն է ունեցել մասնակցելու նշված վարույթներին, որ այդ վարույթներում առկա պահանջները հիմնավորված են եղել, եւ որ դա հստակ է եղել պահանջի կատարման պարտականությունը կրող անձի համար:

5.3. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող 339.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման համար վկայի կամ տուժողի համար նախատեսվումէ պատիժ` տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի եւ պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջեւ: Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաեւ նշանակված պատժատեսակը եւ պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին: Սահմանադրական այս նորմը առաջին հերթին օրենսդրից պահանջում է յուրաքանչյուր հանցավոր արարքի համար սահմանել կատարված արարքին համարժեք պատիժ:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ եւ բավարար լինեն նրան ուղղելու եւ նոր հանցագործությունները կանխելու համար:Սահմանադրական դատարանը իր` 2016 թ. սեպտեմբերի 20-ի ՍԴՈ-1304 որոշմամբ համաչափության սկզբունքի բաղադրատարր հանդիսացող պատժաչափի տարբերակման սկզբունքի ապահովման տեսանկյունից վերաբերելի է համարել 2010 թվականի նոյեմբերի 16-ի ՍԴՈ-924 որոշմամբ արտահայտած իր այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի` «Իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է նաեւ, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված` ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից եւ այլ էական հանգամանքներից» :

Կարծում ենք, որ տվյալ արարքի համար առավելագույնը մեկ տարի ժամկետով ազատազրկման ձեւով պատիժ նախատեսելը չի բխում պատժի եւ կատարված արարքի համաչափության սկզբունքից եւ համարժեք չէ կատարված արարքի հանրային վտանգավորությանը, ինչպես նաեւ պատիժը սահմանելով հետապնդվող իրավաչափ նպատակին։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածով վկայի կամ տուժողի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելու համար որպես առավելագույն պատիժ է նախատեսված կալանքը` երկու ամիս ժամկետով։

Միեւնույն դիտարկումները վերաբերելի են նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող 339.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի համար նախատեսված պատժին:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող 339.1-ին հոդվածի 3-րդ մասով հանցագործության կատարման որակյալ հատկանիշ է դիտարկվում 339 . 1-ին հոդվածի 1- ին կամ 2- րդ մասով նախատեսված արարքը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթի կամ մեղադրանքի առնչությամբ կատարելը։ Տվյալ արարքը կատարելու համար նախատեսվում է պատիժ` առավելագույն 5 տարի ժամկետով ազատազրկում։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար նախատեսում է պատիժ ազատազրկման ձեւով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

Բացի այդ անհրաժեշտ է նկատել, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող 339.1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունը համարվում է ծանրացնող հանգամանքներով կատարված հանցագործություն, մինչդեռ այդ արարքի կատարման համար նախատեսվող ազատազրկման ձեւով պատժի ստորին շեմը չի նախատեսվում, ինչը հնարավորություն կտա լրացվող 339.1-ին հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված հանցանքների համար նշանակվող ազատազրկման ձեւով պատիժներից տարբերակել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող 339.1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսվող ազատազրկման ձեւով պատիժը, այս կարգավորումը եւս չի բխում համաչափության սահմանադրական սկզբունքից:

Հիմք ընդունելով մեջբերված իրավական նորմերը եւ կատարված դիտարկումները` առաջարկում ենք խմբագրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող 339.1-ին հոդվածը` այն համաչափության սահմանադրական սկզբունքին համապատասխանեցնելու նպատակով:

6. Նախագծերի փաթեթի ` օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

6.1. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծ ի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք նշել նաեւ Օրենսգրքի հերթական համարը , այն է` «ՀՕ- 248 » ` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակել ուն` մասնավորապես` օրենսգրքի ընդունման տարին ամսաթիվը նշելուց հետո առաջարկում ենք նշել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրք ի հերթական համարը` «ՀՕ- 528-Ն » :

6.2. Նախագծի 6-րդ հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 1881 -րդ հոդվածին հղում կատարելիս առաջարկում ենք պահպանել հոդվածի համարի գրության ձեւը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17 -րդ հոդվածի 4 -րդ մասը:

6.3. Նախագծի 6-րդ հոդվածի մասերի համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը` « Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով , իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով»:

6.4. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 243.1-ին հոդվածը կազմված է մեկ համարակալված մասից: Առաջարկում ենք այդ մասի համարակալումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ի 14-րդ հոդվածի 3-րդ մասը. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների » :

6.5.Նախագծի 8-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 243.1-ին հոդվածի տեքստում եւ Նախագծի 9-րդ հոդվածով Օրենսգրքի 253-րդ հոդվածում լրացվող նոր` 2.1-ին մասի տեքստում արված վրիպակներն առաջարկում ենք ուղղել` «տալու» բառերը «ստանալու» բառերով փոխարինելով:

6.6. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածո վ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող նոր` 339.1-ին հոդվածում նույն հոդվածի այլ մասերին հղում կատարելիս առաջարկում ենք պահպանել դրանց գրելաձեւի միասնականությունը, մասնավորապես` տարբեր գրելաձեւեր են առկա «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածո վ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող նոր` 339.1-ին հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում: Միաժամանակ առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող 339.1-ին հոդվածի 4-րդ մասում արված վրիպակն ուղղել` հանելով մասի համարից հետո դրված « « » նշանը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները խնդրահարույց են համաչափության եւ որոշակիության սահմանադրական սկզբունքների տեսանկյունից:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթ ով նախատեսված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրք ին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

0 3 .07.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

03 .0 7 .2020թ.