ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-643-04.06.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) համապատասխանության մասով նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում էլրացում կատարել «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 2-րդ մասում, մասնավորապես նոր«դ» ենթակտով նախատեսվում է.

«2. Գործադիր մարմնի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը`

դ) որը մերձավոր ազգակցական կամ խնամիական (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) կապի մեջ է պետական կազմակերպության աշխատակցի հետ, բացառությամբ Կառավարության որոշմամբ սահմանված Կազմակերպությունների »: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ բացառությունները սահմանվել են հետեւալ երկու պատճառներով.

գ որպես օրինակ, սահմանամերձ, լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերում գործող կազմակերպությունների համար այն խնդիր կարող է լինել: Այլ վայրերում նույնպես կարող են առաջանալ կադրային խնդիրներ,

գ մշակույթի կամ սպորտի բնագավառներում մշակութային գործունեությունը կամ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելը հաճախ դառնում են ընտանեկան եւ սերունդներով փոխանցվում են որպես հիմնական մասնագիտական գործունեության տեսակ:

Մինչդեռ Նախագծով նշված բացառությունը, այն է՝ գործադիր մարմնի եւ աշխատակցի միջեւ ազգակցական կամ խնամիական կապը թույլատրելի համարելու հնարավորությունը, առանց որոշակի չափանիշների, Կառավարությանը վերապահելը, կարծում ենք, իրավաչափ չէ հետեւյալ հիմնավորմամբ:

Այսպես, Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը»:

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

Մասնավորապես, համաչափության եւ որոշակիության սահմանադրական սկզբունքների համաձայն` սահմանափակումներ նախատեսող նորմերը հստակ պետք է նախատեսված լինեն օրենքներով, որպեսզի համապատասխան օրենքի հասցեատիրոջ համար պարզ լինի՝ ինչ ծավալով են սահմանափակվում իր իրավունքները:Հետեւաբար, առաջարկում ենք Օրենքով նախատեսել որոշակի չափանիշներ, որոնք հիմք կհանդիսանան Կառավարության համար համապատասխան կազմակերպությունների ցանկը սահմանելիս:

Բացի այդ, Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ «Բոլորը հավասար են օրենքի առջեւ»:

Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Սահմանադրական դատարանն իր` 2015թ. հուլիսի 7-ի ՍԴՈ-1224 որոշման մեջ նշել է. «(…) Խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես ՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ »:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` խտրականության արգելքի խնդիր առաջանալու համար պետք է լինի տարբերություն ՝ համադրելի իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի միջեւ: Ըստ Եվրոպական դատարանի` ցանկացած տարբերակում կամ տարբերություն չէ, որ կարելի է խտրականություն համարել: Մասնավորապես, Abdulaziz, Cabales and Balkandali v. the United Kingdom, 28 May 1985 վճռում Եվրոպական դատարանը նշել է. «(…)Տարբերակումը կամ տարբերությունը համարվում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ եւ ողջամիտ արդարացում, այսինքն` եթե այդ տարբերակումը կամ տարբերությունը չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»:

Վերոգրյալի հիման վրա նշենք որ, սահմանափակումները եւ սահմանափակման բացառությունները պետք է իրավաչափ լինենհետապնդվող նպատակին: Մասնավորապես, Նախագծով առաջարկվող իրավակարգավորմամբ սահմանափակման բացառություն նախատեսելը որոշ կազմակերպությունների համար, որոնց ցանկն առանց որեւէ հստակ չափանիշների որոշելու է Կառավարությունը, կարծում ենք, չունի օբյեկտիվ եւ ողջամիտ արդարացում, բացառում է Նախագծի հիմնավորման մեջ նշված`պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում շահերի բախման եւ հովանավորչությունների դեպքերը բացառելու նպատակի իրագործումը: Հետեւաբար, վերոնշյալ իրավական դրույթները հաշվի առնելով, կարծում ենք, որ նման արտոնության տրամադրումը որոշ կազմակերպությունների կարող է հանգեցնել Սահմանադրությամբ հռչակված խտրականության սկզբունքի խախտման:

            Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող «դ» ենթակետում «Կազմակերպությունների» բառը փոխարինել «պետական կազմակերպությունների» բառերով:

Բացի այդ, նշված լրացման արդյունքում հասկանալի չէ նաեւ, թե նշված բացառությունը որքանով է վերաբերելի համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին, եւ եթե վերաբերելի է, ապա ինչու պետք է Կառավարության որոշմամբ սահմանվի նշված կազմակերպությունների ցանկը, եթե Օրենքով (9-րդ հոդվածի 5-րդ մաս) համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունները ստեղծվում եւ վերահսկվում են համայնքի կողմից:

2. Նախագծի 1-ին հոդվածով պետական կազմակերպության գործադիր մարմնի եւ աշխատակցի միջեւ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապի արգելքի նախատեսումը առաջացնում է մի շարք հարցադրումներ, մասնավորապես՝

գ Մ եծ թվով աշխատակիցներ ունեցող պետական կազմակերպությունում որքանո ՞ վ է իրատեսական, որ հիմնադիրը կամ լիազորված մարմինը կարող են պարզել գործադիր մարմնի պաշտոնում նշանակվող անձի հետ բոլոր աշխատակիցների ազգակցական կամ խնամիական կապի մեջ գտնվելու հանգամանքը:

գ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ բարձրացված շահերի բախումից խուսափելու նպատակով, կարծում ենք, նման արգելքի նախատեսում անհրաժեշտ է սահմանել նաեւ պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի անդամների եւ աշխատակիցների համար, քանզի Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով պետական կազմակերպությունում կարող են ձեւավորվել նաեւ կոլեգիալ կառավարման մարմիններ:

3. Առաջնորդվելով իրավական տեխնիկայի ընդհանուր կանոններով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի մասերի համարները տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը, միաժամանակ առաջարկում ենք «կետի» բառը փոխարինելով «մասի» բառով, իսկ 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված փոփոխությունը եւ լրացումը շարադրել առանձին մասերով, մասնավորապես ձեւակերպելով հետեւյալ կերպ.

«1. 2-րդ մասի «գ» ենթակետում«:» կետադրական նշանըփոխարինել «.» կետադրական նշանով,

2. 2-րդ մասում լրացնել նոր՝ «դ» ենթակետ.

«դ) (…):»:»:

4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր «ժդ» ենթակետում նշված «ժա» տառերը առաջարկում ենք փոխարինել «ժբ» տառերով՝ հաշվի առնելով Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված Նախագծի նպատակը:

5. Նախագծի 3-րդ հոդվածում առաջարկում ենք նախատեսել անցումային դրույթ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նշված Կառավարության որոշման ընդունման համար ժամկետ սահմանելու կապակցությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը:

6. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում նշված «հրապարակման օրվան» բառերը փոխարինել «հրապարակմանը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագիծը կհամապատասխանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, եթե նախատեսվեն հստակ չափանիշներ՝ Կառավարության որոշմամբ բացառություններ նախատեսելու համար: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248), (118)

25.06.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248), (118)

25.06.2020թ.