ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-610-12.05.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



Կառավարության
կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը):

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի (այuուհետ նաեւ` Oրենք)` «քննչական կոմիտեի ծառայող» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ» բառերով եւ դրա հոլովաձեւերով, սակայն հարկ է նկատել, որ մի շարք հոդվածներում կիրառվում են «ծառայողներ» եւ «ծառայող» տերմինները, որոնք եւս վերաբերում են քննիչներին կամ նաեւ քննիչներին (օրինակ` Oրենքի 7-րդ հոդվածի վերնագրում, 14-րդ հոդվածի 3-րդ մասում, 25-րդ հոդվածի 5-րդ մասում եւ այլն), ուստի առաջարկում ենք փոփոխությունների եւ լրացումների արդյունքում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել նույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը: Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերում, 31-րդ հոդվածի 6-րդ եւ 11-րդ մասերում, 34-րդ հոդվածի 3-րդ մասում «ծառայող» բառը եւ դրա հոլովաձեւերը փոխարինվում են «քննիչ» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Նույն դիտարկումները վերաբերում են նաեւ Օրենքում կիրառվող «ծառայության» եւ «ծառայողական» եզրույթներին: Մասանավորապես Նախագծի 14-րդ հոդվածով Օրենքի 26-րդ եւ 27-րդ հոդվածների վերնագրերից հանվում են «ծառայողական» բառերը, սակայն մի շարք հոդվածներում շարունակվում են կիրառվել «ծառայողական պարտականություններ» եզրույթը (օրինակ` Oրենքի 26-րդ հոդվածում, 28-րդ հոդվածի 1-ին մասում, 43-րդ հոդվածում):

3. Նախագծի 2-րդ հոդվածի մասերի համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի, 10-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի, 15-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի, 20-րդ հոդվածի եւ 21-րդ հոդվածի մասերի համարներին:

4. Նախագծի 4-րդ հովածով Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «` հունվարի 31-ը,» բառերը փոխարինվում են «` ապրիլի 1-ը» բառերով: Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածում արված վրիպակն ուղղել` հանելով «` հունվարի 31-ը,» եւ«` ապրիլի 1-ը» ձեւակերպումների «`» կետադրական նշանները:

5. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «2-րդ մասի 6-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ կետ.

«6.1.) դիմում է գլխավոր դատախազին` դատախազի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ.» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «2-րդ մասում լրացնել նոր` 6.1-ին կետ.

«6.1) դիմում է գլխավոր դատախազին` դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ.» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը եւ 33-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաեւ հաշվի առնելով «Դատախազության մասին» օրենքում կիրառվող ձեւակերպումները :

6. Նախագծի 7-րդ հոդվածի «Օրենքի 13-րդ հոդվածի`

1) 1-ին մասում 1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետ.

«1.1.) կատարում է» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում նոր` 1.1-ին կետ.

«1.1) կատարում է» ձեւակերպումով`հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը եւ 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

7. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «1. Քննչական կոմիտեում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի) կամ պահեստազորի սպա է.» :

Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաեւ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ այդ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ մինչեւ 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած եւ պահեստազորում հաշվառված անձինք »:

Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը շաադրվում է նոր խմբագրությամբ.

«2. Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաեւ օրենքով նախատեսված կարգով ու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք » :

Այսպիսով` Նախագծով կատարվող փոփոխության արդյունքում քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաեւ Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանող անձինք, եթե օրենքով նախատեսված կարգով ու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են, միեւնույն ժամանակ մինչեւ 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած եւ պահեստազորում հաշվառված անձանց համար Քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելու հնարավորությունը վերացվում է: Սակայն, Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում շարունակում է գործել հետեւյալ կարգավորումը.

«4. Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը ներկայացնում է`

(...)

4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է).» :

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասով կատարվող փոփոխությունը:

8. Նախագծի 11-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով Օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերը շարադրվում են նոր խմբագրությամբ,այն է`

«7. Հայտատուները հանձնում են գրավոր քննություն, որից դրական գնահատական ստանալուց հետո նաեւ բանավոր քննություն:

Գրավոր եւ բանավոր քննություններից դրական գնահատական ստացած անձինք լրացնում են հարցաթերթիկ:

Գրավոր եւ բանավոր քննությունների անցկացման կարգը, հարցաթերթիկում ներառվող հարցերի շրջանակը եւ լրացման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

Դրական գնահատական ստացած հայտատուներն ընդգրկվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում` որակավորման հանձնաժողովի որոշմամբ :

8. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն 3 տարի ժամկետով ընդգրկվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում: Թեկնածությունների ցուցակում ընդգրկված ժամանակահատվածում անձը երկու անգամ ինքնավար պաշտոն զբաղեցնելու առաջւարկ ստանալու եւ դրանից հրաժարվելու դեպքում հանվում է թեկնածությունների ցուցակից:

Թեկնածությունների ցուցակում ընդգրկված ժամանակահատվածի ավարտին քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու առաջարկ չստանալու դեպքում, անձը կարող է դիմել որակավորման հանձնաժողովին իր գործնական եւ տեսական ունակությունները ստուգելու համար: Դրական եզրակացություն ստանալու դեպքում անձը եւս 3 տարի ժամկետով շարունակում է ընդգրկված մնալ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում»:

Նախագծով կատարվող փոփոխությունների արդյունքում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ներառվելու համար հայտատուները պետք է հանձնեն գրավոր քննություն, որից դրական գնահատական ստանալուց հետո նաեւ բանավոր քննություն:Դրական գնահատական ստացած անձինք պետք է լրացնեն նաեւ համապատասխան հարցաթերթիկը, որից հետո միայն կարող են ընդգրկվել քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում` որակավորման հանձնաժողովի որոշմամբ: Հարկ է նկատել, որ Նախագծով կատարվող փոփոխության արդյունքում նախատեսվում է հետեւյալ ձեւակերպումը «Դրական գնահատական ստացած հայտատուներն ընդգրկվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում` որակավորման հանձնաժողովի որոշմամբ », որից միանշանակ չի ընկալվում արդյոք գրավոր եւ բանավոր քննություններից դրական գնահատական ստացած անձինք, ովքեր լրացրել են հարցաթերթիկը որակավորման հանձնաժողովի որոշմամբ ընդգրկվում են ցուցակում, թե որակավորման հանձնաժողովի կողմից պետք է գնահատման ենթարկվի թեկնածությունը եւ հարցաթերթիկի պատասխանները, որի արդյունքում միայն դրական գնահատական ստացած հայտատուները որակավորման հանձնաժողովի որոշմամբ ընդգրկվում են համապատասխան ցուցակում:

Կարգավորումների ոչ միանշանակ ընկալումը պայմանավորված է նաեւ Նախագծի 11-րդ հոդվածի 6-րդ մասով Օրենքի 18-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ մասում առկա ձեւակերպումով. «Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն 3 տարի ժամկետով ընդգրկվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում»:

Հիմք ընդունելով վերագրյալը` առաջարկում ենք որոշակիացնել եւ հստակեցնել Նախագծի 11-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով Օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերի կարգավորումները:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Օրենքի 18-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` «Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիր են անցնում եւ հանձնում որակավորման քննություն: Ուսումնառությունը չանցած անձը հանվում է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակից՝ որակավորման հանձնաժողովի որոշմամբ» :

Կարծում ենք, անհրաժեշտ է քննարկել նաեւ արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիր անցնելու եւ որակավորման քննություն հանձնելու ժամանակահատվածի` քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում 3 տարի ժամկետով ընդգրկված լինելու ժամանակահատվածի մեջ չներառելու անհրաժեշտությունը:

9. Նախագծի 15-րդ հոդված 3-րդ մասի «5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մաս.

«5.1 Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ կոչումների:».» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել«5-րդ մասից հետո լրացնել նոր` 5.1-ին մաս.

«5.1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք վարչապետի կողմից կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ կոչումների:»» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը եւ 33-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաեւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումները:

10. Նախագծի 17-րդ հոդվածով Օրենքի 30-րդ հոդվածում լրացվում են նոր՝ 2.1-ին եւ 2.2-րդ մասեր` «2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառվում են միայն ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

2.2. Մինչեւ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժ նշանակելը, կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինց : Եթե բացատրությունում կարգապահական խախտում թույլ տված քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չի ընդունում կատարված մեջ իր մեղավորությունը, ապա անցկացվում է ծառայողական քննություն »:

Վերոնշյալ կարգավորումների վերաբերյալ նշենք հետեւյալը.

10.1. Նախագծի 17-րդ հոդվածով Օրենքի 30-րդ հոդվածում լրացվող 2.1-ին մասի անհրաժեշտությունը, կարծում ենք, բացակայում է հետեւյալ հիմնավորմամբ.

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1.Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով` քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել հետեւյալ կարգապահական տույժերը.

1) զգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.

6) պաշտոնից ազատում»:

Օրենքի 31-րդ հոդվածում սահմանված է քննչական կոմիտեի ծառայողին կարգապահական տույժի ենթարկելու կարգը: Մասնավորապես, Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Կարգապահական խախտման փաստի առթիվ քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ ` քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որեւէ անդամի միջնորդությամբ» :

Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում սահմանված են կարգապահական վարույթի հարուցման ժամկետը եւ կարգապահական վարույթի տեւողությունը` «4. Կարգապահական վարույթը հարուցվում է կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այն կատարելու օրվանից 12 ամիս հետո :

5. Կարգապահական վարույթի տեւողությունը չի կարող գերազանցել 3 շաբաթը, բացառությամբ քննչական կոմիտեի ծառայողի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տեւողությունը կարող է երկարաձգվել քննչական կոմիտեի ծառայողի բացակայության ժամանակահատվածով»:

Հարկ է նկատել, որ Օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերը սահմանում են, որ «7. Սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում կարգապահական տույժը նշանակվում է կարգապահական վարույթի ավարտից հետո ` եռօրյա ժամկետում:

8. Սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված դեպքերում կարգապահական վարույթի ավարտից հետո ` մեկշաբաթյա ժամկետում, քննչական կոմիտեի նախագահը հարցը ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի քննարկմանը »:

Վերոնշյալ իրավական դրույթների համապարփակ վերլուծությունից բխում է, որ կարգապահական խախտում հայտնաբերվելուց հետո հարուցվում է կարգապահական վարույթ, իսկ կարգապահական տույժ ցանկացած դեպքում նշանակվում է կարգապահական վարույթի ավարտից հետո: Հետեւաբար, կարծում ենք, Նախագծի 17-րդ հոդվածով Օրենքի 30-րդ հոդվածում կատարվող 2.1-ին լրացման անհրաժեշտությունը բացակայում է:

10.2. Նախագծի 17-րդ հոդվածով Օրենքի 30-րդ հոդվածում լրացվող 2.2-րդ մասով նախատեսված կարգավորում, կարծում ենք, խնդրահուրույց է, հետեւյալ հիմնավորմամբ.

Նախ` Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «3. Քննչական կոմիտեի ծառայողն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ» : Այսպիսով` կարգապահական վարույթի վերաբերյալ բացատրություն տալը քննչական կոմիտեի ծառայողի իրավունքն է, ինչը ենթադրում է, որ քննչական կոմիտեի ծառայող կարող է նաեւ բացատրություն չտալ:

Մինչդեռ, Նախագծի 17-րդ հոդվածով Օրենքի 30-րդ հոդվածում լրացվող 2.2-րդ մասում նախատեսված կարգավորմամբ սահմանվում է, որ կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը պետք է կարգապահական խախտմաման վերաբերյալ գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինց:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 17-րդ հոդվածով Օրենքի 30-րդ հոդվածում լրացվող 2.2-րդ մասի համարը տեքստից բաժանել միջակետով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

11. Նախագծի 18-րդ հոդվածով Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվում է նոր խմբագրությամբ.

«1.Սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն, որի փուլերն են` նախնական ուսումնասիրություն եւ կարգապահական վարույթ :

Կարգապահական խախտման փաստի առթիվ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որեւէ անդամի միջնորդությամբ»

Նախագծի 18-րդ հոդվածով Օրենքի 31-րդ հոդվածում լրացվում է նոր` 1.1-ին մաս.

«1.1. Քննչական կոմիտեում ծառայողական քննություն անցկացնելու նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը» :

Նախագծի 18-րդ հոդվածով կատարվող փոփոխության եւ լրացման արդյունքում նախատեսվող կարգավորումներից կարող ենք եզրակացնել, որ նախատեսվում է նոր հասկացություն` « ծառայողական քննություն», որը ներառում էնախնական ուսումնասիրության եւ կարգապահական վարույթի փուլերը: Կարգապահական վարույթ հարուցելու անհրաժեշտությունը բացահայտելու համար նախատեսվում է նախնական ուսումնասիրություն կատարելու հնարավորությունը, որի կատարելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը: Այսպիսով` Նախագծի 18-րդ հոդվածով Օրենքի 31-րդ հոդվածում լրացվող նոր` 1.1-ին մասում, կարծում ենք, պետք է կիրառել «կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծմաննպատակով նախնական ուսումնասիրություն» ձեւակերպումը` «ծառայողական քննություն անցկացնելու նպատակով նախնական ուսումնասիրություն» ձեւակերպման փոխարեն:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 18-րդ հոդվածով Օրենքի 31-րդ հոդվածում լրացվող1.1-ին մասի համարը տեքստից բաժանել միջակետով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

12. Նախագծի 19-րդ հոդվածով Օրենքի 32-րդ հոդվածում լրացվում է նոր` 5-րդ մաս.

«5.Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա պաշտոնը ժամանակավորապես զբաղեցվում է սույն օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերի համաձայն, իսկ դրա անհնարինության դեպքում սույն օրենքով սահմանված հիմքերով քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող անձանց կողմից, մինչեւ համապատասխան հիմքի վերացումը:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի վերաբերյալ արդարացման որոշման օրինական ուժի մեջ մտնելու դեպքում անձը նշանակվում է իր նախկին պաշտոնում , իսկ դրա անհնարինության կամ համաձայնություն չտալու դեպքում անձին առաջարկվում է այլ հավասարազոր պաշտոն: Եթե նա գրավոր հրաժարվում է հավասարազոր պաշտոնում նշանակվելուց, ապա սույն օրենքի 22.1-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցվում է կադրերի ռեզերվում:

Պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրած անձը, եթե հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց` ընդգրկվում է կադրերի ռեզերվում »:

Օրենքի քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցնելուն վերաբերող 32-րդ հոդվածի համաձայն` «1. Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցվում են`

1) քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում մինչեւ համապատասխան վերջնական որոշման ընդունումը.

2) քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում, եթե նրան վերագրվում է այնպիսի խախտում, որը, սույն օրենքի համաձայն, կարող է պաշտոնից ազատման հիմք հանդիսանալ` մինչեւ տվյալ հիմքով հարուցված կարգապահական վարույթով վերջնական որոշման ընդունումը:

2. Քննչական կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալների լիազորությունները կասեցնում է նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող մարմինը:

3. Քննչական կոմիտեի մյուս ծառայողների լիազորությունները կասեցնում է քննչական կոմիտեի նախագահը:

4. Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է» :

Կարծում ենք, Նախագծի 19-րդ հոդվածով Օրենքի 32-րդ հոդվածում լրացվող նոր` 5-րդ մասն ունի խմբագրման կարիք` հիմք ընդունելով հետեւյալը.

Օրենքի 32-րդ հոդվածով նախատեսվում է քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունների կասեցում, ինչը չի ենթադրում պաշտոնից ազատում, քանի որ լիազորությունների կասեցման վերացում կարող է տեղի ունենալ 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքերում վերջնական որոշման ընդունման արդյունքում քննչական կոմիտեի ծառայողի մեղավորության բացակայության հաստատման դեպքում, ուստի չեն կարող կիրառելի լինել«պաշտոնը ժամանակավորապես զբաղեցվում է », «անձը նշանակվում է իր նախկին պաշտոնում » ձեւակերպումները:

Հարկ է նկատել նաեւ, որ «անձը նշանակվում է իր նախկին պաշտոնում , իսկ դրա անհնարինության կամ համաձայնություն չտալու դեպքում անձին առաջարկվում է այլ հավասարազոր պաշտոն: Եթե նա գրավոր հրաժարվում է հավասարազոր պաշտոնում նշանակվելուց, ապա սույն օրենքի 22.1-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցվում է կադրերի ռեզերվում» եւ «Պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրած անձը, եթե հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց` ընդգրկվում է կադրերի ռեզերվում » կարգավորումների նման ձեւակերպումների պարագայում քննարկվող իրավական դրույթները պարունակում են անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից խնդրահարույց կարագավորումներ:

13. Նախագծի 21-րդ հոդվածով Օրենքի 35-րդ հոդվածում լրացվում են նոր 2.1-ին եւ 2.2-րդ մասեր.

«2.1 Որակավորման հանձնաժողովի կողմից` յուրաքանչյուր մեկ տարի վեց ամիս հաճախականությամբ ստուգվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գործնական եւ տեսական ունակությունները, որն անցկացնելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահ:

2.2 Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված ստուգման արդյունքները հիմք են հանդիսանում արտահերթ ատեստավորման համար»:

Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Ատեստավորման ենթակա չեն՝

1) քննչական կոմիտեի նախագահը եւ նրա տեղակալները.

2) քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների, վարչությունների պետերը, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալները, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետերը, Երեւան քաղաքի քննչական վարչության պետը, մարզային քննչական վարչության պետերը.

3) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քննչական կոմիտեի ծառայողները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել»:

Կարծում ենք, նպատակահարմար է Օրենքում նախատեսել նաեւ կարգավորում ըստ որի` ստուգման ենթակա կլինեն միայն ատեստավորման ենթակա` քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գործնական եւ տեսական ունակությունները:

14. Նախագծի 23-րդ հոդվածով Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» բառերը փոխարինվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» բառերով: Հարկ է նկատել, որ 2018 թվականի մարտի 7-ին ընդունված ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի վերնագիրը շարադրվել նոր խմբագրությամբ. «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»: Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» բառերը փոխարինել «Պաշտոնատար անձանց գործունեությանապահովման սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» բառերով:

15. Նախագծի 24-րդ հոդվածով Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում «ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղմամբ» բառերը փոխարինվում են «աշխատանքի նշանակմամբ կամ գործուղմամբ» բառերով:

Հարկ է նկատել, որ Օրենքի՝ քննչական կոմիտեի ծառայողին գործուղելուն վերաբերող 34-րդ հոդվածում կիրառվում են այլ եզրույթներ, մասնավորապես` «1. Քննչական կոմիտեի ծառայողը, առանց իր համաձայնության, իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու պայմանով կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով գործուղվել քննչական կոմիտեի կենտրոնական կամ տարածքային ստորաբաժանում այլ ծառայության ` վերջինիս կազմում քննչական կոմիտեի ծառայողի ժամանակավոր բացակայության, ծանրաբեռնվածության կամ թափուր հաստիքների պատճառով:

2. Քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության փոխադրելը կատարվում է քննչական կոմիտեի նախագահի հրամանով: Քննչական կոմիտեի ծառայողի գրավոր համաձայնությամբ գործուղումը կարող է երկարաձգվել:

3. Քննչական կոմիտեի գործուղված ծառայողի աշխատավարձը չի կարող լինել ավելի պակաս, քան իր պաշտոնում ստացածը:

4. Քննչական կոմիտեի ծառայողը գործուղման ավարտից հետո` երկու տարվա ընթացքում, կրկին առանց իր համաձայնության չի կարող գործուղվել»:

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք Նախագծով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել նույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

16. Նախագծի 26-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

Միաժամանակ, առաջարկում ենք Նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսել նաեւ

Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 31-րդ հոդվածում լրացվող նոր` 1.1-ին մասով նախատեսվող նախնական ուսումնասիրություն կատարելու կարգի` քննչական կոմիտեի նախագահի կողմից սահմանելու ժամկետը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին, ինչպես նաեւ «Դատախազության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

02.06.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

02 .0 6 .2020թ.