ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-605-07.05.2020-ՊԻ-011/0), ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-6051 -07.05.2020-ՊԻ-011/0) եւ ««Համայնքային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-6052 -07.05.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանի եւ Գեւորգ Պետրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Համայնքային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 49-րդ հոդվածում լրացնել նոր՝ 4-րդ մաս.

«Պարտադիր ժամկետային զինծառայողների «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պարտադիր զինվորական ծառայությանժամանակաշրջանը սույն օրենքի իմաստով հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ՝ պետական ծառայության, քաղաքացիական ծառայության կամ համայնքայինծառայության պաշտոն զբաղեցնելու համար»:

Նախատեսվող լրացման կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված է.

«1. Հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը եւ հանրային պաշտոնները:

2. Պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը:

3. Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը , դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության) , ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը:

(…):»

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված է.

«1. Զինվորական ծառայության տեսակներն են`

1) ժամկետային.

2) պահեստազորային.

3) զորահավաքային:

2. Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայություններից:

3. Պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման հիմնական ձեւն է: Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում եւ այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունը: Օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող ընդունվել հանրային ծառայության:

4. Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է`

1) շարքային կազմի համար` 24 ամիս, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց համար` 3 տարի.

2) պահեստազորի սպայական կազմի համար` 24 ամիս.

3) պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված անձանց համար` ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետով, որը ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորողների մասով ներառում է նաեւ ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը (…):»

Հարկ է նկատել, որպարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված անձանց համար` ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետով , որը ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորողների մասով ներառում է նաեւ ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներն ուսումնառության ընթացքում համարվում են ժամկետային պարտադիր զինծառայողներ, եւ նրանց վրա տարածվում են ժամկետային պարտադիր զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:

Այսպիսով՝ Նախագծերի փաթեթով կատարվող լրացումների արդյունքում որպես հանրային ծառայության ստաժ կարող է հաշվարկվել նաեւ պարտադիր զինվորական ծառայության ժամանակաշրջանի մեջ ներառվող ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը , որը ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորողների մասով ներառում է նաեւ ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը, ինչը ռազմաուսումնական հաստատություներում ուսումնառություն անցած անձանց հնարավորություն կտա ունենալու 24 ամիս ժամկետից ավելի ժամկետով հանրային ծառայության ստաժ: Քանի որ հանրային ծառայության նախատեսվող ստաժը բավարար է համարվելու պետական ծառայության եւ համայնքնային ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնելու համար, կարծում ենք, նպատակահարմար է դիտարկել նաեւ տարիների առավելագույն քանակը, որը թույլատրելի կլինի հաշվարկելու որպես հանրային ծառայության ստաժ: Նշվածը հիմնավորվում է նաեւ պետական ծառայության եւ համայնքնային ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնելու համար պահանջվող ստաժի առանձնահատկություններով, այն է՝ ապահովել համապատասխան պաշտոնը զբաղ ե ցնող անձի մոտ՝ գործառույթները պատշաճ իրականցնելու նպատակով կոնկրետ փորձառության առկայությունը:

Միեւնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ հանրային ծառայությունն ընդգրկում է պետական ծառայությունը, որում ներառված է նաեւ քաղաքացիական ծառայությունը, համայնքային ծառայությունը եւ հանրային պաշտոնները: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող նոր պարբերությունից պետական ծառայության, «քաղաքացիական ծառայության » բառերը հանել:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացումն առաջարկում ենք կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասից հետո՝ հաշվի առնելով նշված հոդվածի բովանդակությունը:

3. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել հոդվածի մասի համարակալումը՝ հաշվի առնելով, որ նշված հոդվածը բաղկացած է մեկ մասից: Սույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Համայնքային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածների որպես մաս համարակալմանը:

4. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել (այսուհետ՝ Օրենք) բառերը՝ հաշվի առնելով, որ Նախագծում Օ րենքին այլեւս անդրադարձ չի կատարվում: Սույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Համայնքային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածներում նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերին:

5. Նախագծի 1-ին հոդվածում «հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «հոդվածում լրացնել նոր՝ 4-րդ մաս» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք նման ձեւակերպմամբ փոխարինել նաեւ ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Համայնքային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածների համապատասխան ձեւակերպումները:

6. Նախագծի 2-րդ հոդվածում «Օրենքն» բառն առաջարկում ենք նշել փոքրատառով՝ հաշվի առնելով, որ ուժի մեջ մտնելու դրույթը վերաբերում է Նախագծին: Սույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Համայնքային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի 2-րդ հոդվածներում նշված «Օրենքն» բառին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248), (118)

01.06.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248), (118)

01.06.2020թ.