ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ՝ Խ-592-28.04.2020-ԳԿ-011/0 ) վերաբերյալ



Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
««Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից հարկ ենք համարում նշել հետեւյալը.

1. Նախագծով նախատեսվում է «Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասում լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ՝«Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում վճարովի հիմունքներով սովորողների ուսման վարձի վճարումը հետաձգվում է մինչեւ արտակարգ դրության ավարտին հաջորդող չորրորդ ամսվա առաջին աշխատանքային օրը, եթե սովորողը գրավոր դիմում է ներկայացնում ուսման վարձի տարաժամկետման վերաբերյալ» : Այս կապակցությամբ նշենք հետեւյալը.

1.1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածում սահմանվում է արտակարգ իրավիճակի հասկացությունը, որի համաձայն` «արտակարգ իրավիճակ` որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երեւույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետեւանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման»: Արտակարգ իրավիճակի օրենսդրական հասկացության վերլուծությունից հետեւում է, որ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրությունը ոչ միշտ կարող է հանգեցնել ֆինանասական դժվարությունների, հետեւաբար նաեւ ուսման վարձավճարը տարաժամկետելու անհրաժեշտության (օրինակ՝ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության): Ուստի, կարծում ենք , արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության հետեւանքով ուսման վարձավճարը տարաժամկետելը ոչ միշտ կարող է լինել արդարացված: Հարկ է նկատել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշվում է հետեւյալը. «Արտակարգ դրության եւ դրանով պայմանավորված մի շարք սահմանափակումների պատճառով բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողները հայտնվել են այնպիսի իրավիճակում, երբ իրականացվող սահմանափակումների առկայության հիմքով վերջիններս եւ կամ իրենց ծնողները չեն աշխատում: Նման պայմաններում դժվարանում է բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակը, առաջնային է դառնում առաջին անհրաժեշտության մթերքների ու այլ իրերի ձեռբերումը: Այս դեպքերում սովորողները չեն կարող ստանալ այնպիսի եկամուտներ, որոնք բավարար լինեն ուսման վարձը վճարելու համար» :

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք լրացվող իրավադրույթում նախատեսել հստակի եւ որոշակի այնպիսի հիմքեր, որոնք ինքնին ունակ կլինեն ստեղծելու ուսման վարձը վճարելու դժվարությունների առաջացման հնարավորություն:

1.2. Նախագծով ն ախատեսված իրավակարգավորմամբ սահմանված է արտակարգ դրության ավարտից հետո ուսման վարձի վճարման չորսամսյա ժամկետով տարաժամկետում : Հարկ է նկատել, որ ո՛չ առաջարկվող իրավակարգավորումից, եւ ո՛չ էլ Նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ ՝ ուսման վարձի վճարումն հետաձգելու համար նշված ժամկե տի սահմանումն ինչ սկզբունքի կամ չափանիշի հիման վրա է ընտր ված: Հատկանշական է, որ «Կրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակում եւ երաշխավորում է կրթության բնագավառի առաջանցիկ զարգացումը` որպես պետականության ամրապնդման կարեւորագույն գործոն: Նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ պետությունը կրթության իրավունքն ապահովում է կրթության համակարգի բնականոն գործառնությամբ եւ կրթություն ստանալու համար սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծմամբ: Այսպիսով, ելնելով վերոգրյալից , կարելի է նկատել, որ նախատեսված իրավակարգավորմամբ սահմանված ժամկետով ուսման վարձի վճարման տեւական հետաձգումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի բնականոն գործունեության վրա:

1.3. Նախագծով ուսման վարձի վճարման հետաձգման հնարավորությունը նախատեսված է միայն բարձրագույն ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորող ուսանողների համար: Կարծում ենք, որ նման կարգավորումը կարող է հանգեցնել խտրականության դրսեւորման նախնական մասնագիտական ( արհեստագործական ) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորող ուսանողների հանդեպ: Այսպես, «Նախնական մասնագիտական ( արհեստագործական ) եւ միջին մասնագիտականկրթության մասին » օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական կրթական հաստատություններում ընդունելությունը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, առնվազն հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով՝ ըստ լիազոր մարմնի կողմից ուսումնական հաստատություններին հատկացված անվճար եւ վճարովի տեղերի, մրցութային հիմունքներով (...)»: Այսինքն, նախնական մասնագիտական ( արհեստագործական ) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում եւս ուսումնառությունն իրականացվում է նաեւ վճարովի հիմունքներով :

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք ուսման վարձի վճարման հետաձգման հնարավորություն տրամադրել նաեւ նախնական մասնագիտական ( արհեստագործական ) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենքի անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին՝ նշելով օրենքի վերնագիրը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «շարադրել» բառը փոխարինել «լրացնել» բառով` հիմք ընդունելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենքնշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:Միաժամանակ առաջարկում ենք ապահովել Նախագծի համապատասխանությունը Նախագծին կից ներկայացված հիմնավորմանը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Մ. Վասիլյան ( հեռ.՝011-513-616 ) , ( 108 )

19.05.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Մ. Վասիլյան ( հեռ.՝011-513-616 ) , ( 108 )

19.05.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Խ-592-28.04.2020-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի հեղինակի կարծիքով, արտակարգ դրության եւ դրանով պայմանավորված մի շարք սահմանափակումների պատճառով բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողները հայտնվել են այնպիսի իրավիճակում, երբ իրականացվող սահմանափակումների առկայության հիմքով վերջիններս եւ կամ իրենց ծնողները չեն աշխատում: Նման պայմաններում դժվարանում է բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակը, առաջնային է դառնում առաջին անհրաժեշտության մթերքների ու այլ իրերի ձեռբերումը: Այս դեպքերում սովորողները չեն կարող ստանալ այնպիսի եկամուտներ, որոնք բավարար լինեն ուսման վարձը վճարելու համար:

«Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահության կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում սովորողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր` ընդհուպ Բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելը` ներքին ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով:

Արգելվում է սովորողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ընթացքում:»:

Նույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն. «1. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) եւ վերականգնման կարգի հաստատումը»:

Հղում կատարելով վերոնշյալ իրավական ակտին` ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 17 նոյեմբերի 2011 թ N 1242-Ն հրամանին, մասնավորապես` դրա Հավելվածի 3-րդ հոդվածի 3-րդ մասին, պարզ է դառնում, որ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունից ուսանողը հեռացվում է հաստատության կողմից սահմանված ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում», մինչդեռ արտակարգ դրության պայմաններում սահմանված ժամկետում ուսման վարձավճարը չվճարելը պայմանավորված է արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքները վերացնելուն ուղղված սահմանափակումների առկայությամբ:

Սույն Նախագիծը ուղղված է նման դեպքերը կանխարգելելուն եւ դրա ընդունմամբ ակնկալվում է, որ ուսանողը պարտավոր է գրավոր դիմել իր ուսումնական հաստատությանը այս արտոնությունից օգտվելու համար, իսկ ուսման վարձի չվճարված մասը կամ այն ամբողջությամբ պետք է վճարված լինի արտակարգ դրության ավարտին հաջորդող չորրորդ ամսվա առաջին աշխատանքային օրը:


Փորձաքննության
արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.` 011 513- 273)

04. 0 5.20 20 թ .




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»(փաստաթղթային կոդ` Խ-592-28.04.2020-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից
ներկայացված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված մի շարք սահմանափակումների պատճառով բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողները եւ նրանց ծնողները չեն աշխատում: Նման պայմաններում դժվարանում է բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ սովորողները չեն կարող ստանալ այնպիսի եկամուտներ, որոնք բավարար լինեն ուսման վարձը վճարելու համար:

Նախագծով առաջարկվում է արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում բարձրագույն ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորողների ուսման վարձի վճարումըհետաձգել մինչեւ արտակարգ դրության ավարտին հաջորդող չորրորդ ամսվա առաջին աշխատանքային օրը, եթե սովորողը ուսման վարձի տարաժամկետման վերաբերյալ դիմել է իր ուսումնական հաստատությանը:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ և 26-րդ կետերի պահանջներին:

2. Նախագիծը պարունակում է սոցիալական եւ կրթական հիմնախնդիրներ:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասում շարադրել նոր՝ 7-րդ պարբերութուն, այն է՝ «Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում վճարովի հիմունքներով սովորողներիուսման վարձի վճարումը հետաձգվում է մինչեւ արտակարգ դրության ավարտին հաջորդող չորրորդ ամսվա առաջին աշխատանքային օրը, եթե սովորողըգրավոր դիմում է ներկայացնում ուսման վարձի տարաժամկետման վերաբերյալ» :

Նախագծի հեղինակները հիմնավորման մեջ հղում են կատարել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքին եւ ՀՀ կրթութան եւ գիտութան նախարարի 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանի Հավելվածին, որի համաձայն Հայաստանի Հանրապետութան բարձրագույն ուսումնական հաստատությունից ուսանողը հեռացվում է հաստատության կողմից սահմանված ժամկետում ուսման վարձը չվճարելու դեպքում:

Հիմք ընդունելով Նախագծին կից ներկայացված հիմնավորումը, կարող ենք եզրակացնել, որ արտակարգ դրության ժամանակ, բուհի կողմից սահմանված ժամկետում ուսման վարձը չվճարելու դեպքում, բարձրագույն ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով սովորողին կտրվի արտոնություն՝ ուսման վարձի տարաժամկետում: Այսինքն, առաջարկվում է օրենքով ամրագրել բացառություն, որի պարագայում կհետաձգվի ուսման վարձի վճարումը՝ սովորողի կողմից գրավոր դիմում ներկայացնելու դեպքում:

Նախագծով առաջարկվող լրացման հետ կապված, հարկ ենք համարում նշել, որ «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն «Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, իսկ հիմնական կրթության հիմքով նախնական մասնագիտական ( արհեստագործական ) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառելու դեպքում անվճար եւ վճարովի կրթությունը կազմակերպվում է մրցութա յ ին հիմունքներով »:

«Նախնական մասնագիտական ( արհեստագործական ) եւ միջին մասնագիտականկրթության մասին » օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական կրթական հաստատություններում ընդունելությունը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, առնվազն հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով՝ ըստ լիազոր մարմնի կողմից ուսումնական հաստատություններին հատկացված անվճար եւ վճարովի տեղերի, մրցութային հիմունքներով»:

Վերոգրյալից հետեւում է, որ նախնական մասնագիտական ( արհեստագործական ) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառությունը իրականացվում է նաեւ վճարովի հիմունքներով , ինչպես եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

ՀՀ կառավարութան 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն որոշման Հավելված N 2-ի 61-րդ կետի համաձան՝ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության ուսանողը պարտավոր է սահմանված կարգով վճարել ուսման վարձը:

ՀՀ կրթութան եւ գիտութան նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանի Հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ ուսման վճարը չվճարելու հիմքով հեռացված անձը ազատման/հեռացման հրամանի օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսանողական իրավունքի վերականգման դիմում ներկայացնելու եւ վարձավճարը վճարելու դեպքում կարող է շարունակել իր ուսումնառությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ օրերը համընկնում են կիսամյակային քննաշրջանի հետ:

Նախագծով առաջարկվող մոտեցմամբ, որոշակի խտրական պայմաններ կստեղծվեն բարձրագույն ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորողի եւ նախնական մասնագիտական ( արհեստագործական ) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորողի միջեւ, քանի որ Նախագծով առաջարկվում է արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում ուսման վարձի տարաժամկետման հնարավորություն տալ միայն բարձրագույն ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորողին, ինչը, մեր կարծիքով, ընդունելի մոտեցում չէ:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «28-րդ հոդվածի 6-րդ մասում շարադրել նոր՝ 7-րդ պարբերութուն» բառերը փոխարինել «28-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել նոր՝ 7-րդ պարբերությամբ . » բառերով, նկատի ունենալով, որ նորմատիվ իրավական ակտում   լրացումները կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:


Եզրակացություն

Նախագծի ընդունմամբ որոշակի անհավասար պայմաններ կառաջանան բարձրագույն ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորողի եւ նախնական մասնագիտական ( արհեստագործական ) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորողի միջեւ:

Կարծում ենք, Նախագծով առաջարկվող լրացումը կհանգեցնի օրենքի առջեւ բոլորի հավասարության եւ խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքների խախտմանը, քանի որ տվյալ առաջարկությունը կարող է վերաբերել ընդհանրապես այն անձանց, ովքեր սովորում են վճարովի հիմունքներով:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող՝ Ս. Համբարձումյան(հեռ. 011-513-360)

14.05.2020թ.