ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-578-20.04.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»
օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ), որին որպես համահեղինակ միացել է Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին` նշելով հերթական համարը:

2. Նախագծի 1 -ին հոդվածում նշված «4-րդ մասը լրացնել նոր 28.1 կետով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «4-րդ մասում լրացնել նոր` 28.1-ին կետ» ձեւակերպումով՝ հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվում նոր` 28.1-ին կետ.

«28.1) քննության շահերից ելնելով` ընդունում է որոշում` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, արգելելու մասին` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին: «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց տեսակցությունը ձերբակալված եւ կալանավորված անձանց հետ կարող է պատճառաբանված որոշմամբ արգելվել, եթե այդ անձինք տվյալ քրեական գործով ներգրավված են որպես դատավարության մասնակից կամ վկա կամ կարող են ներգրավվել որպես վկա, կամ եթե քրեական վարույթ իրականացնելիս վարույթն իրականացնող մարմնին հայտնի են դարձել այնպիսի փաստական տվյալներ, կամ առկա է ողջամիտ կասկած, որ այդ տեսակցությունը կարող է խոչը նդոտել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ նախաքննության կատարմանը»:

Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 28-րդ կետը վերաբերում է քննիչի` քրեական գործով վարույթը կարճելուեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում ընդունելու լիազորությանը, ուստի, կարծում ենք, նպատակահարմար չէ Նախագծով կատարվող լրացումը Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 28-րդ կետից հետո կատարելը:

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող նոր` 28.1-ին կետով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը` «քննության շահերից ելնելով ` ընդունում է որոշում` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, արգելելու մասին` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին»:

Կարծում ենք «քննության շահերից ելնելով» ձեւակերպումն ունի հստակեցման եւ որոշակիացման կարիք: Մասնավորապես` Նախագծի 1-ին հոդվածով քննիչի լիազորությունների շարքում լրացվող նոր լիազորության իրականացման օրինականությունն ապահովելու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսել այն դեպքերը, հանգամանքները կամ չափանիշները, որոնց համապատասխան իրավիճակի առկայության դեպքում քննիչը կարող է կայացնել համապատասխան որոշումը` ունենալով համոզվածություն, որ դրա չկայացման պայմաններում քննության շահը կարող է տուժել:

5. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող նոր` 28.1-ին կետով նախատեսվում է, որ քննիչն ընդունում է ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունն օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, արգելելու մասին որոշում` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին :

Կարծում ենք, նպատակահարմար է նաեւ նշում կատարելը այն մասին, որ ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին ուղարկվում է համապատասխան որոշման պատճենը:

6. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող նոր` 28.1-ին կետի տեքստում կիրառված «Ձերբակալված եւ կալանավորված անձան պահելու մասին» օրենքի վերնագրում թույլ տրված վրիպակն առաջարկում ենք ուղղել, այն է` «անձանց» բառից հետո լրացնել «պահելու» բառը: Միաժամանակ առաջարկում ենք նշված օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

7. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող նոր` 28.1-ին կետի «քրեական վարույթ իրականացնելիս վարույթն իրականացնող մարմնին հայտնի են դարձել այնպիսի փաստական տվյալներ, կամ առկա է ողջամիտ կասկած, որ այդ տեսակցությունը կարող է խոչը նդոտել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ նախաքննության կատարմանը» ձեւակերպումն առաջարկում ենք հստակեցնել` հիմք ընդունելով հետեւյալ դիտարկումները.

7.1. Այսպիսով` քննիչը կարող էպատճառաբանված որոշմամբ արգելել տեսակցությունները, եթե հայտնի են դարձել այնպիսի փաստական տվյալներ, որ այդ տեսակցությունը կարող է խոչընդոտել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ նախաքննության կատարմանը կամ առկա է դրա վերաբերյալ ողջամիտ կասկած:

Հարկ է նկատել, որ որոշման կայացումը պետք է հիմնված լինի գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ որոշման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ: Կարծում ենք, որ վարույթն իրականացնող մարմնին փաստական տվյալներ հայտնի դառնալու իրավիճակը, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ տեսակցությունը կարող է խոչընդոտել գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը, բոլոր դեպքերում ենթադրում է ողջամիտ կասկածի առկայություն, ինչպես նաեւ ողջամիտ կասկածի առկայության համար բոլոր դեպքերում անհրաժեշտ է փաստական տվյալների առկայություն: Ուստի, կարծում ենք, «վարույթն իրականացնող մարմնին հայտնի են դարձել այնպիսի փաստական տվյալներ, կամ առկա է ողջամիտ կասկած, որ այդ տեսակցությունը կարող է խոչը նդոտել» ձեւակերպումն ունի խմբագրման կարիք` մասնավորապես` ձեւակերպման` փաստական տվյալների առկայության եւ ողջամիտ կասկածի առկայության պայմանները որպես առանձին պայմաններ կիրառելու հատվածը:

7.2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող նոր` 28.1-ին կետի «խոչը նդոտել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ նախաքննության կատարմանը» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «խոչընդոտել գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը եւ Օրենսգրքի համապատասխան ձեւակերպումները:

8. Նախագծի 2-րդ հոդվածով որպես օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ առաջարկում ենք նախատեսել հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` հիմք ընդունեով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը.

«1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից(…):

2. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով (…) սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը»:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների՝ միմյանց համապատասխանությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248), (118)

11.05.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248), (118)

  11.05.2020թ.