ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկ ային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-565-14.04.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկ
ային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը)համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) հերթական համարը նշելիս՝ «16»թիվը փոխարինել «165» թվով՝ հաշվի առնելով, որ Օրենսգրքի համարըՀՕ- 165-Ն է:
2. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի երկու հոդվածներում լրացումները կատարվում են Օրենսգրքի 19-րդ հոդվածում առաջարկում ենք լրացումները կատարել մեկ հոդվածի տարբեր մասերի տեսքով:
3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 19-րդ հոդվածում լրացնել նոր 7-րդ մաս՝ «Հայաստանի Հանրապետությունում համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության ողջ ընթացքում, բայց ոչ ավել քան երեք ամիս ժամկետով՝ հանրային սննդի, մանրածախ առեւտրի (բացառությամբ սննդամթերք եւ դեղորայք վաճառողներ), մետաղական հանքաքարի, երկաթի հանքաքարի, գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանման (բացառությամբ ոսկու հանքաքարի արդյունահանման) գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել հարկերի վճարման ժամկետի հետաձգում (հարկային արձակուրդ ): Արտոնությունները տրամադրվում են շահութահարկի կանխավճարի եւ ռոյալթիի կանխավճարի գծով»: Սույն դրույթի վերաբերյալ նշենք հետեւյալը՝
1) «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածում սահմանվում է արտակարգ իրավիճակի հասկացությունը, որի համաձայն` «արտակարգ իրավիճակ ` որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երեւույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետեւանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման»:
Նշված իրավադրույթից հետեւում է, որ արտակարգ իրավիճակ է համարվում ոչ միայն համաճարակը, այլ նաեւ մի շարք այլ իրավիճակներ, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, որոնք կարող են հիմք ծառայել արտակարգ դրության հայտարարման համար: Մասնավորապես, հասկանալի չէ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում Նախագծով առաջարկվող լրացմամբ հարկային արտոնության տրամադրումը միայն համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված: Մինչդեռ հնարավոր է այլ հիմքերով արտակարգ իրավիճակի պայմաններում արտակարգ դրության հայտարարում, որը եւս հանգեցնի իրավունքների եւ ազատությունների որոշակի սահմանափակումների: Ինչպես նշվում է Նախագծի հիմնավորմամբ` կորոնավիրուսի (համաճարակի) տարածումը դանդաղեցնելու եւ դրա դեմ պայքարելու նպատակով մարդու ազատ տեղաշարժի, հեռավար աշխատանքային գործունեության եւ առեւտրային գործունեության որոշ տեսակների դադերացման սահմանափակումների արդյունքում տնտեսության տարբեր ոլորտներ սկսեցին չգործել, եւ տնտեսվարողները, ինչպես նաեւ նրանց աշխատակիցները զրկվեցին եկամուտ ստանալուց: Սակայն հարկ է նշել, որ համաճարակից բացի, արտակարգ իրավիճակ համարվող այլ իրավիճակի հաստատման պայմաներում եւս կարող է հայտարարվել արտակարգ դրություն, եւ կիրառվեն այն նույն սահմանփակումները, որոնք նշվում են Նախագծի հիմնավորմամբ:
Նույն դիտարկումը վերաբերելի է Նախագծի 2-րդ հոդվածում սահմանված «համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի» ձեւակերպմանը:
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չէ «հարկային արձակուրդ» հասկացությունը, եւ այդ ինստիտուտի վերաբերյալ որեւէ կարգավորում առկա չէ: Ուստի, կարծում ենք, որ նպատակահարմար չէ առանց «հարկային արձակուրդ» հասկացության բացահայտման Նախագծով այդ հասկացության կիրառումը:
Միաժամանակ կարծում ենք, որլրացուցիչ հիմնավորման անհրաժեշտություն է առկա հարկերի վճարման ժամկետի հետաձգման համար ոչ ավելի, քան 3 ամիս եւ ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետների ընտրության համար:
3) Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ սահմանված է, որ նշված հարկային արտոնության կիրառելիության ոլորտներն ընտրելիս հիմք է ընդունվել Էկոնոմիկայի նախարարի 2013թվականի սեպտեմբերի 19-ի թիվ847-Ն հրամանը, մինչդեռ, հարկ է նկատել, որ նշված իրավական ակտի համարը 874-Ն է, որի 1-ին մասով հաստատված հավելվածի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչն ընդգրկում է ոլորտների շատ լայն շրջանակ, եւ հասկանալի չէ՝ ինչով է պայմանավորված հարկային արտոնություններ տրամադրելու համար Նախագծի 1-ին հոդվածով նշված ոլորտների ընտրությունը: Օրինակ հասկանալի չէ՝ ինչով է պայմանավորված Նախագծի 1-ինհոդվածով սահմանված հարկային արտոնությունից օգտվելու հնարավորություն չնախատեսելզբոսաշրջային գործակալությունների կամ ավիատոմսերի վաճառք իրականացնող ընկերությունների համար, որոնք եւս արտակարգ դրությանհետեւանքով տուժած ոլորտներից են:
4) Առաջարկում ենք «դեղորայք» բառը փոխարինել «դեղ» բառով՝ հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդված 1-ին եւ2-րդ մասերը:
5) Նախագծի 1 -ին հոդվածով կիրառվում է «ռոյալթի» հասկացությունը: Լրացվող դրույթի բովանդակությունից բխում է, որ այն սահմանված է որպեսմետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով բնօգտագործման վճարի տեսակ: Մինչդեռ Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1 -ին մասի 34-րդ կետով Օրենսգրքում կիրառվող հասկացությունների շրջանակում ռոյալթին սահմանված է որպես՝ «հարկ վճարողի մտավոր սեփականության եւ այլ ոչ գույքային իրավունքների օգտագործումից ստացված կամ ստացման ենթակա եկամուտ: (...) Ռոյալթիի հասկացությունը Օրենսգրքի 10-րդ բաժնում կիրառվում է Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իմաստով ու նշանակությամբ.»: Սույն դրույթից բխում է, որ ռոյալթիհասկացությունն այլ՝ 197-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իմաստով (այն է՝ որպես մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով բնօգտագործման վճարի տեսակ), կիրառվում է միայն Օրենսգրքի 10-րդ բաժնում: Ուստի, իրավական շփոթից խուսափելու համար, եւ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ լրացումը կատարվում է Օրենսգրքի 19-րդ հոդվածում՝ Օրենսգրքի 1 -ին բաժնում, առաջարկում ենք նշել, որռոյալթի հասկացությունը կիրառվում է Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իմաստով ու նշանակությամբ:
4. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսվող իրավական կարգավորումներն իրենց բնույթով իմպերատիվ նորմեր են, որոնք պարտադրում են համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության ընթացքում հարկային արտոնության պարտադիր տրամադրում: Կարծում ենք, համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության ընթացքում հարկային արտոնության պարտադիր տրամադրումը նպատակահարմար չէ հետեւյալ հիմնավորմամբ.
Նախ հարկ է նկատել, որ Օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում է` «1. Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետեւյալ տեսակները. 1) հարկից ազատում. 2) հարկման օբյեկտի նվազեցում. 3) հարկման բազայի նվազեցում. 4) հարկի դրույքաչափի նվազեցում. 5) հարկի նվազեցում. 6) հարկի վճարման ժամկետի հետաձգում. 7) Օրենսգրքի դրույթները խախտելու համար հաշվարկված` Օրենսգրքով սահմանված տույժերից եւ տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների հետաձգում»:
Բացի այդ, հնարավոր է համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարվի արտակարգ դրություն, սակայն կիրառվեն այնպիսի սահմանափակումներ, որոնք որեւէ կերպ ներգործություն չունենան Նախագծով նշված տնտեսվարող սուբյեկտների գործունեության իրականացման եւ եկամտի վրա: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածների «տրամադրել» բառը փոխարինել «կարող է տրամադրվել» բառերով:
5. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 8-րդ մասի 2-րդ կետում ուղղել վրիպակը` «սուբյեկտների» բառն փոխարինել «սուբյեկտներին» բառով:
6. Ապահովելով Օրենսգրքում տերմինների միատեսակ կիրառությունը` առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում նշված «շրջանառության հարկատեսակի» բառերը փոխարինել «շրջանառության հարկի» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը եւ Օրենսգրքի 6-րդ հոդվածը:
7. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում «հրապարակման օրվան հաջորդող օրը» բառերը փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:
Նախագծի վերաբերյալ այլ առաջահտություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումներիհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարային օրենսգրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ՝ Զ
Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-675), (108)

04.05.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին



Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ՝ Զ Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-675), (108)

04.05.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-565-14.04.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում ավելացնել դրույթներ, ըստ որոնց`
- ՀՀ-ում համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության ողջ ընթացքում, բայց ոչ ավել քան երեք ամիս ժամկետով՝ հանրային սննդի, մանրածախ առեւտրի (բացառությամբ սննդամթերք եւ դեղորայք վաճառողներ), մետաղական հանքաքարի, երկաթի հանքաքարի, գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանման (բացառությամբ ոսկու հանքաքարի արդյունահանման) գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել հարկերի վճարման ժամկետի հետաձգում (հարկային արձակուրդ): Արտոնությունները տրամադրվում են շահութահարկի կանխավճարի եւ ռոյալթիի կանխավճարի գծով,
- Հայաստանի Հանրապետությունում համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության ողջ ընթացքում, բայց ոչ ավել քան վեց ամիս ժամկետով տրամադրել հարկերի վճարման ժամկետի հետաձգում (հարկային արձակուրդ)՝ 1) հանրային սննդի տնտեսվարող սուբյեկտներին` շրջանառության հարկատեսակի գծով, 2) զբոսաշրջային գործակալությունների, զբոսաշրջային օպերատորների, տեղերի ամրագրման եւ զբոսաշրջության ոլորտի այլ ծառայությունների, հյուրանոցների եւ հյուրատների տնտեսվարող սուբյեկտների` շրջանառության հարկատեսակի գծով, 3) մշակույթի, զվարճությունների եւ հանգստի, վարսավիրանոցների եւ գեղեցկության սրահների այլ ծառայությունների գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին` շրջանառության հարկատեսակի գծով:
Այս առաջարկությունները պայմանավորված են այն հանգամանով, որ 2020 թվականին ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանափակվեց մարդու ազատ տեղաշարժը: Կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու եւ դրա դեմ պայքարելու նպատակով խրախուսվեց հնարավորինս մարդկային տեղաշարժի կասեցումը եւ սահմանափակումը, հեռավար աշխատանքային գործունեությունը եւ առեւտրային գործունեության որոշ տեսակների դադարեցումը: Սահմանափակումների արդյունքում տնտեսության տարբեր ոլորտներ սկսեցին չգործել, եւ տնտեսվարողները, ինչպես նաեւ իրենց աշխատակիցները զրկվեցին եկամուտ ստանալուց: Այս պայմաններում պետությունը տվյալ շահառուներին չտրամադրեց հարկային արտոնություններ:
Ուսումնասիրելով նմանատիպ իրավիճակներում հայտնված զարգացած եւ զարգացող երկրների փորձը, Նախագծի հեղինակները փաստում են, որ իրավիճակի հետեւանքով առավել տուժած որոլտներում գործունեություն իրականացող տնտեսվարողներին պետության կողմից տրամադրվել են հարկային արտոնություններ` մասնավորապես.
- Շվեդիայում տնտեսվարողներին առաջիկա տարում հարկերը չվճարելու արտոնություն է տրվել: Փորձագետները պնդում են, որ դրա արդյունքում պետական գանձարան մուտք չի լինի 27,5 միլիարդ եվրո, սակայն իշխանությունները գտնում են, որ տնտեսությունը կործանումից փրկելու փորձերն արժեն այդ ծախսերը:
- Ֆրանսիայում իրավաբանական անձանց ընձեռնվում է հարկերի վճարումը հետաձգելու հնարավորություն:
- Վրաստանում` պետությունը տրամադրում է հարկային արտոնություններ զբոսաշրջության ոլորտում: Այսպես, զգոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին, որոնց գործունեությունը կապված է հյուրանոցային եւ ռեստորանային ոլորտի, տուրիստական գործակալությունների, փոխադրող, էսքկուրսիաներ իրականացնող եւ այլ ընկերությունների հետ տրամադրվում է եկամտային հարկի (մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 1-ը) եւ գույքահարկի (4 ամիս ժամկետով) վճարումները հետաձգելու արտոնություններ: Հարկային արտոնությունները տարածվել են ներկայումս Վրաստանում գործող 18 հազար ընկերությունների վրա:
- Ռուսաստանի Դաշնության կառավարությունը եւ Կենտրոնական բանկը ներդրել են միջոցառումների աջակցության փաթեթ, որպեսզի կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված բնակչության եւ տնտեսության համար առկա բացասական հետեւանքները հասցվեն նվազագույնի:
Մասնավորապես, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օդային տրանսպորտը (ավիափոխադրող կազմակերպությունները) եւ զբոսաշրջությունն ամենից շատ են կրում առաջացած իրավիճակի բացասական հետեւանքները, ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել նշված ոլորտում գործող կազմակերպությունների մասով` հետաձգել հարկերի վճարումը: Հետագայում սա տարածվել է նաեւ տուժած այլ ոլորտների եւ ընկերությունների վրա: Օրինակ` Տուրիստական ընկերությունները մինչեւ տարեվերջ կազատվեն նաեւ «Տուրիստական աջակցություն» ասոցիացիայի պահուստային ֆոնդին եւ անձնական պատասխանատվության ֆոնդին վճարումներ կատարելուց եւ այլն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռեւս անհայտ է, թե կորոնավիրուսի հետեւանքով առաջացած սահմանափակումները երբ կվերացվեն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, առաջարկում ենք` Հայաստանի Հանարպետության հարկային օրենսգրքում կատարել լրացումներ` հարկերի վճարման ժամկետի հետաձգում (հարկային արձակուրդ)` տեսակի հարկային արտոնության տրամադրման միջոցով:
Առաջարկվող փոփոխության արդյունքում Նախագծի հեղինակն ակնկալում է, որ առաջարկվող լրացումները դրական ազդեցություն կունենան Հայաստանի Հանրապետությունում համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության հետեւանքով` Նախագծում նշված առավել տուժած ոլորտների ձեռնարկությունների գործունեության վերականգման եւ հետագա առողջացման գործընթացի վրա:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :
2. Հարկային արձակուրդների տրամադրման առումով ՀՀ հարկային օրենսգիրքն, ըստ էության, կարգավորումներ չի պարունակում, ուստի, կարծում ենք, հարկ կլինի առանձին գլխով սահմանել ոչ թե կոնկրետ 2020 թվականի համաճարակի հետ կապված դրույթներ, այլ ընդհանուր առմամբ արտակարգ իրավիճակներում եւ արտակարգ դրության պայմաննրում հարկային համակարգի գործունության առանձնահատկությունները եւ առանձին օրենքներով հնարավոր փոփոխությունների շրջանակը:
3. Նախագիծը, առաջարկվող կոնկրետ միջոցառումների առումով, փաստարկված հիմնավորման կարիք ունի (որպես հիմնավորում ներկայացվում է միայն արտասահմանյան երկրների փորձը), քանի որ անհայտ է մնում այդ միջոցառումների կիրառման արդյունքում ակնկալվող բյուջետային, ֆինանսական, տնտեսական եւ սոցիալական հետեւանքները եւ դրանց չափերը:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ
ե րյալ

Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:
1. Նախագծով առաջարկվող լրացումները, ակնհայտորեն, բխում են կոնկրետ նոր կորոնավիրուսի հետ կապված համաճարակի տարածման արդյունքում ձեւավորված իրավիճակից, սակայնհարկ է նկատել, որ ապագայում համաճարակային տարբեր իրավիճակներում կարող է այլ արտոնությունների կիրառման անհրաժեշտություն առաջանալ: Այսինքն, առաջարկվող լրացումները վերաբերելի են միայն ներկա ճգնաժամին, ուստի, կարծում ենք, շատ ավելի նպատակահարմար կլինի այս իրավակարգավորումները սահմանել առանձին օրնքով, այլ ոչ թե ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներիտեսքով:
2. Մեր կարծիքով, անհրաժեշտ է բավականին փաստարկված եւ հստակ հիմնավորել հարկային արձակուրդների տրամադրման համար նախատեսված ժամկետները (երեք ամիս եւ վեց ամիս), քանի որ դրանք այն ժամկետներն են, որոնց դեպքում այլ երկրնրի փորձը ոչ միայն կարող է «չաշխատել», այլեւ խաբուսիկ լինել, իսկ տրմադրված հարկային արձակուրդի ընթացքում այդ ժամկետների փոփոխությունը գրեթե անհնարին կլինի, կամ էլ` վնասակար:
3. Մեր կարծիքով, անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ, որ տարբեր կազմակերպություններ կարող են չցանկանալ օգտվել առաջարկվող հարկային արձակուրդներից, ուստի անհրաժեշտ է նախատեսել նաեւ այդ հնարավորությունը, այնինչ` առաջարկվող լրացումներն իմպերատիվ կերպով «պարտադրում են» կազմակերպություններին օգտվել այս արտոնություններից: Մեր կարծիքով, հարկային արձակուրդի ընձեռած հնարավորություններից օգտվելը պետք է սահմանել որպես հարկատուի հայեցողական իրավունք, սակայն քանի որ նման դեպքերը կարող են, այդուհանդերձ, քիչ լինել, առաջարկում ենք նախատեսել հարկային արձակուրդից օգտվելու` հարկատուի հրաժարվելու իրավունքը, նրա համապատասխան դիմումի հիման վրա:


Եզրակացություն

Նախագիծը մեկանգամյա արդյունք ակնկալող իրավակարգավորումների առաջարկ է, որոնց ընդունումը, նույնիսկ դրանց ընդունման առումով ամենալավատեսական սցենարով, հնարավոր է ուշացած լինի եւ չապահովի դրանով հետապնդվող խնդիրների լուծումը: Այս տեսանկյունից, Նախագծի ընդունման դեպքում, անհրաժեշտ է օրենքին հետադարձ ուժ տալու մասին դրույթներ լրացնել` ճգնաժամի սկզբից ծագած խնդիրները լուծելու նպատալով:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

23.04.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-565-14.04.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու եւ դրա դեմ պայքարելու նպատակով մարդկանց տեղաշարժի սահմանափակումը, հեռավար աշխատանքային գործունեությունը եւ առեւտրային գործունեության որոշ տեսակների դադարեցումը հանգեցրեց նրան, որ տնտեսության տարբեր ոլորտներ սկսեցին չգործել, եւ տնտեսվարողները զրկվեցին եկամուտ ստանալուց: Այս պայմաններում պետությունը տվյալ շահառուներին չտրամադրեց հարկային արտոնություններ:
Նախագծի հեղինակի կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել է նմանատիպ իրավիճակներում հայտնված մի շարք երկրների փորձը, որտեղ իրավիճակի հետեւանքով առավել տուժած որոլտներում գործունեություն իրականացող տնտեսվարողներին պետության կողմից տրամադրվում են հարկային արտոնություններ:
Նախագծում տնտեսական գործունեության ոլորտները (հանրային սնունդ, զբոսաշրջություն, մշակույթ) ներկայացված են համաձայն` ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013թ սեպտեմբերի 19-ի N 847-N հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի` տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների:
Հաշվի առնելով վերոգրյալը եւ այն հանգամանքը, որ դեռեւս անհայտ է, թե կորոնավիրուսի հետեւանքով առաջացած սահմանափակումները երբ կվերացվեն, Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանարպետության հարկային օրենսգրքում կատարել լրացումներ` հարկերի վճարման ժամկետի հետաձգման (հարկային արձակուրդ)`հարկային արտոնության տրամադրման միջոցով:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :
2. Նախագիծը սոցիալական , կրթական եւ առողջապահական հիմնախնդիրն ե ր չի պարունակում :


Դիտողություններ
եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկությունն ե ր չկան :


Եզրակացություն

Ներկայիս կորոնավիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրների համատեքստում, կարծում ենք, որ Նախագծով առաջարկվող լրացումները դրական ազդեցություն կունենան Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության հետեւանքով` առավել տուժած ոլորտների գործունեության վերականգման եւ հետագա առողջացման գործընթացի վրա:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

22.04.2020 թ .