ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-553-09.04.2020-ՏՏԳԲ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքումլրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի(փաստաթղթային կոդ` Պ-5531 -09.04.2020-ՏՏԳԲ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքումփոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-5532 -09.04.2020-ՏՏԳԲ-011/0), ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-5533 -09.04.2020-ՏՏԳԲ-011/0), ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-5534 -09.04.2020-ՏՏԳԲ-011/0), ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-5535 -09.04.2020-ՏՏԳԲ-011/0) եւ ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-5536 -09.04.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Լենա Նազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքումլրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքումփոփոխություն կատարելու մասին», ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագիծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:



Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) նախաբանում, ըստ էության,շարադրված են օրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը, իսկ նպատակը սահմանված է Նախագծի 3-րդ հոդվածում, մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը կարող է պարունակել նախաբան, որը սահմանում է իրավական ակտի ընդունման նպատակներն ու պատճառները : Նախաբանով չեն սահմանվում նորմատիվ դրույթներ »: Ուստի, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված նպատակը նախատեսել նախաբանում, իսկ կարգավորման առարկանեւ գործողության ոլորտը շարադրել առանձին հոդվածի տեսքով:

2. Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ գլուխների համարակալման մեջ արաբական թվանշանից հետո դրված միջակետերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասը:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 8-րդ կետերի շարադասությունը փոխել, քանզի նման ձեւակերպումիցստացվում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստանում են համապատասխան կառույցները կամ տարածքները:

4. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «կողմից վավերացված» բառերը հանել, քանզի Սահմանադրության եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի ուժով միջազգային պայմանագրերը ոչ միայն վավերացվում, այլեւ հաստատվում են:

5. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է, որ «կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում Հայսատանի Հանրապետության կառավարությունն ապահովում է (…) կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պետական քաղաքականության իրականացումը» եւ որպես լիազոր մարմին Նախագծի 1-ին հոդվածի 1-ինմասի 10-րդ կետով սահմանվում է տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարության կողմից լիազորված պետական մարմինը: Մինչդեռ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 6-րդ կետով կենդանական աշխարհի ոլորտում Կռավարության քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

6. Առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն հասկացությունները, օրինակ՝

1) Նախագծի 6-րդ հոդվածի վերնագրում նշված են «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման» բառերը, իսկ հոդվածի բովանդակության մեջ՝ «տեղական ինքնակառավարման» բառերը:

2) Նախագծի 13-րդ հոդվածի վերնագրում եւ հոդվածում կիրառվում են մի դեպքում «ցուցադրում», մեկ այլ դեպքում «ցուցադրություն» բառերը:

3) 14-րդ հոդվածի վերնագրում նշված են «ծառայողական նշանակության կենդանի» բառերը, իսկ հոդվածում՝ «ծառայողական կենդանի» բառերը:

4) Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվում է «դեղ», 3-րդ մասում՝ «դեղամիջոց» հասկացությունը:

7. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածում հղում կատարված օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 18-րդ հոդվածի 6-րդ մասում եւ Նախագծերի փաթեթում ընդգրկված այլ նախագծերում օրենքների վերնագրերից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

8. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «այլ իրավական ակտերով» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված բառերին նախորդել է օրենքների թվարկումը, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն օրենսդրությունը ՝ օրենսդրական եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ամբողջությունն է:

9. Նախագծի 8-րդ հոդվածը վերնագրված է՝ «կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի սկզբունքները» վերտառությամբ, մինչդեռ 8-րդ հոդվածում որեւէ սկզբունք սահմանված չէ:

10. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված դրույթները, մեր կարծիքով, հակասական կարգավորումներ են նախատեսում: Մասնավորապես՝ Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված է. «Տնային շներ պահողը պարտավոր է 6 շաբաթականից մեծ հասակի դեպքում ձեռք բերել նույնականացման անձնագիր», իսկ 2-րդ կետով սահմանված է. «Տնային շներ պահողը պարտավոր է շուն ձեռք բերելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում (…) ձեռք բերել շան նույնականացման անձնագիր»: Նշված դրույթների բովանդակությունից ստացվում է, որ նույնականացման անձնագիր ձեռք բերելու պարտականություն առաջանում է, երբ շունը 6 շաբաթականից մեծ է, մինչդեռ հաջորդող կետի ձեւակերպումներից հասկանալի չէ՝ արդյոք մինչեւ 6 շաբաթական հասակի շուն ձեռք բերելու դեպքում պահողը 7 աշխատանքային օրվա ընթացքում նույնականացման անձնագիր պետք է ձեռք բերի, թե ոչ:

11. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի միջեւ շփոթը վերացնելո նպատակով՝ առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասում «կողմից» բառից հետո լրացնել «՝թափառող կենդանիների բռնումն իրականացնող կազմակերպությունների միջոցով» բառերը:

12. Նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Արգելվում է կենդանու նկատմամբ այնպիսի բնական կամ արհեստական սերմնավորման իրականացումը, որի արդյունքում նոր սերնդի մոտ առաջանում են հիվանդություններ (…)»:Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, որպես կենդանիների նկատմամբ արգելվող գործողություն, սահմանվում է. «Արգելվում է արհեստական սերմնավորումը, որը կենդանիների առողջության համար կարող է վտանգավոր լինել»: Այսպիսով, Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանվում է միայն արհեստական սերմնավորման արգելքը, մինչդեռ կենդանիների բուծմանը վերաբերող 15-րդ հոդվածով արգելվում է նաեւ բնական սերմնավորման իրականացումը: Ուստի, հակասական կարգավորումներից խուսափելու համար, առաջարկում ենք Նախագծի տարբեր հոդվածներով սահմանել նույնական կարգավորումներ:

13. Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մսաով սահմանվում է «կենդանիների վաճառք իրականացնող կազմակերպություն» հասկացությունը, իսկ 3-րդ մասով սահմանված է, որ «Ֆիզիկական անձանց կողմից կենդանիների վաճառքը կարող է իրականացվել, եթե այն չի հանդիսանում ձեռնարկատիրական գործունեություն»: Նախագծի նշված հոդվածից ստացվում է, որ անհատ ձեռնարկատերը, որը հանդիսանում է ֆիզիկական անձ («Անհատ ձեռնարկատիրոջ մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մաս), չի կարող իրականացնել կենդանիների վաճառք, ինչը, կարծում ենք, հիմնավոր սահմանափակում չէ:

14. Նախագծի 17-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված է. «Արգելվում է կացարանում գտնվող կենդանուն, առանց տեղական ինքնակառավարման մարմնի թույլտվության, բաց թողնել»: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ հասկանալի չէ «բաց թողնել» հասկացության մեջ ինչն է ընդգրկվում, օրինակ ՝ ուրիշի տիրապետմանը հանձնելն արդյո ՞ ք կդիտվի «բաց թողնել»:

15. Նախագծի 19-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Արգելվում է կենդանիների (…) դիակիզումը չնախատեսված վայրերում»: Մինչդեռ Նախագծի 19-րդ հոդվածը, որը վերաբերում է անկած կենդանիների հավաքմանը, ոչնչացմանը եւ թաղմանը, որեւէ դրույթ չի պարունակում այն մասին, որ ընդհանրապես կենդանիների դիակիզում թույլատրվում է, թեկուզեւ թույլատրելի վայրերում: Բացի այդ, նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ անկած կենդանիների դիակների հավաքման, ոչնչացման եւ թաղման կարգը սահմանում է լիազոր մարմինը: Կարծում ենք, որ դիակիզման կարգի նախատեսումը եւս անհրաժեշտ է:

16. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ գլխի վերնագրում «ԵԶՐԱՓԱԿԻՉ» բառից հետո լրացնել «ՄԱՍ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը:

17. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ, 21-րդ, 22-րդ հոդվածները չբաժանել համարակալված մասերի, քանզի նշված հոդվածները մասերի բաժանված չեն:

18. Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքումլրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառերը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով, քանի որ տվյալ նախագծի 1-ին հոդվածով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 113-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելով, կատարվում է մեկ փոփոխություն։ Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներից: Նույն հիմքով ղեկավարվելով՝ առաջարկում ենք ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված « ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառերը հանել, քանի որ տվյալ նախագծով միայն լրացումներ են կատարվում: Միաժամանակ առաջարկում ենք նշված նախագծի վերնագրում երկրորդ «ՏԵՂԱԿԱՆ» բառը հանել:

19. Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքումլրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «վերնագիրը եւ» բառերը հանել, «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով: Միաժամանակ առաջարկում ենք տվյալ նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերը հանել, քանի որ օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում:

20. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքումլրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրված 113-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. ««Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտումը (բացառությամբ 10-րդ հոդվածի 1-ին մասը) առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:»

Հարկ է նկատել, որ նշված ձեւակերպումը շատ ընդարձակ է, եւ ոչ որոշակի, մասնավորապես՝ հասկանալի չէ, թե «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջներ նախատեսող որ հոդվածների խախտման դեպքում է նշանակվելու տուգանք, որի դեպքում՝ նախազգուշացում: Բացի այդ, հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված նշված վարչական պատասխանատվության միջոցները կիրառել միայն ֆիզիկական անձանց նկատմամբ, երբ, օրինակ, Նախագծով որպես վաճառք իրականացնելու իրավասություն ունեցող սուբյեկտներ նախատեսված են իրավաբանական անձինք: Ուստի, նշված դրույթի որոշակիությունն ապահովելու նպատակով, առաջարկում ենք հստակ նշել որ հոդվածների խախտման դեպքում ինչ վարչական պատասխանատվության միջոցներ են սահմանվում (տե՛ս, օրինակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1659 -րդ հոդվածը): Բացի այդ, հասկանալի չէ՝ ինչով է պայմանավորված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքումլրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված 113-րդ հոդվածի միայն 5-րդ մասում սահմանել մեկ տարվա ընթացքում նույն արարքի կրկին կատարումը արգելող դրույթ:

21. Առաջարկում ենք ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «խմբագրել հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով, իսկ 2-րդ եւ 3-րդ հոդվածներով սահմանված «ամբողջությամբ ճանաչել ուժը կորցրաժ» բառերը փոխարինել «ուժը կորցրած ճանաչել» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

22. Առաջարկում ենք ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշված «կետով հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր՝ 43-րդ կետ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

23. ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածովնախատեսվում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը լրացնել 58.1-ին հոդվածով՝ քաղաքապետի պարտադիր լիազորությունների վերաբերյալ: Մինչդեռ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածով քաղաքապետի լիազորությունները սահմանազատվում են սեփական լիազորությունների եւ պատվիրակված լիազորությունների, եւ հասկանալի չէ, թե որոնք են քաղաքապետի պարտադիր լիազորությունները: Ուստի, հակասական կարգավորումներից խուսափելու համար, առաջարկում ենք կիրառել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված հասկացությունները:



Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Միջազգային պայմանագրերի մասին»եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող՝ Զ.
Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

30.04.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող՝ Զ
. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

30.04.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-553-09.04.2020-ՏՏԳԲ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-5531 -09.04.2020-ՏՏԳԲ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-5532 -09.04.2020-ՏՏԳԲ-011/0) , «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-5533 -09.04.2020-ՏՏԳԲ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-5534 -09.04.2020-ՏՏԳԲ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-5535 -09.04.2020-ՏՏԳԲ-011/0) եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-5536 -09.04.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Լենա Նազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» , «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» , «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» , «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:



Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը, ըստ դրա հեղինակների, պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական կարգավորումները լիարժեք չեն սահմանում եւ կարգավորում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները եւ կենդանիների պաշտպանության իրավական մեխանիզմները:

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին»օրենքի նախագծով սահմանվում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները, տնային կենդանիների պահման եւ խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, կենդանի պահողների պարտականությունները, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ արգելված դաժան գործողությունները, կենդանիների քնեցման կարգը, կենդանիների բուծման, վաճառքի եւ օգտագործման շուրջ իրավահարաբերությունները:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում»` սահմանելով վարչական պատասխանատվություն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտումների համար, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող թույլտվությունների բացակայության դեպքում: Համապատասխան փոփոխություն է առաջարկվում կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, որով նախատեսվել է քրեական պատասխանատվություն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող արգելված գործողությունների համար:

Նախագծերի հարակից փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որով սահմանվում են տեղական տուրքեր կենդանիների բուծարանների եւ կացարանների գործունեության թույլտվությունների համար եւ կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվությունների համար, ինչպես նաեւ առաջարկվում է փոփոխել քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանվող տնային կենդանիներ պահելու թույլտվության տեղական տուրքի տարեկան դրույքաչափը:

Նախագծերի հարակից փաթեթով նաեւ առաջարկվում է լրացումներ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, որոնցումսահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սույն օրենքի շրջանակում: Նախագծերի ընդունման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմիններըստանձնում են լիազորություններ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների վերահսկողության ոլորտում, նաեւ կենդանիների հաշվառման, թույլտվությունների տրամադրման, ինչպես նաեւ համայնքի տարածքում թափառող կենդանիների խնդրի լուծման ուղղությամբ: Տնային կենդանիների հաշվառման եւ նույնականացման գործիքակազմի ներդրման արդյունքում կվերահսկվի տերերի կողմից տնային կենդանիների` հատկապես շների լքելու դեպքերը, ինչն, իր հերթին, կնպաստի թափառող շների գլխաքանակի նվազեցմանը: Նաեւ ավագանու լիազորությունների մեջ սահմանվում է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջներից բխող թույլտվությունների տրամադրման եւ այլ կարգերի հաստատումը:

Նախագծերի փաթեթով նաեւ առաջարկվում է «Անասնաբուժության մասին» օրենքի այն հոդվածները, որոնք վերաբերվում են տնային կենդանիների պահման պահանջներին, սահմանել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում` կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շուրջ ավելի համապարփակ եւ համալիր կարգավորումներ ունենալու նպատակով:

Նախագծերի փաթեթի մշակման փուլում հեղինակների կողմից ուսումնասիրվել է մի շարք երկրների համապատասխան փորձն ու օրենսդրական դաշտը, մասնավորապես` Ավստրիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Էոստոնիայի եւ այլն, որոնցով կարգավորվում են կենդանիների բարեկեցության եւ պաշտպանության հիմնական սկզբունքները, կենդանիների շուրջ իրավահարաբերությունները, վերահսկողության եւ պատասխանատվության մեխանիզմները:

Նախագծերի ընդունման եւ կիրարկման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողություններ պարունակող բացասական երեւույթները եւ ունենալ իրավական հստակ մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը: Ակնկալվում է ունենալ նաեւ հանրային վերահսկողության իրականացման մեխանիզմներ` քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք կարող են նպաստել բնակչության շրջանում կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, կենդանիների հանդեպ գթասիրական եւպատասխանատու վերաբերմունքի ձեւավորմանն ու դաժան վերաբերմունքի կանխարգելմանը:



Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծերի փաթեթում առկա են որոշակի թերություններ, որոնց շտկման ուղղությամբ առաջարկությունները կներկայացվեն ստորեւ:



Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծերի փաթեթի վերաբերյալ

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանվող մի քանի հասկացություներ հստակեցման կարիք ունեն, մասնավորապես`

ա) 6-րդ կետով տրվում է «կենդանի պահող» հասկացության սահմանումը, ըստ որի այն. «տնային, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանուն տիրապետող, տնօրինող եւ (կամ) օգտագործող 16 տարին լրացած ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ»-ն է: Տվյալ սահմանման առումով օգտագործվել է քաղաքացիական իրավունքում կիրառվող` սեփականության իրավունքին բնորոշ երեք բաղկացուցիչ տարրերը (տիրապետում, տնօրինում եւ օգտագործում), որոնք, մեր կարծիքով, այնքան էլ բնորոշ չեն տվյալ հասկացության համար, քանի որ կենդանիներին դժվար է դասական իմաստով գույք կամ գույքային իրավունք համարել (օրինակ` ամենեւին էլ հասկանալի չէ, թե ի՞նչ է նշանակում «տնային կենդանու օգտագործումը», ի՞նչ պետք է հասկանալ«տնային կենդանու տիրապետում» ասելով, արդյո՞ք այն նշանակում է նաեւ տնային կենդանու ճակատագրի տնօրինումը` ինչպես որ դա գոյություն ունի քաղաքացիական իրավունքում եւ այլն): Բացի այդ, հարկ է նկատի ունենալ նաեւ, որ «կենդանի պահող»-ը ամենեւին էլ բարդ հասկացություն չէ եւ բավականին միանշանակ է ընկալվում, ուստի առաջարկում ենք այս հասկացությանն ավելի պարզ ձեւակերպում տալ, մասնավորապես` սահմանել հետեւյալ կերպ. «կենդանի պահող` տնային, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանու համար սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված պատասխանատվություն կրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.» (իսկ կենդանի պահողի 16 լրացած լինելու հանգամանքը ոչ թե սահմանման, այլ որպես սահմանափակում ամրագրելու խնդիր է եւ պետք է կատարվի համապատասխան հոդվածում):

բ) 7-րդ կետով տրվում է «կենդանիների կացարան» հասկացության սահմանումը, ըստ որի` կենդանիների կացարանը սահմանվում է որպես. «կենդանիների պահման համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած հատուկ հարմարեցված տարածք եւ (կամ) կառույց` նախատեսված թափառող, կորած կամ ժամանակավոր պահման հանձնված կենդանիների համար.»: Խնդիրը կայանում է նրանում, որ «տարածքը» կամ «կառույցը» չի կարող թույլտվություն ստանալ ՏԻՄ-ից` կենդանի պահելու կամ այլ նպատակով (այսինքն` թույլտվությունը ստացվում է ոչ թե տարածքի կամ կառույցի, այլ այդ տարածքում կամ կառույցում որեւէ գործունություն իրականացնելու նապատակով):

Այս կապակցությամբ առաջարկում ենք տվյալ հասկացության սահմանման «տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած հատուկ հարմարեցված տարածք եւ (կամ) կառույց» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատկացված կամ նրա թույլտվությամբ հարմարեցված տարածք կամ շենք (շինություն)» բառերով:

Նույն խնդիրն առկա է նաեւ 8-րդ կետով տրվող «կենդանիների բուծարան» հասկացության մեջ, ուստի առաջարկում ենք նույն փոփոխությունը կատարել նաեւ այդ սահմանման հետ կապված:

գ) 10-րդ կետով տրվում է «լիազոր մարմին» հասկացության սահմանումը, որն առաջարկում ենք հանել, քանի որ`

- «լիազոր մարմինը» սահմանման ենթակա հասկացություն չէ, այն միանշանակ ընկալվող եւ ոչ առաջին անգամ կիրառվող հասկացություն է,

- այս կամ այն ոլորտում լիազոր մարմնի սահմանումը ՀՀ կառավարության լիազորությունն է, ուստի անիմաստ եւ անտեղի է օրենքով լիազոր մարմնի սահմանումը,

- ըստ տվյալ սահմանման` լիազոր մարմինը տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարության կողմից լիազորված պետական մարմինն է, այն դեպքում` երբ Նախագծով որպես այդպիսին նկատի է առնվում նաեւ ՏԻՄ-րը (որպես վերահսկողություն իրականացնող մարմիններ), ոստիկանությունը` որպես քրեական հետապնդում իրականացնող մարմին եւ այլն: Արդյունքում ստացվում է, որ ըստ այս Նախագծի պետք է լինի մեկ լիազոր մարմին, այնինչ` դրանում նշվում են մի քանի լիազոր մարմիններ,

- ըստ տրված սահմանման` լիազոր մարմինը «տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարության կողմից լիազորված պետական մարմինն» է, որը ներկայումս ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է, այնինչ` Նախագծի հիմնավորումից ակնհայտ է դառնում, որ հեղինակները, որպես այդպիսին, նկատի ունեն ոչ թե այդ նախարարությունը, այլ ՏԻՄ-երը:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասից առաջարկում ենք հանել «հասարակական» բառը, քանի որ օրենքի չի կագավորում միայն հասարակական հարաբերությունները:

3. Առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածների 1-ին մասի 1-ին կետերով նախատեսվող իրավասությունները, որոնցով Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող կենդանիների, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պետական քաղաքականության «իրականացման» լիազորությունը տրվում է ինչպես ՀՀ կառավարությանը, այնպես էլ լիազոր մարմնին:

4. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում`

ա) 5-րդ կետում «մշակում եւ» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «իր լիազորությունների սահմաններում» բառերը,

բ) անհրաժեշտ է հստակեցնել 6-րդ կետը, ըստ որի` լիազոր մարմինը. «իրականացնում է սույն օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն.»: Եթե այս կետի տակ նկատի է առնվում ՏԻՄ-երը, ապա դրանք, բնականաբար, չեն կարող իրականացնել «պետական վերահսկողություն»,

գ) հստակեցման կարիք ունի նաեւ 7-րդ կետը, ըստ որի` լիազոր մարմինը. «օրենքով սահմանված կարգով ընթացք է տալիս սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող կենդանիների, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների պահման, խնամքի, բուծման, հաշվառման առուվաճառքի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի խախտումների վերաբերյալ հաղորդումներին.», քանի որ հաղորդումները կարող են վերաբերել նաեւ ոստիկանության կամ որեւէ այլ մարմնի լիզորություններին, ուստի անհասկանալի է մնում, թե ինչպե՞ս պետք է, օրինակ, լիազոր մարմինը «ընթացք տա» այնպիսի հաղորդմանը, որը վերաբերում է քրեաիրավական բնույթի գործողություններին:

5. Նախագծի տարբեր հոդվածներում խոսք է գնում կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի հետ կապված պետական վերահսկողության մասին, սակայն Նախագծերի տվյալ փաթեթում բացակայում է ինչպես այդ վերահսկողության կարգը (որը, կարծում ենք, պետք է լիներ հենց տվյալ Նախագծում), այնպես էլ գոնե հղումը` թե ո՞վ պետք է հաստատի պետական վերահսկողության տվյալ կարգը: Այս հանգամանքը բավականին լուրջ բաց է իրենից ներկայացնում եւ կարող է, ըստ էության, «խաթարել» տվյալ օրենքի գործողությունը:

6. Նախագծի 6-րդ հոդվածից առաջարկում ենք հանել «եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը, որոնք, տվյալ դրույթի համատեքստում, ավելորդ են:

7. Նախագծի 18-րդ հոդվածի 6-րդ մասը, ըստ որի. «Գյուղատնտեսական կենդանիների սպանդը եւ մորթը, այդ թվում` կրոնական ծիսակատարությունների նպատակով կատարվող, կարգավորվում է «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով:», իր տեղում չէ, չի վերաբերում կենդանիների քնեցմանը, ուստի առաջարկում ենք այն տեղափոխել Նախագծի 2-րդ հոդված:

8. Մեր կարծիքով, անհրաժեշտ է վերանայել Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի. «Սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասն ուժի մեջ է մտնում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաստատված համապատասխան կարգի ուժի մեջ մտնելու պահից:», քանի որ օրենքի գործողությունը չի կարող կախվածության մեջ դրվել ավելի ցածր իրավական ուժ ունեցող իրավական ակտից (այս առումով անհրաժեշտ է համապատասխան մարմինների համար որոշակի ժամկետ սահմանել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան կարգը հաստատելու նպատակով):



Եզրակացություն

Նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի, որից հետո դրա ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

16.04.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-553-09.04.2020-ՏՏԳԲ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-5531 -09.04.2020-ՏՏԳԲ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-5532 -09.04.2020-ՏՏԳԲ-011/0), «Անանսնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-5533 -09.04.2020-ՏՏԳԲ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-5534 -09.04.2020-ՏՏԳԲ-011/0) , «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-5535 -09.04.2020-ՏՏԳԲ-011/0) եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-5536 -09.04.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Լենա Նազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքումլրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անանսնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքումլրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:



Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Փաթեթով առաջարկվում է օրենսդրորեն կարգավորել ոչ վայրի կենդանիների պաշտպանության իրավական մեխանիզմները, սահմանել տնային եւ թափառող կենդանիների, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, պահման, խնամքի, բուժման, հաշվառման, առքուվաճառքի հետ կապված իրավահարաբերությունները:



Փորձաքննության արդյունքները

1.Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Փաթեթը սոցիլական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:



Դիտողություններ եւ առաջարկություններ նախա•ծի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Փաթեթի ընդունումը կնպաստի կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողությունների նվազեցմանը եւ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձեւավորմանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Ա. Հարությունյան (011-513-339)

23.04.2020թ.