ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-538-30.03.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 8-րդ հոդվածում հետեւյալ բովանդակությամբ՝ «Սույն ծրագրի մաս հանդիսացող 1-ին հավելվածում ընդգրկված առողջապահական ընկերությունների մասնավորեցումը , այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության պահպանման պահանջ սահմանելու դեպքում , որեւէ կերպ չի կարող նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող բժշկական ծառայությունների որակի եւ մրցունակության ապահովման առումով): Առողջապահական ընկերությունների գործունեության հիմնական ուղղության պահպանման պահանջը եւ ժամկետը սահմանվում են յուրաքանչյուր ընկերության մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ» ։ Նման փոփոխություն կատարելը, ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման, պայմանավորված է առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման պահանջը սահմանելու ընթացքում ոչ հիմնավորված եւ վերացական որոշումների ընդունումը բացառելու անհրաժեշտությամբ ։

Նախ հարկ ենք համարում նկատել, որ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշորհման) մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը եւ սահմանափակումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրերով (…)»: «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 8-րդ հոդվածով մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների համար արդեն իսկ նախատեսվել են որոշ սահմանափակումներ, այն է՝ մասնավորեցման արդյունքում այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխության արգելք կամ դրանց գործունեության հանրային օգտակարության որեւէ կերպ նվազեցման արգելք: Նշվածից բխում է, որ ի սկզբանե օրենսդիրը, կարեւորություն տալով առողջապահական ընկերությունների մասնավորեցման գործընթացում նշված նպատակների իրացմանը, օրենքով ամրագրել է այս սահմանափակումները:

Մինչդեռ հարկ է նշել, որ Նախագծի հիմնավորման շրջանակում, որպես կարգավորման նպատակ, նախատեսված է հետեւյալը. «Առողջապահական ընկերությունների մասնավորեցման ընթացքում գործունեության հիմնական ուղղության պահպանման վերաբերյալ միակողմանի եւ վերացական որոշումների կայացումը բացառելու եւ բազմակողմանի հիմնավորված որոշումներ ընդունելու նպատակով առաջարկվում է առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման անհրաժեշտությունը եւ ժամկետների սահմանման լիազորությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վերապահել ՀՀ կառավարությանը: (…)»:

Մեր կարծիքով, նշված հիմնավորումը բավարար չէ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքով հստակ թվարկված առողջապահական ընկերությունների համար արդեն իսկ նույն օրենքով նախատեսված մի շարք սահմանափակումների բացարձակ կիրառման պահանջը հանելու համար՝ դարձնելով այն ոչ պարտադիր եւ թողնելով Կառավարության որոշմանը:

Բացի այդ, գտնում ենք, որ հասկանալի չէ՝ ինչ սկզբունքներով է առաջնորդվելու եւ ինչն է հիմք հանդիսանալու Կառավարության համար՝ մասնավորեցման ենթակա մի խումբ առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման պահանջ սահմանելու, իսկ մյուս խմբի համար նման պահանջ չսահմանելու համար, հատկապես, որ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 8-րդ հոդված 2-րդ պարբերությամբ սահմանված է, որ նշված պահանջը հանդիսանում է մասնավորեցման պայմանագրում Կառավարության եւ մասնավոր սեփականատիրոջ կամ ներդրողի իրավատնտեսական հարաբերությունների կարգավորման գլխավոր նախապայմանը։ Առողջապահական ընկերությունների մասնավորեցման հիմքում նախեւառաջ պետք է լինի առողջապահության բնագավառում արդյունավետության բարելավումը եւ հիվանդությունների կանխարգելումը, ուստի, կարծում ենք, նպատակահարմար է առողջապահական ընկերությունների հիմնական ուղղությունների պահպանման պահանջը պարտադիր սահմանել։

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխության արդյունքում մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների գործունեության հիմնական ուղղության պահպանման պահանջն այլեւս պարտադիր չի լինելու, սահմանվելու է Կառավարության որոշմամբ, որի արդյունքում, սակայն, առողջապահական ընկերության մասնավորեցման դեպքում վերջինիս հանրային օգտակարությունը ոչ մի կերպ չնվազեցնելու պահանջը , որը գործող կարգավորմամբ հանդիսանում է առանձին պահանջ, եւս պայմանավորվում է Կառավարության որոշմամբ, քանի որ փոխկապակցվում է գործունեության հիմնական ուղղության պահպանման պահանջին։ Առաջարկում ենք հանրային օգտակարությունը ոչ մի կերպ չնվազեցնելու պահանջը, որպես ինքնուրույն եւ պարտադիր պահանջ, պահպանել:

3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել փոփոխություն, մասնավորապես՝ նշված մասից նախատեսվում է հանել վերջին՝ «Այն պահպանում է իր իրավական ուժն ընկերության գործունեության ամբողջ ընթացքում՝ անկախ սեփականատիրոջ փոփոխությունից» նախադասությունը: Մինչդեռ Նախագծին կից ներկայացված հիմնավորման «Կարգավորման նպատակը եւ բնույթը» մասում՝ նշված է, որ « Օրենքի համապատասխան հատվածից առաջարկվում է հանել «անկախ սեփականատերերի փոփոխությունից» արտահայտությունը, քանի որ հիմնական ուղղության պահպանման պահանջ դրվում է ընկերության նկատմամբ »:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությամբ սահմանված է, որ «Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջն ամրագրվում է տվյալ պետական մասնակցությամբ ընկերության մասնավորեցման պայմանագրում ` որպես գործարքի շրջանակներում կառավարության եւ մասնավոր սեփականատիրոջ կամ ներդրողի իրավատնտեսական հարաբերությունների կարգավորման գլխավոր նախապայման»: Այսինքն՝ նշված իրավադրույթի ուժով « Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված պահանջների պահպանման պայմանը ընկերության մասնավորեցման պայմանագրի պայման է, որը կարգավորում է Կառավարության եւ մասնավորեցման սուբյեկտի միջեւ հարաբերությունները: Ուստի, չի կարող օրենսդրական ակտից հանվել իմպերատիվ պահանջն առ այն, որ այդ պայմանը պահպանելու է իր իրավական ուժն ընկերության գործունեության ամբողջ ընթացքում` անկախ սեփականատիրոջ փոփոխությունից:

4.Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմքով ղեկավարվելով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել։

5. Նախագծի 1-ին հոդվածում «հոդվածի» բառն առաջարկում ենք փոխարինել «հոդվածում» բառով, իսկ նույն հոդվածի 1-ին մասում՝ «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

6.Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի մասերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի պահանջներին՝ հոդվածի մասերի համարները տեքստից բաժանելով միջակետերով։

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը:

Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին, ինչպես նաեւ առաջարկում ենք ապահովել Նախագծով համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բավարար հիմնավորվածությունը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-538-30.03.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման նպատակը առողջապահական ընկերությունների մասնավորեցման ընթացքում գործունեության հիմնական ուղղության պահպանման վերաբերյալ միակողմանի եւ վերացական որոշումների կայացումը բացառելու եւ բազմակողմանի հիմնավորված որոշումներ ընդունելու համար իրավական հիմքերի հստակեցումն է, որի առումով առաջարկվում է առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման անհրաժեշտությունը եւ ժամկետների սահմանման լիազորությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վերապահել ՀՀ կառավարությանը: «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) համապատասխան հատվածից առաջարկվում է հանել «անկախ սեփականատերերի փոփոխությունից» արտահայտությունը, քանի որ հիմնական ուղղության պահպանման պահանջ դրվում է ընկերության նկատմամբ:

Մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման պարտադիր պահանջը ներկայումս սահմանվում է Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն: Ընդ որում, վերը նշված հոդվածի համաձայն` առանց առողջապահական այս կամ այն ոլորտի ծառայությունների մատուցման որակը, ծավալները եւ նման ծառայությունների բավարարման մակարդակն ու զարգացման հեռանկարները հաշվի առնելու, առողջապահական ընկերության գործունեության հիմնական ուղղության պահպանումը պարտադիր է ընկերության ամբողջ գործունեության ընթացքում, անկախ սեփականատիրոջ փոփոխությունից: Նման, միանշանակ եւ վերացական մոտեցումը, ըստ Նախագծի հեղինակի, կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել առողջապահական հիմնարկների հետագա գործունեության ճանապարհին: Նախագծով առաջարկվում է հիմնական ուղղության պահպանման եւ դրա ժամկետների սահմանման լիազորությունները վերապահել ՀՀ կառավարությանը, որը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ելնելով առկա վիճակից, առողջապահության ոլորտում տարվող քաղաքականությունից, ինչպես նաեւ ընկերությունների համար ազատ գործունեություն ծավալելու համար նաեւ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից, սահմանում է հիմնական ուղղության պահպանման նպատակահարմարությունը եւ ժամկետները:

Բացի այդ, Նախագծով նախատեսվում է Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասից հանել « Այն պահպանում է իր իրավական ուժն ընկերության գործունեության ամբողջ ընթացքում ` անկախ սեփականատիրոջ փոփոխությունից նախադասությունը, որով օրենսդրական երաշխիքներ են սահմանվում, որ մասնավորեցումից հետո սեփականատերերի փոփոխության արդյունքում առողջապահական ընկերության գործունեության հիմնական ուղղությունը կամ պրոֆիլը չի փոխվի: Այս փոփոխությունը հիմնավորվում է նրանով, որ պրոֆիլի պահպանման, ինչպես նաեւ մյուս պարտավորությունները դրվում են ընկերության, այլ ոչ թե դրա սեփականատերերի վրա:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կբացառվեն առողջապահական ոլորտի ընկերությունների մասնավորեցման ընթացքում հիմնական ուղղության սահմանման ժամանակ ոչ հիմնավորված որոշումների ընդունումը, որի շնորհիվ հնարավորություններ կստեղծվեն այդ ընկերությունների արդյունավետ գործունեությունը կազմակերպելու ու ծավալելու հարցում:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:

3.Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով առաջարկվող փոփոխությունը, որով, ինչպես արդեն նշեցինք, առաջարկվում է Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասից հանել « Այն պահպանում է իր իրավական ուժն ընկերության գործունեության ամբողջ ընթացքում ` անկախ սեփականատիրոջ փոփոխությունից նախադասությունը, եւ որով օրենսդրական երաշխիքներ են սահմանվում, որ մասնավորեցումից հետո սեփականատերերի փոփոխության արդյունքում առողջապահական ընկերության գործունեության հիմնական ուղղությունը կամ պրոֆիլը չի փոխվի, մեր կարծիքով, հիմնավորված չէ` հետեւյալ պատճառով. այս փոփոխությունը, ինչպես նշեցինք, հիմնավորվում է նրանով, որ ընկերության գործունեության հիմնական ուղղության (պրոֆիլի) պահպանման, ինչպես նաեւ մյուս պարտավորությունները դրվում են ընկերության, այլ ոչ թե դրա սեփականատերերի վրա, սակայն հարկ է նկատի ունենալ, որ մասնավորեցումից հետո առողջապահական ընկերությունը կարող է սնանկանալ կամ որեւէ այլ հիմքով լուծարվել, իսկ ընկերության գույքը` վաճառվել: Այն դեպքում, երբ ընկերությունը լուծարվում է, դրա հետ միաժամանակ վերանում են նաեւ նրա իրավունքներն ու պարտավորությունները, հետեւաբար` նոր գնորդը որեւէ պարտավորություն չի կարող ունենալ` պահպանելու նախկին ընկերության գործունեության հիմնական ուղղությունները: Այս վիճակն է ստեղծվում նաեւ այն դեպքում, երբ մասնավորեցված առողջապահական ընկերության սեփականատերերը ընկերությունը վաճառում են ոչ թե որպես բիզնես, այլ որպես գույքային համալիր, թեեւ որպես բիզնես վաճառքի դեպքում էլ խիստ կասկածելի է մնում առուվաճառքի պայմանագրով նոր սեփականատիրոջը պրոֆիլի պահպանման պարտավորության փոխանցման պարտադիր լինելու հանգամանքը: Նշված պարտավորությունից ազատվելու նպատակով չի բացառվում նաեւ ընկերության լուծարումը, նոր ընկերության գրանցումը եւ հետո միայն դրա վաճառքը` որպես բիզնեսի:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել դրա 2-րդ կետը:

Եզրակացություն

Նախագծով առաջարկվող փոփոխությունները կարող են ապահովել առողջապահական ոլորտի ընկերությունների մասնավորեցման ընթացքում հիմնական ուղղության սահմանման ժամանակ ոչ հիմնավորված որոշումների ընդունման եւ այդ ընկերությունների արդյունավետ գործունեությունը կազմակերպելու ու ծավալելու հարցում հնարավորություններ ստեղծելու հետ կապված խնդիրների լուծումը, սակայն ինչ վերաբերում է Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով առաջարկվող փոփոխությանը, ապա դրա ընդունումը ոչ միայն չի լուծի դրված խնդիրը (պրոֆիլի պահպանության երաշխիքի առկայությունը), այլեւ հակառակը` կվերացնի առողջապահական ընկերության մասնավորեցումից հետո դրա գործունեության հիմնական ուղղությունների (պրոֆիլի) պահպանման օրենսդրական միակ երաշխիքը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

08.04.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-538-30.03.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդոնումը պայմանավորված է մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման պահանջը սահմանելու ընթացքում ՝ ոչ հիմնավորված, վերացական որոշումների ընդունումը բացառելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, վերացական մոտեցումը կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել առողջապահական հիմնարկների հետագա գործունեության ճանապարհին:

Ներկայացված նախագծով առաջարկվում է հիմնական ուղղության պահպանման եւ դրա ժամկետների սահմանման լիազորությունները վերապահել ՀՀ կառավարությանը , որը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում , ելնելով առկա վիճակից , առողջապահության ոլորտում տարվող քաղաքականությունից , ինչպես նաեւ ընկերությունների համար ազատ գործունեություն ծավալելու համար նաեւ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից սահմանում է հիմնական ուղղության պահպանման նպատակահարմարությունը եւ ժամկետները :

Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Նախագիծը սոցիլական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Նախագծի ընդունմամբ հնարավորություններ կստեղծվեն առողջապահական ոլորտի ընկերությունների արդյունավետ գործունեությունը կազմակերպելու ու ծավալելու համար, քանի որ կբացառվեն այդ ընկերությունների մասնավորեցման ընթացքում հիմնական ուղղության սահմանման ժամանակ ոչ հիմնավորված որոշումների ընդունումը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

13.04.2020թ.