ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-534-29.03.2020-ՊԻ-011/0) եւ ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-5341 -29.03.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) 2-րդ հոդվածով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացվող նոր 9.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում օգտագործվում է «հաճախորդ» հասկացությունը, ինչը ենթադրում է, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը պարտավոր է Հայաստանի Հանրապետությունում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող յուրաքանչյուր անձի տեղորոշման եւ նրա հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի կապ ունեցած հեռախոսահամարների, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթիվը, սկիզբն ու ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալները տրամադրել համապատասխան պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանդրություն) 34-րդ հոդվածի համաձայն.

«1. Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:

2. Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ»:

Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը»:

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի Համաչափության սկզբունքը վերնագրով 5-րդ հոդվածի համաձայն`

«1. Տվյալների մշակումը պետք է հետապնդի օրինական նպատակ, դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր:

2. Անձնական տվյալներ մշակողը պարտավոր է անձնական տվյալները մշակել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար:

3. Արգելվում է այնպիսի անձնական տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն տվյալները մշակելու նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ:

4. Արգելվում է անձնական տվյալների մշակումը, եթե տվյալները մշակելու նպատակին հնարավոր է հասնել ապանձնավորված կերպով:

5. Անձնական տվյալները պետք է պահպանվեն այնպես, որ բացառվի տվյալների սուբյեկտի հետ դրանց նույնականացումն ավելի երկար ժամկետով, քան անհրաժեշտ է դրանց նախօրոք որոշված նպատակներին հասնելու համար»:

Սահամանադրական դատարանն իր` 2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշման մեջ նշել է, որ «(...) Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարեւորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի:

ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) անդրադարձել ` որոշակիության սկզբունքին եւ գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցներն ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետեւանքները եւ վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների եւ պարտավորությունների հարցում (...)»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս նկատել է, որ ներպետական օրենքը պետք է լինի հասկանելի եւ կանխատեսելի իր բնույթով ու բավականաչափ հստակ լինելու իմաստով, որպեսզի անձանց համաչափ ցուցումներ տա` կապված հանգամանքների եւ պայմանների հետ, որոնցում իշխանություններն իրավունք ունեն դիմել միջոցների, որոնք կազդեն նրանց` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների վրա: Ավելին, օրենքը պետք է ապահովի իրավական պաշտպանության աստիճան ընդդեմ իշխանությունների կողմից կամայական միջամտության: Հետեւաբար, օրենքը պետք է մատնանշի (...)ազատության սահմանները, որը տրվում է իրավասու մարմիններին, եւ դա բավարար հստակությամբ կատարելու ձեւը, որպեսզի անձին տրամադրի պատշաճ պաշտպանություն ընդդեմ կամայական միջամտության (տես` ի թիվս այլ աղբյուրների, Malone v. The United Kingdom, 1984թ. Օգոստոսի 2-ի վճիռը, Սերա A, թիվ 82, էջեր 31-33, կետեր 66-68):

Կարծում ենք, որ հիմնավորված եւ համաչափ չէ Հայաստանի Հանրապետությունում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող յուրաքանչյուր անձի տեղորոշման եւ նրա հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի կապ ունեցած հեռախոսահամարների, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթիվը, սկիզբն ու ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալների պարտադիր տրամադրման վերաբերյալ դրույթի նախատեսումը: Յուրաքանչյուր անձի տեղը որոշելու եւ նրա հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի կապ ունեցած հեռախոսահամարների, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթիվը, սկիզբն ու ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալները տրամադրելու վերաբերյալ կարգավորման նախատեսումը, կարծում ենք, հակասում է սահմանդրությամբ նախատեսված համաչափության սկզբունքին :

Մասնավորապես, Նախագծերի փաթեթով արվող լրացումներով նախատեսված կարգավորումներից հասկանալի չէ, թե որն է վերոնշյալ կարգավորման հիմնական նպատակը: Բացի այդ նման սահմանափակման նախատեսումը անհրաժեշտ եւ պիտանի չէ Նախագծի 2-րդ հոդվածով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացվող նոր 9.1-ին հոդվածի առանձին մասերում նշված կոնկրետ գործողություննրի համար նախատեսվող նպատակների համար , այն է` անձանց տեղաշարժման եւ շփումների հնարավոր եւ առկա շրջանակը, տեղաշարժման եւ շփումների արդյունքում համաճարակի տարածման հնարավոր ուղղությունները, սխեմաները, ծավալը, աշխարհագրությունը կանխորոշելու, մշտադիտարկելու, համաճարակի տարածման օղակները, սահմանները, շրջանակները սահմնափակելու, տեղաշարժի սահմանափակման ռեժիմի ենթարկված անձանց, այդ ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողության իրականացումն ապահովելու համար երրորդ անձանց համապատասխան մշակված տվյալների բացահայտումը:

Այսպիսով` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների միջոցով հաղորդակցվող մասնակիցները պարտադիր չէ, որ հանդիպում եւ անմիջական շփում ունեցած լինեն: Ուստի անհասկանալի է Նախագծի 2-րդ հոդվածով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացվող նոր 9.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կարգավորման նախատեսումը. «1. Համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու պարագայում պարտավոր են այդ որոշմամբ սահմանված ձեւով եւ կարգով ու այդ որոշմամբ նշված. պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց (այսուհետ. տվյալներ մշակողներ) տրամադրել.

(…)

2) հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը»:

Նշվածի համատեքստում հարկ ենք համարում անդրադառնալ նաեւ նրան, որ Նախագծի 1-ին հոդվածով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 17-րդ կետը նախատեսում է հետեւյալ կարգավորումը. «1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում արտակարգ դրության ընթացքում արտակարգ դրության տարածքում կարող են կիրառվել հետեւյալ միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները.

17 ) սույն օրենքի 9.1-ին հոդվածով սահմանված նպատակով , դեպքերում եւ սահմաններում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքի սահմանափակումներ»:

Սակայն, հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացվող նոր 9.1-ին հոդվածը չի պարունակում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքի սահմանափակումների նպատակի վերաբերյալ որեւէ ընդհանուր կարգավորում , որով կարող են հիմնավորվել նաեւ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացվող նոր 9.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված կոնկրետ սահմանափակումները:

Վերոգրյալից բացի անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաեւ հետեւյալ հարցին.

««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր 4-րդ կետը նախատեսվում է, որ «Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է բացահայտել սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները՝ արտակարգ դրության ժամանակ. օրենքով սահմանված նպատակներով, դեպքերում, ծավալով եւ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգին համապատասխան»։

Սահմանադրության 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար եւ պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով » ։

Մեջբերված դրույթի վերլուծությունից ստացվում է, որ հաղորդակցության գաղտնիության իրավունքի սահմանափակաման համար անհրաժեշտ է կամ դատարանի որոշում կամ հետեւյալ պայմանների միաժամանակյա առկայություն, այն է՝ երբ տվյալ սահմանափակումն անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար եւ պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով: Ընդ որում Սահմանադրությամբ չի նախատեսում նշված նախապայմաններից շեղվելու որեւէ իրավական հնարավորություն։

Այսպիսով հաղորդակցության գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել հաղորդակցվողների՝ առանձնահատուկ կարգավիճակ ունենալու ուժով։ ՄինչդեռՆախագծերի փաթեթով արվող լրացումների արդյունքում հաղորդակցության գաղտնիության իրավունքի սահմանափակում կարող է կիրառվել ցանկացած անձի նկատմամբ՝ հիմք ընդունելով արտակարգ դրության ժամանակ օրենքով սահմանված նպատակները, դեպքերը եւ այլն։

Կարծում ենք, նպատակահարմար է «հաճախորդ» հասկացությունը փոխարինել «համաճարակի հետեւանքով հիվանդության առկայության համար ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանիշներ ունեցող, հիվանդացած, բուժվող եւ հիվանդի հետ շփում ունեցած (կոնտակտավոր) անձինք» հասկացությամբ, ավելի որոշակի եւ հստակ դարձնելու համար այն անձանց շրջանակը, ում իրավունքներն ու ազատություններն սահմանափակվում են, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումներըՍահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով։

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով եւ ունի բավարար պաշտպանության մակարդակ:

2. Առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե՝

1) տվյալներ մշակողը հանդիսանում է օրենքով կամ վավերացված միջազգային պայմանագրով սահմանված հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակող, այդ տեղեկության փոխանցումը ուղղակիորեն նախատեսված է օրենքով եւ ունի բավարար պաշտպանության մակարդակ.

2) օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում հատուկ կատեգորիայի անձնական տվյալները կարող են փոխանցվել տվյալների սուբյեկտի կյանքի, առողջության կամ ազատության պաշտպանության համար»:

Նախագծի 2-րդ հոդվածով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացվող նոր 9.1-ին հոդվածի 3-րդ մասում սահմանվում է, ար համապատասխան տվյալները կարող են նաեւ բացահայտվել երրորդ անձանց: Կարծում ենք, որՆախագծով նախատեսված կարգավորումը ավելի որոշակի դարձնելու համար նպատակահարմար է հստակ սահմանել երրորդ անձանց շրջանակը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացվող նոր 9.1-ին հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ «Համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու պարագայում պարտավոր են այդ որոշմամբ սահմանված ձեւով եւ կարգով ու այդ որոշմամբ նշված. պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց (այսուհետ. տվյալներ մշակողներ) տրամադրել.» համապատասխան տեղեկատվություն:

««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր 4-րդ կետը նախատեսվում է, որ «Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է բացահայտել սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները՝ արտակարգ դրության ժամանակ. օրենքով սահմանված նպատակներով, դեպքերում, ծավալով եւ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգին համապատասխան» ։ Նշված լրացման արդյունքում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում այլ դեպքերի կողքին լրացվում է նաեւ այս դեպքը, երբ օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է բացահայտել նույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները` հաճախորդների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, նպատակակետի, քանակի, տեխնիկական պայմանների եւ հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ: Սակայն Նախագծերի փաթեթով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի որեւէ այլ դրույթում լրացում կամ փոփոխություն չի կատարվում:

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 50-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումը. «1. Էլեկտրոնային հաղորդակցության ցանկացած միջոցով փոխանցվող հաղորդագրության կողմ չհանդիսացող որեւէ անձ կարող է միջամտել, ձայնագրել հաղորդագրությունը կամ բացահայտել դրա պարունակությունը միայն տվյալ հաղորդագրության կողմերի գրավոր համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ՝ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

(…)

3. Օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով բոլոր օպերատորները եւ ծառայություն մատուցողները պարտավոր են ապահովել իրավապահ եւ ազգային անվտանգության աշխատակիցների մուտքը հաղորդակցության սարքավորումներին, ենթակառուցվածքներին, միացնող-անջատող, ուղղորդող եւ նմանատիպ այլ սարքերին, ներառյալ` գաղտնալսումների իրականացման համար անհրաժեշտ սարքերին» : Նշված կարգավորումը նախատեվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դրույթի կատարումն ապահովելու նպատակով, այն է` «Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է բացահայտել սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները՝

1) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով` քրեական հանցագործության կամ ազգային անվտանգության նկատմամբ որեւէ սպառնալիքի հետախուզման, հետաքննման կամ քրեական հետապնդման առնչությամբ.» : Մինչդեռ ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր 4-րդ կետի կատարումն ապահովելու համար «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում որեւէ դրույթ չի նախատեսվում, ինչպես նաեւ դրա չկատարման համար օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք նախատեսել համապատասխան կարգավորումներ:

2.Առաջարկում ենք ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով սահմանված օրենքի լրիվ անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին՝ հաջորդաբար նշելով օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:

3.Առաջարկում ենք ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերը հանել՝ հաշվի առնելով, որ Նախագծով օրենքին հղում այլեւս չի կատարվում։

4.««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով, որպես օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ, սահմանված է, որ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից», մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածով հրապարակման պահից ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված չէ, ուստի, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4–րդ մասը՝ առաջարկում ենք ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով, որպես օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ, սահմանել հրապարակվելուց հետո՝ անմիջապեսը։ Նույն առաջարկը վերաբերում է նաեւ ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված կարգավորմանը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով կատարվող լրացումները չեն համապատասխանում համաչափության սահմանադրական սկզբունքին:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթում սահմանված կարգավորումների՝ միմյանց համապատասխանությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118)

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118)

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)