ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-529-26.03.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «1-ին մասը լրացնել նոր 13-րդ կետով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասում լրացնել նոր ՝ 13-րդ կետ» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածո վ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) պատգամավորների իրավունքներին վերաբերող 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում է նոր՝ 13-րդ կետ. «13) Խմբակցությունից դուրս եկած` անկախ պատգամավորը , իրավունք ունի ընդգրկվելու առնվազն երկու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների պատվիրակությունների կազմում եւ առնվազն 5 միջխորհրդարանական բարեկամական խմբերի կազմում` համաձայն ՀՀ ԱԺ նախագահին ուղղված իր դիմումի, որում պատշաճ կերպով պետք է ներկայացված լինեն հիմնավորումներ իր կողմից նախընտրելի միջազգային խորհրդարանական կազմակերպություններում եւ բարեկամական խմբերում աշխատելու կարողության, անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների տիրապետման, ինչպես նաեւ անելիքների վերաբերյալ»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումն ե րը.

2.1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կարգավորումներում չի կիրառվում «անկախ պատգամավոր» հասկացությունը, առկա է միայն «խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավոր» հասկացությունը (Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մաս): Հաշվի առնելով նշվածը` առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածո վՕրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր ՝ 13-րդ կետում նշված «անկախ պատգամավոր» հասկացությունը:

2.2. Օրենքի կարգավորումներում չի կիրառվում «միջխորհրդարանական բարեկամական խմբեր» ձեւակերպումը, հաշվի առնելով նշվածը` առաջարկում ենք այն փոխարինել «Ազգային ժողովի բարեկամական խմբեր» ձեւակերպումով (օրինակ` Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը եւ28-րդ հոդվածի 1-ին մաս 17-րդ կետը):

2.3. Նախագծի 1-ին հոդվածո վ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 13-րդ կետի «ՀՀ ԱԺ նախագահին» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Ազգային ժողովի նախագահին» ձեւակերպւմով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասը:

2.4. Նախագծի 1-ին հոդվածո վ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 13-րդ կետի վերլուծությունից կարող ենք եզրակացնել, որ խմբակցությունից դուրս եկած պատգամավորի համար նախատեսվոււմ է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների պատվիրակությունների կազմում առնվազն երկու անգամ եւ խորհրդարանական բարեկամական խմբերի կազմում առնվազն հինք անգամ ընդգրկված լինելու իրավունք, որն իրացվելու է Ազգային ժողովի նախագահին ուղղված նրա դիմումի համաձայն, որում պատշաճ կերպով պետք է ներկայացված լինեն հիմնավորումներ նրա կողմից նախընտրելի միջազգային խորհրդարանական կազմակերպություններում եւ բարեկամական խմբերում աշխատելու կարողության, անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների տիրապետման, ինչպես նաեւ անելիքների վերաբերյալ:

Հարկ է նկատել, որ Օրենքում պատգամավորների իրավունքներին վերաբերող 3-րդ հոդվածը չի պարունակում լրացվող կարգավորմանը համարժեք կարգավորում, որով Ազգային ժողովի պատգամավորների, մասնավորապես՝ խմբակցություններում ընդգրկված պատգամավորներիի համար նախատեսված լինի միջազգային խորհրդարանական կազմակերպությունների պատվիրակությունների կազմում եւ խորհրդարանական բարեկամական խմբերի կազմում առնվազն որոշակի քանակով ընդգրկված լինելու իրավունք:

Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածո վ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 13-րդ կետի ձեւակերպումից հասկանալի չէ, թե որն է Ազգային ժողովի նախագահի լիազորությունը՝ խմբակցությունից դուրս եկած պատգամավորի կողմից ստացված դիմումի պարագայում, մասնավորապես հասկանալի չէ, թե.

-Ազգային ժողովի նախագահը պարտավոր է հաստատել խմբակցությունից դուրս եկած պատգամավորի մասնակցությունը պատվիրակության եւ խմբի կազմում, թե

- Ազգային ժողովի նախագահը պարտավոր է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում եւ բարեկամական խմբերում խմբակցությունից դուրս եկած պատգամավորի աշխատելու կարողությանը, անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների տիրապետմանը դրական գնահատական տալու դեպքում հաստատել նրա մասնակցությունը պատվիրակության եւ խմբի կազմում, թե

- Ազգային ժողովի նախագահը պարտավոր է խմբակցությունից դուրս եկած պատգամավորին պատվիրակության կամ խմբի կազմում ընդգրկելու վերաբերյալ առաջարկ անել Խորհրդին, թե

- Ազգային ժողովի նախագահը պարտավոր է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում եւ բարեկամական խմբերում խմբակցությունից դուրս եկած պատգամավորի աշխատելու կարողությանը, անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների տիրապետմանը դրական գնահատական տալու դեպքում միայն նրան պատվիրակության կամ խմբի կազմում ընդգրկելու վերաբերյալ առաջարկ անել Խորհրդին:

Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ Նախագծով Օրենքի` Ազգային ժողովի նախագահի լիազորություններին վերաբերող 5-րդ հոդվածում որեւէ լրացում չի նախատեսվում:

2.5. Օրենքը միջազգային խորհրդարանական կազմակերպությունների պատվիրակությունների կազմում եւ խորհրդարանական բարեկամական խմբերի կազմում ընդգրկվելու վերաբերյալ պարունակում է հետեւյալ կարգավորումները.

Օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ Խորհուրդը (կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա երեք տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից եւ մշտական հանձնաժողովների նախագահներից) հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում , միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը , դրանց կազմավորման եւ գործունեության կարգերը, ստեղծում եւ լուծարում է Ազգային ժողովի բարեկամական խմբերը , ինչպես նաեւ հաստատում է դրանց կազմերը եւ գործունեության կարգերը:

Օրենքի՝ խմբակցության լիազորություններին վերաբերող 8-րդ հոդվածի համաձայն՝խմբակցությունն իրավունք ունի իր անդամին առաջարկելու միջազգային խորհրդարանական կազմակերպության, ինչպես նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում , իր անդամին առաջարկելու Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում:

Վերոգրյալ իրավակարգավորումների վերլուծությունից կարող ենք եզրակացնել, որ պատգամավորի թեկնածությունը նրան միջազգային խորհրդարանական կազմակերպության Ազգային ժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում,Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում ընդգրկելու համար առաջարկում է խմբակցությունը եւ այն հաստատում է Խորհուրդը:

Հիմք ընդունելով մեջբերված իրավական նորմերը եւ հաշվի առնելով կատարված վերլուծությունները` կարծում ենք, որ խմբակցությունից դուրս եկած պատգամավորի համար միջազգային խորհրդարանական կազմակերպության պատվիրակության կազմում,բարեկամական խմբի կազմում ընդգրկվելու հնարավորություն չի կարող նախատեսվել Նախագծով առաջարկվող լրացման տարբերակով, քանի որ Ազգային ժողովի խմբակցություններում ընդգրկված պատգամավորների համար չի նախատեսվում միջազգային խորհրդարանական կազմակերպությունների պատվիրակությունների կազմում եւ խորհրդարանական բարեկամական խմբերի կազմում առնվազն որոշակի քանակով անգամներ ընդգրկված լինելու իրավունք, Ազգային ժողովի նախագահը չունի Նախագծի 1-ին հոդվածո վ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 13-րդ կետի կարգավորումից բխող որեւէ լիազորություն:

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք խմբակցությունից դուրս եկած պատգամավորի համար միջազգային խորհրդարանական կազմակերպության պատվիրակության կազմում,բարեկամական խմբի կազմում ընդգրկվելու հնարավորություն նախատեսելու համար Օրենքում լրացնել կարգավորումներ այդ պատգամավորի թեկնածությունը խորհրդին առաջարկելու վերաբերյալ:

3. Նախագծի 2-րդ հոդվածում վրիպակն առաջարկում ենք ուղղել` «տասերորդ» բառը փոխարինելով «տասներորդ» բառով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ին :

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ. ՝ 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)

16.04.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ. ՝ 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)

16.04.2020թ.