ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-528-26.03.2020-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-5281 -26.03.2020-ՊԻ-011/0)վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) վերնագրից առաջարկում ենք հանել «ՀՀ» հապավումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածում շարադրված օրենքի լրիվ անվանումը առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ հաջորդաբար շարադրելով օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսա թիվը , հերթական համարը եւ «օրենք» բառը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «11-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ կետով» ձեւակերպումը փոխարինել «11-րդ հոդվածում լրացնել նոր` 4-րդ մաս» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

3 . Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդված ում լրացնել նոր ՝ 4-րդ մաս , այն է.

«Եթե արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը հանգեցնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեության սահմանափակումների եւ խստացումների, ինչի հետեւանքով մարդիկ զրկվում են միջոցների ընթացիկ շրջանառություն իրականացնելուց եւ եկամուտներից` օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց տրամադրվում է առնվազն եռամսյա վարկային արձակուրդ» :

Այսպիսով, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդված ում լրաց վող 4-րդ մասով նախատեսվում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ ֆիզիկական անձանց տրամադրել առնվազն եռամսյա վարկային արձակուրդ՝ հիմք ընդունելով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեության սահմանափակումները եւ խստացումները : Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ նշված դրույթը պարունակում է մի շարք հակասական ձեւակերպումներ : Մասնավորապես՝ նույն դրույթում միաժամանակ կիրառվում են « ֆիզիկական անձինք » եւ « մարդիկ » հասկացությունները, ինչը չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:

Միաժամանակ կարծում ենք, որ անհրաժեշտ է հստակեցնել « օրենքի ուժով» հասկացությունը: Մասնավորապես՝պարզ չէ օրենքում « օրենքի ուժով»հասկացության կիրառման նպատակային նշանակությունը, ինչպես նաեւ անհասկանալի է, թե որ օրենքի մասին է նշված, արդյո ՞ ք անհրաժեշտ է վարկային արձակուրդի կիրառման համար առանձին օրենք ընդունել:

4. Նախագծի 1-ին հոդվածով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածում լրացվող նոր 4-րդ մասը պարունակում է հետեւյալ ձեւակերպումը. «Եթե արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը հանգեցնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեության սահմանափակումների եւ խստացումների , (...) օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց տրամադրվում է առնվազն եռամսյա վարկային արձակուրդ» :

Նախագծի 1-ին հոդվածով լրացվող դրույթում կիրառվում է «ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեության սահմանափակումներ եւ խստացումներ » ձեւակերպումը, մինչդեռ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով սահմանված չէ, թե որոնք են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեության խստացումները: Հաշվի առնելով նշվածը` առաջարկում ենք հստակեցնլ «ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեության խստացումներ» ձեւակերպումը:

Բացի այդ հասկանալի չէ՝ ինչով է պայմանավորված վարկային արձակուրդի ժամկետ օրենքով սահմանել առնվազն եռամսյա ժամկետը, երբ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության տեւողությունը կարող է նաեւ չգերազանցել 30 օրը, իսկ տվյալ պարագայում վարկային արձակուրդի տեւողության նվազագույն շեմ եռամսյա ժամկետ սահմանելը, կարծում ենք, կարող է խնդրահարույց լինել:

Վերոգրյալ դիտարկումները վերաբերելի են նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) լրացվող նոր 887.1-ին հոդվածում առկա նույնական ձեւակերպումներին:

5. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «օրենսգիրքը 887 հոդվածից հետո լրացնել 887.1 հոդվածով.

«887.1 Վարկային» ձեւակերպումը առաջարկում ենք փոխարինել «օրենսգրքում լրացնել նոր՝ 887.1-ին հոդված.

«887.1. Վարկային» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7 -րդ մասը եւ 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

6. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 887.1-ին հոդվածը վերնագրված է «Վարկային արձակուրդ» եւ պարունակում է հետեւյալ կարգավորումը.

«Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ , որը հանգեցնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեության սահմանափակումների եւ խստացումների, ինչի հետեւանքով մարդիկ զրկվում են միջոցների ընթացիկ շրջանառություն իրականացնելուց եւ եկամուտներից` օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց տրամադրվում է առնվազն եռամսյա վարկային արձակուրդ » :

Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չէ «վարկային արձակուրդ» հասկացությունը եւ այդ ինստիտուտի վերաբերյալ որեւէ կարգավորում առկա չէ: Օրենսգրքում լրացվող նոր՝ 887.1-ին հովածը եւս չի սահմանում վարկային արձակուրդ հասկացությունը, այլ միայն նախատեսում է այն նույն հանգամանքը, որի պարագայումը անձին կարող է տրամադրվել վարկային արձակուրդ, որը Նախագծերի փաթեթով կատարվող լրացումների արդյունքում նախատեսվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդված ի 4-րդ մաս ում:

Հիմք ընդունելով վերոգրյալը, կարծում ենք, որ Նախագծերի փաթեթով նախատեսվող իրավակարգավորումները չեն կարող գործել առանց «վարկային արձակուրդ» հասկացության հստակ սահմանման: Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 887.1-ին հոդվածի վերնագիրը եւ բովանդակությունը, կարծում ենք, չեն բավարարում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջին, այն է` «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը» :

Միաժամանակ, կարծում ենք, նպատակահարմար չէ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի վարկիվերաբերյալ 47-րդ գլխում նոր հոդվածը 887-րդ հոդվածից հետո լրացնելը, հաշվի առնելով այն, որ Օրենսգրքի 887-րդ հոդվածը վերաբերում է վարկային պայմանագրին, իսկ 888-րդ հոդվածը՝ վարկային պայմանագրի ձեւին:

7 . ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «հրապարակման օրվան հաջորդող օրը» բառեր ն ա ռաջարկում ենք փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում կիրառված «հրապարակման օրվան հաջորդող օրը» բառերին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններր չկան:

Եզրահանգում

Ամփոփ ե լով փորձաքննության արդյունքն ե րը՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապ ե տության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծ երի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ներ ին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ. ` 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. ՝ 011-513-248), (118)

16.04.2020թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ. ՝ 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. ՝ 011-513-248), (118)

16.04.2020թ.