ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգատգործման, գովազդի եւ առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-526-25.03.2020-ՏՀ-011/0), ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-5261 -25.03.2020-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-5262 -25.03.2020-ՏՀ-011/0)վերաբերյալ

Ազգային ժողավի պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Համազասպ Դանիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգատգործման, գովազդի եւ առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման մասին», ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

«Ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) 6-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվում է` «Ալկոհոլային խմիչքներներ օգտագործող դեռահասներին եւ վերարտադրողական տարիքի կանանց , ովքեր դիմում են բժշկական հաստատություններ, տրամադրվում է ալկոհոլից կախվածության բուժման եւ հետեւանքների վերացմանն ուղղված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում»:

Հայաստանի Հանրապետութան Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ «Բոլորը հավասար են օրենքի առջեւ»:

Հայաստանի Հանրապետութան Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-րդ հոդվածի համաձայն՝ «Կանայք եւ տղամարդիկ իրավահավասար են»։

Օրենքի առջեւ ընդհանուր հավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքները երաշխավորվում են Սահմանադրությամբ (28-րդ եւ 29-րդ հոդվածներ), ինչպես նաեւ մի շարք կարեւորագույն միջազգային փաստաթղթերով՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (7-րդ հոդված), Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով (26-րդ հոդված), Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով (14-րդ հոդված) եւ այդ կոնվենցիային կից 12-րդ Արձանագրությամբ: Այդ իրավադրույթներից բխում է, որ պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում՝ կխախտվեն ընդհանուր հավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքները:

Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում որպես արտոնություն նախատեսվում է վերարտադրողական տարիքի կանանցանվճար բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը: Նման արտոնություն չի նախատեսվում տղամարդկանց համար, այն պայմաններում, երբ Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ 2010 թվականից հետո ալկոհոլի օգտագործման ցուցանիշը ավելի քան 2 անգամ աճել է տղամարդկանց շրջանում, որոնց կեսը չարաշահում է ալկոհոլը: Մինչդեռ հարկ է նկատել, որ առողջ սերունդ ունենալու տեսանկյունից վերարտադրողական առողջությունն հավասարաչափ կարեւորություն ունի ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար:

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 1-ին հոդվածում տրվում է վերարտադրողական առողջության հասկացությունը, որի համաձայն` վերարտադրողական առոջությունը մարդու ֆիզիկական, մտավոր եւ սոցիալական լիակատար բարեկեցության վիճակն է` կապված վերարտադրողական համակարգի, դրա գործառույթների ու կենսընթացների հետ:

Ինչպես պարզ է դառնում վերոնշյալ հոդվածի սահմանումից,վերարտադրողական առողջությունը հասվասարաչափ վերաբերում է եւ՛ տղամարդկանց, եւ՛ կանանց: Ալկոհոլի չարաշահումը բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն կանանց, այլ նաեւ տղամարդկանց վերարտադրողականության գործառույթի վրա: Ալկոհոլի չարաշահումից տուժում է պտուղը, եթե ծնողները բեղմնավորման պահին եղել են ալկոհոլի ազդեցության տակ:

Վերոնշյալը հաշվի առնելով, կարծում ենք, որ ալկոհոլից կախվածության բուժման եւ հետեւանքների վերացմանն ուղղված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում պետք է տրամադրվի նաեւ տղամարդկանց՝ Սահմանադրությամբ նախատեսված խտրականության արգելքի ու կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության սկզբունքների պահպանման նպատակով:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի նախաբանում սահմանված է, «Սույն օրենքը կարգավորում է ալկոհոլային խմիչքներիիրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ ալկոհոլային խմիչքների առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման գործընթացը, կոչված է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանելու ալկոհոլային խմիչքներիօգտագործման ՝ մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից, ինչպես նաեւ սոցիալական և այլ հետեւանքներից»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը կարող է պարունակել նախաբան, որը սահմանում է իրավական ակտի ընդունման նպատակներն ու պատճառները: Նախաբանը չի շարադրվում առանձին հոդվածով, չի համարակալվում եւ չի բաժանվում հոդվածների (կետերի): Նախաբանով չեն սահմանվում նորմատիվ դրույթներ: (…)»:

Հարկ է նկատել, որ Նախագծում՝ որպես նախաբան շարադրված դրույթում, սահմանված է նաեւ օրենքի կարգավորման առարկան, որը պետք է շարադրվի առանձին հոդվածի տեսքով, մինչդեռ օրենքի ընդունման նպատակներն ու պատճառները պետք է շարադրվեն նախաբանի տեսքով:

Միաժամանակ, կարծում ենք, անհրաժեշտ է որոշակի չափով հստակեցնել « և այլ հետեւանքներ» հասկացությունը:

2.Նախագծի հոդվածների մասերի, կետերի եւ ենթակետերի համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի պահանջներին։

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է, որ «Ալկոհոլային խմիչքների մակնշումը եւ փաթեթավորումը ներառում է առողջությանը վնասակարության մասին նախազգուշացնող տեքստ՝ ալկոհոլի չարաշահումը վնասակար է առողջությանը:»: Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի 7-րդ կետի համաձայն՝փաթեթավորումը, դա ցանկացած նյութից պատրաստված այն տարան է, որի մեջ լցված է ալկոհոլային խմիչքը: Իսկ մակնշումն իրականացվում է հենց այդ տարայի վրա: Հաշվի առնելով նշվածն առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում «մակնշումը եւ փաթեթավորումը» բառերը փոխարինել «փաթեթավորման վրայի մակնշում» բառերով: Նույն մասի «գ» կետում առաջարկում ենք «որ բացառի» բառերից հետո լրացնել «փաթեթավորման եւ մակնշման» բառերը, իսկ «զ» կետում՝ «նախազգուշացման տեքստի տառաչափը պետք է» բառերը փոխարինել «իր տառաչափով» բառերով:

Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված «ալկոհոլի չարաշահումը վնասակար է առողջությանը» բառերը նշել չակերտների մեջ։

4.Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանվում է. «Ալկոհոլային խմիչքների գովազդն իր մեջ ներառում է չափից ավել օգտագործման դեպքում առողջությանը վնասակարության մասին ձայնի եւ/կամ պատկերի ձեւով նախազգուշացում: Օրենքով սահմանված նախազգուշացնող տեքստը (ալկոհոլի չարաշահումը վնասակար է առողջությանը) կարող է փոփոխվել լիազոր մարմնի հաստատման դեպքում»:

Կարծում ենք, որ այս կարգավորումը ունի որոշակի հստակեցման կարիք: Մասնավորապես՝ հասկանալի չէ, թե որ դեպքերում, ինչ կարգով եւ ինչ նպատակով օրենքով սահմանված տեքստը կարող է փոփոխվել լիազոր մարմնի հաստատմամբ:

5.Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով մանկական սրճարաններում թույլատրվում է թույլ ալկոհոլային խմիչքների վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը։ Մինչդեռ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասում մանկական կազմակերպություններում գործող հանրային սննդի օբյեկտներում արգելվում է ցանկացած տեսակի ալկոհոլային խմիչքի իրացումը։ Հակասական կարգավորումներից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծով նախատեսված կարգավորումները համապատասխանեցնել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի պահանջներին։

6. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանում է. «Արգելվում է 18 տարին չլրացած անձանց կողմից ալկոհոլային խմիչքներ վաճառելը կամ որեւէ այլ եղանակով իրացնելը»: «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ»: Նույն օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ «Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա եւ սարսափ բովանդակող գրականության եւ տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաեւ այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական եւ մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն»: Ինչպես նկատում ենք, նշված արգելքը չի տարածվում մինչեւ 18 տարին լրանալն օրենքով սահմանված հիմքերով լրիվ գործունակություն ձեռք բերած անձանց նկատմամբ, ովքեր «Երեխայի իրավունքների մասին» օրենքի իմաստով այլեւս երեխաներ չեն դիտարկվում:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի ուժով քաղաքացին լրիվ գործունակություն կարող է ձեռք բերել նաեւ մինչեւ 18 տարեկան դառնալը, մասնավորապես՝ էմանսիպացիայի կամ ամուսնության ուժով, առաջարկում են Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասում հստակեցնել, որ նշված արգելքը չի տարածվում մինչեւ 18 տարին լրանալը լրիվ գործունակություն ձեռք բերած անձանց նկատմամբ:

7.Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված է, որ՝ «ալկոհոլային խմիչքների օգտագործումն արգելվում էզորամասերում եւ զինվորական հաստատություններում, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օգտագործմանհամար առանձնացված հատուկ տարածքների»։ Մինչդեռ, հարկ է նկատել, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով որեւէ նման առանձնացված տարածք ՝ ալկոհոլային խմիչքների օգտագործման համար, սահմանված չէ։

8.Հիմք ընդունելով «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի դրույթները եւ «Նորմատիվ իրավական ակտեր մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված «ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում» բառերը փոխարինել «Ձերբակալվածներին պահելու վայրում, կալանավորվածներին պահելու վայրում» բառերով:

9.Նախագծի 4-րդ հոդվածը նախատեսում է փակ, կիսափակ եւ հանրային տարածքներում ալկոհոլային խմիչքների օգտագործման սահմանափակումները: Մասնավորապես, Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «1. Ալկոհոլային խմիչքներիօգտագործումն արգելվում է՝ 1) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններում եւ դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա. 2) նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատություններում եւ դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա.… »:

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կամ ուսումնական հաստատությունները շենքերից բացի կարող են ներառել նաեւ տվյալ հաստատության սպասարկման գոտին (ավտոկայանատեղին, բակ, կանաչ գոտի, ճանապարհ, մայթ եւ այլ սպասարկող կառույցներ), որոնք կարող են գտնվել տվյալ հաստատության շենքի մուտքից 5 մետր հեռավորության վրա: Հետեւաբար նման կարգավորման դեպքում հակասություն է առաջանում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կամ ուսումնական հաստատությունում ալկոհոլային խմիչքների օգտագործման արգելքի եւ դրանց շենքերի մուտքից 5 մետր հեռավորության վրա ալկոհոլային խմիչքների օգտագործման թույլատրելիության միջեւ: Նման կարգավորմումից բխում է, որ ալկոհոլային խմիչքների օգտագործումն արգելվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կամ ուսումնական հաստատություններում, բայց թույլատրվում է այդ հաստատությունների շենքերի մուտքերից 5 մետր հեռավորության վրա, որը կարող է լինել տվյալ հաստատության սպասարկման գոտին (օրինակ` ավտոկայանատեղին, բակը եւ այլ սպասարկող կառույցներ): Ուստի, հաշվի առնելով այս հանգամանքը, առաջարկում ենք ալկոհոլային խմիչքների օգտագործման արգելք նախատեսել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կամ ուսումնական հաստատությունների զբաղեցրած ամբողջ տարածքում եւ այդ տարածքներից, այսինքն՝ այդհաստատություններից 5 մետր շրջագծով հեռավորության վրա:

10.Առաջարկում ենք ապահովել Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված «հանրակրթական» եւ 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված «հանրակրթական ուսումնական հաստատությունների», 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված «հանրակրթական» ձեւակերպումների միանման կիրառությունը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտեր մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

11.Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում սահմանված է «ցույց տալ ալկոհոլային խմիչքներ մանկապատանեկան ռադիոհեռուստահաղորդումներում» դրույթը: Հաշվի առնելով, որ ոչ միայն մանկապատանեկան, այլեւ ցանկացած ռադիոհաղորդումներում ալկոհոլային խմիչքներ ցույց տալ հնարավոր չէ, ուստի առաջարկում ենք «ռադիոհեռուստահաղորդումներ» բառը փոխարինել «հեռուստահաղորդումներ» բառով։

12.Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ մասին: Մասնավորապես՝ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Արգելվում է հեռուստատեսությամբ, ռադիոալիքներով թունդ ալկոհոլային խմիչքների (բացառությամբ կոնյակի եւ բրենդիի) գովազդը», մինչդեռ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ մասի բովանդակությունից ստացվում է, որ հեռուստառադիոընկերությունների կողմից ալկոհոլային խմիչքի գովազդն արգելվում է կոնկրետ ժամերին (06:00-ից մինչեւ 22:30-ն ընկած ժամանակահատվածում) եւ բացառություն է կազմում միայն հայկական կոնյակը։Բացի այդ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ մասում տուգանք սահմանված է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 47.21-րդ հոդվածի 2-րդ մասում ալկոհոլային խմիչքների գովազդի պահանջների խախտման համար սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների գործող օրենսդրության համապատասխանությունը։

13. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվում է. «Արգելվում է հեռուստատեսությամբ, ռադիոալիքներով թունդ ալկոհոլային խմիչքների (բացառությամբ կոնյակի եւ բրենդիի) գովազդը»:

Սահմանադրության 59-րդ հոդվածը նախատեսում է տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը, որի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով: 2. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով: 3. Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը եւ հակամրցակցային համաձայնություններն արգելվում են»:

Այսպիսով, Սահմանադրության 59-րդ հոդվածից բխում է, որ տնտեսական մրցակցությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի պաշտպանության նպատակով: «Տնտեսական մրցակցության մասին» օրենքի դրույթների վերլուծության հիման վրա կարող ենք նշել, որ Հայաստանի Հանրապետությունում պաշտպանվում եւ խրախուսվում է ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովվում է բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր: Կարծում ենք, որ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում առկա կարգավորման պայմաններում, մասնավորապես, բացառության նախատեսումը կոնյակի եւ բրենդիի գովազդի թույլատրման համար, կարող է առաջացնել տնտեսական մրցակցության անհավասար պայմաններ: Թեեւ օրենքով կարող է սահմանափակվել տնտեսական մրցակցությունը, սակայն մեկ պայմանով` հանրային շահերի պաշտպանության նպատակով: Իսկ Նախագծի վերոնշյալ կարգավորումը, կարծում ենք, համաչափ չէ հանրային շահերի պաշտպանության նպատակին, հետեւաբար կարող է հանգեցնել Սահմանադրությամբ երաշխավորված տնտեսական մրցակցության սկզբունքի խախտման:

Կարծում ենք, որ ընդունելի է կարող է լինել բացառության նախատեսումը ոչ թե կոնյակի եւ բրենդիի համար, այլ միայն տեղական արտադրության կոնյակի համար, ինչպես որ նախատեսված է «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով:

14.Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի վերնագրում նշված «Անցումային դրույթներ» բառերը փոխարինել «Եզրափակիչ մաս» բառերով, քանի որ նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանվում է վերջինիս՝ եզրափակիչ մասում։ Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջներից։

15.««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմքով ղեկավարվելով՝ առաջարկում ենք ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել։

16. ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Գովադի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «ալկոհոլային խմիչքների եւ» բառերը: Նշվածի կապակցությամբ հայտնում ենք, որ նշված մասն ամբողջությամբ վերաբերում է ալկոհոլային խմիչքների գովազդի տեղակայմանը մի շարք վայրերում: Այսինքն, փոփոխության արդյունքում «Գովադի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը դառնում է անիմաստ: Մինչդեռ նշված հոդվածով սահմանված վայրերում ալկոհոլային խմիչքների գովազդի տեղադրման հետ կապված կարգավորումները նախատեսվել են Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, բացառությամբ «հանրային սննդի օբյեկտների տարածքներ»-ի մասով: Ելնելով նշվածից՝ առաջարկում ենք «Գովազդի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասից հանել նաեւ Նախագծով արդեն իսկ նախատեսված համապատասխան կարգավորումները:

17.Առաջարկում ենք ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշված «հոդվածը» բառը փոխարինել «հոդվածի» բառով:

18.««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նախատեսվում է` «Օրենքի 15-րդ հադվածը 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 51-րդ մասերի գործողությունը դադարեցնել», մինչդեռ «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հադվածը 51-րդ մաս չունի։

19.Առաջարկում ենք ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «մասերի գործողությունը դադարեցնել» բառերը փոխարինել «մասերն ուժը կորցրած ճանաչել» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը։

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածին։

20.Հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 6 ամիս անց: Առաջարկում ենք Նախագծերի փաթեթի մեջ ներառված նախագծերի ուժի մեջ մտնելու համար սահմանել նույն ժամկետը: Հակառակ պարագայում, «Գովազդի մասին» օրենքից ալկոհոլային խմիչքներին վերաբերող դրույթներն ուժը կորցրած ճանաչելով, որեւէ իրավական ակտով ալկոհոլային խմիչքների հետ կապված հարաբերությունները չեն կարգավորվելու։

21.Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով սահմանված փոփոխությունները ձեւակերպելիս կիրառել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով կիրառված հասկացությունները։

22.Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշված «հետեւյալ» բառը փոխպարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը։

23.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված` «47.7-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերը առաջարկում ենք փոխարինել «47.7-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը» բառերով, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 47.7-րդ հոդվածում առկա չեն համարակալված մասեր։ Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում նշված «մասից» բառին:

24.Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում կիրառված ««Ալկոհոլի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» ձեւակերպումը փոխարինել ««Ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման մասին» օրենք» ձեւակերպմամբ։

25.Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածում 47.18-րդ, 47.19-րդ եւ 47.21-րդ հոդվածներից հետո նշված մասերը հանել, քանի որ հղումները վերաբերում են նշված հոդվածների բոլոր մասերին, ուստի մասերն առանձին նշելու անհրաժեշտություն չկա։

26. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված կագավորումների արդյունքում հասկանալի չէ, թե «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով լրացվող 47.20-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումները որ մարմնի ենթակայության տակ են լինելու։

27. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի4-րդ հոդվածով նախատեսվում է օրենսգրքի 230-րդ հոդվածում լրացնել նաեւ 47.21-րդ հոդվածը, ըստ որի՝ նշված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի ենթակայությունը հանձնվում է առողջապահական եւ աշխատանքային տեսչական մարմնին: Մինչդեռ, Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված նմանատիպ բովանդակությամբ կարգավորում (Նախագծերի փաթեթով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել), որի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը «Գովազդի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: Հաշվի առնելով նշվածը եւ այն, որ հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը՝առաջարկում ենք Նախագծով եւս նախատեսել, որ հեռուստառադիոընկերությունների կողմից իրականացվող ալկոհոլային խմիչքների գովազդիպահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը հանդիսանում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը:

28. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է օրենսգրքի 175-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել: Գործող օրենսգրքի175-րդ հոդվածի համաձայն՝ «Ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում կամ հասարակական այլ վայրերում, բացառությամբ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ունեցող հանրային սննդի օբյեկտների, կամ ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով` առաջացնում է (…) Մինչդեռ Նախագծերի փաթեթով նախատեսված ալկոհոլային խմիչքների օգտագործման սահմանափակումները բավարար չափով չեն ներառում նշված հոդվածով սահմանված կարգավորումները: Ելնելով նշվածից առաջարկում ենք 175-րդ հոդվածում նախատեսել համապատասխան փոփոխություններ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ «Ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասը կարող է հանգեցնել խտրականության արգելքի, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության ապահովման սահմանադրական սկզբունքների խախտմանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Առեւտրի եւ ծառայությունների մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների դրույթներին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

15.04.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել հետեւյալ իրավական ակտերում.

1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված կարգավորումներն անհարաժեշտություն են առաջացնում լրացում կատարել «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում՝ առողջությանը վնասակարության մասին նախազգուշացնող տեքստը ներառելով մակնշմանը ներկայացվող պարտադիր պահանջների ցանկում։

2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ալկոհոլային խմիչքների վաճառքն ալգելվող օբյեկտների շարքը շատ ավելի լայն է: Ուստի անհրաժեշտություն է առաջանում ապահովել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասի համապատասխանությունը Նախագծին:

3. ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասում։

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

15.04.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-526-25.03.2020-ՏՀ-011/0), «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-5261 -25.03.2020-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-5262 -25.03.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Հրաչյա Հակոբյանի եւ Համազասպ Դանիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման եւ գովազդի հետ կապված այնպիսի իրավակարգավորումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել ալկոհոլային խմիչքների օգտագործման` մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից, ինչպես նաեւ սոցիալական եւ այլ հետեւանքներից:

Նախագծերի փաթեթի հեղինակները նշում են, որ. «Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացված եւ 2019 թվականին հրապարակված վերլուծությունը փաստում է, որ Հայաստանում ալկոհոլի օգտագործման ծավալներն աստիճանաբար աճում են: 2010 թվականից հետո ալկոհոլի օգտագործման ցուցանիշը ավելի քան 2 անգամ աճել է տղամարդկանց շրջանում, որոնց կեսը չարաշահում է ալկոհոլը: Ալկոհոլային խմիչքների աճի միտում կա նաեւ երիտասարդության շրջանում: Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության տվյալների համաձայն ալկոհոլային խմիչք շաբաթը առնվազն մեկ անգամ օգտագործում են մինչեւ 11 տարեկան տղաների 7 տոկոսը եւ աղջիկների 2 տոկոսը: 2016 թվականին տղամարդկանց շրջանում լյարդի բոլոր հիվանդությունների մեջ ցիռոզի մահվան դեպքերը կազմել են 69 տոկոս, որոնցից 4,8 տոկոսը պայմանավորված է ալկոհոլային ցիռոզով: Ալկոհոլային խմիչքների օգտագործմամբ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը եւս մտահոգիչ է:»:

Նախագծերի փաթեթի հեղինակների կարծիքով, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, անհրաժեշտություն է առաջանում կանոնակարգելու ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման եւ գովազդի գործընթացները` նպատակ ունենալով նվազեցնել չափից ավելիալկոհոլ օգտագործողների շրջանակը, կանխարգելել երիտասարդության շրջանում ալկոհոլային խմիչքների չափից շատ օգտագործումը:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է իրավական հիմքեր ստեղծել ալկոհոլի իրացման, սպառման, օգտագործման եւ գովազդի վրա սահմանափակումներ կիրառելու եւ դրանով իսկ` չափից շատ ալկոհոլային խմիչքների օգտագործումը սահմանափակելու համար:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Ներկայացված տեսքով Նախագծերի փաթեթի ընդունումը ֆինանսական հիմնախնդիրներ կարող է առաջացնել ալկոհոլային խմիչքների գովազդ տեղադրող եւ հեռարձակող տնտեսավարող սուբյեկտների համար, որոնց լուծման ուղղությամբ առաջարկությունները ներկայացված են ստորեւ:

3. Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված նախագծերը պարունակում են ինչպես սկզբունքային, այնպես էլ տեխնիկական եւ խմբագրական բնույթի հիմնահարցեր, որոնց լուծման ուղղությամբ կոնկրետ դիտողությունները եւ առաջարկությունները նույնպես ներկայացվում են ստորեւ:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծերի փաթեթի վերաբերյալ հարկ են համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

I. «Ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

1. Նախագծի 1-ին հոդվածում`

ա) նախադասության բովանդակությունն ընկալելի դարձնելու նպատակով անհրաժեշտ է խմբագրել 2-րդ եւ 3-րդ կետերը: Մասնավորապես, առաջարկում ենք այդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) թունդ ալկոհոլային խմիչք` 20 եւ ավելի ծավալային տոկոս սպիրտի պարունակություն ունեցող խմիչք.

3) թույլ ալկոհոլային խմիչք ՝ մինչեւ 20 ծավալային տոկոս սպիրտի պարունակություն ունեցող խմիչք.»,

բ) առաջարկում ենք հանել 8-րդ կետը, քանի որ պետական կառավարման լիազորված մարմնի որոշման լիազորությունը պատկանում է ՀՀ կառավարությանը եւ այն կատարվում է կառավարության որոշան ընդունման միջոցով:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «Ալկոհոլային խմիչքների մակնշումը եւ փաթեթավորումը ներառում է առողջությանը վնասակարության մասին նախազգուշացնող տեքստ ` ալկոհոլի չարաշահումը վնասակար է առողջությանը:», որի կապակցությամբ հարկ է նշել հետեւյալը.

ա) նախ` ալկոհոլային խմիչքների մակնշումը եւ փաթեթավորումը պարտադիր չէ, որ միաժամանակ լինեն (ալկոհոլային խմիչքը կարող է ընդհանրապես փաթեթավորված չլինել), ուստի «մակնշումը եւ փաթեթավորումը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «մակնշումը եւ (կամ) փաթեթավորումը» բառերով,

բ) եթե ալկոհոլային խմիչքի չարաշահման վերաբերյալ նախազգուշացման տեքստը սահմանվում է տվյալ օրենքով, ապա անհրաժեշտ է հանել Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը, ըստ որի. «Օրենքով սահմանված նախազգուշացնող տեքստը (ալկոհոլի չարաշահումը վնասակար է առողջությանը) կարող է փոփոխվել լիազոր մարմնի հաստատման դեպքում:», քանի որ նման դեպքում հակասություն կառաջանա սույն հոդվածի եւ լիազոր մարմնի ընդունած իրավական ակտի միջեւ: Ուստի, այս նախազգուշացման տեքստը կարող է սահմանվել կամ սույն օրենքով, կամ էլ անհրաժեշտ է այդ տեքստի ընդունման լիազորությունը, տվյալ հոդվածով, վերապահել պետական կառավարման լիազորված մարմին: Այս առումով`

- առաջին դեպքի համար առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ալկոհոլային խմիչքների մակնշումը եւ (կամ) փաթեթավորումը ներառում է առողջության համար ալկոհոլի չարաշահման վնասակարության մասին նախազգուշացնող` «ալկոհոլի չարաշահումը վնասակար է առողջությանը» նախադասությունը:», ինչպես նաեւ հանել Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը,

-երկրորդ դեպքի համար առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ալկոհոլային խմիչքների մակնշումը եւ (կամ) փաթեթավորումը ներառում է առողջության համար ալկոհոլի չարաշահման վնասակարության մասին նախազգուշացնող տեքստ:», իսկ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ սույն մասով նախատեսված` առողջության համար ալկոհոլի չարաշահման վնասակարության մասին նախազգուշացնող տեքստը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:»:

3. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից առաջարկում ենք հանել «լայն» բառը, քանի որ «լայն օգտագործումը» բավականին մեկնաբանելի եւ տարընթերցման տեղիք տվող բառակապակցություն է:

4. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Արգելվում է հեռուստատեսությամբ, ռադիոալիքներով թունդ ալկոհոլային խմիչքների (բացառությամբ կոնյակի եւ բրենդիի) գովազդը:», որի կապակցությամբ հարկ նշել, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետով սահմանված է, որ արգելվում է. «զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-ից մինչեւ 22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի, գովազդ:», որն էլ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել` սույն Նախագծի ընդունման կապակցությամբ: Բացի այդ, եթե «Գովազդի մասին» ՀՀ օրենքով բացառություն է նախատեսված միայն կոնյակի համար, ապա առաջարկվող իրավակարգավորմամբ բացառություն է նախատեսվում նաեւ բրենդիի համար:

Նշված ժամային տիրույթի վերացման եւ այլ փոփոխությունների արդյունքում ստացվում է, որ Նախագծի ընդունումից հետո, բացառությամբ կոնյակի եւ բրենդիի, իսպառ կվերացվի հեռուստատեսությամբ եւ ռադիոալիքներով թունդ ալկոհոլային այլ խմիչքների (օղի, վիսկի եւ այլն) գովազդի տարածման հնարավորությունը, ինչը կնվազեցնի ոչ միայն գովազդ հեռարձակող ԶԼՄ-ների ֆինանսական հնարավորությունները, այլեւ էլ ավելի կխորացնի տեղական արտադրողների եւ ներմուծողների միջեւ առկա խտրական վերաբերմունքը: Նշված բացառությունը ժամանակին կատարվել էր այն նկատառումներից ելնելով, որ հնարավորինս բարենպաստ պայմաններ սահմանվեն տեղական արտադրության կոնյակի համար, սակայն ԵԱՏՄ-ին անդամագրվելուց եւ ակցիզային հարկի միջոցով ալկոհոլային բոլոր խմիչքների համարհամահարթ պայմաններ սահմանելուց հետո, նշված արտոնությունն, ըստ էության, կորցրել է իր արդիականությունը:

Մյուս կողմից, եթե խոսքը գնում է ալկոհոլային խմիչքների չարաշահման արդյունքում բնակչության առողջությանը հասցվող վնասի մասին, ապա սկզբունքորեն որեւէ տարբերություն չկա, թե այդ վնասը կհասցվի տեղակա՞ն կոնյակի (բրենդիի), թե՞ օրինակ` ռուսական օղու չարաշահման արդյունքում, ուստի` այս տեսանկյունից, կարծում ենք, որեւէ տարբերություն չի կարելի դնել, եւ որեւէ արտադրատեսակի համար բացառություն չպետք է սահմանվի:

Այս կապակցությամբ, հաշվի առնելով նաեւ ԶԼՄ-ների համար ալկոհոլային խմիչքների գովազդից ստացվող եկամտի կարեւորությունը, առաջարկում ենք սահմանել այնպիսի իրավակարգավորում, ըստ որի կարգելվի հեռուստատեսությամբ եւ ռադիոալիքներով թունդ ալկոհոլային բոլոր տեսակի խմիչքների գովազդի հեռարձակումը, սակայն օրվա որոշակի ժամերին` հանրավորինս բացառելով անչափահասների կողմից այդ գովազդների «սպառումը»: Մասավորապես, առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Արգելվում է հեռուստատեսությամբ եւ ռադիոալիքներով ժամը 07:00-ից մինչեւ 23:00-ն հեռարձակել 20 եւ ավելի ծավալային միավոր սպիրտի պարունակություն ունեցող թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը:»:

5. Նախագծի 6-րդ հոդվածի հետ կապված, մեր կարծիքով, անհրաժեշտ է համապատասխան հոդված լրացնել նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխում, առավել եւս, որ Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասով անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասով հղում է կատարվում «այլ իրավական ակտերի վրա»:

6. Առաջարկում ենք փոխել նաեւ 8-րդ հոդվածի վերնագիրը, քանի որ դրանով ոչ թե անցումային, այլ եզրափակիչ դրույթ է սահմանված (այսինքն` առաջարկում ենք «Անցումային դրույթներ» բառերը փոխարինել «Եզրափակիչ դրույթ» բառերով):

II. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «ալկոհոլային խմիչքների եւ» բառերը, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ եթե Նախագծերի սույն փաթեթով նախատեսվում է ալկոհոլային խմիչքների գովազդին վերաբերող բոլոր դրույթները հանել եւ դրանք սահմանել առանձին (այն է` «Ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման մասին» օրենքով), ապա սույն Նախագծով անհրաժեշտ է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասից ոչ թե առանձին բառեր հանել, այլ ուժը կորցրած ճանաչել այդ 2-րդ մասն ամբողջությամբ: Այլապես, ներկայացված տեսքով փոփոխության ընդունման արդյունքում կստացվի, որ մանկապատանեկան ռադիոհեռուստահաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում, ինչպես նաեւ մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում եւ դրանց տարածքում, պատմական եւ մշակութային վայրերում, մինչեւ 18 տարեկան անձանց համար նախատեսված հանգստի եւ ժամանցի կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում կրգելվի ցանկացած տեսակի գովազդի տեղակայումը, ինչն էլ ոչ միայն որեւէ կապ չունի ալկոհոլային խմիչքների չարաշահման գործընթացի սահմանափակման ռազմավարության հետ, այլեւ էականորեն եւ անհիմն կերպով կվնասի բոլոր գովազդատուների եւ գովազդային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների օրինական շահերը:

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Դադարեցնել «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը: »:

III. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

1. Նախագծի ամբողջ տեքստում ««Ալկոհոլի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերն անհրաժեշտ է փոխարինել « «Ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերով:

Եզրակացություն

Նախագծերի փաթեթը հստակեցման եւ լրամշակման կարիք ունի, այլապես այն ոչ միայն չի կարող լուծել դրանով հետապնդվող խնդիրները, այլեւ նոր խնդիրներ կառաջացնի ալկոհոլային խմիչքների գովազգի բնագավառում :

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

03.04.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-526-25.03.2020-ՏՀ-011/0), «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-5261 -25.03.2020-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-5262 -25.03.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Հովհաննիսյանի, Հ. Հակոբյանի եւ Հ. Դանիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով, հեղինակների կողմից, առաջարկվում է սահմանել ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման եւ գովազդի հետ կապված այնպիսի իրավակարգավորումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի պաշտպանել ալկոհոլային խմիչքների օգտագործման` մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից եւ սոցիալական այլ հետեւանքներից:

Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշվում են, որ. «Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացված եւ 2019 թվականին հրապարակված վերլուծությունը փաստում է, որ Հայաստանում ալկոհոլի օգտագործման ծավալներն աստիճանաբար աճում են: 2010 թվականից հետո ալկոհոլի օգտագործման ցուցանիշը ավելի քան 2 անգամ աճել է տղամարդկանց շրջանում, որոնց կեսը չարաշահում է ալկոհոլը: Ալկոհոլային խմիչքների աճի միտում կա նաեւ երիտասարդության շրջանում: Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության տվյալների համաձայն ալկոհոլային խմիչք շաբաթը առնվազն մեկ անգամ օգտագործում են մինչեւ 11 տարեկան տղաների 7 տոկոսը եւ աղջիկների 2 տոկոսը: 2016 թվականին տղամարդկանց շրջանում լյարդի բոլոր հիվանդությունների մեջ ցիռոզի մահվան դեպքերը կազմել են 69 տոկոս, որոնցից 4,8 տոկոսը պայմանավորված է ալկոհոլային ցիռոզով: Ալկոհոլային խմիչքների օգտագործմամբ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը եւս մտահոգիչ է» :

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, անհրաժեշտություն է առաջանում նվազեցնել չափից ավելի ալկոհոլ օգտագործողների շրջանակը, կանխարգելել երիտասարդության շրջանում ալկոհոլային խմիչքների չափից շատ օգտագործումը, ինչպես նաեւ կանոնակարգելու ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման եւ գովազդի գործընթացները:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագծերի փաթեթում ընդգրկված նախագծերը պարունակում են տեխնիկական եւ խմբագրական բնույթի հիմնախնդիրներ:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

«Ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետում`«հանրային տարածք » հասկացության բովանդակությունն անհրաժեշտ է վերախմբագրել, քանի որ հանրային տարաքծի հասկացության բացատրության մեջ կարող են ներառվել նաեւ մանկական այգիները, զբոսայգիները, բակերը եւ տաղավարները:

2. առաջարկում ենք հանել նույն հոդվածի 8-րդ կետը, քանի որ պետական կառավարման լիազորված մարմնի որոշման լիազորությունը պատկանում է ՀՀ կառավարությանը եւ այն կատարվում է կառավարության որոշման ընդունման միջոցով:

3. Նախագծի հոդված 3-ի 2-րդ եւ 3-րդ մասերի բովանդակությանից առաջարկում ենք հանել «...որեւէ այլ եղանակով իրացնել» բառերը:

4. Նույն հոդվածի 5-րդ մասում` «իրականացումը» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «`օրենքով չարգելված վայրերում» բառերը:

5. Տարընթերցման տեղիք է տալիս Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «լայն» բառը, քանի որ «լայն օգտագործումը » բառակապակցությունը առավել քան մեկնաբանելի է. առաջարկում ենք այն հանել:

5. Մեր կարծիքով, անհրաժեշտ է համապատասխան հոդված ավելացնել նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխում, քանի որ Նախագծի հոդված 6-ի 2-րդ մասով անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասով հղում է կատարվում «այլ իրավական ակտերի վրա»:

6. Նախագծի հոդված 8-ի վերնագիրը` «Անցումային դրույթներ», առաջարկում ենք փոխարինել «Եզրափակիչ դրույթ» բառերով:

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` նոր տեսքով. «Դադարեցնել «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը » :

Նախագծի հոդված 1-ով առաջարկվում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «ալկոհոլային խմիչքների եւ» բառերը, մինչդեռ խնդիրը կայանում է նրանում, որ եթե Նախագծերի սույն փաթեթով առաջարկվում է ալկոհոլային խմիչքների գովազդին վերաբերող բոլոր դրույթները հանել եւ դրանք սահմանել առանձին օրենքով, ապասույն Նախագծով անհրաժեշտ է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասից ոչ թե առանձին բառեր հանել, այլ ուժը կորցրած ճանաչել այդ 2-րդ մասն ամբողջությամբ:

Եզրակացություն

Ներկայացված Նախագծերի փաթեթը հստակեցման, լրամշակման եւ վերախմբագրման կարիք ունի եւ չի կարող լուծել դրանցով հետապնդվող խնդիրները :

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

08.04.2020 թ .