ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-522-24.03.2020-ՄԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Շաքե Իսայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հաշվի առնելով այն, որ Նախագծով կատարվում է միայն մեկ փոփոխություն:

3. Նախագծի հոդվածներն առաջարկում ենք համարակալել՝ պահպանելով հոդվածների համարների տրամաբանական հաջորդականությունը:

4. Նախագծի 1-ին հոդվածում «հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով ՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «հոդվածում լրացնել նոր՝ 3-րդ մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

5. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել «Փաստաբանության մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 44-րդ հոդվածում, ըստ որի նախատեսվում է, որ.

«Հանրային պաշտպանի հետ կնքվում է մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր, որի ժամկետը փաստաբանների պալատի ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով կարող է երկարացվել մեկական տարով

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ ներքին իրավական ակտը նորմատիվ իրավական ակտի հիման վրա եւ դրան համապատասխան ընդունված իրավական ակտն է, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար , որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ներքին իրավական ակտերն ընդունվում են կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքի (հերթափոխային) եւ հանգստի ժամանակացույցերը (գրաֆիկները) հաստատելու, աշխատողներին արտաժամյա աշխատանքի եւ հերթապահության ներգրավելու, ինչպես նաեւ սույն օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում»:

Միաժամանակ, հարկ է նկատել, որ փոփոխությունների արդյունքում հանրային պաշտպանի հետ «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսվում է 1 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու եւ այն երկարաձգելու հնարավորություն, սակայն երկարաձգման դեպքերը չեն նախատեսվում Օրենքով, այլ հղում է կատարվում փաստաբանների պալատի ներքին իրավական ակտերին, մինչդեռ այդ իրավաական ակտերում նախատեսված` հանրային պաշտպանի հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու հիմքերը կարող են հաճախակի փոփոխության ենթարկվել, ինչը, կարծում ենք, չի բխում աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունք հանդիսացող աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքից:

Ելնելով վերոնշյալից՝ կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 44-րդ հոդվածում նախատեսված հանրային պաշտպանի աշխատանքային պայմանագրի երկարաձգման դեպքերը չեն կարող սահմանվել պալատի ներքին իրավական ակտերով: Հանրային պարտպանի հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի երկարաձգման դեպքերը, կարծում ենք, նպատակահարմար է Օրենքի 44-րդ հոդվածում նախատեսելը:

Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ աշխատանքային պայմանագրերի գործողության ժամկետի երկարաձգման դեպքում աշխատանքային հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերում «երկարացնել» բառի փոխարեն օգտագործվում է «երկարաձգել» բառը, մասնավորապես՝ Օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում եւ 95-րդ հոդվածում: Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 44-րդ հոդվածում լրացվող նոր 3-րդ մասի «երկարացվել» բառի փոխարեն կիրառել «երակարաձգվել» բառը:

6. Նախագծի 1-ին հոդվածով Օրենք 44-րդ հոդվածում լրացվող նոր 3-րդ մասի համաձայն. «Հանրային պաշտպանի հետ կնքվում է մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր, որի ժամկետը փաստաբանների պալատի ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով կարող է երկարացվել մեկական տարով»:

Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84.1-ին հոդվածի 2-րդ մասը նախատեսում է հետեւյալ կարգավորումը. «Եթե աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո ընդունվել է օրենք կամ այլ նորմատիվ իրավական ակտ, որը սահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ, քան պայմանագիրը կնքելիս գործող կանոններն են սահմանում, ապա կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված է, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա : Օրենսդրությամբ ավելի բարենպաստ պայմաններ սահմանվելու դեպքում աշխատանքային պայմանագիրը պետք է համապատասխանեցվի օրենսդրության պահանջներին»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 44-րդ հոդվածում կատարվող լրացումը հիմնավորվում է հետեւյալով. «Հաշվի առնելով, որ հանրային պաշտպանների հաստիքների քանակը պայմանավորված է յուրաքանչյուր տարվա համար պետական բյուջեից հատկացված ֆինանսավորման չափից, ՀՀ փաստաբանների պալատը չի կարող երաշխավորել հանրային պաշտպանների հաստիքների հաստատուն քանակ եւ չի կարող հանրային պաշտպանների հետ կնքել աշխատանքային պայմանագրեր անորոշ ժամկետով , ուստի առաջարկվում է խնդիրը լուծել օրենսդրական փոփոխությամբ: Մասնավորապես առաջարկվում է «Փաստաբանության մասին» օրենքում կատարել լրացում՝ ամրագրելով, որ հանրային պաշտպանի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով , որի ժամկետը ՀՀ փաստաբանների պալատի ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով կարող է երկարացվել մեկական տարով: ...» :

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծ ում նշում կատարել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 44-րդ հոդվածում լրացվող նոր 3-րդ մասի գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա :

7. Նախագծի 4-րդ հոդվածի մասերն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

Նախագծի 4-րդ հոդվածում 1-ին մասից առաջարկում ենք հանել «հետեւյալ» բառը, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, իսկ 4-րդ եւ 5-րդ մասերից՝ «հետեւյալ բովանդակությամբ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

8. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 45-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասի «աշխատակազմի» բառն առաջարկում ենք փոարինել «անձնակազմի» բառով` հաշվի առնելով Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասը:

Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 45-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ մասի «գումարի տասը տոկոսի չափով» բառերից առաջ առաջարկում ենք լրացնել «հիմնական աշխատավարձի» բառերը:

9. Նախագծի 6-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագ իծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին, ինչպես նաեւ «Փաստաբանության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող ներ ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108),

Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248), (118)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող ներ ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108),

Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248), (118)