ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-511-12.03.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Վահե Էնֆիաջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2.Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով սահմանված օրենքի լրիվ անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին՝ հաջորդաբար նշելով օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:

3.Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ» բառերը փոխարինել «հոդվածը շարադրել նոր» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

4.Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «(այսուհետ նաեւ՝ Օրենք)» բառերը հանել՝ հաշվի առնելով, որ Նախագծով օրենքին հղում այլեւս չի կատարվում:

5.Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված դրույթում կիրառված «ՀՀ» հապավումն առաջարկում ենք նշել ամբողջական՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը։

6.Նախագծով նախատեսվում է «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) անցումային դրույթներին վերաբերող 8-րդ հոդվածում սահմանել, որ «Վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կազմում է 200.000 ՀՀ դրամ»։ Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն ՝ «Վետերանն ստանում է ամենամսյա պատվովճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»: Հիշյալ դրույթների համադրումից բխում է, որ ամենամսյա պատվովճարի չափը սահմանվում է Օրենքով, իսկ այն ստանալու կարգը՝ Կառավարության որոշմամբ:

Վերոգրյալի համատեքստում հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով փոփոխություն նախատեսվում է կատարել Օրենքի անցումային դրույթում։ Մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված անցումային դրույթներին վերաբերող նորմերի վերլուծությունից ստացվում է, որ նման կարգավորում անցումային դրույթներում չի կարող նախատեսվել։ Մասնավորապես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե` 1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ 2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ 3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր»։

Այսպիսով, անցումային դրույթների սահմանման վերը նշված դեպքերի բովանդակությունը վկայում է, որ Նախագծում սահմանված կարգավորումը նպատակահարմար է նախատեսել Օրենքի 4-րդ հոդվածում:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-511-12.03.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահե Էնֆիաջյան կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում 2020 թվականի սեպտեմբերի 1-ից Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը սահմանել 200.000 ՀՀ դրամ` ներկայիս ամսական 100.000 ՀՀ դրամի փոխարեն:

Տվյալ առաջարկության անհրաժեշտությունը եւ կարեւորությունը, ըստ Նախագծի հեղինակի, կայանում է նրանում, որ 2020 թվականին լրանում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակը, պատերազմ, որին մասնակցելու համար Հայաստանից ռազմաճակատ է մեկնել մոտ 300.000 մարդ (այդ ժամանակվա բնակչության 22 %-ը): Ներկայումս ՀՀ-ում ապրում են 276 վետերաններ, որոնք ունեն մեծ ուշադրության կարիք , այդ թվում` նաեւ նյութական առումով:

Ներկայումս վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կազմում է 100.000 ՀՀ դրամ եւ այդ պատվովճարի չափն ըստ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի ներկայիս կարգավորման սահմանում է ՀՀ Կառավարությունը:

Նախագծի հեղինակի կարծիքով, այս պատվովճարի չափը. «…պետք է սահմանված լինի օրենքով, ինչով առաջին հերթին կապահովվի օրենքով շահառու հանդիսացող անձի ակնկալվող պատվովճարի չափի կանխատեսելիությունը եւ վերջինս ստիպված չի լինի սպասել Կառավարության կողմից պատվովճարի հնարավոր բարձրացմանը:» Բացի այդ, հեղինակը կարծում է, որ նշված գումարն ակնհայտորեն բավարար չէ վերջիններիս նվազագույն կարիքները հոգալու եւ արժանապատիվ կյանք վարելու համար եւ այդ գումարի չափը յուրաքանչյուր տարի պետք է բարձրացվի` ապրանքների գների աճին զուգահեռ:

Տվյալ հարցում միջազգային փորձը ցույց է տալիս, որ վետերանները մի շարք երկրներում ունեն բավականին մեծ արտոնություններ` ի տարբերություն ՀՀ-ում ապրող վետերանների: Այսպես, Ռուսաստանի Դաշնությունում, ի թիվս այլ արտոնությունների (վճարված հարկի վերադարձ, բջջային ծառայությունների փոխհատուցում եւ այլն), վետերանները ստանում են մոտ 300.000 դրամին համարժեք ՌԴ ռուբլի եւ նախատեսվում է դրա բարձրացում 9.500 ռուբլու կամ մոտ 67.000 ՀՀ դրամի չափով: Ավելին, ՌԴ-ում Հայրենական պատերազմի 75 ամյակի կապակցությամբ նախատեսվում է վետերաններին վճարել միանգամյա պարգեւատրում` 75.000 ռուբլու կամ մոտ 525.000 ՀՀ դրամի չափով:

Ղրղզստանում 2020թ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75 ամյակի կապակցությամբ նույնպես նախատեսվում է պատվովճարի բարձրացում, ինչպես նաեւ միանվագ վճար` 75.000 սոմի կամ 520.000 ՀՀ դրամի չափով:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Վետերանների աջակցության դեպարտամենտը 1.228 դոլար (մոտ 590.000 ՀՀ դրամ) աջակցություն է տրամադրում միայնակ վետերանի դեպքում եւ 2.226 դոլար (մոտ 1.000.000 ՀՀ դրամ) ` զույգ վետերանների դեպքում: Միեւնույն ժամանակ` տրամադրում է հատուկ կացարաններ, առողջական ամբողջական ապահովագրություն, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հաշմանդամների համար նախատեսված պարագաներ:

Մեծ Բրիտանիայում վետերաններին վճարվում է թոշակ, որի չափը, կախված զինվորական աստիճանից, տատանվում է, իսկ նվազագույն թոշակի չափը կազմում է մոտ 1.000.000 ՀՀ դրամ: Այրի վետերանները ստանում են հավելյալ գումար ` մոտ 290.000 ՀՀ դրամի չափով:

Իսրայելում վետերանների թոշակները սկսում են մոտ 700.000 ՀՀ դրամից, իսկ Ֆրանսիայում վետերանները միջինում ստանում են 1.600.000 ՀՀ դրամին համարժեք թոշակ եւ այլն:

Առաջարկվող փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ որոշ չափով կբարձրացվի Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության եւ նրանց բարեկեցությանմակարդակները: Նախագծի ընդունումն, ըստ էության, միտված է նաեւ նշված անձանց անձնազոհ աշխատանքի, վաստակի եւ անբասիր ծառայության գնահատմանը:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում, եւ ընդունվելու դեպքում ընթացիկ տարվա պետական բյուջեից կպահանջվի լրացուցիչ 110.4 մլն. դրամի ֆինանսավորում (չորս ամսվա կտրվածով):

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրակացություն

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը եւ սոցիալական կարեւոր նշանակություն կարող է ունենալ Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

18.03.2020թ.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-511-12.03.2020-ԱՍ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Վահե Էնֆիաջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը ու ակնկալվող արդյունքները.

Ներկայացված նախագծով առաջարկվում է Հայրենական մեծ պատերազմի՝ներկայումս Հայաստանի Հանրապետությունում 276 բնակվող վետերանների պատվովճարների չափը օրենքով սահմանել 200 000 դրամ, ինչը կբարելավի նրանց ֆինանսա-նյութական վիճակը:

Փորձաքննության արդյունքները.

1. Նախագիծը համապաատասխանում է «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանդրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը պարունակում է սոցիալական հիմնախնդիրներ:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրակացություն

Նախագծի ընդունմամբ կբարձացվի հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության եւ աջակցության մակարդակը: Դրա հետմեկտեղ, հարկ ենք համարում նշել, որ Նախագիծը կրում է նաեւ բարոյական բնույթ՝ սերունդների պատասխանատվության, համերաշխության եւ երախտապարտության դրսեւորման տեսանկյունից:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Ա. Հարությունյան (011-513-339)

23.03.2020թ.