ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-510-11.03.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի, Մխիթար Հայրապետյանի եւ Աննա Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին. «Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը» :

2. Նախագծի 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է հետեւյալ կարգավորումը. «Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան հինգ անդամի «կողմ» ձայներով` բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի» :

Հայաստանի Հհանրապետության դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝

«1.Բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենսգրքով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս ընդունում է որոշումներ:

2. Բարձրագույն դատական խորհրդի նիստին ներկա անդամները պարտավոր են կողմ կամ դեմ քվեարկել քննարկման դրվող յուրաքանչյուր հարցի շուրջ, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի»:

Վերոգրյալ դրույթներից բխում է, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների կայացման համար իրավական նշանակություն ունեն ոչ միայն «կողմ», այլ նաեւ «դեմ» ձայները: Մասնավորապես՝ «կողմ» ձայները նշանակություն ունեն քվեարկության դրված հարցի վերաբերյալ դրական որոշում կայացնելու համար, օրինակ՝ համաձայնություն տալը, միջնորդությունը բավարարել եւ այլն: Մինչդեռ քվեարկության դրված հարցի օգտին «կողմ» ձայների բացակայությունը չի ենթադրում որոշման չկայացում: «Դեմ» ձայների հաշվարկով եւս կայացվում են որոշումներ, որոնցով պարզապես կարող են մերժվել համաձայնություն տալը, միջնորդությունը բավարարելը եւ այլն:

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի94-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «բայց ոչ պակաս, քան հինգ անդամի «կողմ» ձայներով» ձեւակերպումը փոխարինել «բայց ոչ պակաս, քան հինգ անդամի «կողմ» կամ «դեմ» ձայներով» ձեւակերպումով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),

Զ . Հովասափ յան (հեռ. 011-513-248), (118)