ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-490-27.02.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Սերգեյ Ատոմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հաշվի առնելով, որ Նախագծով կատարվում է միայն մեկ փոփոխություն:

2. Նախագծի 1 -ին հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 1 -ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 6-րդ հոդվածում լրացվող 49-րդ կետում «հաղորդումը, որի վերաբերյալ առկա է ձայնագրություն, որով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «հաղորդում, եթե նիստի արձանագրումը կատարվում է ձայնային արձանագրման միջոցով, որոնցով» ձեւակերպումով` հաշվի առնելով այն, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր 24.1-րդ գլխում ներառված 174.6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը պարունակում է հետեւյալ կարգավորումը. «1. Ծանուցումը պատշաճ է, եթե`

(…)

7) դատական նիստում ձայնային արձանագրմամբ ամրագրվել է ծանուցման փաստը.», եւ հիմք ընդունելով Օրենսգրքի՝ դատական նիստի արձանագրմանը վերաբերող 315-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները:

Բացի այդ, Նախագծի 1 -ին հոդվածով Օրենսգրքի 6-րդ հոդվածում լրացվող 49-րդ կետը վերաբերում է «ծանուցագիր» հասկացությանը, մինչդեռ Օրենսգրքի 448-րդ հոդվածում կիրառվում է «կանչ-ծանուցագիր» տերմինը: Առաջարկում ենքՆախագծով նախատեսված լրացումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասին:

4. Նախագծի 1 -ին հոդվածով Օրենսգրքի 6-րդ հոդվածում լրացվող 50-րդ կետում «անհրաժեշտության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը կազմակերպում է սույն օրենսգրքով նախատեսված անձանց ներկայությունը քրեական դատավարությանը» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «քրեական վարույթն իրականացնող մարմինը ապահովում է սույն օրենսգրքով նախատեսված անձանց` քրեական գործով վարույթին մասնակցելու իրավունքը կամ պարտականության կատարումը» ձեւակերպումով` հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

5. Նախագծ 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 24.1-րդ գլխի հոդվածների համարներ ն առաջարկում ենք տեքստից բաժանել կետերով` հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

6. Նախագծ 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 174.1-ին հոդվածի 1-ին մասի «քննչական, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ դատավարական գործողության կամ դատական նիստի մասին պատշաճ ծանուցել այն անձանց, ովքեր ունեն դրան մասնակցելու իրավունք կամ պարտականություն» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «քննչական կամ այլ դատավարական գործողության կամ դատական նիստի մասին պատշաճ ծանուցել այն անձանց, ովքեր ունեն դրան մասնակցելու իրավունք կամ պարտականություն» ձեւակերպումով` հաշվի առնելով այն համգամանքը, որ այն անձանց ծանուցելը, ովքեր ունեն իրավունք կամ պարտականություն դատավարական գործողությանը կամ դատական նիստին մասնակցելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի համար բոլոր դեպքերում առաջացնում է պարտականություն, եւ կարիք չկա նշելու անհրաժեշտության դեպքի առկայության մասին: Վերոնշյալ առաջարկը հիմնավորվում է նաեւ նրանով, որ Օրենսգրքի 6-րդ հոդվածը դատավարական գործողությունները սահմանում է հետեւյալ կերպ. «գործով վարույթի ընթացքում սույն օրենսգրքով նախատեսված գործողություններ» , որոնց մեջ ներառված են նաեւ քննչական գործողությունները:

7. Նախագծ 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող ծանուցման եղանակներին վերաբերող 174.1-ին հոդվածի 2-րդ մասը նախատեսում է հետեւյալ կարգավորումը.

« Անձի ծանուցումը կատարվում է`

1) թղթային ծանուցագրով.

2) էլեկտրոնային ծանուցագրով.

3) ծանուցվող անձի մասնակցությամբ կատարվող դատավարական գործողության կամ ընթացող դատական նիստի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով , եթե արձանագրությունը կազմվում է էլեկտրոնային եղանակով »:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 6-րդ հոդվածում լրացվող 49-րդ կետն արդեն իսկ տալիս է ծանուցագրի հասկացությունը. «49) Ծանուցագիր` թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ , ինչպես նաեւ դատական նիստի ժամանակ դատավորի կողմից արված հրապարակային հաղորդումը , որի վերաբերյալ առկա է ձայնագրություն , որով վարույթն իրականացնող մարմինն անձին հրավիրում է մասնակցելու որոշակի դատավարական գործողության կամ դատական նիստի» :

Վերոգրյալ կարգավորումների վերլուծությունից կարող ենք եզրակացնել, որ Նախագծով դատական նիստի ժամանակ դատավորի կողմից արված հրապարակային հաղորդումը որպես ծանուցագիր սահմանելուց հետո Նախագծով լրացվող 174.1-ին հոդվածի 2-րդ մասում որպես ծանուցման եղանակ սահմանվում է դատավարական գործողության կամ ընթացող դատական նիստի ժամանակ ծանուցման մասին հայտարարելը , եթե արձանագրությունը կազմվում է էլեկտրոնային եղանակով: Կարծում ենք, որ ծանուցագրի հասկացության սահմանում ն ինքնանպատակ չէ, եւ այն ստանալու միջոցով է պատշաճ ծանուցումը ապահովվում: Ուստի անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված լրացվող 174.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում` որպես ծանուցման եղանակ նաեւ դատավարական գործողության (արձանագրությունը կազմվում է էլեկտրոնային եղանակով) ժամանակ արված հրապարակային հաղորդումների մասին նշում կատարելը: Բացի այդ , դատական նիստի ժամանակ դատավորի կողմից արված հրապարակային հաղորդումը կարող է համարվել պատշաճ ծանուցում միայն այն դեպքում, երբ դատական նիստում ձայնային արձանագրմամբ ամրագրվել է ծանուցման փաստը, մինչդեռ վերոնշյալ կարգավորման մեջ խոսվում է միայն արձանագրության էլեկտրոնային եղանակով կազմելու մասին:

Միաժամանակ հարկ է նկատել, որ լրացվող 174.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում առկա է անհասկանալի ձեւակերպում, այն է` «ծանուցման մասին հայտարարելը» : Հասկանալի չէ, թե ինչպես ծանուցումը պետք է իրականացվի ծանուցման մասին հայտարարելով, երբ այդ գործողությունը կատարվում է հենց ծանուցում իրականացնելու համար: Ուստի առաջարկում ենք «ծանուցման մասին հայտարարելը» ձեւակերպումը փոխարինել «արված հրապարակային հաղորդումը» ձեւակերպումով:

8. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենս գ րքում լրացվող 174.1-ին հոդվածի 4- րդ մասը նախատեսում է հետեւյալ կարգավորումը. «Այլ պետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձին , բացի սույն օրենսգրքի 174.4-րդ հոդվածով նախատեսված կարգից, թղթային ծանուցագիրը կարող է ուղարկվել նաեւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով , եթե միջազգային պայմանագրով այլ կարգով սահմանված չէ » :

Հարկ է նկատել, որ քրեական գործերով իրավական փոխօգնությունը միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում արդեն իսկ կարգավորված է Օրենսգրքի 541 -րդ գլխում ներառված դրույթներով:Ուստի, կարծում ենք, բացակայում է լրացվող 174.1-ին հոդվածի 4- րդ մասով նախատեսված կարգավորման անհրաժեշտությունը:

9. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 174.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Անչափահասը ծանուցվում է իր օրինական ներկայացուցչի միջոցով, իսկ հաստատությունում գտնվելու դեպքում` դրա վարչակազմի միջոցով» : Մեջբերված կարգավորման ձեւակերպումից անհասկանալի է, թե հաստատությունների որ շրջանակի մասին է խոսքը, ուստի առաջարկում ենք հստակեցնել նշված կարգավորումը:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 174.2-րդ հոդվածի 4-րդ մասում արված վրիպակն առաջարկում ենք ուղղել` «կարգով» բառը փոխարինելով «կարգ» բառով:

10. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 174.3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «տեղը» բառն առաջարկում ենք փոխարինել «վայրը» բառով` հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 174.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «դատավարական» բառն առաջարկում ենք փոխարինել «այլ դատավարական» բառերով` հաշվի առնելով այն, որ քննչական գործողությունները եւս դատավարական գործողություներ են: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 174.4-րդ հոդվածի 1-ին մասի «դատավարական» բառին: Բացի այդ, լրացվող 174.3-րդ հոդվածի 1-ին մասում չկա պահանջ՝ դատական նիստի վերաբերյալ նշում կատարելու մասին:

11. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 174.4-րդ հոդվածի 1-ին մասի «ոչ ուշ, քան» բառերը եւ կետադրական նշանն առաջարկում ենք փոխարինել «առնվազն» բառով:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 174.4-րդ հոդվածի 7-րդ մասի «որից կուղարկի ծանուցումը» բառերն առաջարկում ենք փոխարինել «որոնցից կկատարվի ծանուցումը» բառերով, Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 174.4-րդ հոդվածի 8-րդ մասի «Ծանուցումը» բառն առաջարկում ենք փոխարինել «Ծանուցագիրը» բառով, Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 174.4-րդ հոդվածի 9-րդ մասի «ծանուցման ստացումը» բառերն առաջարկում ենք փոխարինել «ծանուցագիրը ստանալը» բառերով` հաշվի առնելով այն, որ ծանուցագիրն ուղարկվում է, իսկ ծանուցումը` կատարվում:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 174.4-րդ հոդվածի 9-րդ մասի «ծանուցման փաստը» բառերն առաջարկում ենք փոխարինել «ծանուցագիրը ստանալու փաստը» բառերով: Միաժամանակ կարծում ենք, որ նպատակահարմար է նաեւ նշում կատարելը այն մասին, որ ծանուցվողը պետք է հաստատի ծանուցագիրը ստանալու փաստը, այն հաղորդակցության միջոցով, որին ուղարկվել է ծանուցագիրը:

12. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 174.4-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն. «Էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձին այն դեպքում, երբ նա իր գրավոր համաձայնությունն է տվել էլեկտրոնային հաղորդագրության, այդ թվում`կարճ հաղորդագրությունը բջջային հեռախոսի կամ նամակը էլեկտրոնային փոստի միջոցով ստանալու վերաբերյալ: Էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձի նշած բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստին» :

Վերոգրյալ ձեւակերպման վերլուծությունից կարող ենք ենթադրել, որ էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է էլեկտրոնային հաղորդագրության միջոցով, եթե անձը համաձայնություն է տվել այդ եղանակով այն ստանալու վերաբերյալ: Ձեւակերպումից ենթադրվում է, որ էլեկտրոնային ծանուցագիրը կարող է ուղարկվել կարճ հաղորդագրությունը բջջային հեռախոսին ուղարկելու կամ նամակը էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով: Մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 174.4-րդ հոդվածի 8-րդ մասում կիրառվում է «էլեկտրոնային հաղորդագրություն կամ էլեկտրոնային փոստ» ձեւակերպումը, որից եզրակացնում ենք, որ էլեկտրոնային հաղորդագրություն ուղղարկելը դիտարկվում է որպես հնարավոր եղանակներից մեկը:

Բացի այդ, էլեկտրոնային հաղորդագրության եղանակ դիտարկվում է կարճ հաղորդագրությունը հեռախոսին ուղարկելը եւ հատուկ նշում է կատարվում այն մասին, որ ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձի նշած բջջային հեռախոսահամարին: Կարճ հացորդագրությունը` «sms», ուղարկվում է անձի բջջային հեռախոսահամարին: Սակայն, երբ նշում է կատարվում էլեկտրոնային ծանուցագիրն ծանուցվող անձի նշած բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստին ուղարկելու մասին, խնդիր է առաջանում էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու մյուս հնարավոր եղանակներով անձին ծանուցելը պատշաճ համարելու հարցում: Խոսքը այն էլեկտրոնային հաղորդագրությունների մասին է, որոնք ուղարկվում են բջջային հեռախոսների համար նախատեսված համապատասխան հավելվածների միջոցով («Viber», «WhatsApp», «zangi»), որոնք օգտատատիրոջ նույնականացման համար կիրառում են բջջային հեռախոսահամարը: Նշված ենթադրությունը բխում է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 174.7-րդ հոդվածի կարգավորման հետեւյալ ձեւակերպումից` «Ծանուցվող անձինք պարտավոր են քրեական վարույթն իրականացնող մարմնին հաղորդել գործի քննության ընթացքում նախօրոք հայտնած իրենց հասցեի, բջջային հեռախոսահամարի , էլեկտրոնային հասցեի կամ էլէկտրոնային հաղորդագրության միջոցի փոփոխության մասին» : Լրացվող 174.7-րդ հոդվածի կարգավորումից բխում է, որ անձը նախապես ընտրել է նաեւ էլէկտրոնային հաղորդագրության միջոց, եւ դրա փոփոխության մասին եւս պիտի տեղյակ պահի վարույթն իրականացնող մարմնին:

Հիմք ընդունելով վերոնշյալ վերլուծությունները եւ նպատակ ունենալով հստակեցնել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 174.4-րդ հոդվածի 6-րդ մասի բովանդակությունը` առաջարկում ենք այն ձեւակերպել հետեւյալ կերպ. «Էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձին այն դեպքում, երբ նա իր գրավոր համաձայնությունն է տվել ծանուցագիրը բջջային հեռախոսին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու, այդ թվում` կարճ հաղորդագրությունը (sms) բջջային հեռախոսահամարին ուղղարկելու կամ նամակը էլեկտրոնային փոստի միջոցով ուղղարկելու եղանակներով ստանալու վերաբերյալ: Էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձի նշած բջջային հեռախոսահամարին (դրա հիմքով աշխատող էլեկտրոնային հաղորդագրության միջոցին) կամ էլեկտրոնային փոստին»:

13. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 174.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն`«1. Ծանուցումը պատշաճ է, եթե`

(…)

3) թղթային ծանուցագիրը ստացողը գրավոր հաստատել է այն ծանուցվողին հանձնելու փաստը» :

Վերոնշյալ կարգավորումից բխում է, որ թղթային ծանուցագիրը ստացողը պարտականություն ունի գրավոր հաստատելու այն ծանուցվողին հանձնելու փաստը, սակայն այդ պարտականության եւ փաստը գրավոր հաստատելու ընթացակարգի վերաբերյալ Նախագծով լրացումներ չեն կատարվում:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 174.6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն`«1. Ծանուցումը պատշաճ է, եթե`

(…)

4) թղթային ծանուցագիրը վերադարձվել է վարույթն իրականացնող մարմնին` ծանուցվողի կողմից այն ընդունելուց հրաժարվելու մասին նշումով, եթե ծանուցագիրը հանձնողը վարույթով չշահագրգռված անձ է» :

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 174.6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն`«1. Ծանուցումը պատշաճ է, եթե`

(…)

5) առկա է ծանուցվող անձի նշած բջջային հեռախոսահամարին կամ էլ ե կտրոնային հաղորդագրության միջոցին ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը ստանալու մասին էլեկտրոնային հավաստում» :

Լրացվող 174.6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի կարգավորումից դուրս է մնացել էլեկտրոնային փոստի հասցեին նամակ ուղարկելու միջոցով էլեկտրոնային ծանուցման եղանակը:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 174.6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն`«1. Ծանուցումը պատշաճ է, եթե`

(…)

6) առկա է ծանուցվող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը ստանալու մասին էլեկտրոնային հավաստում» :

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 174.6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը պարունակում է կարգավորում՝ ծանուցման պատշաճ լինելու վերաբերյալ, որտեղ նշում է կատարվում նաեւ պաշտոնական էլեկտրոնային փոստով ծանուցման մասին, որի վերաբերյալ համապատասխան կարգավորումները Նախագծով կատարվող էլեկտրոնային ծանուցման վերաբերյալ լրացումներում բացակայում են:

Բացի այդ , առաջարկում ենք Նախագծով լրացվող դրույթներում «էլեկտրոնային հասցե» բառերն` իրենց բոլոր հոլովաձեւերով , փոխարինել «էլեկտրոնային փոստի հասցե» բառերով` հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

14. Նախագծի 3-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվում Օրենսգրքի ՝ հարցաքննության կանչելու կարգին վերաբերող 205-րդ հոդվածը.

«1. Վկան, տուժողը, կասկածյալը եւ մեղադրյալը քննիչի մոտ կանչվում են ծանուցագրով: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, դատավարական ինչպիսի կարգավիճակով, ուր եւ երբ (օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը, ինչպես նաեւ անհարգելի պատճառներով չներկայանալու հետեւանքները:

(…)

3. Հարցաքննության կանչված անձը պարտավոր է քննիչին ներկայանալ նշանակված ժամկետում կամ նրան նախապես իրազեկել չներկայանալու պատճառները: Անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում հարցաքննության կանչված անձը կարող է բերման ենթարկվել սույն օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հիմքով, իսկ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել նաեւ սույն օրենսգրքով նախատեսված դատավարական հարկադրանքի այլ միջոցներ (…)» :

Օրենսգրքի ՝ հարցաքննության կանչելու կարգին վերաբերող 205-րդ հոդվածը պարունակում է մի շարք կարգավորումներ, որոնք վերաբերում են ծանուցման կարգին, սակայն հոդվածը պարունակում է նաեւ դրույթներ հարցաքննության կանչվելու ձեւի, ինչպես նաեւ, հարցաքննության կանչվող սուբյեկտից կախված, նրա նկատմամբ թույլատրելի հարկադրանքի միջոցների կիրառման վերաբերյալ:Նախագծով կատարվող լրացումները վերաբերելի են առավելապես ծանուցման ընթացակարգին եւ չեն փախարինում Օրենսգրքի 205-րդ հոդվածում առկա վերոնշյալ կարգավորումները, ուստի, կարծում ենք, նպատակահարմար չէ Օրենսգրքի 205-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչելը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների՝ միմյանց համապատասխանությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)