ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-489-26.02.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Քրեական օրենսգիրք) 75-րդ հոդվածի 6-րդ մասը, որով առաջարկվում է վաղեմության ժամկետներ չկիրառել Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանացագործություն կատարած անձանց նկատմամբ.

«6. Սույն օրենսգրքի 300.1, 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում: Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված»:

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 5-րդ մասը.

«5. Վաղեմության ժամկետները չեն կիրառվում սույն օրենսգրքի 300.1, 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ»:

Վերոնշյալ փոփոխությունները հիմնավորովում են հետեւյալով` «ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը սահմանում է, թե որ դեպքերում է անձը ազատվում քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետնանցնելու հետեւանքով, միաժամանակ, նույն հոդվածի 6-րդ մասում նախատեսելով այն դեպքերը, երբ վաղեմության ժամկետն անցնելու փաստը (հիմքը) հաշվի չի առնվում անձին քրեական պատասխանատվության ենթարկելիս:

Օրենսգրքի 81-րդ հոդվածը համանման մոտեցում է ցուցաբերում մեղադրական դատավճռի ի կատար ածման վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատժից ազատման հարցում` նշելով նաեւ այն հանցագործությունները, որոնք համար նշված հոդվածը կիրառելի չէ: Դրանք մարդկության անվտանգության եւ խաղաղության դեմ ուղղված, ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններն են, որոնք իրենցից ներկայացնում են համամարդկային սպառնալիք:

Նշված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի չկիրառումն ամրագրված է ՄԱԿ-ի 1968թ նոյեմբերի 26-ի«Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիայով եւ դրան հաջորդած մի շարք բանաձեւերով:

Միաժամանակ, Կոնվենցիայով որոշված արարքների շրջանակը չի արգելում պետություններին` իրենց ներքին օրենսդրութամբ ընդարձակել այն արարքների ցանկը, որոնք լուրջ սպառնալիք են ներկայացնում տվյալ պետության ներքին եւ արտաքին անվտանգության համար:

Հիշյալ արարքների նկատմամբ վաղեմութան ժամկետ չկիրառելու մոտեցմանհիմքում ընկած է դրանց վտանգավորությունը մարդկության եւ պետությունների համար, առաջացրած հետեւանքների ծանրությունը, մարդկության բնակակոն զարգացման գործում հարցուցված տեւական ու անհաղթահարելի խոչընդոտները, երկրի բնակչության սոցիալական եւ ժողովրդագրական վիճակի նկատմամբ խիստ բացասական ազդեցությունը եւ այլն: Մեր կարծիքով, այդ նույն տրամաբանությամբ ընդհանուր հանցավորությունից պետք է առանձնացնել նաեւ այլ հանրավտանգ արարքներ , որոնք լրջորեն վնասում են պետության իրավական, սոցիալական, ժողովրդագրական անվտանգությունը, սասանում իրավական եւ ժողովրդավարական պետության հիմքերը, իջեցնելով երկրում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության երաշխիքների մակարդակը` սրանցից բխող ամենատարբեր հետեւանքներով:

Ցանկացած երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունն արդյունավետ ապահովելու կարեւորագույն նախադրյալ է տվյալ պետության սահմանադրական կարգի խստագույնս պահպանումը: Դա պետք է ընկած լինի բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման ու դրանց պաշտոնատար անձանց եւ, առաջին հերթին, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործելակերպի հիմքում: Որեւէ պաշտոնյա չպետք է հնարավորություն ունենա որեւէ պատճառաբանությամբ թույլ տալ կամ հանդուրժել սահմանադրական կարգի դեմ որեւէ գործողություն: Առավելեւս, արտաքին մարտահրավերներով լեցուն պետություններում այս պահանջի պահպանումը խիստ կարեւոր է: Տնտեսական զարգացում, հասարակական առաջընթաց, սոցիալական ճիշտ քաղաքականության իրագործում, մշակութային կյանքի վերելք եւ այլ ցանկալի նպատակները չեն կարող կյանքի կոչվել, եթե երկրում հետեւողականորեն չի պահպանվում (տապալվում է) սահմանադրական կարգը:

Այս առումով գտնում ենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 75-րդ եւ 81-րդ հոդվածները պետք է լրացնել քրեական պատասխանատվության եւ մեղադրական դատավճռի վաղեմությունից անկախ անձին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն ընձեռող իրավադրություվ` այնպիսի արարքի համար, ինչպիսին սահմանադրական կարգի տապալումն է »:

Հայաստանի Հանրապետութան Սահմանադրության (այսուհետ՝ Սահամանադրություն) 78-րդ հոդվածի համաձայն՝

«Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը»:

Քրեական օրենսգիրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաեւ կանխել հանցագործությունները»:

Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումը.

«1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետեւյալ ժամկետները.

(…)

4. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: Ընդ որում, անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է տասը տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից՝ քսան տարի, եւ վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ:

5. Վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը: Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով անձին ազատել քրեական պատասխանատվությունից, ապա ցմահ ազատազրկում չի կիրառվում:

6. Խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված ՝ սույն օրենսգրքի 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում: Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված(…)»:

Քրեական օրենսգրքի մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով պատժից ազատելուն վերաբերող 81-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործության համար դատապարտված անձն ազատվում է պատիժը կրելուց, եթե օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեղադրական դատավճիռն ի կատար չի ածվել հետեւյալ ժամկետներում.

(…)

3. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե դատապարտյալը խուսափում է պատիժը կրելուց:(…) Ընդ որում, մեղադրական դատավճիռը չի կարող ի կատար ածվել, եթե ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցագործության համար դատավճիռը կայացնելու պահից անցել է տասը տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատավճիռը կայացնելու պահից` քսան տարի, եւ վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ:

4. Ցմահ ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ վաղեմության ժամկետ կիրառելու հարցը լուծում է դատարանը: Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմության ժամկետների կիրառումը, ապա ցմահ ազատազրկումը փոխարինվում է որոշակի ժամկետով ազատազրկմամբ:

5. Վաղեմության ժամկետները չեն կիրառվում խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված` սույն օրենսգրքի 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ»:

«Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիան նախատեսում է, որ անհրաժեշտ ու տեղին է միջազգային իրավունքում սահմանել պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու սկզբունքը եւ ապահովել դրա համընդհանուր կիրառումը, քանի որ պատերազմական հանցագործությունները եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, միջազգային իրավունքի համաձայն, ծանրագույն հանցագործություններ են , եւ այդհանցագործությունների համար արդյունավետ պատիժը կարեւոր գործոն է՝ այդօրինակ հանցագործությունները կանխելու , մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները պաշտպանելու, վստահությունը խրախուսելու, ժողովուրդների միջեւ համագործակցությանն աջակցելու եւ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու համար:

Քրեական օրենսգրքի խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գլխում ներառված 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների շարքում ներառված են այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են ագրեսիվ պատերազմը, միջազգային ահաբեկչությունը, ցեղասպանությունը, պատերազմ վարելու արգելված միջոցներ եւ մեթոդներ կիրառելը եւ այլն:

Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ներառված է սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գլխում.

«1. Սահմանադրական կարգը տապալել` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով :

2. Սույն հոդվածով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից»:

Քրեական օրենսգրքի սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գլխում ներառված են նաեւ այնպիսի հացագործություններ, ինչպիսիք են պետական դավաճանությունը` 299-րդ հոդված («1. Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության`

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա(…)»), իշխանությունը յուրացնելը` 300-րդ հոդված («1. Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը`

պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

2. Իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով(…)»), տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները` 300.2-րդ հոդված եւ այլն:

Վերոգրյալ հանցագործությունների համար օրենսդիրը սահմանել է նույնական սանկցիաներ` «պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով» ` դիտարկելով սույն գլխում ներառված հանցագործությունները հասարակական վտանգավորության միեւնույն դաշտում գտնվող` սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության համար վտանգ պարունակող հանցագործություններ:

Բացի այդ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ առկա փաստարկները վերաբերելի են նաեւ Քրեական օրենսգրքի 299-րդ, 300-րդ, 300.2-րդ եւ սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գլխում ներառված այլ հանցագործություններին եւս, այն է`«ընդհանուր հանցավորությունից պետք է առանձնացնել նաեւ այլ հանրավտանգ արարքներ, որոնք լրջորեն վնասում են պետության իրավական, սոցիալական, ժողովրդագրական անվտանգությունը , սասանում իրավական եւ ժողովրդավարական պետության հիմքերը, իջեցնելով երկրում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության երաշխիքների մակարդակը` սրանցից բխող ամենատարբեր հետեւանքներով:

Ցանկացած երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունն արդյունավետ ապահովելու կարեւորագույն նախադրյալ է տվյալ պետության սահմանադրական կարգի խստագույնս պահպանումը»:

Վերլուծելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասում եւ 81-րդ հոդվածի 5-րդ մասում նույն օրենսգրքի 300.1-րդ հոդվածի նախատեսումը չհիմնավորված եւ ոչ համաչափ սահմանափակում է, այն պարագայում, երբ այդ հանցագործության առանձնացման եւ դրա համար եւս վաղեմության ժամկետներ չկիրառելու հիմնավորումները վերաբերելի են նաեւ Քրեական օրենսգրքի 28-րդ գլխի մյուս հանցագործություններին, սակայն դրանք չեն ներառվում Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասում եւ 81-րդ հոդվածի 5-րդ մասում: Բացի այդ Նախագծով կատարվող փոփոխությունների արդյունքում Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասում եւ 81-րդ հոդվածի 5-րդ մասում խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կողքին նախատեսվում է հանրային վտանգավորության այլ բնույթ ունեցող միայն 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը:

Վերոշարադրյալ հիմնավորմամբ գտնում ենք, որ Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով կատարվող փոփոխությունները չեն համապատասխանում համաչափության սահմանադրական սկզբունքին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

2. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նոր խմբագրությամբ շարադրվող Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասի եւ 81-րդ հոդվածի 5-րդ մասի տեքստում տեղ գտած վրիպակներն առաջարկում ենք ուղղել` «300.1» թիվը փոխարինելով «300.1-ին» թվով:

3. Նախագծի 3-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» ձեւակերպումը առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով կատարվող փոփոխությունները չեն համապատասխանում համաչափության սահմանադրական սկզբունքին: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248), (118)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248), (118)