ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«« Պետական կենսաթոշակների մասին » օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-474 -12.02.2020- ԱՍ -011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Շիրակ Թորոսյանի եւ Արմեն Փամբուխչյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փ որձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից հարկ է նշել հետեւյալը.

Ն ա խագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 14-րդ հոդվածում: Մասնավորապես՝ նախատեսվում է մասնակի կենսաթոշակի իրավունք տրամադրել նաեւ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում պետական հանրակրթական հայկական դպրոցների աշխատողներին: Նման արտոնության սահմանման կապակցությամբ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվել է հետեւյալը. «Նախագծի ընդունումը հնարավորություն կտա խրախուսելու վերոնշյալ մանկավարժներին, ովքեր տարիներ շարունակ հայեցի կրթություն եւ դաստիրակություն են ապահովել Վրաստանի Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական դպրոցների աշակերտների համար ՝ դրանով էականորեն նպաստելով վերոնշյալ տարածաշրջանների հայապահպանության հույժ կարեւոր գործին»:

Նշվածի համատեքստում հարկ է փաստել, որ միեւնույն կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ միատեսակ մոտեցում ապահովելու եւ դրանով իսկ խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքին համապատասխանությունն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծով նախատեսվող հարաբերությունների կարգավորումը տարածել նաեւ ՀՀ քաղաքացիություն ընդունած՝ այլ վայրերում գործող պետական հայկական հանրակրթական ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտական գործունեություն իրականացրած աշխատողների նկատմամբ: Օրինակ՝ պետական հայկական հանրակրթական ուսումնական հաստատություններ գործում են նաեւ Աբխազիայում: Միաժամանակ հավելենք, որ հայապահպանության գործին նպաստում են նաեւ այլ երկրների պետական ուսումնական հաստատություններում (օրինակ՝ Սիրիա, Իրան) հայոց լեզու, հայոց պատմություն կամ հայերենով այլ առարկաներ դասավանդող անձինք, որոնք Նախագծի շրջանակներից դուրս են մնացել :

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Ն ա խագծի 1-ին հոդվածով նախատեսվում է մասնակի կենսաթոշակի իրավունք տրամադրել նաեւ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում պետական հանրակրթական հայկական դպրոցների աշխատողներին , եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ լրացումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիություն ընդունած ջավախահայերի նկատմամբ պետական հոգածություն ցուցաբերելու եւ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգների հայկական դպրոցների մանկավարժների համապատասխան աշխատանքային ստաժը ճանաչելու անհրաժեշտությամբ: Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող դրույթում ամբողջապես արտացոլված չեն նշված կարգավորումները: Մասնավորապես՝ առաջարկում ենք «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 14-րդ հոդվածում լրացվող դրույթում ամրագրել նաեւ ՀՀ քաղաքացիություն ունենալու եւ ազգությամբ հայ լինելու պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ վերոգրյալ առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է Նախագծի տեքստում կատարել լրացումներ՝ խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքի տեսանկյունից հակասություն չառաջացնելու եւ Նախագծի նպատակի ամբողջական իրացման համար:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675) (108),

Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248) (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675) (108),

Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248) (118)

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐ Ա Կ Ա ՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-474-12.02.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Շիրակ Թորոսյանի եւ Արմեն Փամբուխչյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ ը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում որպես մասնակի կենսաթոշակ նշանակելու համար ստաժ ճանաչել ՀՀ քաղաքացիություն ստացած Վրաստանի Սամցխե - Ջավախքի եւ Քվեմո Քարթլի նահանգների հայկական դպրոցների մանկավարժների 1992 թ .- ի մարտից մինչեւ 2003 թ . օգոստոսը Վրաստանում աշխատած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը :

Տվյալ խնդիրը, ըստ Նախագծի հեղինակների, կայանում է նրանում, որ հ ամաձայն « Կենսաթոշակային ապահովության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» 13.03.1992 թ .- ին ընդունված համաձայնագրի կողմերը , այդ թվում՝ Հայաստանը եւ Վրաստանը, փոխադարձաբար ճանաչել են իրենց քաղաքացիների աշխատանքային ստաժը մինչեւ սույն համաձայնագրի ընդունման ժամկետը ( հոդված 6, 2- րդ կետ ): Հետեւաբար, ՀՀ քաղաքացիություն ստացած Վրաստանի Սամցխե - Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական դպրոցների մանկավարժները զրկվում են մասնակի կենսաթոշակի արտոնություններից օգտվելու հնարավորությունից:

Նախագծի հեղինակների կարծիքով, տվյալ օրենքի ընդունումը. «... հնարավորություն կտա խրախուսելու վերոնշյալ մանկավարժներին , ովքեր տարիներ շարունակ հայեցի կրթություն եւ դաստիրակություն են ապահովել Վրաստանի Սամցխե - Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական դպրոցների աշակերտների համար՝ դրանով էականորեն նպաստելով վերոնշյալ տարածաշրջանների հայապահպանության հույժ կարեւոր գործին :»:

Փ որձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծի ընդունումը ֆինանսական լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն կառաջացնի՝ կապված լրացուցիչ ստաժի հիման վրա կենսաթոշակի վճարման հետ, իսկ նման միջոցներ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված չեն:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող իրավակարգավորումները խտրական մոտեցում են պարունակում ինչպես տարածքային (ընդգրկում է Վրաստանի միայն Սամցխե - Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի նահանգները), այնպես էլ մասնագիտական հատկանիշներով (վերաբերում է միայն մանկավարժներին), ինչն էլ ընդունելի լինել չի կարող, քանի որ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:»:

Եզրակացություն

Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին եւ չի կարող լուծել դրանով հետապնդվող խնդիրը, քանի որ Վրաստանի Սամցխե - Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի նահանգներում իրականացված մանկավարժական գործունեությունը բացառիկ դեպք չէ (նման գործունեություն իրականացվել եւ իրականացվում է նաեւ մի շարք այլ երկրներում, որոնց Նախագիծը չի անդրադառնում), ուստի տվյալ դեպքի համար հնարավոր չէ ամրագրել առաջարկվող իրավունքը՝ նույնիսկ բացառության տեսքով: Այլ կերպ ասած՝ նկարագրված խտրականության վերացումը եւ միաժամանակ առաջադրված խնդրի ներկայացված տեսքով լուծումը, մեր կարծիքով, հաղթահարելի չէ:

Խնդրի լուծումը, կարծում ենք, կայանում է նրանում, որ մասնակի կենսաթոշակի իրավունք տրվի բոլոր տեսակի մանկավարժներին՝ անկախ այն հանգամանքից թե ո՞ր երկրում եւ ո՞ր ժամանակահատվածում է նրանց կողմից իրականացվել այդ մասնագիտական գործունեությունը: Այս իմաստով կառաջանա մեկ այլ խնդիր՝ կապված մանկավարժական ստաժի ապացուցման հետ, որի հիմքերը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ ստաժի հաշվարկման կարգը նույնպես պետք է սահմանվի, եւ ցանկալի է՝ օրենքով:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

19.02.2020թ.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-474-12.02.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Շիրակ Թորոսյանի եւ Արմեն Փամբուխչյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվող լրացումները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած՝ Վրաստանի Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլի նահանգների հայկական դպրոցների մանկավարժների հետխորհրդային տարիների մինչեւ 2003թ.-ի աշխատանքային ստաժը ճանաչելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, առաջարկվում է ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած վերոնշյալ մանկավարժների 1992թ.-ի մարտից մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ը Վրաստանում աշխատած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը:

Ըստ Նախագծի հեղինակների Նախագծի ընդունումը հնարավորություն կտա խրախուսելու վերոնշյալմանկավարժներին, ովքեր տարիներ շարունակ հայեցի կրթություն եւ դաստիարակություն են ապահովել Վրաստանի Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հայկական դպրոցների աշակերտների համար:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Նախագծի ընդունումը պայմանավորվածէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած Վրաստանի Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլի նահանգների հայկական դպրոցների մանկավարժների հետխորհրդային տարիների մինչեւ 2003թ.-ի աշխատանքային ստաժը ճանաչելու անհրաժեշտությամբ: Մինչդեռ առաջարկվող խմբագրությամբ, Նախագծի տեքստը, կարծում ենք, Նախագծի հիմնավորման մեջ նշված գաղափարի իրացման հետհամահունչ չէ, քանի որ հստակ չէ, որ մասնակի կենսաթոշակի իրավունք տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած, մինչեւ 2003թ.-ի օգոստոսի 1-ը Վրաստանի Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլի նահանգների հայկական դպրոցներում աշխատած մանկավարժներին:

Եզրակացություն

Կարծում ենք, որ Նախագծով առաջարկվում է կենսաթոշակային ապահովության բնագավառում դրսեւորել խտրական մոտեցում, որը կհանգեցնի օրենքի առջեւ բոլորի հավասարության եւ խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքների խախտմանը, քանի որ տվյալ առաջարկությունը կարող է վերաբերել ընդհանրապես այն անձանց, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերել:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ս. Համբարձումյան(հեռ. 011-513-360)

27.02.2020թ.