ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-454-29.01.2020-ԳԿ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Վարդեւան Գրիգորյանի եւ Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է «դասարանի ղեկավար» հասկացությունը, որպես դասարանի սովորողների շրջանում դաստիարակչական աշխատանք կատարող, սովորողների նկատմամբ միասնական մանկավարժական պահանջների կատարման ապահովմանը նպաստող մանկավարժական աշխատող : Նախագծի 2-րդ հոդվածով դասարանի ղեկավարին հավելավճարի տրամադրման կարգ սահմանելու իրավասություն է վերապահվում Կառավարությանը: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ «Հանրակրթության մասին» օրենքում դասարանի ղեկավարին վերաբերող որեւէ այլ լրացում, բացի հավելավճարի տրամադրման վերաբերյալ կարգավորումից, չի նախատեսվում: Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ պարբերության համաձայն՝ «Հավելավճարը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված դեպքերում եւ չափերով հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրությունն է, որը վճարվում է որակավորման (դասային, դիվանագիտական, գիտական աստիճան, կոչում եւ այլն), աշխատանքային ստաժի համար »: Արդյունքում անհասկանալի է, թե դասարանի ղեկավարի հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրության, այն է՝ հավելավճարի վճարման կարգը Կառավարությունը ինչպիսի չափանիշների հիման վրա պետք է սահմանի, եթե «Հանրակրթության մասին» օրենքով որեւէ հիմք վերը նշված չափանիշների համար սահմանված չէ, եւ Նախագծով չի լրացվում: Բացի այդ, հարկ է նկատել, որ «Հանրակրթության մասին» օրենքով մանկավարժական աշխատանք իրականացնող որեւէ սուբյեկտի համար սահմանված չէ ֆինանսավորման առանձնահատուկ կարգ: Ավելին, «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսվում է. «Կառավարության կողմից սահմանվում է ուսումնական հաստատությունների ` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը.»: Ուստի, կարծում ենք, անհասկանալի է տարբերակված մոտեցման կիրառումը, այն է՝ մանկավարժական աշխատող հանդիսացող միայն դասարանի ղեկավարների համար ֆինանսավորման առանձին կարգի սահմանումը:

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրից առաջ նշել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը:

3. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «Հանրակրթության մասին» օրենքի լրիվ անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «օրենքի» բառից հետո նշել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը, քանի որ Նախագծի 2-րդ հոդվածում Օրենքին արված հղումն անորոշ է:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248) (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248) (118),

Մ. Մոսինյան (հեռ.՝ 011-513-491), (114)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248) (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248) (118),

Մ. Մոսինյան (հեռ.՝ 011-513-491), (114)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐ Ա Կ Ա ՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրակրթության մասին » օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-454-29.01.2020-ԳԿ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Վարդեւան Գրիգորյանի եւ Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրակրթության մասին » օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ ը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է « Հանրակրթության մասին» օրենքում սահմանել «դասարանի ղեկավար » հասկացությունը եւ նախատեսել, որ դասարանի ղեկավարին հավելավճարի տրամադրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, քանի որ, ըստ Նախագծի հեղինակների, դասարանի ղեկավարի պարտականությունների կատարման համար վարձավճարի չափը ներկայումս յուրաքանչյուր դպրոց սահմանում է ինքնուրույն՝ համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում , որի ա րդյունքում էլ նույն աշխատանքները կատարող մանկավարժները դպրոցների մի մասում վարձատրվում են , մյուսներում՝ ոչ , իսկ վարձատրության դեպքում երբեմն գործում են վարձավճարի տարբեր չափեր :

3. Նախագծի ընդունման արդյունքում, մեր կարծիքով, կարող է ձեւավորվել միասնական մոտեցում աշխատողների նշված կատեգորիայի համար, սակայն առաջարկվող իրավակարգավորումները, կարծում ենք, հստակեցման կարիք ունեն: Մասնավորապես՝

ա) Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող իրավակարգավորումը հստակ չի բնութագրում դասարանի ղեկավարի գործառույթները, քանի որ ցանկացած դասարանում «դաստիարակչական աշխատանք» կատարում են տվյալ դասարանին դաս տվող բոլոր ուսուցիչները (այլ ոչ թե միայն դասղեկները), իսկ«սովորողների նկատմամբ միասնական մանկավարժական պահանջների կատարման ապահովմանը նպաստելը» շատ թույլ, անորոշ եւ անչափելի գործառույթ է, առավել եւս՝ հավելավճար սահմանելու տեսանկյունից: Այս կապակցությամբ առաջարկում ենք վերախմբագրել Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման տեքստը, մասնավորապես՝ «դասարանի ղեկավար» հասկացությունը սահմանել որպես. «իրեն ամրակցված դասարանի ուսումնական գործընթացի համակարգման լիազորություններով օժտված մանկավարժական աշխատող»,

բ) Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է նախատեսել, որ ՀՀ կառավարությունը. «սահմանում է ուսումնական հաստատության դասարանի ղեկավարին հավելավճար տրամադրելու կարգը», այն դեպքում, երբ նման կարգի սահմանման կարիքը, ըստ էության, բացակայում է, քանի որ նման հարցերը կանոնակարգված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության մի շարք որոշումներով եւ այլ իրավական ակտերով: Այս իմաստով, կարծում ենք, շատ ավելի էական է ոչ թե հավելավճարի տրամադրման կարգի սահմանման լիազորության, այլ հավելավճարի չափի սահմանման լիազորության ամրագրումը: Առաջարկում ենք, Նախագծի 2-րդ հոդվածով ներկայացված լրացման տեքստում «հավելավճար տրամադրելու կարգը» բառերը փոխարինել «տրամադրվող հավելավճարի չափը» բառերով:

գ) Առաջարկում ենք նաեւ Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառերը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ Նախագծի տեքստին դրա վերնագրի համապատասխանեցման նպատակով:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

04.02.2020թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-454-29.01.2020-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Վարդեւան Գրիգորյանի եւ Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2.Ներկայումս Հայաստանի Հանրապետության դպրոցներում սահմանված չէ «դասարանի ղեկավար» հասկացությունը, եւ այդ պարտականությունների համար վարձատրության չափը յուրաքանչյուր դպրոց սահմանում է ինքնուրույն ՝ համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում, որի ա րդյունքում էլ նույն աշխատանքները կատարող մանկավարժները դպրոցների մի մասում վարձատրվում են , մյուսներում՝ ոչ , իսկ վարձատրության դեպքում երբեմն գործում են վարձավճարի տարբեր չափեր :

Նախագծով առաջարկվում է « Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում սահմանել «դասարանի ղեկավար » հասկացությունը եւ նախատեսել , որ դասարանի ղեկավարին հավելավճարի տրամադրման կարգը սահմանի ՀՀ կառավարությունը : Այս տեսանկյունից, կարծում ենք, նման կարգի սահմանման կարիքը չկա, քանի որ նման հարցերը կանոնակարգված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության մի շարք որոշումներով եւ այլ իրավական ակտերով, ուստի առաջարկում ենք, Նախագծում «հավելավճար տրամադրելու կարգը» բառերը փոխարինել «տրամադրվող հավելավճարի չափը» բառերով:

Նախագծի ընդունման արդյունքում, մեր կարծիքով, կարող է ձեւավորվել միասնական մոտեցում՝ բացառելով աշխատողների նշված կատեգորիայի նկատմամբ տարբերակման մոտեցումը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Մ. Դալլաքյան ( հեռ. 011-513-339)

05.02.2020թ.