ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-448-17.01.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում լրացվող նոր նախադասությամբ սահմանված է Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացնելու պահանջ Հայաստանի Հանրապետության ռեգիստրում գրանցված բոլոր տրանսպորտային միջոցների վրա: Հարկ է նկատել, որ Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված, ընդ որում, դրոշի ներքեւի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա: Դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս (…)»: Կարծում ենք, որ տրանսպորտային միջոցների վրա գործածվող Հայաստանի Հանրապետության դրոշի նկատմամբ «բարձրացնել» եզրույթը չի կարող գործնակում կիրառելի լինել՝ հաշվի առնելով, որ Օրենքով այդ եզրույթին տրված է առանձնահատուկ իրավական բովանդակություն: Օրինակ, հասկանալի չէ՝ ինչպես պետք է օդային տրանսպորտային միջոցի վրա բարձրացվի եւ մշտապես բարձրացված մնա (օրինակ՝ թռիչքի ժամանակ) Հայաստանի Հանրապետության դրոշը, հատկապես, որ տվյալ պարագայում ուղղակիորեն կխախտվեն Օրենքի 7-րդ հոդվածով բարձրացված դրոշին ներկայացվող պահանջները: Միաժամանակ հարկ է նշել, որ Օրենքի 3-րդ հոդվածով փոխադրամիջոցների համար դրոշի գործածման համար օգտագործվում է «ամրացվել» եզրույթը:

Վերոգրյալից բացի՝ առաջարկում ենք «նավերի, օդային եւ ջրային այլ տրանսպորտային միջոցների» բառերը փոխարինել «օդային տրանսպորտային միջոցների, նավերի եւ ջրային այլ տրանսպորտային միջոցների» բառերով՝ պահպանելով վերը նշված թվարկման տրամաբանական հաջորդականությունը:

2. Նախագծի 2-րդ հոդվածում նշված ««արարողությունների ժամանակ»» բառերից հետո անհրաժեշտություն է առաջանում ներառել նաեւ «:» կետադրական նշանը:

3. Նախագծի 3-րդ հոդվածում նշված «6-րդ մասում» բառերն առաջարկում ենք փոխարինել «5-րդ մասում» բառերով՝հիմք ընդունելով այն, որ «վերահսկիչ» բառը օգտագործվում է 3-րդ հոդվածի 5-րդ մասում:

4. Նախագծի 4-րդ հոդվածի մասերի համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի մասերի համարակալմանը:

5. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկվում է Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «տվյալ շենքի» բառերը, մինչդեռ պարբերության տեքստում շարունակում է մնալ «(դեմքով դեպի այդ շենքը)» նշումը: Առաջարկում ենք «(դեմքով դեպի այդ շենքը)» բառերը եւս խմբագրել կատարվող փոփոխությանը համապատասխան:

6. Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասում նշված ««ձախ» բառից հետո լրացնել «առաջին դիրքում» բառերով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «երկրորդ «ձախ» բառից հետո լրացնել նոր «առաջին դիրքում» բառեր» ձեւակերպումով, 5-րդ մասում նշված ««ձախ» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «երկրորդ «ձախ» բառից հետո լրացնել նոր մաս»՝ հաշվի առնելով այն, որ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «ձախ» բառը օգտագործվում է երկու անգամ:

7. Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասում «գերբ» բառն առաջարկում ենք բոլոր տեղերում փոխարինել «զինանշան» բառով՝ հիմք ընդունելով «Զինանշանի մասին» օրենքը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

8. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվում են նոր 3-րդ մաս, որի տեքստում «բարձրացված» բառից հետո փակագծերում կիրառվում է «տեղադրված» բառը: Օրենքի 7-րդ հոդվածի կարգավորումները կիրառելի են միայն Օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան շենքերի վրա բարձրացված կամ տեղադրված դրոշների համար, մինչդեռ Նախագծի 5-րդ հոդվածով լրացվող «բարձրացված (տեղադրված)» բառերը պարունակող նոր՝ 3-րդ մասը վերաբերում է փակ տարածքներում դրոշի գործածմանը: Օրենքի 3-րդ հոդվածը փակ տարածքներում դրոշի գործածման համար օգտագործում է միայն «տեղադրել» տերմինը, ուստի առաջարկում ենք լրացվող մասում կիրառել միայն «տեղադրված» եզրույթը:

9. Նախագծի 5-րդ հոդվածով լրացվող դրույթով Հայաստանի Հանրապետության դրոշը տեղադրող եւ գործածող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության դրոշի օգտահանման պատասխանատվություն»: Հաշվի առնելով, որ նույն հոդվածով լրացվող մեկ այլ դրույթով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրոշի օգտահանման կարգի սահմանում, կարծում ենք, որ պատասխատավություն պետք է նախատեսվի ոչ թե օգտահանման, այլ դրոշի օգտահանման կարգի խախտման համար: Միաժամանակ, կարծում ենք, անհրաժեշտ է անդրադառնալ նաեւ նշված պատասխանատվության իրավական կարգավորմանը:

10. Նախագծի 5-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսվում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունում, ուստի առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշել, թե ինչ ժամկետում է ընդունվելու դրանով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի ընդունման անհրաժեշտություն կարող է առաջանալ, եթե Նախագծով նախատեսվի Հայաստանի Հանրապետության դրոշի օգտահանման կարգի խախտման համար իրավաբանական պատասխանատվություն:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118 )