ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-445-10.01.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հաշվի առնելով, որ Նախագծով նախատեսվում է կատարել միայն մեկ փոփոխություն:

2. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասում նշված «մլն.» բառն առաջարկում ենք փոխարինել «միլիոն» բառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի տերմինաբանությունը եւ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասով:

3. Հարկ ենք համարում հավելել, որ Նախագծի հիմնավորման մեջ բացակայում են հաշվարկներ կամ վիճակագրական տվյալներ, որոնք հիմնավորում են Նախագծի 1-ին հոդվածում նշված թվային ցուցանիշների ընտրությունը:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ նույնաբովանդակ նախագիծ է մշակել նաեւ Կառավարության՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության կողմից, որը հանրային քննարկման է դրվել 18.12.2019թ.-08.01.2020թ. ժամանակաշրջանում: Նշված նախագծի հիմնավորման համաձայն՝ Կառավարության նախաձեռնությունը բխել է Վարչապետի հանձնարարությամբ մասնավոր հատվածի հետ տեղի ունեցած հանդիպում-քննարկման արդյունքներից: Արտադրողների կողմից բարձրաձայնած խնդիրներից մեկի լուծումն էլ եղել է նշված նախագծի կարգավորման առարկան:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ -445-10.01.2020- ՏՀ -011/0) օ րեն ք ի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել ՀՀ Հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասը: Համաձայն վերջինիս . «Չկատարված հարկային պարտավորության չափը 500 հազար դրամ կամ ավելի կազմելու դեպքում, եթե հարկային մարմնի իրականացրած վարչարարության ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարը Օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու:» : Նախագծով առաջարկվում է փոփոխման ենթարկել միայն չկատարված հարկային պարտավորության չափի շեմը՝ 500 հազ. դրամի փոխարեն սահմանելով նախորդ տարվա վճարած հարկերի հանրագումարի 7 տոկոսը, բայց ոչ պակաս, քան 5 մլն. դրամը:

3. Առաջարկվող փոփոխությունն անշուշտ, կարող է թեթեւացնել տնտեսվարողներից շատերի վարչարարության բեռը, քանի որ ժամանակակից պայմաններում 500 հազ. դրամը բավականին փոքր գումար է, եւ գործնականում ցանկացած տնտեսվարող կարող է ընկնել այս հոդվածի կիրարկման տակ: Առաջարկվող մոտեցումը դրական ազդեցություն կունենա նաեւ ձեռնարկատիրական միջավայրի վրա՝ հատկապես փոքր եւ միջին բիզնեսի սուբյեկտների առումով:

Այդուհանդերձ, կարծում ենք, Նախագծով առաջարկվող փոփոխությունը որոշ չափով լրամշակման կարիք ունի, այն իմաստով, որ հարկ վճարողը կարող է միաժամանակ ունենալ ինչպես չկատարված հարկային պարտավորություն, այնպես էլ միասնական հաշվի վրա այդ պարտավորությունը կատարելու համար բավարար միջոցներ (նշենք նաեւ, որ ՀՀ Հարկային օրենսգրքի միասնական հարկային հաշվին վերաբերող՝ 325-րդ հոդվածն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի փետրվարի 1-ից): Բացի այդ, հարկ վճարողը կարող է համաձայն չլինել հաշվարկված հարկային պարտավորության չափի հետ եւ բողոքարկել այն դատական կամ արտադատական կարգով, եւ տվյալ ժամանակահատվածում գույքի վրա արգելանքի կիրառումը, կարծում ենք, արդարացի չի լինի: Այս կապակցությամբ առաջարկում ենք Օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրության տեքստում ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն մասով սահմանված արգելանքը դնելու մասին հանձնարարագիրը չի կարող հրապարակվել, եթե հարկ վճարողի միասնական հաշվին առկա է առնվազն չկատարված հարկային պարտավորության չափով գումար կամ չկատարված հարկային պարտավորության կատարումը հարկ վճարողի կողմից բողոքարկվում է դատական կամ արտադատական կարգով:»:

Խմբագրական առումով առաջարկում ենք նաեւ Նախագծի վերնագրում «փոփոխություններ» բառը փոխարինել «փոփոխություն» բառով, քանի որ Նախագծով ընդամենը մեկ փոփոխություն է առաջարկվում կատարել:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

21.01.2020թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-445-10.01.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Ն ե րկայացված Նախագծով առաջարկվում է չկատարված հարկային պարտավորության չափը սահմանել տնտեսավարող սուբյեկտի կողմից նախորդ տարվա վճարված հարկերի հանրագումարի 7%-ը, բայց ոչ պակաս, քան 5մլն. դրամը:

3. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում «փոփոխություններ» բառը փոխարինել «փոփոխություն» բառով, քանի որ նախագծով միայն մեկ փոփոխություն է կատարվում:

Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

23.01.2020թ.