ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-402-03.12.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ» :

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61):

Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության եւ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Առավել եւս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները : Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը):

Անդրադառնալով հանցակազմի հասկացութանը եւ տարրերին՝ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ նշել է հետեւյալը. «(…) քրեական իրավունքում «հանցակազմ» հասկացությունը բնորոշվում է որպես հանրորեն վտանգավոր արարքի՝ քրեական օրենսգրքով սահմանված հատկանիշների համակցություն : Այսինքն, որպեսզի անձը քրեական պատասխանատվության ենթարկվի, նրա արարքը պետք է որակվի հանրորեն վտանգավոր` որում առկա են քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ արարքի բոլոր հատկանիշները : «Հանցակազմի բացակայություն»եզրույթը նշանակում է արարքի առկայություն, սակայն այն չի բնորոշվում որպես քրեական օրենսգրքով նախատեսված հատկանիշներ պարունակող հանրորեն վտանգավոր արարք, այլ կերպ` հանցագործություն : Հետեւաբար, հանցագործության յուրաքանչյուր տեսակին համապատասխանում է իր կոնկրետ հանցակազմը, որի հիմնական տարրերն են օբյեկտը, օբյեկտիվ կողմը, սուբյեկտը եւ սուբյեկտիվ կողմը : Այս տարրերից թեկուզ մեկի բացակայությունը վկայում է հանցակազմի, հետեւաբար եւ` հանցագործության բացակայության մասին» (տե՛ս Սահմանադրական դատարանի 30.03.2010թ. թիվ ՍԴՈ-871 որոշումը, կետ 8):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նոր՝ 325.1-րդ հոդվածում կիրառված մի շարք ձեւակերպումներ ունեն որոշակիացման կարիք՝ հատկապես հաշվի առնելով, որ Նախագծով լրացվող հանցակազմը ձեւական է եւ չի պարունակում արարքի որոշակի հետեւանքների առաջացման անհրաժեշտություն: Օրինակ՝ 325.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «սուտ տեղեկություններ տարածելու նպատակով», «նյութապես շահագրգռելը», 325.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված «Գույքային օգուտ ստանալով կամ ստանալու նպատակով», «կեղծ տեղեկություններ տարածելը» ձեւակերպումները: Մասնավորապես, Նախագծի ձեւակերպումից հասկանալի չէ՝ որ ծավալի եւ ինչ տեսակի տեղեկություններն են ներառվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նոր՝ 325.1-րդ հոդվածի հանցակազմի օբյեկյտիվ կողմում, որն է սուտ եւ կեղծ տեղեկությունների տարբերությունը, ինչպես պետք է հաստատվի հանցագործության փաստը ձեւական հանցակազմ ունեցող այս հոդվածի 1-ին մասի դեպքում, այսինքն՝ ինչ պետք է հասկանալ՝ «նյութապես շահագրգռել» ասելով, եւ ինչու է նախատեսվում հենց գույքային օգուտ ստանալը կամ գույքային օգուտ ստանալու նպատակը 325.1-րդ հոդվածի 2-րդ մասում՝ հաշվի առնելով, որ հանցակազմը Նախագծով լրացվում է կառավարման դեմ ուղղված հանցագործությունների շարքում:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ «Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ» բաժնի«Կառավարման դեմ ուղղված հանցագործությունները» գլխում տեղ գտած հանցագործությունները բնութագրվում են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ առանձնահատուկ հատկանիշներով: Մասնավորապես, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների տեսակային օբյեկտ են հանդիսանում պետական կառավարման նորմալ գործունեության ապահովմանն ուղղված այն հասարակական հարաբերությունները, որոնք ծավալվում են իշխանության մարմինների եւ քաղաքացիների միջեւ: Այսպիսով, վերոնշյալ գլխում նախատեսված հանցագործությունները կառավարման սուբյեկտ չհանդիսացող քաղաքացիների կողմից պետական կառավարման նորմալ գործունեության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ կատարվող հանցագործություններն են:

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ «Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ» բաժնի«Կառավարման դեմ ուղղված հանցագործությունները» գլխում՝ նախատեսելով նոր 325.1-րդ հոդված, այն է ՝ «Սուտ տեղեկություններ տարածելը

1. Սուտ տեղեկություններ տարածելու նպատակով մեկ ուրիշ անձի նյութապես շահագրգռելը՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկու տարի ժամկետով:

2. Գույքային օգուտ ստանալով կամ ստանալու նպատակով կեղծ տեղեկություններ տարածելը՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկու տարի ժամկետով:

3.Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին եւ աջակցել հանցագործությունը բացահայտելուն »:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի «Կառավարման դեմ ուղղված հանցագործությունները»գլխում Նախագծով լրացվող հանցակազմը նախատեսելը որեւէ կերպ չի հստակեցնում եւ որոշակիացնում «սուտ տեղեկություններ տարածելու նպատակով», «նյութապես շահագրգռելը», «գույքային օգուտ ստանալով կամ ստանալու նպատակով» եւ «կեղծ տեղեկություններ տարածելը» ձեւակերպումները: Կարծում ենք, որ վերոնշյալ գլխում հանցագործության նախատեսումը ավելի է լայնացնում իրավամեկնաբանության թույլատրելի սահմաններն անցնող մեկնաբանությունների հնարավորությունը:Առնվազն տարակարծիք մեկնաբանությունների հնարավորություն է տալիս այն, թե ինչպես պետք է գույքային օգուտ ստանալով կամ ստանալու նպատակով կեղծ տեղեկություններ տարածելն ուղղված լինի պետական կառավարման նորմալ գործունեության ապահովմանն ուղղված այն հասարակական հարաբերությունների դեմ, որոնք ծավալվում են իշխանության մարմինների եւ քաղաքացիների միջեւ: Վերոգրյալը հաստատվում է նաեւ հանցագործությունների շրջանակով, որոնք օրենսդիրը ընդգրկել է «Կառավարման դեմ ուղղված հանցագործությունները»գլխում:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ կարծում ենք, որ Նախագծով լրացվող հանցակազմի մի շարք ձեւակերպումներ բավարար չափով որոշակի չեն եւ կարող են հանգեցնել տարաբնույթ մեկնաբանությունների:

Այլ օրենքներիպահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

2. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 325.1-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «կեղծ» եւ «սուտ» բառերի համար առաջարկում ենք կիրառել միասնական տերմին` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 325.1-րդ հոդվածի սանկցիաներում «ազատազրկմամբ՝ երկու տարի ժամկետով» բառերն առաջարկում ենք փոխարինել «ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերով՝ հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը չի նախատեսում ազատազրկման պատժատեսակի համար կոնկրետ սահմանված չափ որեւէ հանցագործության համար եւ այն, որ պատիժը նշանակելիս պետք է առաջնորդվել արդարության եւ պատասխանատվության անհատականացման սկզբունքով՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ եւ բավարար լինեն նրան ուղղելու եւ նոր հանցագործո ւթյունները կանխելու համար(…)»:

4. Նախագծի 2-րդ հոդվածում նշված «հրապարակման օրվան» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակմանը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ`Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616 ) , ( 201 )





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ`Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616 ) , ( 201 )