ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-395-28.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագիծը հիմնավորվում է այն հանգամանքով, որ հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների մատուցած ծառայությունները կենսական նշանակություն ունեն հասարակության համար, ուստի կարեւոր է դրանց հանրային հաշվետվողականության լրացուցիչ մեխանիզմի ներդ րումը , որոնցից մեկը հենց Նախագծով նախատեսվող բարձրագույն գործադիր պաշտոն զբաղեցնող անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրումն է: Նախագծից եւ Նախագծի հիմնավորումներից բխում է, որ հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների գործադիր մարմնի ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց պարտադրվում է ներկայացնելու գույքի եւ եկամուտների հայտարարագիր: Ընդ որում, դրանք այն ընկերություններն են, որոնք մի դեպքում կարող են լինել վարձակալ, մի դեպքում՝ հավատարմագրային կառավարիչ եւ այլն: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Նախագծի նպատակը լիարժեք պարզ չէ, քանի որ հասարակության շրջանում որոշակի հարաբերությունների նկատմամբ հաշվետվողականության եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, որպես կանոն, բխում են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից, իսկ այն, կարծում ենք, չի ենթադրում գործարար, մասնավոր միջավայրում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց՝ պետության առջեւ իրենց սեփական միջոցների հաշվետվողականության կառուցակարգի նախատեսում: Հարկ է նկատել, որ հակակոռուպցիոն ռազմավարության տրամաբանությունը մասնավոր ոլորտում ուղղված է իրավաբանական անձանց իրական շահառուների հայտնաբերմանը:

2. Վերոգրյալից բացի՝ հավելենք, որ Նախագծով նախատեսվում է հանրային ծառայությունների ոլորտի լիցենզավորված ընկերությունների բարձրագույն գործադիր պաշտոն զբաղեցնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն: Մինչդեռ հարկ է նկատել, որ հայտարարագրերի հրապարակումը եւ դրանց հետ կապված այլ գործառույթների իրականացումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթն է: Ուստի Նախագծով, գույքի եւ եկամուտների հայտարարագիր ստանալու իրավասություն վերապահելով նաեւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, կարծում ենք, որ անհրաժեշտ է վերջիններիս լիազորությունների մեջ կատարել համապատասխան լրացումներ: Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի բովանդակությունից հասկանալի չէ հայտարարագրման իրավական հետեւանքը, հատկապես, որ որեւէ իրավական ակտով նշված հայտարարագիրը չներկայացնելու համար պատասխանատվության որեւէ միջոց կամ այլ հետեւանք նախատեսված չէ:

3. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 3.3-րդ հոդվածը պարունակում է մի շարք տեղեկություններ, որոնք կարծում ենք, գաղտնիության երաշխիքներ են պահանջում եւ ենթակա չեն հրապարակման հանձնաժողովի պաշտոնական կայքում, օրինակ՝ հայտարարատու անձի հեռախոսահամարը, հայտարարագրման ենթակա անշարժ գույքի գտնվելու վերաբերյալ մանրամասն տեղեկություններ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծում սահմանել հրապարակման ենթակա հայտարարագրի մեջ նշվող տեղեկությունների որոշակի շրջանակ՝ հաշվի առնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կարգավորումները։

4. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածում՝ օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենքի լրիվ անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

6. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 3.2-րդ հոդվածում «հայտատու» բառը փոխարինել «հայտարարատու» բառով, քանի որ 3.2-րդ հոդվածի վերնագրից բխում է, որ հոդվածը վերաբերում է «հայտարարատու» անձին:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)