ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-394-28.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքներիպահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

2.Նախագծի 1-ին հոդվածում նշված «382.2-րդ հոդվածը» բառերը փոխարինել «338.2-րդ հոդվածը» բառերով՝ հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում բացակայում է «382.2-րդ» հոդվածը, եւ առաջարկվող լրացման բովանդակությունը համապատասխանում է նշված օրենսգրքի «338.2-րդ» հոդվածի բովանդակությանը:

3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացմամբ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 338.2-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով, այն է ՝ «Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր հաղորդած տեղեկության ճշմարտացի չլինելը որեւէ նշանակություն չէր կարող ունենալ դատարանում կամ պետական այլ մարմիններում» :Օրենսգրքի 338.2-րդ հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն՝ նոտարին սուտ տեղեկություններ հաղորդելու համար. «Նոտարին ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով» :

«Նոտարիատի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, իրականացնում է սույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ եւ ծառայություններ:

(…)

2. Նոտարը նոտարական գործողություններ իրականացնում է փաստաթղթեր վավերացնելու կամ վավերացված փաստաթղթեր տրամադրելու կամ օրենքով նախատեսված այլ գործողություններ կատարելու միջոցով:

Նոտարը, վավերացնելով փաստաթուղթը, հաստատում է դրա օրինականությունը եւ հավաստում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը:

(…)

3. Նոտարական ակտն ունի օրենքով նախատեսված հանրային հեղինակություն եւ լիարժեք ապացուցողական ուժ (…)»:

«Նոտարիատի մասին» օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ «Նոտարական գործողություններ կատարելիս նոտարը պարտավոր է ստուգել նոտարական գործողություններ կատարելու համար դիմած ֆիզիկական անձանց, նրանց ներկայացուցիչների կամ կազմակերպության ներկայացուցիչների ինքնությունն ու գործունակությունը, ինչպես նաեւ կազմակերպությունների իրավունակությունը», 41-րդ հոդվածի համաձայն՝ «Նոտարը նոտարական գործողությունների համար դիմած անձանցից պահանջում է ներկայացնել տվյալ նոտարական գործողություններ կատարելու համար օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ լիազորություններ, թույլտվություններ, համաձայնություններ կամ օրենքից ու իրավական այլ ակտերից բխող փաստաթղթեր»:

Վերոնշյալից կարող ենք եզրակացնել, որ նոտարի կողմից վավերացված փաստաթուղթն օրինական է եւ ունի լիարժեք ապացուցողական ուժ: Իր պարտականություններն իրականացնելիս նոտարն իրավասու է անձանցից ստանալ որոշակի տեղեկատվություն, որը հիմք է ծառայելու իր գործողությունները կատարելու համար: Հետեւաբար նոտարին ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելու հանցագործության հանրային վտանգավորությունը, կարծում ենք, այն է, որ այդպիսի տեղեկության սուտ լինելը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ մատուցող անձի, այն է՝ նոտարի գործունեության իրականացմանը: Այսինքն՝ հանցագործության օբյեկտիվ կողմն ավարտվում է այդ տեղեկությունները հայտնելու պահից եւ արդեն իսկ այդ պահից ունի հանրային վտանգավորություն՝ անկախ հետագայում այդ տեղեկատվությունը դատարանում կամ պետական այլ մարմիններում օգտագործելուց: Բացի այդ, դատարանում կամ պետական այլ մարմիններումկարող են օգտագործվել ոչ թե այդ տեղեկությունները, որոնք անհրաժեշտ էին նոտարական գործողություններ կատարելիս, այլ այդպիսի տեղեկությունների հիման վրա վավերացված փաստաթղթերը, որոնք ունեն հաստատված օրինականություն եւ լիարժեք ապացուցողական ուժ: Դատարանում կամ պետական այլ մարմնում նոտարին հայտնած տեղեկատվության ճշմարտացի չլինելու որեւէ նշանակություն չունենալը չի կարող վերացնել այդ արարքի հանրային վտանգավորությունը եւ դրանով իսկ հանգեցնել քրեական պատասխանատվությունից ազատման:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Օրենսգրքի 338.1-րդ հոդվածի 3-րդ մասով օրենսդիրը սահմանել է պատասխանատվությունից ազատող նորմ, որը կիրառվում է այն դեպքում, երբ անձի բանավոր հայտարարության ճշմարտացի չլինելը որեւէ նշանակություն չէր կարող ունենալ դատարանում կամ պետական այլ մարմիններում եւ այն վերաբերելի է միայն երդմամբ հաստատված հայտարարությանը:

Այսինքն, օրենսդիրը նշված վերջին դեպքերում արարքը դիտարկում է նվազ կարեւոր:

Ելնելով այն հանգամանքից, որ նույն վտանգավորությամբ գնահատված հանրորեն վտանգավոր մի արարքի համար օրենսդիրը չի կարող սահմանել պատասխանատվությունից ազատող նորմ, մյուսի համար՝ ոչ, անհրաժեշտ է կատարել սույն նախագծով առաջարկվող փոփոխությունը»:

Վերոգրյալի համատեքստում հարկ է նկատել, որ Օրենսգրքի 338.1-րդ հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն նոտարի մոտ կեղծ երդում տալու համար. «1.Դատարան կամ պետական այլ մարմին ներկայացնելու նպատակով նոտարի մոտ արված բանավոր հայտարարությունը ճշմարտացի լինելու վերաբերյալ կեղծ երդում տալը ՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով:

(…)

3. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր բանավոր հայտարարության ճշմարտացի չլինելը որեւէ նշանակություն չէր կարող ունենալ դատարանում կամ պետական այլ մարմիններում »:

«Նոտարիատի մասին» օրենքի 81.2-րդ համաձայն «1. Նոտարը հաստատում է անձի կողմից իր մոտ արված բանավոր հայտարարությունը, որին կցվում է նաեւ այդ անձի տված հայտարարությունը ճշմարտացի լինելու երդման հավաստիացումը :

(…)

3. Երդման հավաստիացմամբ անձը հաստատում է, որ տեղյակ է կեղծ երդում տալու դեպքում քրեական պատասխանատվության մասին:

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով նոտարի հաստատած բանավոր հայտարարություններն ապացուցողական ուժ ունեն դատարանում եւ այլ պետական մարմիններ ներկայացնելիս »:

Վերլուծելով նշված իրավական նորմերը՝ կարող ենք եզրակացնել, որ
Օրենսգրքով նշված բանավոր հայտարարությունները նախատեսված են դատարան կամ այլ պետական մարմիններ ներկայացնելու համար եւ նոտարի կողմիցհաստատած լինելու արդյունքում ունեն ապացուցողական ուժ: Հետեւաբար նոտարի մոտ կեղծ երդում տալու հանցագործության համար պատասխանատվությունից ազատող նորմի տրամաբանությունը այն է, որ բանավոր հայտարարության ճշմարտացի չլինելը պետք է որեւէ նշանակություն չունենա դատարանում կամ պետական այլ մարմիններում, որտեղ ներկայացնելու համար այն ի սկզբանե հաստատվել էր նոտարի կողմից: Այսինքն՝ տվյալ հայտարարությունը՝ թեկուզեւ կեղծ երդմամբ հաստատված, ինքնին չպետք է ծառայի իր նպատակային նշանակությանը: Ինչ վերաբերում է նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելու հանցակազմին, ապա այդ արարքի կատարմամբ վավերացված փաստաթուղթը դատարանում կամ այլ պետական մարմնում կարող է նշանակություն չունենալ՝ վերաբերելի չլինելու պատճառով, սակայն այդ փաստաթղթի՝ սուտ տեղեկության միջոցով վավերացված լինելու հանրային վտանգավորությունը միայն այդ հիմքով դադարել կամ իրեն սպառել չի կարող:

Վերոգրյալից բացի՝ կարծում ենք, որ Օրենսգրքի 338.1-րդ եւ 338.2-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի նույն հանրային վտանգավորությամբ օժտված լինելու վերաբերյալ հիմնավորման մեջ նշված փաստարկը վիճելի է, քանի որ նման եզրահանգման համար միայն սանկցիաների համեմատական վերլուծությունը բավարար չէ: Արարքի հանրային վտանգավորությունը որոշվում է նաեւ այն հասարակական հարաբերությունների բնույթով, որոնց դեմ է ուղղված համապատասխան արարքը:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարծում ենք, որ 338.1-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ դրույթը նույն բովանդակությամբ չի կարող կիրառելի լինել 338.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքում:

4. Նախագծի 2-րդ հոդվածում նշված «հրապարակման օրվան» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակմանը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը :

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ`Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616 ) , ( 201 )



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616 ) , ( 201 )