ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-384-21.11.2019-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներկատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի վերեւի աջ անկյունում նշել «ՆԱԽԱԳԻԾ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը:

2. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում «մասով» բառը փոխարինել «պարբերությամբ» բառով, քանի որ Օրենսգրքի 305-րդ հոդվածը բաժանված չէ համարակալված մասերի:

3. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսված լրացումները շրջանաձեւ հղումներ են պարունակում: Մասնավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 124-րդ հոդվածի 40-րդ պարբերությունը հղում է կատարում 305-րդ հոդվածին, իսկ Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 305-րդ հոդվածի 10-րդ պարբերությունը հղում է կատարում Օրենսգրքի 124-րդ հոդվածին: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծով հղումներ կատարել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան՝ միաժամանակ հաշվի առնելով, որ Օրենսգրքի 124-րդ հոդվածի կարգավորման առարկայից դուրս են տուգանքներ նշանակելու որոշումների ժամկետների եւ կարգի հետ կապված հարցերը:

4. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող Օրենսգրքի 305-րդ հոդվածի 10-րդ պարբերությունում նշված «10-օրյա» բառը փոխարինել «տասն օրվա ընթացքում» բառերով՝ պահպանելով Օրենսգրքի տերմինների միասնականությունը (տե՛ս, օրինակ, Օրենսգրքի 305-րդ հոդված, 1-ին պարբերություն): Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում «10-րդ» բառը փոխարինել «տասներորդ» բառով:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201),

Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201),

Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)