ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-337-01.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Վահե Էնֆիաջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի հիմնավորումից պարզ չէ այն հիմնական եւ անհրաժեշտ հարցերի շրջանակը, որոնք կարող են առաջացնել Ազգային ժողովի նախագահի տեղակալի կողմից ինքնուրույն խորհրդարանական լսումներ հրավիրելու անհրաժեշտություն: Բացի այդ, կարծում ենք Նախագծով նախատեսված լրացման արդյունքում կարող է արժեզրկվել խմբակցության կողմից խորհրդարանական լսումներ հրավիրելու ինստիտուտը, քանի որ տվյալ պարագայում ընդդիմադիր խմբակցության կազմից ընտրված տեղակալը կարող է խորհրդարանական լսումներ հրավիրելու իր լիազորությունն օգտագործել իր խմբակցության առաջադրած նախագծին վերաբերող հարցերով: Ուստի, իրավական որոշակիություն ապահովելու նպատակով, առաջարկում ենք հստակեցնել այն հարցերի շրջանակը, որոնց վերաբերյալ Ազգային ժողովի նախագահի տեղակալը պետք է օժտվի խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավունքով:

2. Ա ռաջարկում ենք Նախագծի վերնագրի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ » բառերը հանել ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը:

3. Առաջարկում ենք Նախագծի վերնագրից առաջ՝ վերեւի մեջտեղի հատվածում նշել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը:

4. Նախագծի վերնագրում առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով, քանի որ Նախագծով նախատեսվում են միայն փոփոխություններ: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից:

5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նշված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի լրիվ անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

6. Հաշվի առնելով, որ Նախագծով նախատեսվում է խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասություն ունեցող սուբյեկտների շարքում ներառել նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, եւ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածը, կարծում ենք՝ անհրաժեշտ է համապատասխան լրացում կատարել նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալների իրավասությունները սահմանող, 6-րդ հոդվածում:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)

Մ. Վասիլյան ( հեռ. 011-513-616), (201),





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող Ազգային ժողովի

որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում լրացում կատարել Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ԱԺՈ-270-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 21-րդ գլխում:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)

Մ. Վասիլյան ( հեռ. 011-513-616), (201),