ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-327-28.10.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Դալլաքյանի, Հրանտ Մադաթյանի եւ Արթուր Գրիգորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 11-րդ գլխում լրացնել նոր՝ 152.3-րդ հոդված, ըստ որի ՝ մասնավորապես 1-ին մասի համաձայն՝ «1. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող տարածքներում, առաջին անգամ՝ գովազդների տեղադրման համար հատկացված տեղերի սահմաններից դուրս կամ սահմանված ծավալի գերազանցմամբ գովազդների տեղադրումն առաջացնում է տուգանք՝ բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի կամ գովազդատուի կողմից կատարվելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»: Այսինքն վերոգրյալ լրացման պարագայում ստացվում է, որ վարչական պատասխանատվություն է նախատեսվում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կամ գովազդատուի կողմից բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող տարածքներում, գովազդների տեղադրման համար հատկացված տեղերի սահմաններից դուրս կամ սահմանված ծավալի գերազանցմամբ գովազդների տեղադրման համար: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված է «վարչական իրավախախտման» հասկացության բնորոշումը, որի համաձայն՝ «Վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, … ոտնձգվող հակաիրավական , մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն»: Նշված բնորոշումից պարզ է դառնում, որ «վարչական իրավախախտում» հասկացության հիմնական հատկանիշներից է արարքի հակաիրավական կամ հակահասարակական բնույթը , որը տեսական գրականության մեջ եւս մեկնաբանվում եւ նշանակում է, որ տվյալ արարքի կատարմամբ անպայմանորեն խախտվել է օրենքը: Բացի դրանից՝ ոչ մի գործողություն չի կարող համարվել վարչական իրավախախտում եւ ոչ մեկը այդ գործողության համար չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության, եթե դրա կատարման արդյունքում չեն խախտվել օրինական նորմերը: Նշվածը ուղղակիորեն բխում է Սահմանադրության 39-րդ հոդվածի բովանդակությունից, այն է. «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»: Այնինչ, վերոգրյալի համատեքստում, Նախագծով առաջարկվող կարգավորման համաձայն՝ սահմանվում է վարչական պատասխանատվություն այն արարքի համար, որի կատարման արգելք նախատեսված չէ որեւիցե իրավական ակտով:

Հետեւաբար ելնելով վերոգրյալից ՝ գտնում ենք, որ նախընտրելի կլինի նախ եւ առաջ Նախագծով պատասխանատվություն նախատեսող արարքի կատարման արգելքի վերաբերյալ համապատասխան դրույթներ սահմանել համապատասխան իրավական ակտում՝ մասնավորապես՝ «Գովազդի մասին» օրենքում, այնուհետեւ՝ այդ արարքի համար նախատեսել վարչական պատասխանատվություն:

Ինչ վերաբերում է վերը նշված վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակին՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Գովազդի մասին» օրենքում, ինչպես նաեւ Օրենսգրքի մի շարք հոդվածներում բացի գովազդատուից վարչական պատասխանատվության սուբյեկտ կարող են լինել նաեւ գովազդակիրը եւ գովազդ արտադրողը : Այնինչ, Նախագծով առաջարկվող իրավակարգավորմամբ նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտների սահմանափակ շրջանակ: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծով նախատեսվող սուբյեկտների շրջանակը քննարկել մասնավորապես «Գովազդի մասին» օրենքի համատեքստում:

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հանել չակերտները՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «11-րդ գլուխը լրացնել նոր «152.3»-րդ հոդվածով» բառերը փոխարինել «11-րդ գլխում լրացնել նոր՝ 152.3-րդ հոդված» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)