ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-322-17.10.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքներիպահանջներին համապատասխանության վերաբերյալ նախ նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել 176 1-րդ հոդվածով, որով պատասխանատվությ ուն է սահմանվում ապահովագրական ոլորտում խարդախության համար «1. Խարդախությունը ապահովագրական ոլորտում` խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակումն է պայմանավորելով ապահովագրական դեպքի գրանցմամբ, ինչպես նաեւ ապահովագրական գումարի հատու ցմամբ, որը ենթկա է վճարման օրենքով կամ պայմանագրով սահմանված չափով` ապահովադրին կամ այլ անձի (…)»:

Նախագծով առաջարկվող նշված լրացման կապակցությամբ հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ( այսուհետ ՝ Օրենսգիրք) 178-րդ հոդվածով արդեն իսկ նախատեսված է խարդախության հանցակազմը, որի 1-ին մասի համաձայն՝ «Խարդախությունը ՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝ պատժվում է (…) »:

Վերոշարադրյալ երկու դրույթների համեմատական վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ Օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խարդախության հանցակազմն իր բովանդակությամբ ընդգրկում է Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող հանցակազմը, այն է՝ ապահովագրական ոլորտում խարդախությունը : Այսինքն, անկախ Նախագծով առաջարկվող լրացումն Օրենսգրքում կատարելուց, խարդախությունը՝ ապահովագրական ոլորտում, արդեն իսկ քրեորեն հետապնդելի արարք է, եւ Նախագծով նախատեսված ապահովագրական ոլորտում խարդախության հանցակազմի հատկանիշներն ամբողջությամբ ներառվում են Օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված խարդախության հանցակազմում՝ ոլորտային առանձնացման անհրաժեշտություն չառաջացնելով:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում որոշ պատժատեսակների չափերը նվազեցվում են՝ համեմատած Օրենսգրքի 178-րդ հոդվածի համապատասխան մասերով որակվող արարքների համար նախատեսված սանկցիաների: Ուստի, արդեն իսկ որպես խարդախություն որակված այն արարքները, որոնք կհամապատասխանեն ապահովագրական ոլորտում Նախագծով սահմանված խարդախության հանցակազմին, պատժի տեսակյունից պետք է վերանայվեն, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 72-րդ հոդվածին համապատասխան պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:

Վերոգրյալի համատեքստում հարկ նկատել, որ օրինաստեղծ գործունեության կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր` 2012թ. դեկտեմբերի 14-ի ՍԴՈ-1061 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «(…)օրինաստեղծ գործունեության խնդիրն է ապահովել Սահմանադրությամբ նախատեսված իրավունքների ու ազատությունների երաշխավորված եւ համալիր իրացումը` որպես իրավունքի գերակայության, իրավական պետության կայացման ու զարգացման անհրաժեշտ նախապայման : Մասնավորապես, իրավակարգավորման ձեւերի ու միջոցների ընտրությունը, դրանցով անձանց իրավունքների գործադրման առավել արդյունավետ երաշխիքներ ստեղծելու օրինաչափ նպատակ հետապնդելը չեն կարող իրացվել ի հաշիվ սահմանադրաիրավական որեւէ նորմի ու սկզբունքի անտեսման :

Տվյալ դեպքում իրավունքի գերակայության սկզբունքից ելնելով, ինչպես նաեւ օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից անհրաժեշտ է իրավական ակտի փոփոխության կամ լրացման արդյունքում նոր իրավակարգավորումները ժամանակի մեջ եւ անձանց նկատմամբ գործողության մեջ դնելու հստակ կանոնների պահպանումը ` նրանց իրավունքների իրացման իրավաչափ պայմանների երաշխավորման նպատակով : Դա առավել եւս կարեւոր է այն դեպքերում, երբ խնդիրն առնչվում է հնարավոր փոփոխությունների արդյունքում անձի իրավունքների իրացման պայմանների խստացմանը» :

Ուստի, հաշվի առնելով վերոշարադրյալը, գտնում ենք, որ ապահովագրության ոլորտում խարդախության դեպքերի դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման անհրաժեշտ օրենսդրական կարգավորումներն արդեն իսկ սահմանված են Օրենսգրքով, եւ իրավակիրառ պրակտիկայում առկա ու հիմնավորման մեջ վկայակոչված խն դիրները չեն առաջացնում Օրենսգրքում նոր հոդվածի տեսքով լրացում կատարելու անհրաժեշտություն:

1. Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծով նշված օրենսգրքի վերնագիրը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

2. Առաջարկում ենք Նախագծով լրացվող հոդվածի համարը տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

3. Միաժամանակ առաջարկում ենք Նախագծով լրացվող հոդվածի համարը՝ «176.1», փոխարինել «178.1» համարով՝ հիմք ընդունելով այն, որ առաջարկվող հոդվածով կարգավորվում է խարդախության հանցակազմի մասնավոր դրսեւորում, եւ Օրենսգրքի 178-րդ հոդվածն է նախատեսում խարդախության հանցակազմը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող`Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող`Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)