ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-301-01.10.2019-ԱՍ-011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

Նախագծով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կատարվում են լրացումներ, որոնց արդյունքում նախատեսվելու է միայն համատեղության կարգով աշխատող անձանց աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման տաբերակված կարգ, որի նպատակն է, ըստ Նախագծի հիմնավորումների, աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման ժամանակ հաշվի առնել բոլոր աշխատատեղերի ստաժի տարիները: Այս կապակցությամբ Նախագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվել է. «(…) ՀՀ քաղաքացիների մեջ բավական մեծ թիվ են կազմում մարդիկ, ովքեր աշխատել են եւ աշխատում են համատեղության կարգով` հարկեր վճարելով ոչ միայն մեկ, այլ յուրաքանչյուր աշխատատեղից: Սակայն աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման ժամանակ դա անտեսվում է, քանի որ դա նախատեսված չէ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»:

Այսպիսով, Նախագծով առաջարկվում է նախատեսել աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման առանձնահատուկ կարգ՝ համատեղության կարգով աշխատող անձանց համար՝ բացառություն սահմանելով «մեկ օրացույցային տարվա համար միայն մեկ տարի աշխատանքային ստաժ հաշվարկելու» ընդհանուր կանոնից: Սակայն այն անձանց շրջանակը, որոնց աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման կարգը պիտի ենթարկվի փոփոխության, խնդրահարույց է սահմանադրական սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից: Մասնավորապես, Նախագծի ձեւակերպումից հասկանալի չէ` նոր կարգավորմամբ հաշվարկները վերաբերելի են աշխատաժամանակի նորմալ տեւողությամբ, թե աշխատաժամանակի առավելագույն տեւողությամբ համատեղության կարգով աշխատող անձանց:

Բացի այդ, հարկ է նկատել, որ Նախագծի ընդունումից հետո մեկ օրացույցային տարվա համար միայն մեկ տարի աշխատանքային ստաժ հաշվարկելու կանոնը շարունակելու է գործել աշխատաժամանակի նորմալ տեւողությամբ (չի կարող անցնել շաբաթական 40 ժամից) եւ աշխատաժամանակի առավելագույն տեւողությամբ (շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից` ներառյալ արտաժամյա աշխատանքը) մեկ աշխատատեղում աշխատող անձանց համար, ինչը, մեր կարծիքով, կհանգեցնի օրենքի առջեւ բոլորի հավասարության եւ խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքների խախտմանը հետեւյալ հիմնավորմամբ.

Հայաստանի Հանրապետութան Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ «Բոլորը հավասար են օրենքի առջեւ»:

Հայաստանի Հանրապետութան Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Օրենքի առջեւ ընդհանուր հավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքները երաշխավորվում են ինչպես Սահմանադրությամբ (28-րդ եւ 29-րդ հոդվածներ), այնպես էլ մի շարք կարեւորագույն միջազգային փաստաթղթերով՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (7-րդ հոդված), «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով (26-րդ հոդված), «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (14-րդ հոդված) եւ այդ կոնվենցիային կից 12-րդ Արձանագրությամբ: Նշված փաստաթղթերից բխում է, որ պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում՝ կխախտվեն ընդհանուր հավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքները:

Սահմանադրական դատարանն իր` 2015թ. հուլիսի 7-ի ՍԴՈ-1224 որոշման մեջ նշել է, որ՝ «(…) Խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես ՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ »:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` խտրականության արգելքի խնդիր առաջանալու համար պետք է լինի տարբերություն ՝ համադրելի իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի միջեւ: Ըստ Եվրոպական դատարանի` ցանկացած տարբերակում կամ տարբերություն չէ, որ կարելի է խտրականություն համարել: Մասնավորապես, Abdulaziz, Cabales and Balkandali v. the United Kingdom, 28 May 1985 վճռում Եվրոպական դատարանը նշել է. «(…) Տարբերակումը կամ տարբերությունը համարվում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ եւ ողջամիտ արդարացում, այսինքն` եթե այդ տարբերակումը կամ տարբերությունը չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին »:

ՄԻԵԴ նախադեպային իրավունքում հաստատված չափանիշների համաձայն՝ «(…) Սոցիալական օրենսդրության, այդ թվում՝ կենսաթոշակների որլորտում, պետություններն ունեն հայեցողության լայն շրջանակ , որը, ելնելով սոցիալական արդարության եւ տնտեսական բարեկեցության շահերից, կարող է իրավաչափորեն հանգեցնել բնակչությանը վճարվող կենսաթոշակի գումարի կարգավորմանը, հարմարեցմանը եւ նույնիսկ նվազեցմանը: Այնուամենայնիվ, ցանկացած այդպիսի միջոց պետք է կիրառվի ոչ խտրական ձեւով եւ համապատասխանի համաչափության պահանջներին (…)»: (տե՛ս Carson and Others v. The United Kingdom գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 10373/05, էջ 61):

Հարկ ենք համարում նաեւ անդրադառնալ Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ «Աշխատանքի եւ զբաղվածության ոլորտում խտրականության վերաբերյալ» թիվ 111 կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է 1995թ. հուլիսի 29-ից) 1-ին հոդվածին, համաձայն որի ՝ աշխատանքի ոլորտում խտրականություն է համարվում ոչ միայն ռասայի, մաշկի գույնի, սեռի, կրոնի, քաղաքական համոզմունքի, ազգային ծագման կամ սոցիալական պատկանելության հիմքով ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն, որոնց հետեւանքով վերանում կամ խախտվում է աշխատանքի ու զբաղվածության բնագավառում հնարավորության կամ վերաբերմունքի հավասարությունը, այլ նաեւ աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում հնարավորության կամ վերաբերմունքի հավասարության վերացմանը կամ խախտմանը հանգեցնող ցանկացած այլ տարբերակում, մերժում կամ նախապատվություն, այսինքն, ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի խտրականությունը:

Տվյալ իրավիճակում՝ Նախագծով առաջարկվող փոփոխությունների գործելու պայմաններում, տարբերակված վերաբերմունք է ցուցաբերվելու մեկ աշխատատեղում աշխատաժամանակի նորմալ տեւողությամբ աշխատող անձանց եւ համատեղության կարգով մեկից ավելի աշխատատեղերում աշխատաժամանակի նորմալ տեւողությամբ աշխատող անձանց նկատմամբ, այն դեպքում, երբ նրանց իրավիճակները համադրելի են ՝ մեկ օրվա ընթացքում աշխատաժամանակի քանակը չի գերազանցում 8 ժամը: Այսինքն՝ համատեղության կարգով աշխատաժամանակի նորմալ տեւողությամբ աշխատող անձանց տրամադրվում են արտոնություններ, որոնք, կարծում ենք, չունեն օբյեկտիվ եւ ողջամիտ արդարացում, այսինքն` համաչափ չեն հետապնդվող իրավաչափ նպատակին: Նույնպիսի տարբերակված մոտեցում է ցուցաբերվելու նաեւ աշխատաժամանակի առավելագույն տեւողությամբ մեկ աշխատատեղում աշխատող անձանց նկատմամբ: Մասնավորապես, հասկանալի չէ, թե ինչու չեն հաշվարկվելու նաեւ այս աշխատողների արտաժամյա աշխատած, 8 ժամը գերազանցող ժամերը, երբ համատեղության կարգով մեկից ավելի աշխատատեղերում աշխատաժամանակի առավելագույն տեւողությամբ աշխատող անձանց դեպքում հաշվարկվելու են: Հետեւաբար, կարծում ենք, նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում:

Գտնում ենք, որ միայն համատեղության կարգով աշխատող անձանց դեպքում (եւ՛ աշխատաժամանակի նորմալ տեւողությամբ, եւ՛ աշխատաժամանակի առավելագույն տեւողությամբ աշխատող) մեկ օրացույցային տարվա համար միայն մեկ տարի աշխատանքային ստաժ հաշվարկելու կանոնից բացառություն սահմանելը չի համապատասխանում Սահմանադրության խտրականության արգելքի, օրենքի առջեւ բոլորի հավասարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված համաչափության եւ ոչ խտրական ձեւի կիրառման պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծով նախատեսված լրացմամբ առաջարկվում է աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման նույն բանաձեւով հաշվարկել նաեւ համատեղությամբ մեկից ավելի տեղերում աշխատելու ժամանակահատվածը, մինչդեռ համատեղությամբ մեկից ավելի տեղերում աշխատելու դեպքում անհրաժեշտություն է առաջանում նախատեսել նոր կարգավորումներ եւ հաշվարկման մեխանիզմներ կամ աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձեւ, քանի որ « Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված բանաձեւը չի նախատեսում, թե համտեղությամբ մեկից ավելի տեղերում աշխատելու ժամանակահատվածը ինչ կարգով է հաշվարկվելու աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի մեջ: Մասնավորապես, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքը եւ Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշումը չեն նախատեսում աշխատանքային ժամերի քանակով պայմանավորված կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու կարգ, որը կնախատեսի ժամաքանակն աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի մեջ հաշվարկելու մեխանիզմ, ինչպես նաեւ տարբերակված մոտեցմամբ կարգավորումներ՝ տարբեր աշխատանքնային ժամեր ունեցող աշխատանքային օրերը մեկ աշխատանքային տարվա մեջ ներառելու համար:

Վերոգրյալից բացի՝ կարծում ենք, որ համատեղության կարգով աշխատող անձանց առանձնահատկություն հանդիսացող յուրաքանչյուր աշխատատեղից հարկերի վճարման հատկությունը չի կարող արտահայտվել աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման բանաձեւի աշխատանքային ստաժի տարիների բաղադրատարրում: Յուրաքանչյուր աշխատատեղից հարկերի վճարման փաստին իրավական նշանակություն տալու նպատակի իրագործման համար անհրաժեշտ է առաջարկել արտահայտման հստակ ձեւ եւ մեխանիզմ, որում կարտացոլվի վճարված հարկի չափը: Առանց համապատասխան մեխանիզմի նախատեսման, մեր կարծիքով, Նախագծի հիմնավորման մեջ նշված նպատակն իրագործելի չի կարող լինել:

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրով եւ 1-ին հոդվածով սահմանված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածաներով սահմանված «կետի», «կետով» բառերը փոխարինել «մասի», «մասով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով սահմանված «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր նախադասությամբ» բառերով:

5. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված «ՀՀ» հապավումը նշել ամբողջական տարբերակով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան, Զ. Հովասափյան

(հեռ. 011-513-248), (118)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան, Զ. Հովասափյան

(հեռ. 011-513-248), (118)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-301-01.10.2019-ԱՍ-011/0)

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվող լրացումները պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում համատեղելիության կարգով, կամ մեկից ավելի տեղերում, աշխատող մարդկանց աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման կարգի փոփոխության առաջարկությամբ:

Նախագծի ընդունման արդյունքում, ըստ Նախագծի հեղինակի, կբարձրանա համատեղելիության կարգով, կամ մեկից ավելի տեղերում, աշխատող մարդկանց աշխատանքային կենսաթոշակը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱ Ն

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343 )

14.10.2019թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-301-01.10.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տ. Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծ ը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման ժամանակ ստաժում հաշվարկել նաեւ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը` առնվազն գոնե ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի սահմանափակումների շրջանակներում, այն է. «Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու եւ ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տեւողությունը (ներառյալ` հանգստի եւ սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից»:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ պետական կենսաթոշակների հաշվարկման ժամանակ համատեղությամբ կատարված աշխատանքի ժամանակահատվածը ներառվում է հիմնական աշխատաժամանակի մեջ, քանի որ այսպես թե այնպես օրական աշխատաժամանակի տեւողությունը չի կարող գերազանցել օրենսգրքով սահմանված առավելագույն աշխատաժամանակը, որի ուժով էլ աշխատանքային օրվա, շաբաթվա, ամսվա եւ տարվա տեւողությունը (հետեւաբար՝ նաեւ աշխատանքային ստաժը) չի կարող ավելի մեծանալ՝ կապված համատեղությամբ կատարված աշխատանքի փաստի հետ:

Նախագծով առաջարկվող մոտեցումն ընդունվելու դեպքում կենսաթոշակի հաշվարկման համար հիմք ընդունվող աշխատանքային ստաժի չափորոշիչը, ըստ էության, կաղավաղվի՝ ներառելով նաեւ աշխատանքի ծավալը (քանակը), որն էլ գործնականում անչափելի մեծություն է եւ հնարավոր չէ «կշռել» (այսինքն՝ աշխատանքի վայրում գտնվելը դեռեւս աշխատելու կամ ավելի շատ աշխատելու երաշխիք չէ): Բացի այդ, եթե կենսաթոշակի հաշվարկման համար առաջարկվում է հիմք ընդունել միեւնույն ժամանակահատվածում կատարված աշխատանքի ծավալը, ապա անխուսափելիորեն խնդիր է առաջանում հաշվի առնել նաեւ այդ աշխատանքի բնույթը, որակը եւ մյուս հատկանիշները (օրինակ՝ համատեղությամբ գիտական աստիճան ունեցող աշխատողի կատարած աշխատանքն ավելի որակյալ եւ օգտակար է համարվում, քան համատեղությամբ կատարված պարզ ֆիզիկական աշխատանքը եւ այս դեպքում հարց կառաջանա՝ արդյո՞ք այդ աշխատանքների համար նույն չափի կենսաթոշակ պետք է սահմանվի, թե՞ ոչ):

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Մ. Դալլաքյան (հեռ. 011-513-339)

14.10.2019թ.