ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-278-12.09.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները.

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրից առաջ՝ էջի մեջտեղում գրված «ՆԱԽԱԳԻԾ» բառն առաջարկում ենք տեղափոխել էջի վերեւի աջ անկյուն ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21- րդ հոդվածի 7- րդ մասը :

2. Նախագծի վերնագրում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՕՐԵՆՔՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «ԼՐԱՑՈՒՄ» բառը, քանի որ Նախագծի 1-ին հոդվածը նախատեսում է կատարել լրացում:

4. Նախագծի 1-ին հոդվածում «Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 8-րդ մասով.» բառերն առաջարկում ենք փոխարինել ««Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածում լրացնել նոր՝ 8-րդ մաս.» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասը, 18-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

5. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել Օրենքի 11-րդ հոդվածում, որի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների նախագծերի հրապարակումը իրականացվելու է պետական լիազորված մարմնի կողմից տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների նախագծերի հրապարակման միասնական կայքի միջոցով:Բացի դրանից, Նախագծով նախատեսված վերոնշյալ դրույթը հիմնավորվում է այն հանգամանքով, որ գործնականում չկա համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումների նախագծերի միասնական հարթակ, որը համայքնի բնակիչներին իրազեկվելու հնարավորություն կընձեռի : Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ 3000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքը պետք է ունենա պաշտոնական համացանցային կայք, որ ում Օրենքով սահմանված առնվազն պարտադիր հրապարակումների շարքում պարտադիր պահանջ է նաեւ համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերի՝ ներբեռնման հնարավորությամբ, նախագծերի առկայությունը: Հետեւաբար, գտնում ենք, որ Օրենքը նշված հարցի կապակցությամբ 3000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքների դեպքում արդեն իսկ ունի կարգավորում, քանի որ համայնքի պաշտոնական համացանցային կայքը եւս հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում համայնքի բնակիչներին իրազեկվելու տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների նախագծերի մասին: Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարինների որոշումների նախագծերի հրապարակման միասնական կայք (օրինակ, ինչպես նշված է հիմնավորման մեջ՝ legal e-draft.am) ստեղծելուն, ապա հայտնում ենք, որ այն մեր կողմից ընդունելի է, եւ գտնում ենք նպատակահարմար: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծում նախատեսել դրույթ, համաձայն որի՝ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող նորմի կապակցությամբ ենթաօրենսդրական նորմատիվ ակտով կսահմանվի նաեւ դրա կազմակերպման կարգը:

6. Նախագծի 2-րդ հոդվածում «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Պ-278-12.09.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լ. Նազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » (Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվումէ ստեղծել ՏԻՄ-երի որոշումների նախագծերի հրապարակման միասնական կայք, ինչպես նաեւ առաջարկվում է համայնքի ավագանու նիստերի առցանց հեռարձակումը պարտադիր դարձնել 3000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքների համար (ներկայումս գործող 10.000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքների փոխարեն) եւ հանել ավագանու նիստերի օրակարգերի նախագծերի հրապարակայնացման առումով սահմանված «առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար » սահմանափակումը եւ այս պահանջը պարտադիր դարձնել անկախ բնակչության թվից:

Նախագիծըֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, եւ դրա վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԱՐԹՈՒՐ   ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

17.09.2019թ.


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-278-12.09.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լ. Նազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է ստեղծել համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումների նախագծերի միասնական հարթակ, որը հնարավորություն կընձեռնի համայնքի բնակիչներին իրազեկվել իրենց համայնքում հանրային քննարկման դրված որոշումների նախագծերի վերաբերյալ:

Նախագծի նպատակներից է ՏԻՄ-երի աշխատանքն ավելի թափանցիկ եւ մրցակցային դարձնելը:

3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1Անհրաժեշտ է Նախագծի վերնագրում ավելացնել « …եւ լրացում » բառերը, քանի որ Նախագծով առաջարկվում է կատարել նաեւ լրացում:

3.2 Նախագծով առաջարկվումէ ստեղծել ՏԻՄ-երի որոշումների նախագծերի հրապարակման միասնական կայք, թեեւ դրա հետ կապված որոշ հարցեր են առաջանում (ինչու՞ պետք է պետական կառավարման մարմինը զբաղվի ՏԻՄ-երի որոշումների նախագծերի հրապարակայնացմամբ, այն դեպքում, երբ դա ՏԻՄ-երի գործառույթն է, պաշտոնակա՞ն կայք է դա լինելու, թե՞ ոչ եւ այլն) մնում են անորոշ, ինչպես նաեւ առաջարկվում է համայնքի ավագանու նիստերի առցանց հեռարձակումը պարտադիր դարձնել 3000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքների համար (ներկայումս գործող 10.000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքների փոխարեն) եւ հանել ավագանու նիստերի օրակարգերի նախագծերի հրապարակայնացման առումով սահմանված « առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար » սահմանափակումը եւ այս պահանջը պարտադիր դարձնել անկախ բնակչության թվից:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

17.09.2019թ.