ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-252-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արման Աբովյանի, Դավիթ Մանուկյանի, Հրանտ Մադաթյանի եւ Էդուարդ Բաբայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսվող փոփոխությունը տեղերով փոխել՝ Օրենսգրքի փոփոխվող հոդվածների տրամաբանական հաջորդականությունը պահպանելու համար:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասում կատարել փոփոխություն, մասնավորապես նոր խմբագրությամբ շարադրել «գ» կետը, ըստ որի՝ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում անտառների ըստ հիմնական նպատակային նշանակության դասակարգման մեջ արտադրական նշանակության անտառները փոխարինել սոցիալական (սանիտարահիգիենիկ, առողջարարական, ռեկրեացիոն) նշանակության անտառներով: Այսինքն, ստացվում է, որ Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված արտադրական նշանակության անտառներ այլեւս գոյություն չեն ունենալու: Մինչդեռ, Օրենսգրքի մի շարք հոդվածներով իրավական կարգավորումներ են սահմանված արտադրական նշանակության անտառների մասով: Հաշվի առնելով վերոգրյալը եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները՝ առաջարկում ենք Օրենսգրքում Նախագծով նախատեսել սոցիալական, այդ թվումսանիտարահիգիենիկ, առողջարարական, ռեկրեացիոն նշանակության անտառների հասկացությունը եւ դրանց հետ կապված Օրենսգրքի կարգավորման առարկայից բխող իրավահարաբերությունները: Միաժամանակ գտնում ենք, որ քննարկման կարիք ունի նաեւ արտադրական նշանակության անտառների վերաբերյալ Օրենսգրքի հոդվածներում առկա իրավակարգավորումներում փոփոխություններ կատարելու հարցը:

Նախագծի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող՝ Պետաիրավական փորձաքննության բաժին

(հեռ. 011-513-361)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող՝ Պետաիրավական փորձաքննության բաժին

(հեռ. 011-513-361)