ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-362-29.08.2018-ՏՀեւ011/0) եւ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3621 -29.08.2018-ՏՀ011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»եւ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրից եւ 1-ին հոդվածի առաջին պարբերությունից առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույնը վերաբերում է նաեւ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրին եւ առաջին հոդվածին:

2. Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը: Նույնը վերաբերում է նաեւ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-3-րդ հոդվածներին:

3. Նախագծի 2-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 12-րդ մասը «շահումով խաղի» բառերից հետո լրացնել «ինտերնետ շահումով խաղի,» բառերով:»:

Դա կապահովի համապատասխանություն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասին:

Բացի այդ՝ նույնաբնույթ լրացման անհրաժեշտություն կա նաեւ նույն հոդվածի 11-րդ եւ 15-րդ մասերում:

4. Նախագծի 3-րդ հոդվածի առաջին պարբերությունն առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.2-րդ մասով.», իսկ «3)» թիվը փոխարինել «2.2.» թվով:

Դա կապահովի համապատասխանություն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ եւ 11-րդ մասերին, 33-րդ հոդվածի 3-րդ մասին:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

Գ. Տոնոյան (հեռ. 011-513-675)

ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

Գ. Տոնոյան (հեռ. 011-513-675)