ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-359-27.08.2018-ՊԻՄԻ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագիծը կարգավորում է 2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հետ կապված իրավահարաբերությունները: Նախագծի համաձայն՝ հատուցման ենթակա դեպք է համարվում 2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով անձի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելը: Պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե անձը մահացել է մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կամ այդ իրադարձությունների ավարտից հետո՝ իրադարձությունների ժամանակ ստացված վնասվածքի կամ խեղման պատճառով, կամ անձը մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետեւանքով ստացել է հաշմանդամություն: Հարկ է նկատի ունենալ, որ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում հնարավոր է, որ տեղի են ունեցել մի շարք այլ հանցագործություններ, որոնց արդյունքում վրա են հասել նույնաբնույթ հետեւանքներ, հետեւաբար՝ հաշվի առնելվ Սահմանադրության որոշակիության եւ համաչափության սկզբունքները՝ առաջարկում ենք Նախագծում հստակեցնել մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունները՝ Նախագծում սահմանելով այդ իրադարձությունների հասկացությունը՝ հիմք ընդունելով նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրում եւ ամբողջ տեքստում «1,2-ին»բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին եւ 2-ին» բառերով:

2. Նախագծի վերնագրում եւ ամբողջ տեքստում առաջարկում ենք խմբագրել «իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» բառերը՝ ապահովելով դրանց մոտարկումը քրեաիրավական ձեւակերպումներին: Մասնավորապես, առաջարկվում է կիրառել՝ «իրադարձությունների ժամանակ անձանց սպանության կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» կամ «իրադարձությունների հետեւանքով կամ արդյունքում անձանց անձանց սպանության կամ մահվան կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» ձեւակերպումներից որեւէ մեկը:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ անձի առողջությանը պատճառված վնաս է համարվում ստացված վնասվածքի կամ խեղման հետեւանքով անձի աշխատունակության կորուստը: Մինչդեռ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը սահմանում է, որ պատճառված վնասը ենթակա է հ ատուցման, եթե անձը մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետեւանքով ստացել է հաշմանդամություն: Առաջարկում ենք ապահովել վերոնշյալ կարգավորումների միասնականությունն ու համապատասխանությունը, քանի որ աշխատունակության կորուստը եւ հաշմանդամությունը հավասարազոր կատեգորիաներ չեն. հնարավոր են ժամանակավոր աշխատունակության կորուստի դեպքեր, ինչը չի հանգեցնում հաշանդամության կամ չի հանդիսանում հաշմանդամություն:

4. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն ունի «Շահառուները, հատուցման վճարման հիմքերը» վերտառությունը, մինչդեռ 2-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է հատուցման ենթակա դեպքերը, հետեւաբար՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, համաձայն որի՝ հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը, առաջարկում ենք համապատասխանեցնել վերոնշյալ հոդվածի վերնագիրն ու բովանդակությունը:

5. Նախագծի 3-րդ հոդվածում «իրավասու պետական մարմնի» բառերն առաջարկվում է փոխարինել «Կառավարության» բառերով, քանի որ Կառավարությունն է համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ ակտով որոշում տվյալ բնագավառին առնչվող իրավասու մարմիններին եւ սահմանում օրենքից բխող այդ մարմինների տվյալ բնագավառին առնչվող գործառույթները:

6. Նախագծի 3-րդ հոդվածում առաջարկում ենք «չափերը» բառը փոխարինել «չափը, ժամկետը» բառերով՝ ապահովելով Նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածների համապատասխանությունը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`    Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)