ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-358-24.08.2018-ՏՀ-011/0) եւ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3581 -24.08.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Նաիրա Զոհրաբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 5.3-րդ հոդվածի համաձայն՝ հանրային նշանակության օբյեկտները (սրճարան, բար, ռեստորան, հյուրանոց, ինտերնետ ակումբ (սրահ), գազալցակայան, առեւտրի սրահ, զվարճանքի եւ հանրային սպասարկման այլ վայրեր) շահագործող անձինք պարտավոր են արգելափակել ՀՀ տարածքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի՝ համապատասխան սարքավորումներով հասանելիությունը: Առաջարկում ենք առաջարկվող «հանրային նշանակության օբյեկտներ» ե զրույթը սահմանել «Վիճակախաղերի մասին» օրենքի 2-րդ հոդվածում՝ որպես հասկացություն, ինչպես նաեւ հստակեցենել հոդվածով նախատեսված «հանրային սպասարկման այլ վայրեր» հասկացությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը: Վ երոնշյալ հասկացության սահմանումն ու հստակեցման անհրաժեշտությունը պայմանավորված է առաջարկվող դրույթի խախտման դեպքում նախատեսվող պատասխանատվության առկայությամբ, քանի որ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքներն ու ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրից եւ 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Վերոգրյալ առաջարկը վերաբերում է նաեւ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրին եւ 1-ին հոդվածին:

2. Նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածներում, ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում առաջարկում ենք բացել «ՀՀ» հապավումները՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածում «դնել ստորակետ եւ ավելացնել «բացառությամբ տոտալիզատորի, որի կազմակերպիչն իրավունք ունի զբաղվելու ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեության ցանկացած այլ տեսակով» բառերն առաջարկում ենք փոխարինել «լրացնել «, բացառությամբ տոտալիզատորի, որի կազմակերպիչն իրավունք ունի զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեության ցանկացած այլ տեսակով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է տոտալիզատորի կազմակերպչին իրավունք վերապահել զբաղվելու ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեության ցանկացած այլ տեսակով: «Վիճակախաղերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքը կարգավորում է վիճակախաղերի կազմակերպման գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է դրա նկատմամբ պետական վերահսկողությունը,միեւնույն ժամանակ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը հստակեցնում է տոտալիզատորի հասկացությունը, հետեւաբար՝ առաջարկվող փոփոխությունը ստեղծում է տոտալիզատորի կազմակերպչի կողմից գործունեություն ծավալելու անորոշ շրջանակ, ինչպես նաեւ հակասում է Օրենքի վերոնշյալ դրույթններին:

5. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող «ժդ» կետն առաջարկում ենք վերախմբագրել՝ «լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ» բառերը փոխարինելով «լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձանց օրենքով սահմանված տարիքի հասած լինելու հանգամանքը.» բառերով, քանի որՆախագծով ներկայացված ձեւակերպումն արդեն ինքնին սահմանում է կարգ, այն է՝անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ստուգումը, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ, մինչդեռ՝ միեւնույն ժամանակ նախատեսում է, որ համապատասխան կարգը սահմանվելու է լիազոր մարմնի կողմից:

6. Նախագծի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներում «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նոււյնաբնույթ փոփոխության անհրաժեշտությունն առկա է նաեւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում:

7. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 5.1-րդ հոդվածի 1-ին մասում «29-րդ» բառն անհրաժեշտ է փոխարինել «32-րդ» բառով, քանի որ սահմանափակ գործունակության վերաբերյալ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի ոչ թե 29-րդ, այլ 32-րդ գլխով:

8. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է «սահմաններում» բառերը փոխարինել «տարածքում» բառով՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 1-ին հոդվածը, համաձայն որի՝ համայնքը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր:

9. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել 5.2-րդ հոդվածով, որի 2-րդ մասով նախատեսվում է արգելել տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով, բացառությամբ՝ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման դեպքի: Միեւնույն ժամանակ, Նախագծով սահմանված չէ արգելքը խախտելու դեպքում վրա հասնող պատասխանատվության տեսակը:

10. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 5.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող լրացումն առաջարկում ենք կատարել «Վիճակախաղերի մասին» օրենքի 14-րդ հոդվածում, որտեղ կարգավորվում են տուգանքի հետ կապված հարաբերությունները:

11. Նախագծի 4-րդ հոդվածով կատարվող լրացումն անհրաժեշտ է կատարել ոչ թե «ե2», այլ «ե1» կետով, քանի որ Նախագծով լրացվող՝ Օրենքի 14-րդ հոդվածը չունի «ե1» կետ: Նախագծի 5-րդ հոդվածում «սույն օրենքի 5?1 հոդվածի 1-ին կետով» բառերն առաջարկում ենք փոոխարինել ««Վիճակախաղերի մասին» օրենքի 5.1-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի եւ 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ ու առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ`   Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                        Լ. Մակարյան (հեռ. 011-513-425)

ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Փաթեթին կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ «Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճակախաղերի եւ շահումով խաղերի բնագավառի ցանկացած գործունեություն հանդիսանում է լիզենզավորվող գործունեության տեսակ, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեության այլ տեսակը եւս ենթակա է լիցենզավորման: Բացի այդ՝ Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող լրացման արդյունքում անհրաժեշտ է «Պետական տուրքի մասին» օրենքում մասնավորեցնել համապատասխան վարչական սահմաններում վիճակախաղերի համար սահմանված պետական տուրքերի դրույքաչափերը՝ ըստ վարչական տարածք ներ ի:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ`    Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                          Լ. Մակարյան (հեռ. 011-513-425)