ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-355-16.08.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի «2003 թվականի ապրիլի 18-ի» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է կալանք պատժատեսակի փոխարինումը ազատազրկմամբ: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի մասերի դրույթներն ամրագրված են կատարած արարքի ծանրության բնույթի համապատասխան: Վերոնշյալ հոդվածի մասերի սանկցիաները նախատեսված են աստիճանակարգային հաջորդականությամբ՝ արարքի ծանրությանը համամասնորեն: Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված սանկցիաները մասամբ համընկնում են, ինչը հակասում է օրենսդրության ընդհանուր տրամաբանությանը: Մասնավորապես՝ նույն՝ առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ մասով նախատեսված արարքների համար: Բացի այդ՝ կարծում ենք՝ 1-ին մասից կալանք պատժատեսակի հանումն արդարացված չէ, քանի որ այն պահպանվում է 2-րդ եւ 3-րդ մասերում: Ուստի, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի ընդհանուր տրամաբանությունը պահպանելու համար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված սանկցիայում ազատազրկումը նախատեսել ավելի փոքր չափով (օրինակ՝ առավելագույնը մեկ տարի), ինչպես նաեւ սանկցիայում ներառել կալանք պատժատեսակը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)