ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-329-11.06.2018-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Նորա Առուստամյանի, Վահե Էնֆիաջյանի, Հակոբ Նազարյանի, Արթուր Մանուկյանի, Լուիզա Սարգսյանի, Արգամ Աբրահամյանի, Իվետա Տոնոյանի եւ Շաքե Իսայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառի բոլոր տառերն առաջարկում ենք գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը:

2. Նախագծի վերնագրի «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք տեղափոխել «օրենքում» բառից առաջ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 1-ի «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ» բառերն առաջարկում ենք փոխարինել ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծի 2-րդ հոդվածի «6-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր՝ 6-րդ մասով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

5. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասի «ՀՀ Աշխատանքային օրենսգրքով» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը:

6. Նախագծի 3-րդ հոդվածի «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`    Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`   Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)