ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-286-21.03.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1.Նախագծի վերնագրում «փոփոխություններ» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրացում» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

2.Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի, 41-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «ՀՕ-165-Ն» բառերը հանել, «2-րդ կետի 3-րդ ենթակետից» բառերը փոխարինել «2-րդ մասի 3-րդ կետից» բառերով, «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով, «4-րդ ենթակետ» բառերը փոխարինել «4-րդ կետ» բառերով, «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել:

Առաջարկում ենք «(այսուհետ՝ օրենսգիրք)» բառերը եւս հանել, քանի որ Նախագիծը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին հղում այլեւս չի պարունակում:

3.Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ եւ 43-րդ հոդվածների պահանջները՝ առաջարկում ենք վերախմբագրել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացումը՝ հստակեցնելով «կարող է չլինել անմիջապես կառուցապատողից» եւ «Սույն ենթակետի գործարքի վրա տարածվում են նաեւ սույն կետի 1-3-րդ ենթակետերի պահանջները» դրույթները, քանի որ առաջին դեպում միտքն անավարտ է, իսկ երկրորդ դեպքում էլ հղումների հստակեցման անհրաժեշտություն կա:

4. Նախագծի 2-րդ հոդվածի «հրապարակմանը» բառն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`           Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`        Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`         Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)