ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-235-26.12.2017-ՊԻՄԻ-012/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Ելք» խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրում նշված «ԱԺ» հապավումն անհրաժեշտ է փոխարինել «Ազգային ժողովի» բառերով, իսկ «2017թ.» բառերը՝ «2017 թվականի» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 2-րդ եւ 5-րդ պարբերություններին:

2. Նախագծի վերնագիրը եւ չորրորդ պարբերությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, որի համաձայն՝ ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար:

3. Նախագծի առաջին պարբերության «2015 թվականի դեկտոմբերի 6-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտոմբերի 6-ի փոփոխությունների» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

4. Նախագծի առաջին պարբերությամբ նշված «սահմանադրական» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ ճիշտ նշելու համար «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի անվանումը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

5. Նախագծի կետերի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին:

6. Նախագծում անհրաժեշտ է նախատեսել պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ եզրակացությունների ներկայացման ժամկետներին վերաբերող դրույթներ՝ նկատի ունենալով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ազգային ժողովի որոշմամբ սահմանվում են հանձնաժողովի անվանումը, գործունեության ժամկետը, ինչպես նաեւ պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ եզրակացությունների ներկայացման ժամկետները:

7. Նախագծի տասնմեկորորդ պարբերության «2017 թվականի» բառերն առաջարկում ենք փոխարինել «2018 թվականի» բառերով: Բացի այդ՝ հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանելիս առաջարկում ենք նկատի ունենալ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                          Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Քոչարյան (հեռ. 011-513-248)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                          Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Քոչարյան (հեռ. 011-513-248)