ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-230-19.12.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի եւ Վահե Էնֆիաջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի «չեն հրապարակվում» բառերն առաջարկում ենք փոխարինել «չի հրապարակվում» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները:

2. Նախագծի նույն հոդվածի 2-րդ մասի «հանել» բառը եւ ««ըստ ընտրական տարածքների ընտրություններին մասնակցող կուսակցությունների տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը` Ազգային ժողովի ընտրությունների դեպքում.»» բառերն անհրաժեշտ է հանել:

Նման խնդիրներ առկա են նաեւ Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասում, 13-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 19-րդ հոդվածի 2-րդ մասում:

3. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 86-րդ հոդվածի վերնագիրը թողնել նույնը՝ պարզապես «ցուցակներում» բառը փոխարինելով «ցուցակում» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի կանոնները:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասին:

4. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի «3-րդ եւ 7-րդ մասերով» բառերն առաջարկում ենք փոխարինել «3-րդ մասով» բառերով:

5. Նախագիծն ունի երկու 22-րդ հոդված: Առաջարկում ենք երկրորդ 22-րդ հոդվածը դարձնել 23-րդ, իսկ 23-րդը՝ 24-րդ:

6. Նախագծի երկրորդ 22-րդ հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 144-րդ հոդվածի 14-րդ եւ 15-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի հերթական կամ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից:

Նախ՝ անհասկանալի է Նախագծի այս հոդվածում այդ մասին նշում կատարելը, քանի որ դրան հաջորդող՝ Նախագծի վերջին հոդվածով ուժի մեջ մտնելու նույն ժամկետն է նախատեսված Նախագծի բոլոր հոդվածների համար: Այս հոդվածում անհրաժեշտ էր պարզապես նշում կատարել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 144-րդ հոդվածի 14-րդ եւ 15-րդ մասերը ուժը կորցրած ճանաչելու մասին: Երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 144-րդ հոդվածի 14-րդ հոդվածի կարգավորումն առաջարկում ենք պահպանել Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի ավագանիների ընտրությունների մասով:

7. Նախագիծն առաջացնելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշ ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն: Ուստի, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, առաջարկում ենք Նախագիծը լրացնել անցումային դրույթներով, որտեղ նշել, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինչ ժամկետում պետք է կատարի նշված փոփոխությունները:

8. Առաջարկում ենք Նախագծում նշում կատարել նաեւ այն մասին, որ Ազգային ժողովի հերթական կամ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից մինչեւ Ազգային ժողովի համապատասխանաբար հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի առաջին նիստի պահը պատգամավորական մանդատների թափուր մնալու դեպքում թափուր մանդատների փոխանցումը կատարվում է նախքան Նախագծով առաջարկվող փոփոխությունների ուժի մեջ մտնելը գործած դրույթների համաձայն:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)