«21» նոյեմբերի 2016թ.                                                                                                        ԻՎ-ե-121

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1109-3.11.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-3-րդ մասերի պահանջներից ելնելով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով, իսկ 3-րդ հոդվածում՝ «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել:

2. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով խմբագրվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 214-րդ հոդվածի 1-ին մասում «անհամաչափ զգալի ծախսեր» արտահայտությունը հստակեցնել, որպես չափողականության միավոր սահմանելով ծախսերի կամ անհամաչափ, կամ զգալի լինելը: Երկու պայմանների միաժամանակ ամրագրումը կարող է գործնականում խնդիրներ առաջացնել ծախսերի գնահատման հարցում:

3. Նույն հոդվածի 6-րդ մասում սահմանվում է, որ հարկադիր գույքային սերվիտուտ չի կարող սահմանվել, եթե սերվիտուտով ծանրաբեռնված ամբողջ հողամասը սեփականատիրոջ համար կորցնում է տնտեսական կամ գործառութային նշանակությունը, որն առկա էր մինչեւսերվիտուտ սահմանելը: Միաժամանակ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հասարակական կարիքների համար, անկախ սեփականության իրավունքի սուբյեկտից, սահմանվում է անվճար մշտական սերվիտուտ: Այս պարագայում չկարգավորված է մնում այն իրավիճակը, երբ հասարակական կարիքների համար, 214-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքերով սերվիտուտի սահմանումն առաջացնում է նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հետեւանքները: Կարծում ենք՝ այս պարագայում սերվիտուտ սահմանելու արգելքը չի կարող գործել, քանի որ խոսքը վերաբերում է հասարակական կարիքների բավարարմանը: Միաժամանակ սեփականատիրոջ իրավունքների խախտումը բացառելու համար համապատասխան երաշխիքներ կամ փոխհատուցման կառուցակարգեր նախատեսված չեն: Առաջարկում ենք Նախագիծը լրացնել համապատասխան իրավակարգավորումներով:

6. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենսգրքի 216-րդ հոդված ի 2-րդ մասից հանել «կամ սահմանվում է օրենքով» բառերը՝ հետեւյալ հիմնավորմամբ. 216-րդ հոդված ի 2-րդ մասը սահմանում է, որ կամավոր գույքային սերվիտուտի վճարի չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հարկադիր գույքային սերվիտուտի դեպքում՝ դատարանի վճռով կամ սահմանվում է օրենքով: 214-րդ հոդվածով նախատեսված է հարկադիր գույքային սերվիտուտ սահմանելու երկու դեպք՝ դատական կարգով եւ հասարակական կարիքների համար՝ օրենքով: Միաժամանակ նույն հոդվածով ամրագրված է, որ հասարակական կարիքների համար սահմանվող սերվիտուտը անվճար է: Հետեւաբար հարկադիր գույքային վճարովի սերվիտուտ սահմանելու միակ դեպքը դատական կարգն է, որի ընթացքում որոշվում է նաեւ վճարի չափը:

7. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենսգրքի 217-րդ հոդվածի 2-րդ մասում «լրանալուց հետո» բառերից հետո լրացնել «անընդմեջ կամ պարբերաբար» բառերը: Առաջարկի հիմնավորումը կայանում է նրանում, որ այդպիսով երկարաժամկետ հարաբերություններում վճարման պարտականությունը ժամանակին չկատարելու օբյեկտիվ իրավիճակը հնարավոր կլինի տարանջատել հետեւողականորեն պարտականությունները ոչ պատշաճ կատարելու իրավիճակներից: Նմանօրինակ տրամաբանություն է դրված եղել նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասինՀայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հիմքում (փաստաթղթային կոդ՝ Պ-479-28.03.2014-ՊԻ-010/1): Վերոնշյալ առաջարկն ընդունելու դեպքում անհրաժեշտ է «սերվիտուտի համար» բառերից հետո հանել «պարբերաբար» բառը՝ կրկնաբանությունից խուսափելու համար:

8. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 217.1-ին հոդվածի վերնագրում «Անձնական սահմանափակ սերվիտուտը» բառերը փոխարինել«Անձնական նպատակային սերվիտուտը» բառերով, քանի որ սերվիտուտն ինքնին սահմանափակ գույքային իրավունք է եւ չի կարող լինել «անձնական սահմանափակ սահմանափակ գույքային իրավունք»: Հոդվածի բովանդակությունից բխում է, որ նպատակ է եղել կարգավորելու այն հարաբերությունները, երբ գույքը ծանրաբեռնվում է այլ անձի կողմից այն որոշակի նպատակներով օգտագործելու իրավունքով: Նախագծի հիմնավորման մեջ նշված փաստարկները եւս վկայում են այն մասին, որ այստեղ խնդիրը կոնկրետ անձով կամ նրա կարգավիճակով կամ ծավալած գործունեությամբ պայմանավորված որոշակի նպատակով այլ անձի սեփականություն հանդիսացող գտնվող անշարժ գույքի օգտագործման անհրաժեշտության մեջ է: Հետեւաբար անհրաժեշտ է ընդգծել սերվիտուտի տվյալ տեսակի ոչ թե սահմանափակ, այլ նպատակային լինելը:

9. Առաջարկում ենք Նախագծում եզրութաբանական միասնականություն ապահովելու նպատակով սերվիտուտ ստացող անձին սահմանելիս բոլոր դեպքերում օգտագործել կամ «հօգուտ ում» կամ «ի շահ որի» բառերը, քանի Նախագծում այս եզրույթները օգտագործվում են զուգահեռաբար:

10. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 217.5-րդ հոդվածի 1-ին մասից առաջարկում ենք հանել «մինչեւ ուզուֆրուկտ ստացած ֆիզիկական անձի մահը» բառերը, քանի որ «ցմահ» եզրույթի իմաստն ակնհայտ է եւ այն մեկնաբանելու անհրաժեշտություն չկա:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                  Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396)