«26» հոկտեմբերի 2016թ.                                                                                               ԻՎ-ե-110

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1074-28.09.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից :

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին, 2-րդ եւ 6-րդ հոդվածների մասերն անհրաժեշտ է համարակալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

2. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված « հարկային մարմնին իրավունք է վերապահում» բառերն առաջարկում ենք փոխարինել «հ արկային մարմինն իրավունք ունի» բառերով :

3. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն` շահառուները, որոնց նկատմամբ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող եւ (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով առաջացած հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար ներկայացվել են բռնագանձման հայցեր, հարկային մարմնի հետ կնքում են հաշտության համաձայնություն:

Ստացվում է, որ հիշյալ դրույթի համաձայն՝ հաշտության համաձայնություն կնքելը հանդիսանում է ոչ թե շահառուի իրավունքը, այլ պարտականությունը, քանի որ Նախագծով շահառուի համար, ըստ էության, սահմանվում է պարտականություն` կնքելու հաշտության համաձայնություն, ինչը չի բխում հաշտության համաձայնություն կնքելու ինստիտուտի բուն էությունից եւ չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                       Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)