«23» սեպտեմբերի 2016թ.                                                                                                    ԻՎ-ե-84

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1053-06.09.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Լյովա Խաչատրյանի եւ Վահե Էնֆիաջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Նախագծի նպատակն է սահմանել Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության աջակցության հիմնական ուղղությունները:

Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության իրականացման հիմնական ուղղությունները՝ նորաստեղծ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացում, ինովացիոն գործունեության խթանում, արտահանման խթանում, բնակարանային շինարարության խթանում:

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության իրականացման հիմնական ձեւերը՝ ֆինանսական աջակցություն, ենթակառուցվածքային աջակցություն, տեղեկատվական եւ ինովացիոն աջակցություն:

Այդ առումով «Փ ոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին » ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքի նպատակն է սահմանել փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների չափորոշիչները, պետական աջակցության հիմնական ուղղությունները եւ այդ ոլորտում պետական քաղաքականության իրականացման սկզբունքները» :

Նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված են ՓՄՁ-ի պետական աջակցության հիմնական ուղղությունները` իրավական բարենպաստ դաշտի ձեւավորումը, ֆինանսական եւ ներդրումային աջակցությունը , երաշխիքների տրամադրումը, աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանը ու զարգացմանը նպաստելը, տեղեկատվական եւ խորհրդատվական օգնությունը, արտաքին տնտեսական գործունեության խթանումը, նորարարական գործունեության եւ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը, բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը, կադրերի պատրաստումը եւ վերապատրաստումը, վիճակագրական հաշվետվությունների եւ հաշվապահական հաշվառման պարզեցված համակարգերի ստեղծումը, պետական գնումների իրականացման գործընթացում աջակցությունը:

Այդ առումով գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության հիմնական ուղղությունները ըստ էության կրկնում են «Փ ոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին » ՀՀ օրենքով սահմանված փ ոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ուղղություններին եւ Նախագծով առաջարկվող հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են նշված օրենքով:

Ավելին՝ Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցությունը կարող է իրականացվել ՀՀ կառավարության կողմից սահմանված այլ ձեւերով: Մինչդեռ, «Փ ոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին » ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ՓՄՁ-ի պետական աջակցությունը իրականացվում է տարեկան ծրագրով: Ծրագիրը մշակում եւ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ծրագրի իրականացման ֆինանսավորումը նշվում է պետական բյուջեում առանձին տողով:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Նախագծի նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Նախագծով կարգավորվող հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են «Փ ոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին » ՀՀ օրենքով:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում, 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերում նշված «ՀՀ» հապավումներն անհրաժեշտ է բացել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

2. Նախագծի 4-րդ հոդված ի 2-րդ մաս ով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ սույն հոդվածի առաջին մասի պահանջների իրագործումն ապահովող կառավարության համապատասխան կարգերը սահմանվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում: Նշված դրույթներն իրենց բնույթով հանդիսանում են անցումային դրույթներ եւ անհրաժեշտ է նախատեսել այլ հոդվածով, քանի որ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմերի պահանջների կատարումը կարող է միայն իրականացվել Նախագծով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ընդունմամբ: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                         Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)