«23» սեպտեմբերի 2016թ.                                                                                          ԻՎ-ե-81

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1049-02.09.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի և Լեւոն Դոխոլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

Ստորեւ ներկայացվում ենք Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան , չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագիրց բխում է, որ Նախագծով կարգավորվելու են փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները: Ավելին՝ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ սույն օրենքը կարգավորում է փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություն (այսուհետ` արտոնություն) տրամադրելու հետ կապված Հայաստանի Հանրապետության եւ նշված տնտեսվարող սուբյեկտների իրավահարաբերությունները, արտոնությունից օգտվողների շրջանակը, արտոնության տրամադրման անհրաժեշտությունը, նպատակը եւ ժամկետները, արտոնության տրամադրման կասեցումը, ինչպես նաեւ սահմանում է սույն արտոնությունից չօգտվող գործունեության տեսակների ցանկը: Այդ առումով Նախագծի ամբողջ տեքստից չի երեւում, թե ինչ հարկային արտոնությունների մասին է խոսքը, որոնք տրամադրվելու են փակ բաժնետիրական ընկերություններին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է հարկային արտոնությունների տեսակները: Այսպես՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ հարկային օրենսդրությամբ կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետեւյալ տեսակները`

հարկվող օբյեկտի նվազեցում, հարկի դրույքաչափի նվազեցում, հարկի նվազեցում, հարկի հաշվարկման ժամկետի հետաձգում, հարկի վճարման ժամկետի հետաձգում, հարկային օրենսդրությունը եւ Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերից եւ տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների հետաձգում, բանկի կամ վարկային կազմակերպության կողմից հարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար տուժանքների եւ այլ ֆինանսական պատժամիջոցների վճարման պարտավորության հետաձգում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկի կամ վարկային կազմակերպության պարտատերերի պահանջների սառեցման (մորատորիումի) ժամանակահատվածում:

Հետեւաբար՝ Նախագիծն ամբողջությամբ անհրաժեշտ է համապատասխանեցնել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին:

Միաժամանակ հարկային օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» (բաժին 5),, «Շահութահարկի մասին» (գլուխ 6) ՀՀ օրենքներով, սահմանվում են տնտեսվարող սուբյեկտների համար մի շարք հարկային արտոնություններ:

Նախագծով հստակ կարգավորված չեն հարկային արտոնությունների տրամադրման ժամկետները: Այսպես՝ Նախագծի 6-րդ հոդվածով միայն սահմանված է, որ արտոնությունը տրամադրվում է փաստաթղթերի հարկային մարմին ներկայացման օրվանից, մինչդեռ հստակ չէ, թե հարկային արտոնությունը ինչ ժամկետներով է տրամադրելու փակ բաժնետիրական ընկերություններին:

Նախագծով կարգավորված չէ նաեւ արտոնության տրամադրման կասեցման հետ կապված հարաբերությունները՝ նկատի ունենալով, որ Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ Նախագիծը կարգավորում է նաեւ նշված հարաբերությունները:

Միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածում հստակ չէ, թե ինչ «նշված տնտեսվարող սուբյեկտների» մասին է խոսքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը հայտնում ենք, որ Նախագիծը չի համապատասխանում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված եւ լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները:

2. Նախագծի 10-րդ՝ «Եզրափակիչ մաս» հոդվածի համաձայն. «Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված եւ վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը»: Այդ առումով նշենք, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մասում կարող են սահմանվել`

1) իրավական ակտն ուժի մեջ մտնելու եւ գործողության (ժամանակավոր ակտի համար) ժամկետները.

2) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ այլ իրավական ակտերում կատարվող փոփոխությունները կամ լրացումները.

3) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ գործողությունը դադարեցնելու ենթակա իրավական ակտերի ցանկը.

4) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ այլ իրավական ակտերի փոփոխման, լրացման կամ գործողության դադարեցման ենթակա ակտերի ցանկերի նախագծերի պատրաստման վերաբերյալ հանձնարարականները կամ առաջարկությունները:

Հետեւաբար՝ Նախագծի 10-րդ հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

Օրենսդրական տեխնիկային համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի հոդվածների մասերի եւ կետերի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

Հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածի ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:

2. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնք վերաբերում են արտոնության տրամադրման անհրաժեշտությանը եւ հիմնական նպատակներին: Այդ առումով հայտնում ենք, որ նշված դրույթները Նախագծի կարգավորման առարկան չեն, քանի որ ըստ էության հռչակագրային բնույթ ունեն եւ որեւէ հարաբերություն չեն կարգավորում: Ուստի դրանք անհրաժեշտ է նախատեսել Նախագծի ընդունման հիմնավորման մեջ: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, որոնց համաձայն՝ օրենքը կարգավորում է առավել կարեւոր, բնորոշ եւ կայուն հասարակական հարաբերություններ:

3. Նախագծի 11-րդ հոդվածում նշված «Սույն օրենքն ուժ մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Սույն օրենքն ուժ մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)