25 մայիսի 2016 թ.                                                                                       Իվ-ե-54
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1013-24.05.2016-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ժամկետը 2016 թվականի հուլիսի 20-ից երկարաձգել մինչեւ 2018 թվականի հուլիսի 20-ը՝ նկատի ունենալով, որ Հեռահաղորդակցության միջազգային միության ենթակայությամբ գործող աշխատանքային խմբերի կողմից դեռեւս ընթանում են քննարկումներ միասնական ստանդարտի ընդունման ուղղությամբ միության անդամ երկրների համար:

Առաջարկում ենք քննարկել նշված ժամկետը ոչ թե երկու, այլ մեկ տարով երկարաձգելու հարցը, քանի որ այն արդեն մեկ անգամ երեք տարով հետաձգվել է, բացի այդ՝ Նախագծի հիմնավորման մեջ որեւէ երաշխիք ներկայացված չէ, որ միասնական ստանդարտի ընդունման ուղղությամբ ընթացող քննարկումները երկու տարի անց ավարտված կլինեն:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                                       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)