30 մայիսի 2016թ.                                                           ԻՎ-ե-56

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-996-02.05.2016-ՄԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9961 -02.05.2016-ՄԻ-010/0),««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9962 -02.05.2016-ՄԻ-010/0) եւ ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9963 -02.05.2016-ՄԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Մարդու իրավունքների պա շ տպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի միակ մասը ենթակա է համարակալման, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 3-րդ, 24-րդ, 25-րդ եւ 27-րդ հոդվածներին:

2. Նախագծի 2-րդ հոդվածի «ՄԱԿ-ի» բառն առաջարկում ենք փոխարինել «Միավորված ազգերի կազմակերպության» բառերով՝ հիմք ընդունելով«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասը, որի համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ: Նույն հիմքով առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 9-րդ հոդվածի 4-րդ մասում «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

3. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասության համաձայն՝ Պաշտպանի աշխատակազմիներկայացուցիչները կարող են հարցաքննվել որպես վկա, բացատրություններ տալ բողոքի կապակցությամբ Պաշտպանի որոշման, իրենց մոտ գտնվող բողոքի կամ բողոքին առնչվող փաստաթղթի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման միայն Պաշտպանի գրավոր համաձայնությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը թվարկում է այն սուբյեկտներին, ովքեր չեն կարող կանչվել եւ հարցաքննվել որպես վկա: Ուստի առաջարկում ենք Պաշտպանի գրավոր համաձայնության բացակայության դեպքում նրա աշխատակազմի ներկայացուցիչների՝ վկա լինելու արգելքի մասով Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասության կարգավորումը տեղափոխել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մաս՝ այդ սուբյեկտների շարքին ավելացնելով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին, եթե բացակայում է մարդու իրավունքների պաշտպանի գրավոր համաձայնությունը:

4. Նախագծի 5-րդ հոդվածում առաջարկում ենք լրացնել 3-րդ մաս՝ դրանում արտացոլելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ գործող օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի ձեւակերպումը, համաձայն որի՝ «Պաշտպանը պարտավոր է սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող գործունեությունն ընդհատել պաշտոնավարության անցնելուց հետո ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում»:

5. Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով» բառերն առաջարկում ենք փոխարինել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով» բառերով, իսկ Նախագծի 11-րդ հոդվածի 5-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» բառերը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» բառերով:

6. Նախագծի 6-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Պաշտպանի հերթական ընտրություններն անցկացվում են Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 50 օրվա ընթացքում: Առաջարկում ենք նախատեսել կոնկրետ ժամանակահատված, որի ընթացքում պետք է տեղի ունենան Պաշտպանի հերթական ընտրությունները, օրինակ՝ ոչ շուտ, քան Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 50-րդ օրը, սակայն ոչ ուշ, քան Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 20-րդ օրը:

7. Իրավական որոշակիություն ապահովելու նկատառումով առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում հստակորեն ամրագրել, որ Պաշտպանն իր հրաժարականի մասին դիմումը ներկայացնում է Ազգային ժողովին, թեեւ դա ենթադրվում է նույն հոդվածի 3-րդ մասի տրամաբանությունից, որի համաձայն՝ «Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահը համապատասխան տեղեկությունը ստանալու պահից պաշտոնական հաղորդագրություն է տարածումՊաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին»:

8. Նախագծի 7-րդ հոդվածի հոդվածի 3-րդ մասի ձեւակերպումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետի ձեւակերպմանը, համաձայն որի՝ Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ: Ուստի առաջարկում ենք «պաշտոնական հաղորդագրություն է տարածում» բառերը փոխարինել «հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ» բառերով:

9. Նախագծի 7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ մինչեւ նոր Պաշտպանի ընտրվելն ու պարտականությունների կատարմանն անցնելը Պաշտպանի աշխատակազմն ապահովում է իր բնականոն գործունեությունը:

Այս դրույթի նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Պաշտպանի աշխատակազմն իր բնականոն գործունեությունը ապահովում է միշտ՝ անկախ այդ պահին Պաշտպանի լիազորությունների դադարած լինել-չլինելուց:

10. Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունը «23-րդ հոդվածի» բառերից առաջ լրացնել «Սույն օրենքի» բառերով:

11. Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասը «բողոքաբերի» բառից հետո լրացնել «կամ նրա իրավահաջորդի» բառերով:

12. Նախագծի 18-րդ հոդվածի 3-րդ մասի վերջում բացակայում է «անարգել» բառը (համենայնդեպս, այդպիսի ձեւակերպում կա «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» գործող օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում):

13. Նախագծի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 3-5-րդ կետերում «ազատության սահմանափակման վայր» արտահայտության համապատասխան հոլովաձեւերն առաջարկում ենք փոխարինել «ազատության զրկման վայր» արտահայտության համապատասխան հոլովաձեւերով, իսկ 4-րդ կետի «4-րդ մասով» բառերը՝ «3-րդ մասով» բառերով՝ ճշգրտելու համար համապատասխան հղումը:

14. Նախագծի 29-րդ հոդվածի 3-րդ մասում կատարված հղումը վերաբերում է 23-րդ հոդվածին, ուստի անհրաժեշտ է «24-րդ» բառերը փոխարինել «23-րդ» բառերով:

15. Նախագծի 35-րդ հոդվածում անհրաժեշտ է «նոյեմբերի 15-ի» բառերը փոխարինել «հոկտեմբերի 21-ի» բառերով՝ ճիշտ նշելու համար «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ գործող օրենքի ընդունման ամիսը եւ ամսաթիվը:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                          Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396)