«17» մայիսի 2016 թ.                                                                                                         ԻՎ-ե-49

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-991-18.04.2016-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Ն ախագծի 53-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետում նշված «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տուրքերի ու վճարների» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան սահմանված այլ տուրքերի ու վճարների» բառերով՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները, որոնց համաձայն. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ »:

2. Նախագծի 304-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի համաձայն՝ հարկային մարմինը հարկ վճարողների սպասարկման նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ծառայություններ: Այսինքն՝ հիշյալ դրույթի համաձայն՝ հարկային մարմնին օրենսդրությամբ վերապահվում են լիազորություններ, գործառույթներ (այլ ծառայությունների տեսքով), ինչը չի բխում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, որոնց համաձայն. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

3. Նախագծի 329-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հարկային մարմնին լիազորություններ վերապահող օրենսդրություն է համարվում Օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը: Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորվում են նաեւ հարկային օրենսդրությամբ, որը բաղկացած է Օրենսգրքից եւ հարկային հարաբերություններ կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներից, հարկային մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերից, գերատեսչությունների հետ համատեղ ընդունած նորմատիվ իրավական ակտերից, այլ իրավական ակտերից: Այսինքն՝ հարկային մարմնին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, հարկային մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերով, գերատեսչությունների հետ համատեղ ընդունած նորմատիվ իրավական ակտերով եւ այլ իրավական ակտերով վերապահվելու են լիազորություններ, ինչը չի համապատասխանում բխում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, որոնց համաձայն. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 330-րդ հոդվածին, 332-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերին, 333-րդ հոդվածի 2- 4-րդ մասերին, 336-րդ հոդվածի 1-ին մասին, 344-րդ հոդվածի 1-ին մասին, 354-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական ակտերից տարբերվող այլ իրավական ակտերում չեն կարող ներառվել հարկային հարաբերություններ կարգավորող օրենսդրական դրույթներ, բացառությամբ՝

1)հարկային հարաբերությունների շրջանակներում առաջացող վարչական իրավախախտումների հետ կապված օրենսդրական դրույթների, որոնք կարող են ներառվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության մեջ.

2)հարկային հարաբերությունների շրջանակներում առաջացող վարչական վարույթի հետ կապված օրենսդրական դրույթների, որոնք ներառվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում.

3)հարկային հարաբերությունների շրջանակներում առաջացող քրեական իրավախախտումների հետ կապված օրենսդրական դրույթների, որոնք կարող են ներառվել քրեական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության մեջ.

4)հարկային հարաբերությունների շրջանակներում առաջացող սնանկության եւ (կամ) անվճարունակության հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրական դրույթների, որոնք կարող են ներառվել սնանկության եւ (կամ) անվճարունակության հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության մեջ.

5)հարկային ծառայության եւ օպերատիվ հետախուզական գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրական դրույթների, որոնք ներառվում են, համապատասխանաբար՝ «Հարկային ծառայության մասին» եւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում.

6)հարկային մարմինների կամ դրանց ծառայողների գործողությունների կամ անգործության վերաբերյալ վերադաս հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումների բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրական դրույթների, որոնք ներառվում են «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ դատական հարաբերություններ կարգավորող՝ Հայաստանի Հանրապետությա ն համապատասխան օրենքներում:

Անհրաժեշտ է նշել, որ այս մասի 6 կետերում նշված դրույթները ոչ թե հարկային հարաբերություններ, այլ քրեաիրավական, սնանկության եւ այլ հարաբերություններ կարգավորող դրույթներ են:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի եւ 11-րդ գլխի դրույթներին:

Այսպես՝ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ պատժի անխուսափելիությունը նշանակում է, որ հարկ վճարողները Օրենսգրքի եւ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտման համար անխուսափելիորեն ենթարկվելու են պատասխանատվության :

ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի (Պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը) համաձայն՝ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության: Քրեական պատասխանատվությունից եւ պատժից ազատելը հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հիմքերի եւ պայմանների առկայության դեպքում:

ՀՀ քրեական օրենսգրքի 11-րդ գլուխն էլ նախատեսում է քրեական պատասխանատվությունից ազատելու դեպքերը:

Վերոգրյալից պարզ է դառնում, որ հարկ վճարողները Օրենսգրքի եւ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտման համար ոչ թե «անխուսափելիորեն ենթարկվելու են պատասխանատվության», այլ ենթակա են պատասխանատվության, ինչը, սակայն, չի բացառում, որ որոշ հանգամանքների առկայության դեպքում նրանք կարող են ազատվել պատասխանատվությունից:

3. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը հարկային վարչարարությունը բնորոշում է որպես հարկային մարմնի՝ Օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործողությունների ամբողջություն՝ ուղղված հարկային օրենսդրության համատարած եւ ճիշտ կիրառության ապահովմանը, հարկային մարմնի խնդիրների լուծմանը:

Այսպիսի ձեւակերպումը չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետին, որի համաձայն՝ վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաեւ գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետեւանքներ:

4. Նախագծի 334-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային հսկողությունն իրականացվում է հարկային ստուգումներ, հարկային ուսումնասիրություններ իրականացնելու եղանակներով: Ավելին, Նախագծի 68-րդ, 69-րդ գլուխներով կարգավորվում են ստուգումների եւ ուսումնասիրությունների կազմակերպման եւ անցկացման հարաբերություններ: Իսկ Նախագծի մի շարք դրույթներ բովանդակային առումով (հարկային ստուգումների, հսկիչ գնումների, ուսումնասիրությունների, չափագրումների եւ այլն մասով) կրկնում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները: Օրինակ՝ Նախագծի 337-րդ հոդվածը կրկնում է նշված օրենքի 2.1-րդ հոդվածը, 338-րդ հոդվածը՝ նշված օրենքի 4-րդ հոդվածը, 343-րդ հոդվածը՝ նշված օրենքի 6-րդ հոդվածը, 344-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը եւ 346-րդ հոդվածը՝ նշված օրենքի 2-րդ հավելվածը, 347-րդ հոդվածը՝ նշված օրենքի 4-րդ հավելվածը եւ այլն: Հիշյալ դրույթների համակարգային վերլուծությունից բխում է, որ Նախագծով կարգավորվում են ստուգումների եւ ուսումնասիրությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարաբերությունները, սահմանվումեն ստուգումների եւ ուսումնասիրությունների իրականացման առանձին՝ ոչ միասնականկարգ, մինչդեռ«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն. «Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված եւ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առեւտրային կամ ոչ առեւտրային կազմակերպություններում, հիմնարկներում (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) գործունեության ստուգումների եւ ուսումնասիրությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է դրանց իրականացման միասնական կարգը» : Հետեւաբար՝ Նախագծի նշված դրույթները հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների իրականցման մասով չի համապատասխանում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին, քանի որ ստուգումների եւ ուսումնասիրությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ դրանց իրականացման միասնական կարգը հանդիսանում է նշված օրենքի կարգավորման առարկան եւ չի կարող կարգավորվել որեւէ այլ իրավական ակտով:

5. Նախագծի 441-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ հարկային մարմնի կողմից ընդունած անհատական իրավական ակտի, հարկային մարմնի գործողությունների կամ անգործության բողոքարկումը չի դադարեցնում հարկային պարտավորությունների գանձումը կամ հարկային պարտավորությունների գանձումն ապահովելու ուղղությամբ գործողությունների կատարումը: Այսինքն՝ հարկային մարմնի կողմից ընդունած վարչական ակտի բողոքարկումը բոլոր դեպքերում չի կասեցնելու բողոքարկվող ակտի կատարումը, ինչը չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 74- րդ հոդվածի պահանջներին, որոնց համաձայն՝ վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը, ինչպես նաեւ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, որի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 2-րդ հոդվածի 4-6-րդ մասերն ըստ էության կրկնում են ՀՀ Սահմանադրության եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների բովանդակությունը: Նույնը վերաբերում է Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերի դրույթներին, որոնք արտացոլում եմ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքները: Նույն մասի 8-րդ կետում ամրագրված սկզբունքը (հարկային վարչարարության հավասարակշռվածություն), ինչպես երեւում է դրա «ա», «բ» եւ «գ» ենթակետերից, ըստ էության օրինականության սկզբունքն է, հետեւաբար առաջարկում ենք փոխել այդ սկզբունքի անվանումը եւ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի թվարկման մեջ տանել առաջ՝ դարձնելով այն 1-ին կետ եւ փոխելով հետագա կետերի համարակալումը:

Նույն մասի 11-րդ կետից առաջարկում ենք հանել «այլ» բառը, քանի որ հակառակ դեպքում կստացվի, որ ոլորտի մասնագիտական հասարակական կազմակերպությունները եւ գործարար միջավայրի ներկայացուցիչները շահագրգիռ պետական կառավարման մարմիններ են:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում կիրառվող«գուդվիլի» հասկացությունը պարզաբանման կարիք ունի՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42- րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

3. Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով (այսինքն՝ Հարկային օրենսգրքով), եթե Օրենսգրքով (այսինքն՝ Հարկային օրենսգրքով) այլ բան սահմանված չէ: Նշված մասի «եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ» դրույթից բխում է, որ Օրենսգրքից բացի այլ օրենքներով կարող են սահմանվել հարկային արտոնությունների վերաբերյալդրույթներ, մինչդեռ Նախագծի նույն մասի«հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով» դրույթից բխում է, որ դրանք բացառապես Հարկային օրենսգրքի կարգավորման առարկան են: Հետեւաբար՝ հիշյալ դրույթների միջեւ առկա է ներքին հակասություն եւ դրանք անհրաժեշտ է խմբագրել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45- րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

4. Նախագծի 43-րդ հոդվածի 3-րդ մասը բովանդակային առումով խմբագրման կարիք ունի՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36- րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

5. Նախագծի 58-րդ հոդվածի 1-ին մասում տրված է «ԱԱՀ» հապավման սահմանումը, մինչդեռ «ԱԱՀ» հապավումը կիրառվում է Նախագծի 58-րդ հոդվածից առաջ՝ Նախագծի 7-րդ, 18-րդ եւ 54-րդ հոդվածներում: Ուստի առաջարկում ենք Նախագծի 7-րդ, 18-րդ եւ 54-րդ հոդվածներում նշված «ԱԱՀ» հապավումը բացել:

6.Նախագծի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում եւ Նախագծի ամբողջ տեքստում նշված «ՀՀ դրամ» բառերը համապատասխան հոլովաձեւերով առաջարկում ենք փոխարինել «դրամ» բառով:

7. Նախագծի 88-րդ հոդվածի 4-րդ մասում հղում է կատարվում նույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի՝ ԱՏԳԱ 220820, 220830 եւ (կամ) 220840 ծածկագրերին վերաբերող տողի «զ» ենթակետին, մինչդեռ նշվածներից «զ» ենթակետ ունի միայն ԱՏԳԱ 220820 տողը:

8. Նախագծի 91-րդ հոդվածի 1-ին մասում՝ Օրենսգրքի 91-րդ հոդվածին կատարված հղումը վերանայման կարիք ունի, քանի որ ակցիզային հարկի հաշվանցումների իրականացման կարգը սահմանված է Նախագծի 92-րդ հոդվածով:

9. Նախագծի 96-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «(կամ)» բառն առաջարկում ենք հանել, քանի որ Նախագծի 84-րդ հոդվածի 1-ին մասի եւ՛ 2-րդ կետով, եւ՛ 3-րդ կետով սահմանված հարկման օբյեկտների մասով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկներ չեն ներկայացվելու: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45- րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներից:

10. Նախագծի 100-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում եւ Նախագծի ամբողջ տեքստում հղում է կատարվում «հարկային վարչարարության մասով սահմանված կարգին եւ ժամկետներին», ինչն անորոշ է եւ հստակեցման կարիք ունի՝հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43- րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները:

11. Նախագծի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում եւ նախագծի ամբողջ տեքստում «օրենսդրությամբ սահմանված կարգին» կատարված հղումն անորոշ է եւ հստակեցման կարիք ունի՝հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43- րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները:

12. Նախագծի 112-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում «հարյուր» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «մեկ» բառը, քանի որ պարզ չէ, թե հարկ վճարողի լուծարման դեպքում միասնական հաշվին առկա քանի հարյուր դրամ գումարը ծախս չի համարվում:

13. Նախագծի 121-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետից հետո նշված մասն անհրաժեշտ է համարակալել՝ դարձնելով 4-րդ մաս, իսկ «սույն մասի» բառերը փոխարինել «սույն հոդվածի 3-րդ մասի»բառերով: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ եւ 43-րդ հոդվածների պահանջներից:Նույնաբնույթ դրույթ առկա է նաեւ նույն հոդվածի 7-րդ մասում:

14. Նախագծի 122-րդ հոդվածի 5-րդ մասում նշված «7-րդ մասի 1-ին պարբերության 1-ին կետով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «7-րդ մասի 1-ինկետով» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

Նույն մասում «օրենսդրությամբ սահմանած տեխնոլոգիական կորուստներին» կատարված հղումն անորոշ է եւ հստակեցման կարիք ունի՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43- րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 147-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերում եւ Նախագծի ամբողջ տեքստում կիրառվող՝ «օրենսդրության համաձայն» եւ «օրենսդրությամբ սահմանված նորմաների», Նախագծի 215-րդ հոդվածի 5-րդ մասում եւ Նախագծի ամբողջ տեքստում «սահմանված կարգի» հղումներին:

15. Նախագծի 124-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված «կորուստների չափով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «կորուստները» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36- րդ հոդվածի պահանջները:

16. Նախագծի 125-րդ հոդվածի 5-րդ մասում «Օրենսգրքի» բառն անհրաժեշտ է փոխարինել «Սույն մասի» բառերով, քանի որ նշված մասում խոսքը գնում էՆախագծի 125-րդ հոդվածի 5-րդ մասի մասին:

17. Նախագծի 132-րդ հոդվածի 3-րդ մասի կետերի համարակալումը վերանայման կարիք ունի՝հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41- րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 169-րդ հոդվածի 4-րդ մասի կետերի եւ 425-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ենթակետերի համարակալմանը:

18. Նախագծի 158-րդ հոդվածի 2-րդ մասում՝«կամ խնամակալը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «, խնամակալը կամ հոգաբարձուն» բառերով՝ նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնց համաձայն՝ հոգաբարձությունը սահմանվում է տասնչորսից մինչեւ տասնութ տարեկան անչափահասների , ինչպես նաեւ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ:

Նույն մասի կետերի համարակալումը խմբագրման կարիք ունի, քանի որ պահպանված չէ դրանց հաջորդականությունը:

19. Նախագծի 165-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի 2-րդ նախադասությունն անհրաժեշտ է նախատեսել Նախագծի անցումային դրույթներ գլխում, քանի որ նշված դրույթը սահմանում է որոշակի ժամկետներ բնապահպանական հարկով հարկման բազայի վերաբերյալ: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 170-րդ հոդվածի 7-րդ մասին, 178-րդ հոդվածի 3-րդ մասին:

20. Նախագծի մի շարք հոդվածներով կարգավորվում են որոշակի հարաբերություններ, որոնք արդեն իսկ կարգավորված են համապատասխան օրենքներով: Մասնավորապես՝ Նախագծի 306-րդ հոդվածը, որը կարգավորում է պաշտոնական պարզաբանման հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով, Նախագծի 307-րդ հոդվածով կարգավորված հարկ վճարողների իրազեկման հետ կապված հարաբերությունները, որը ըստ հոդվածի կարգավորման առարկային նույնանում է տեղեկատվության տրամադրման հետ, կարգավորված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով:

21. Նախագծի 345-րդ հոդվածի 6-րդ մասը («6. ուղարկելու դեպքում՝ այն ստանալու օրվանից») խմբագրման կարիք ունի՝ նկատի ունենալով, որ նշված դրույթով որեւէ հարաբերություն չի կարգավորվում:

22. Նախագծի 355-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետի «գ» ենթակետում նշված «սույն պարբերությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սույն ենթակետով» բառերով, քանի որ խոսքը Նախագծի 355-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետի «գ» ենթակետի մասին է:

23. Նախագծի 359-րդ հոդվածի 1-ին մասում պարզ չէ, թե հարկային հսկողության ընթացքում հարկային հսկողության համար անհրաժեշտ եւ նշանակություն ունեցող ինչ հարցերի վերաբերյալ է խոսքը, որոնց պարզաբանման համար նշանակվելու է փորձաքննություն: Այսինքն՝ նշված հոդվածով հստակ սահմանված չեն փորձաքննության ուղարկելու հիմքերը, դեպքերը, ինչը հանդիսանում էկարգավորման բաց:

Նույն հոդվածի 2-րդ մասում պարզ չէ, թե փորձագետը մասնագիտական որակավորման ինչ պահանջների պետք է բավարարի, եւ որոնք են փորձագետի հատուկ իմացությունների շրջանակները:

Բացի այդ՝ առաջարկում ենք նշված մասում լրացնել դրույթ՝ փորձագետի անկախության վերաբերյալ:

24. Նախագծի 359-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հարկ վճարողն իրավունք ունի բացարկ հայտարարել փորձագետին, մինչդեռ Նախագծով կարգավորված չեն փորձագետին բացարկ հայտարարելու հիմքերը եւ կարգը:

25. Նախագծի 359-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերում անհրաժեշտ է սահմանել լրացուցիչ եւ կրկնակի փորձաքննության նշանակման ժամկետները:

26. Նախագծի 360-րդ հոդվածով կարգավորված չէ մասնագետին բացարկ հայտնելու հիմքերը եւ կարգը:

Նույնը վերաբերում է Նախագծի 361-րդ հոդվածին, որում նույնպես բացակայում են թարգամանիչին բացարկ հայտնելու հիմքերը եւ կարգը:

27. Նախագծի 392-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «սույն մասով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասով» բառերով, քանի որ նշված դրույթում խոսքը Նախագծի 392-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի մասին է:

28. Նախագծի 396-րդ հոդվածի 8-րդ մասում նշված «8-րդ մասի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «7-րդ մասի» բառերով, քանի որ նշված դրույթում խոսքը Նախագծի 396-րդ հոդվածի 7-րդ մասի մասին է:

29. Նախագծի 398-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «Apple iOS 6, Android 4, Windows Phone 8» տերմիններն անհրաժեշտ է նշել հայերեն տառադարձությամբ՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

30. Նախագծի 410-րդ հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ ապօրինի գործունեությամբ զբաղվելն առաջացնում է վարչական պատասխանատվություն: Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապօրինի գործունեություն է համարվում առանց օրենքով սահմանված պետական գրանցման (հաշվառման) կամ առանց հարկային մարմիններում հաշվառման ձեռնարկատիրական (բացառությամբ օրենքով արգելված գործունեության) գործունեության իրականացումը: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169-րդ հոդվածով արդեն իսկ սահմանված է վարչական պատասխանատվություն նշված արարքի համար: Մասնավորապես՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, այսինքն` առանց իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով:

31. Նախագծի 425-րդ հոդվածի 1-ին մասում Օրենսգրքի 309-րդ հոդվածի 8-րդ մասին կատարված հղումը վերանայման կարիք ունի, քանի որ Նախագծի 309-րդ հոդվածում 8-րդ մասը բացակայում է:

32. Նախագծի 425-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «3)» ենթակետի 1-ին պարբերությունում նշված «կետի» բառն անհրաժեշտ է փոխարինել «ենթակետի» բառով, քանի որ խոսքը նշված ենթակետի մասին է:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                         Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)